2010–2019 թթ․
Տաճարային օրհնություններ
Ապրիլ 2015


11:1

Տաճարային օրհնություններ

Տաճար այցելելով մենք հայտնվում ենք հոգևոր մթնոլորտում և զգում խաղաղություն:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան երախտապարտ եմ ես, որ ձեզ հետ եմ Զատկի այս գեղեցիկ առավոտյան, երբ մեր մտքերն ուղղված են դեպի աշխարհի Փրկիչը: Իմ սերն ու ողջույններն եմ հղում ձեզ բոլորիդ և աղոթում, որ մեր Երկնային Հայրը ոգեշնչի իմ խոսքերը:

Այս համաժողովին լրանում է որպես Եկեղեցու Նախագահ հաստատվելու իմ յոթ տարին: Դրանք զբաղված տարիներ էին, լի ոչ միայն որոշ դժվարություններով, այլև անթիվ օրհնություններով: Առավել հաճելի և սուրբ օրհնություններից էր իմ կողմից տաճարներ նվիրագործելու և վերանվիրագործելու հնարավորությունը:

Անցյալ նոյեմբերին արտոնություն ունեցա նվիրագործելու նոր Ֆենիքս Արիզոնա տաճարը: Ինձ էին միացել Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, Երեց Դալլին Հ. Օուքսը, Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզը, Երեց Լին Գ. Ռոբինսը և Երեց Քենթ Ֆ. Ռիչարդսը: Նվիրագործմանը նախորդող երեկոյան մի հիասքանչ մշակութային տոնակատարություն տեղի ունեցավ, որի ընթացքում հրաշալի ելույթ ունեցան այդ տաճարի շրջանից ավելի քան 4000 երիտասարդներ: Հաջորդ օրը տաճարը նվիրագործվեց երեք սուրբ և ոգեշնչող նիստերի ընթացքում:

Տաճարների կառուցումը Եկեղեցու աճի հստակ ցուցիչ է: Ներկայումս ամբողջ աշխարհում ունենք գործող 144 տաճար, որոնցից 5-ը վերանորոգման, իսկ 13-ը կառուցման փուլում են: Ինչպես նաև նախկինում հայտարարված 13 տաճարներ գտնվում են նախապատրաստական տարբեր փուլերում: Այս տարի մենք ծրագրում ենք վերանվիրագործել ևս 2 տաճար և նվիրագործել 5 նոր տաճար, որոնց շինարարությունն ավարտին է մոտենում:

Վերջին երկու տարիներեին մեր ջանքերը կենտրոնացնելով նախկինում հայտարարված տաճարների ավարտման վրա, մենք անորոշ ժամանակով դադրեցրել էինք լրացուցիչ տաճարների կառուցման ծրագրերը: Սակայն այս առավոտյան, ես մեծ ուրախությամբ հայտարարոմ եմ երեք նոր տաճարների մասին, որոնք կկառուցվեն հետևյալ վայրերում. Աբիջան, Փղոսկրի ափ, Պորտոպրենս, Հաիթի և Բանկոկ, Թայլանդ: Ինչպիսի հրաշալի օրհնություններ են սպասվում մեր հավատարիմ անդամներին, որ ապրում են այդ և աշխարհի մյուս բոլոր տաճարների տարածքներում:

Լրացուցիչ տաճարների համար ընթացքի մեջ է կարիքները պարզելու և հողատարածքներ գտնելու գործընթացը, քանի որ մենք ցանկանում ենք հնարավորինս շատ անդամներ առանց ժամանակի և միջոցների մեծ զոհաբերությունների տաճար հաճախելու հնարավորություն ունենան: Ինչպես արել ենք նախկինում, այդ հարցում որոշումներ կայացնելուն պես մենք ձեզ տեղյակ կպահենք:

Երբ մտածում եմ տաճարների մասին, միտքս են գալիս այն բազմաթիվ օրհնությունները, որ ստանում ենք այնտեղ: Տաճարի դռներից ներս մտնելով մեր ետևում ենք թողնում աշխարհի շեղող ազդեցություններն ու խառնաշփոթը: Այդ սրբավայրի ներսում մենք գտնում ենք գեղեցկություն և կարգուկանոն: Այնտեղ մեր հոգիները հանգստանում են և կարճատև դադար առնում մեր կյանքի հոգսերից:

