Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները
Եկեք օգնենք կառուցել Աստծո արքայությունը՝ համարձակ կանգնելով և պաշտպանելով ամուսնությունը, ծնող լինելը և տունը։
Ինչպիսի արտոնություն և ուրախություն է աղջիկների և կանանց այս հրաշալի հավաքի մի մասը լինելը։ Որքան օրհնված ենք մենք՝ այս երեկո միաբանությամբ և սիրով որպես կանայք միասին հավաքվելով։
Ես վերջերս կարդացի Մերի Մադելին Քարդոնի պատմությունը, ով իր ընտանիքի հետ միասին ստացել էր Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ուղերձը Իտալիայում ծառայության կանչված առաջին միսիոներներից 1850թ․։ Նա 17 կամ 18 տարեկան երիտասարդ կին էր, երբ նրանք մկրտվեցին։ Մի կիրակի, մինչ երկրպագության ծառայություն էր անցկացվում իրենց տանը հյուսիսային Իտալիայի բարձր Ալպերում, տղամարդկանց զայրացած ամբոխը տեղի մի քանի քահանաների հետ միասին հավաքվեցին տան շուրջը և սկսեցին աղաղակել, գոռգոգալ և պահանջել, որ միսիոներները դուրս բերվեին։ Չեմ կարծում, թե նրանք պարզապես զայրացած էին ավետարանն ուսուցանելու առիթով․ նրանք մտադրված էին մարմնական վնասներ հասցնել։ Երիտասարդ Մերին էր, որ վճռական քայլերով դուրս եկավ տանից՝ ամբոխի հետ երես առ երես հանդիպելու համար։
Նրանք շարունակեցին իրենց կատաղի գոռգոռոցներով պահանջել, որ միսիոներները դուրս բերվեին։ Մերին բարձրացրեց իր Աստվածաշունչը և հրամայեց նրանց հեռանալ։ Նա ասաց նրանց, որ երեցները գտնվում էին նրա պաշտպանության ներքո և որ նրանք չէին կարող վնասել նրանց գլխի մեկ մազն անգամ։ Լսեք նրա իսկ խոսքերը․ «Բոլորն ապշած կանգնել էին։ … Աստված ինձ հետ էր։ Նա դրեց այդ խոսքերն իմ բերանում, այլապես ես չէի կարող ասել դրանք։ Մեկ ակնթարթում ամեն բան խաղաղվեց։ Այդ վայրագ տղամարդկանց խումբն անօգնական կանգնել էր թույլ, դողացող, սակայն անվախ աղջկա առաջ»։ Քահանաները խնդրեցին ամբոխին հեռանալ, ինչը նրանք լուռ արեցին՝ ամոթով, վախով և զղջումով։ Փոքրիկ խումբը խաղաղ պայմաններում ավարտին հասցրեց իր ժողովը։
Կարո՞ղ եք պարզապես պատկերացնել այդ խիզախ երիտասարդ կնոջը, ձեզանից շատերի տարիքին, կանգնած ամբոխի առաջ և պաշտպանելիս իր նոր գտած համոզմունքները խիզախությամբ ու վստահությամբ։
Քույրեր, մեզանից քչերը ստիպված կլինեն երբևէ կանգնել բարկացած ամբոխի առջև, սակայն մի պատերազմ է մղվում աշխարհում, որի հարձակման թիրախը մեր ամենափայփայած և հիմնական վարդապետություններն են։ Ես հատկապես խոսում եմ ընտանիքի վարդապետության մասին։ Տան սրբությունը և ընտանիքի կարևորագույն նպատակները հարցականի տակ են դրվում, քննադատության և կատաղի հարձակման են ենթարկվում ամեն կողմից։
Երբ նախագահ Գորդոն Բ. Հինքլին առաջին անգամ կարդաց «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հայտարարությունը սրանից 20 տարի առաջ, մենք երախտապարտ էինք և արժևորում էինք հայտնությամբ ստացված այս փաստաթղթի հստակությունը, պարզությունը և ճշմարտացիությունը։ Այն ժամանակ մենք քիչ էինք գիտակցում, թե որքան անհետաձգելիորեն մենք կունենայինք այս հիմնական հայտարարությունների կարիքն այսօրվա աշխարհում որպես չափանիշներ, որոնցով մենք կկարողանայինք կարծիք կազմել յուրաքանչյուր նոր քամու բերած աշխարհիկ անառարկելի պնդումների մասին, որոնք թափվում են մեզ վրա լրատվամիջոցների, համացանցի, գիտնականների, հեռուստատեսության, ֆիլմերի և նույնիսկ օրենսդրություն սահմանողների կողից։ Ընտանիքին վերաբերող հայտարարությունը դարձել է մեր չափանիշը աշխարհի փիլիսոփայությունների շուրջ կարծիք կազմելու հարցում, և ես վկայում եմ, որ այս հայտարարության մեջ ներկայացված սկզբունքները նույնքան ճշմարիտ են այսօր, որքան այն ժամանակ, երբ դրանք տրվեցին մեզ Աստծո մարգարեի կողմից՝ գրեթե 20 տարի առաջ։
Կարո՞ղ եմ նշել մի ակնհայտ բան։ Կյանքը հազվադեպ է ընթանում ճիշտ ըստ նախատեսվածի, և մենք քաջատեղյակ ենք, որ ոչ բոլոր կանայք ունեն այն փորձառությունը, որը նկարագրվում է հայտարարության մեջ։ Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ և ուսուցանել Տիրոջ տված օրինակը և ձգտել լավագույնս իրականացնել այն։
Յուրաքանչյուրս ծրագրում պետք է կատարենք մեր դերը, և մեզանից յուրաքանչյուրը հավասարապես արժեքավոր է Տիրոջ աչքում։ Մենք պետք է հիշենք, որ սիրառատ Երկնային Հայրը գիտի մեր արդար ցանկությունները և կմեծարի Իր խոստումները, որ ոչինչ հետ չի պահվի նրանցից, ովքեր հավատարմորեն պահում են իրենց ուխտերը։ Երկնային Հայրը առաքելություն և ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար, սակայն Նա նաև ունի դրանց համար նախատեսված Իր իսկ ժամանակը։ Այս կյանքի ամենադժվար մարտահրավերներից մեկը առ Տիրոջ ժամանակը հավատք ունենալն է։ Լավ գաղափար է մտքում այլընտրանքային ծրագիր ունենալը, որն օգնում է մեզ լինել ուխտեր պահող, գթառատ և արդարակյաց կանայք, ովքեր կառուցում են Աստծո արքայությունը՝ անկախ այն բանից, թե որ ուղղությամբ է ընթանում մեր կյանքը։ Մենք պետք է ուսուցանենք մեր դուստրերին ձգտել կատարելության, սակայն ծրագրեր ունենալ ճգնաժամային իրավիճակների համար։
Ընտանիքի հայտարարության այս 20-րդ հոբելյանական տարում ես կցանկանայի մարտահրավեր հղել բոլորիս՝ որպես Եկեղեցու կանայք լինել «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հայտարարության պաշտպանները։ Ճիշտ ինչպես Մերի Մադելին Քարդոնը խիզախաբար պաշտպանեց միսիոներներին և իր նոր գտած համոզմունքները, մենք պետք է համարձակորեն պաշտպանենք Տիրոջ հայտնած վարդապետությունները, որոնք նկարագրում են ամուսնությունը, ընտանիքները, տղամարդկանց և կանանց աստվածային դերերը և տան կարևորությունը որպես սրբազան վայր, նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհն աղաղակում է մեր ականջներին, որ այս սկզբունքները հնացել են, սահմանափակող են և այլևս տեղին չեն։ Յուրաքանչյուրը, անկախ ամուսնական կարգավիճակից կամ երեխաների քանակից, կարող է պաշտպանել Տիրոջ ծրագիրը, որը նկարագրվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում։ Եթե դա Տիրոջ ծրագիրն է, այն պետք է նաև մեր ծրագիրը լինի։
Հայտարարության մեջ ուսուցանվում են երեք սկզբունքներ, որոնք, իմ կարծիքով, կարիք ունեն անսասան պաշտպանների։ Առաջինը ամուսնությունն է տղամարդու և կնոջ միջև։ Սուրբ գրությունները մեզ ուսուցանում են․ «Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»։ Յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է ձեռք բերել քահանայության բոլոր օրհնությունները, անհրաժեշտ է ամուսնու և կնոջ կնքումը Տիրոջ տանը, ովքեր միասին աշխատում են արդարակեցությամբ և հավատարիմ են մնում իրենց ուխտերին։ Սա Տիրոջ ծրագիրն է Իր զավակների համար և հասարակական ոչ մի ճառ կամ քննադատություն ի զորու չի լինի փոխելու այն, ինչ հայտարարել է Տերը։ Մենք պետք է շարունակենք արդարակյաց ամուսնությունների օրինակ լինել, փնտրել այդ օրհնությունը մեր կյանքում և հավատք ունենալ, եթե դանդաղ ենք հասնում այդ նպատակին։ Եկեք լինենք պաշտպաններն այն ամուսնության, որը կարգվել է Տիրոջ կողմից, մինչ կշարունակենք սեր և կարեկցանք ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր ունեն այլ տեսակետներ։
Հաջորդ սկզբունքը, որն ունի մեր պաշտպանող ձայների կարիքը, մայրերի և հայրերի աստվածային դերերի կարևորումն է։ Մենք ջանասիրաբար սովորեցնում ենք մեր երեխաներին վեհ նպատակներ ունենալ այս կյանքում։ Մենք հատկապես ցանկանում ենք համոզված լինել, որ մեր դուստրերը գիտեն, որ իրենք ներուժ ունեն հասնելու և լինելու այն ամենը, ինչ կարող են երևակայել։ Մենք հույս ունենք, որ նրանք կսիրեն ուսումը, կրթություն կստանան, տաղանդավոր կլինեն և միգուցե նույնիսկ կդառնան հաջորդ Մարի Կյուրին կամ Էլիզա Ռ. Սնոուն։
Արդյո՞ք մենք նաև ուսուցանում ենք մեր որդիներին ու դուստրերին, որ չկա ավելի մեծ պատիվ, ավելի վեհ տիտղոս և ավելի կարևոր դեր այս կյանքում, քան մայր և հայր լինելը։ Ես հուսով եմ, որ երբ մենք կքաջալերենք մեր երեխաներին լավագույնին ձգտել այս կյանքում, մենք նաև կուսուցանենք նրանց պատվել և վեհացնել դերերը, որ մայրերն ու հայրերը խաղում են մեր Երկնային Հոր ծրագրում։
Մեր կրտսեր դուստրը՝ Էբբին, եզակի հնարավորություն տեսավ կանգնելու որպես մայրության դերի պաշտպան։ Մի օր իր երեխաների դպրոցից նրան տեղեկացրեցին, որ նրանք դպրոցում անց էին կացնելու Կարիերայի Օրվան նվիրված շնորհանդեսներ։ Ծնողներին հրավիրեցին ուղարկել դիմումներ, եթե ցանկանում էին գալ դպրոց՝ ուսուցանելու համար երեխաներին իրենց աշխատանքների մասին, և Էբբին ոգեշնչում ստացավ խոսելու մայրության մասին։ Նա պատասխան չստացավ դպրոցից, և երբ մոտենում էր Կարիերայի Օրվան նվիրված օրը, նա, ի վերջո, զանգեց դպրոց, մտածելով, որ նրանք միգուցե կորցրել էին իր դիմումը։ Կազմակերպիչները փորձեցին գտնել դասարան, որտեղ նա կարող էր խոսել, և գտան երկու ուսուցիչներ, ովքեր համաձայնեցին, որ Էբբին գար և խոսեր նրանց դասերի ժամանակ Կարիերայի Օրվա վերջում։
Երեխաներին ուղղված իր շատ զվարճալի ելույթի ժամանակ Էբբին սովորեցրեց նրանց այլ բաների հետ մեկտեղ, որ որպես մայր նա պետք է փորձառու լիներ այնպիսի հարցերում, որոնք վերաբերում էին բժշկությանը, հոգեբանությանը, կրոնին, ուսուցանմանը, երաժշտությանը, գրականությանը, արվեստին, ֆինանսներին, ձևավորմանը, վարսահարդարմանը, վարորդությանը, սպորտին, խոհարարական արվեստին և շատ այլ ոլորտների։ Երեխաները տպավորված էին։ Վերջում նա խնդրեց երեխաներից յուրաքանչյուրին հիշել իրենց մայրերին, գրելով շնորհակալական բացիկ, երախտագիտություն արտահայտելով ամեն օր սիրով նրանց մատուցված բազմաթիվ ծառայությունների համար։ Էբբին զգաց, որ երեխաները տեսան իրենց մայրերին լիովին նոր լույսի ներքո և որ մայր կամ հայր լինելը շատ արժեքավոր բան է։ Նա դիմեց այս տարի կրկին այդ ուղերձով կիսվելու համար և հրավիրվեց ելույթ ունենալու վեց դասարաններում։
Իր փորձառության մասին Էբբին ասել է․ «Ես այնպիսի զգացողություն ունեի, որ կարծես հեշտ կարող էր լինել այս աշխարհում երեխայի համար տպավորություն ստանալը, որ ծնող լինելը երկրորդական գործ է կամ երբեմն նույնիսկ անհրաշեժտ անհարմարություն։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուր երեխա զգա, որ ինքը ամենակարևոր առաջնահերթությունն է իր ծնողների համար, և միգուցե նրանց ասելը, թե որքան կարևոր է ինձ համար ծնող լինելը, կօգնի նրանց գիտակցել այն ամենը, ինչ նրանց ծնողներն անում են իրենց համար»։
Մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, կանանց և մայրությունը պատվելու հրաշալի օրինակ է, հատկապես, երբ դա վերաբերում է իր մորը։ Անդրադառնալով մեր երկրային մայրերին, նա ասել է․ «Թող որ մեզանից յուրաքանչյուրը փայփայի այս ճշմարտությունը․ մարդը չի կարող մոռանալ իր մորը և հիշել Աստծուն։ Մարդը չի կարող հիշել մորը և մոռանալ Աստծուն։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք երկուսն էլ սուրբ անձնավորություններ են՝ Աստված և մեր [երկրային] մայրը գործընկերներ են արարման, սիրո, զոհաբերության, ծառայության մեջ, նրանք մեկ են»։
Վերջին սկզբունքը, որը մենք պետք է պաշտպանենք, տան սրբությունն է։ Մենք պետք է վերցնենք մի տերմին, որի մասին երբեմն ծաղրանքով են խոսում, և վեհացնենք այն։ Դա տնային տնտեսուհի տերմինն է։ Մենք բոլորս՝ կանայք, տղամարդիկ, երիտասարդները և երեխաները, ամուրիները կամ ամուսնացածները, կարող ենք աշխատել տնային տնտեսուհիներ լինելու համար։ Մենք պետք է դարձնենք մեր տները ապաստարաններ, սրբության և ապահովության վայրեր։ Մեր տները պետք է լինեն վայրեր, որտեղ մեծապես կարելի է զգալ Տիրոջ Հոգին և որտեղ ուսումնասիրվում և ուսուցանվում են սուրբ գրությունները և որտեղ ապրում են դրանց համաձայն։ Ինչ մեծ փոփոխություն տեղի կունենար աշխարհում, եթե բոլոր մարդիկ տեսնեին իրենց որպես արդար տներ ստեղծողներ։ Եկեք պաշտպանենք տունը որպես մի վայր, որը սրբության առումով իր տեղը զիջում է միայն տաճարին։
Քույրեր, ես շնորհակալ եմ, որ ապրում եմ այս վերջին օրերում։ Մենք ունենք հեռանկարներ և հնարավորություններ, որոնք ոչ մի այլ սերնդի կանայք չեն ունեցել աշխարհում։ Եկեք օգնենք կառուցել Աստծո արքայությունը՝ համարձակ կանգնելով և պաշտպանելով ամուսնությունը, ծնող լինելը և տունը։ Տերը ցանկանում է, որ մենք լինենք քաջ, անսասան և անխախտ ռազմիկներ, ովքեր կպաշտպանեն Իր ծրագիրը և կսովորեցնեն եկող սերունդներին Նրա ճշմարտությունները։
Ես վկայում եմ, որ Երկնային Հայրն ապրում է և սիրում մեզանից յուրաքանչյուրին։ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու Քավիչն է։ Ես թողնում եմ այս վկայությունը ձեզ հետ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։