Տաճար այցելելով մենք հայտնվում ենք հոգևոր մթնոլորտում, զգում խաղաղություն, որը վեր է բոլոր այլ զգացողություններից, որ կարող է զգալ մարդկային սիրտը: Մենք պետք է գիտակցենք Փրկչի խոսքերի իրական իմաստը, երբ Նա ասաց. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. … ձեր սիրտը չխռովի և չվախենա»:

Այդպիսի խաղաղություն կարող է ներթափանցել ցանկացած սիրտ, սիրտ, որը տագնապած է, վշտից կեղեքված, մտահոգ, օգնություն աղերսող:

Վերջերս իմացա մի երիտասարդի մասին, ով տաճար էր այցելել օգնություն աղերսող սրտով: Ամիսներ առաջ նա Հարավային Ամերիկայում միսիա ծառայելու կանչ էր ստացել: Սակայն նրա մուտքի արտոնագիրը հետաձգվեց այնքան երկար ժամանակով, որ նրա միսիայի վայրը փոխվեց Միացյալ Նահանգներ: Հուսահատված, որ չէր կարող ծառայել սկզբում նշանակված տարածքում, այնուամենայնիվ նա տքնաջան աշխատում էր իր նոր նշանակման վայրում, վճռական ծառայելու իր լավագույն կարողությամբ: Նա վհատվել էր, որ շփվում էր միսիոներների հետ, ովքեր իր կարծիքով ավելի շատ հետաքրքված էին ոչ թե ավետարանը քարոզելով, այլ լավ ժամանակ անցկացնելով:

Մի քանի ամիս անց այդ երիտասարդը շատ լուրջ առողջական խնդիր ունեցավ, որի պատճառով նա մասամբ կաթվածահար էր եղել, այդպիսով նրան տուն ուղարկեցին հիվանդության պատճառով:

Մի քանի ամիս անց նա լիովին բժշկվել էր և կաթվածն անհետացել էր: Նրան տեղեկացրեցին, որ կրկին կարող էր ծառայել որպես միսիոներ, և դա մի օրհնություն էր, որի համար նա ամեն օր աղոթում էր: Միակ հիասթափեցնող նորությունն այն էր, որ նա պետք է վերադառնար իր նախկին միսիա, որտեղ որոշ միսիոներներ ոչ պատշաճ վարք և վերաբերմունք էին դրսևորում:

Նա եկել էր տաճար սփոփանք և հաստատում փնտրելու, որ կարող էր լավ փորձառություն ունենալ որպես միսիոներ: Նրա ծնողները ևս աղոթում էին, որ այդ տաճարային այցը տար այն օգնությունը, որի կարիքն իրենց որդին ուներ:

Այդ երիտասարդը նիստից հետո մտնելով սելեստիալ սենյակ նստեց աթոռին և սկսեց աղոթել առաջնորդություն խնդրելով իր Երկնային Հորից:

Մի փոքր անց սելեստիալ սենյակ մտավ մեկ այլ երիտասարդ, որի անունը Լանդոն էր: Մտնելով այդ սենյակ նրա ուշադրությունն անմիջապես գրավեց այն երիտասարդը, որ նստած աթոռին աչքերը փակ աղոթում էր: Լանդոնը հստակ հուշում ստացավ, որ պետք է խոսեր այդ երիտասարդի հետ: Չցանկանալով ընդհատել, նա որոշեց սպասել: Մի քանի րոպե անցավ, երիտասարդը դեռևս աղոթում էր, իսկ Լանդոնը զգաց, որ այլևս չի կարող հետաձգել հուշումը: Նա մոտեցավ այդ երիտասարդին և թեթևակի հպվեց նրա ուսին: Երիտասարդը բացեց աչքերը և ապշած հայացքով նայեց իրեն անհանգստացնողին: Լանդոնը հանգիստ ասաց. «Ես հուշում ստացա, որ պետք է խոսեմ քեզ հետ, թեպետ չգիտեմ թե ինչու»:

Երբ սկսեցին զրուցել, երիտասարդն իր պատմությունը պատմեց Լանդոնին, բացատրելով իր հանգամանքները և ասելով, որ ցանկանում էր սփոփանք և քաջալերում ստանալ իր միսիայի վերաբերյալ: Լանդոնը, ով հաջող միսիա ծառայելով մոտ մեկ տարի առաջ էր վերադարձել, կիսվեց իր միսիայի փորձառություններով, դժվարություններով և մտահոգություններով, որոնց դիմակայել էր, պատմեց, ինչպես էր Տիրոջ օգնությունը խնդրել և ինչպիսի օրհնություններ էր ստացել: Նրա խոսքերը մխիթարող և հուսադրող էին, և իր միսիայի հանդեպ նրա խանդավառությունը վարակիչ էր: Ի վերջո, երբ այդ երտասարդի վախը փարատվեց, նրա սիրտը խաղաղությամբ լցվեց: Նա խորը երախտագիտություն զգաց, երբ հասկացավ, որ իր աղոթքը պատասխանվեց:

Երկու երիտասարդները միասին աղոթեցին և ապա Լանդոնը պատրաստվեց հեռանալ, ուրախ, որ լսեց իր ստացած ոգեշնչմանը: Երբ ցանկացավ հեռանալ, երիտասարդը հարցրեց նրան. «Որտե՞ղ ես միսիա ծառայել»: Մինչ այդ նրանք չէին հիշատակել իրենց միսիայի անունը: Երբ Լանդոնը նշեց իր միսիայի անունը, երիտասարդի աչքերն արցունքով լցվեցին: Լանդոնը ծառայել էր այն նույն միսիայում, որտեղ այդ երիտասարդը պետք է վերադառնար:

Ինձ ուղարկած իր նամակում Լանդոնը գրել էր այդ երիտասարդի հրաժեշտի խոսքը. «Ես հավատում էի, որ Երկնային Հայրը կօրհներ ինձ, բայց երբեք չէի պատկերացնում, որ ինձ օգնելու համար կուղարկեր ինչ-որ մեկին, ով ծառայել էր իմ միսիայում: Այժմ գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի»: Անկեղծ սրտով ասված խոնարհ աղոթքը լսվեց և պատասխանվեց:

Իմ եղբայրներ և քույրեր, մեր կյանքում կլինեն գայթակղություններ, կունենանք փորձություններ և մարտահրավերներ: Գնալով տաճար, հիշելով այնտեղ կապած մեր ուխտերը, մենք ավելի լավ կկարողանանք հաղթահարել այդ գայթակղությունները և կրել մեր փորձությունները: Տաճարում մենք խաղաղություն կգտնենք:

Տաճարային օրհնություններն անգին են: Այն մեկի համար, որ ես երախտապարտ եմ իմ կյանքի ամեն օրը, իմ սիրելի կնոջ Ֆրենսիզի հետ ստացած օրհնությունն է, երբ մենք ծնկի իջած սուրբ խորանի առաջ հավերժ միասին լինելու ուխտեր կապելով: Չկա առավել թանկ օրհնություն ինձ համար, քան խաղաղությունն ու սփոփանքը, որ ստանում եմ այն գիտելիքից, որ մենք երկուսով կրկին միասին ենք լինելու:

Թող որ մեր Երկնային Հայրն օրհնի մեզ, որ մենք ունենանք տաճարային երկրպագության ոգին, հնազանդ լինենք Նրա պատվիրաններին և ուշադիր հետևենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի քայլերին: Ես վկայում եմ, որ Նա է մեր Քավիչը: Նա է Աստծո Որդին: Այդ առաջին Զատկի առավոտյան Նա դուրս եկավ գերեզմանից, Իր հետ բերելով հավիտենական կյանքի պարգևը Աստծո բոլոր զավակներին: Այս գեղեցիկ օրը, տոնելով այդ նշանավոր իրադարձությունը, թող որ երախտագիտության աղոթք հղենք Նրա մեծ ու հրաշալի պարգևների համար: Այդ ամենի համար ես խոնարհ աղոթում եմ Նրա սուրբ անունով, ամեն: