2010–2019 թթ․
Պահպանել կամքի ազատությունը, պաշտպանել կրոնական ազատությունը
Ապրիլ 2015


15:47

Պահպանել կամքի ազատությունը, պաշտպանել կրոնական ազատությունը

Մեր կամքի ազատության բարեխիղճ օգտագործումը կախված է մեր կրոնական ազատությունից։

Այսօր Զատիկի կիրակի է՝ ողջ մարդկության համար մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու օրը։ Մենք երկրպագում ենք Նրան, երախտապարտ ենք կրոնական ազատության, հավաքվելու ազատության, խոսքի ազատության և կամքի ազատության մեր աստվածատուր իրավունքի համար։

Ինչպես մարգարեներն են կանխագուշակել այս վերջին օրերի վերաբերյալ, որում մենք ապրում ենք, շատերը շփոթված են, թե ովքեր ենք մենք և ինչի ենք մենք հավատում։ Ոմանք «բանսարկու … [և] անբարեսէր» են։ Մյուսները «չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. [և] խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար»։

Երբ մեզ շրջապատող մարդիկ որոշումներ են կայացնում, թե ինչպես արձագանքեն մեր հավատքին, մենք չպետք է մոռանանք, որ բարոյական կամքի ազատությունը Իր բոլոր զավակների համար Աստծո ծրագրի կարևորագույն մասն է կազմում։ Այդ հավերժական ծրագիրը, որը մեզ ներկայացվեց նախամահկանացու Խորհրդի ժամանակ Երկնքում, իր մեջ ընդգրկում էր կամքի ազատության պարգևը։

Մեծ խորհրդի ժամանակ Լյուցիֆերը, որը հայտնի է որպես Սատանա, իր ազատ կամքն օգտագործեց Աստծո ծրագրին դեմ գնալու համար։ Աստված ասաց․ « …, քանի որ Սատանան ապստամբեց իմ դեմ, և փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը, որ ես Տեր Աստվածս, տվել էի նրան, … ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր»։

Նա շարունակեց․ «և նաև երկնքի զորքերի մեկ երրորդին նա շրջեց ինձանից՝ նրանց կամքի ազատության պատճառով»։

Դրա արդյունքում Երկնային Հոր այն հոգևոր զավակները, ովքեր ընտրեցին մերժել Նրա ծրագիրը և հետևել Լյուցիֆերին, կորցրեցին իրենց աստվածային ճակատագիրը։

Հիսուս Քրիստոսն օգտվելով իր ազատ կամքից ասաց․

«Ահա ես, ինձ ուղարկիր»։

«Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»։

Հիսուսը, ով իր կամքի ազատությունից օգտվելով աջակցեց Երկնային Հոր ծրագրին, ճանաչվեց և նշանակվեց Հոր կողմից որպես մեր Փրկիչ՝ նախակարգվով քավիչ զոհաբերություն կատարել բոլորիս համար։ Նմանապես, պատվիրանները պահելու մեր կամքի ազատության կիրառումը թույլ կտա խորապես հասկանալ, թե ովքեր ենք մենք և կստանանք այն բոլոր օրհնությունները, որոնք Երկնային Հայրն ունի, այդ թվում՝ մարմին ունենալու, աճելու, ուրախություն ունենալու, ընտանիք կազմելու և հավերժական կյանք ժառանգելու հնարավորություն։

Պատվիրանները պահելու համար մենք պետք է իմանանք Եկեղեցու պաշտոնական վարդապետությունը, որպեսզի մարդկանց անընդհատ փոփոխվող քմահաճույքների պատճառով մենք չշեղվենք Քրիստոսի առաջնորդությունից։

Այն օրհնությունները, որոնք մենք այսօր վայելում ենք, այս կյանքից առաջ Փրկչին հետևելու մեր ընտրությունների արդյունքն է։ Բոլոր նրանք ովքեր լսում և կարդում են այս խոսքերը, ով էլ, որ լինեք և ինչպիսին էլ որ ձեր անցյալը լինի, հիշեք սա՝ ուշ չէ այդ նույն ընտրությունը կրկին կատարելու և Նրան հետևելու համար։

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի միջոցով, Իր Քավությանը հավատալով, մեր մեղքերից ապաշխարելով և մկրտվելով, այդ ժամանակ նոր ստանում ենք Սուրբ Հոգու երկնային պարգևը։ Այդ պարգևը տալիս է գիտելիք և հասկացողություն, սովորելու և վկայություն ձեռք բերելու առաջնորդություն և ուժ, մեղքը հաղթահարելու զորություն և մաքրագործում և մխիթարություն ու քաջալերանք՝ ձախորդությունները հավատարմորեն դիմանալու համար։ Հոգու այդ անզուգական օրհնություններն ավելացնում են մեր ազատությունը և զորությունն անելու այն, ինչ ճիշտ է, քանի որ «Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն»։

Երբ այս վերջին օրերում մենք քայլենք հոգևոր ազատության ուղով, մենք պետք է հասկանանք, որ մեր կամքի ազատության բարեխիղճ օգտագործումը կախված է մեր կրոնական ազատությունից։ Մենք արդեն տեղյակ ենք, որ Սատանան չի ցանկանում, որ այդ ազատությունը լինի մերը։ Երկնքում նա փորձեց կործանել բարոյական կամքի ազատությունը, իսկ այժմ երկրի վրա նա կատաղորեն խափանում է, հակառակվում է և շփոթմունք է տարածում կրոնական ազատության վերաբերյալ, թե ինչ է դա և թե ինչու է այն կարևոր մեր հոգևոր կյանքի և մեր փրկության համար։

Կան կրոնական ազատության չորս անկյունաքարեր, որոնց մենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, պետք է ապավինենք և պաշտպանենք։

Առաջինը՝ հավատալու ազատությունն է։ Ոչ ոք չպետք է քննադատվի, հետապնդվի կամ հարձակման ենթարկվի անհատների կամ կառավարության կողմից այն բանի համար, թե ինչ հավատք նա ունի Աստծո մասին։ Դա շատ անձնական է և շատ կարևոր։ Կրոնական ազատության վերաբերյալ մեր համոզմունքի վաղ հռչակագրում նշված է․

«Ոչ մի կառավարություն չի կարող խաղաղ գոյատևել, եթե չկազմվեն այնպիսի օրենքներ ու պահվեն անխախտ, որոնք ամեն անհատի կապահովեն խղճի գործադրման ազատությունը …։

… Դատական պաշտոնյաները պետք է սանձեն ոճիրը, բայց երբեք չիշխեն խղճի վրա. … [կամ] չճնշեն հոգու ազատությունը»։

Հավատքի այդ հիմնարար ազատությունն այդ ժամանակից ի վեր ընդունվել է Միացյալ Ազգերի կողմից, իր՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և մարդու իրավունքների այլ միջազգային փաստաթղթերի մեջ։

Կրոնական ազատության երկրորդ անկյունաքարը՝ ուրիշների հետ մեր հավատքով կիսվելու ազատությունն է։ Տերը մեզ պատվիրում է՝ «Եվ ձեր տղայոցը սովորեցնէք [ավետարանը] … նստած ժամանակդ»։ Նա նաև իր առաքյալներին ասաց․ «Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի»։ Որպես ծնողներ, լիաժամկետ միսիոներներ և անդամ միսիոներներ՝ մենք ապավինում ենք կրոնական ազատությանը, որպեսզի Տիրոջ վարդապետությունն ուսուցանենք մեր ընտանիքներին և ողջ աշխարհին։

Կրոնական ազատության երրորդ անկյունաքարը՝ կրոնական կազմակերպություն, եկեղեցի, հիմնելը և ուրիշների հետ խաղաղությամբ երկրպագություն անելն է։ Հավատո տասնմեկերորդ հանգանակը հռչակում է․ «Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են»: Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը և այլ ազգերի սահմանադրությունները հաստատում են այդ սկզբունքը։

Կրոնական ազատության չորրորդ անկյունաքարը մեր հավատքով ազատ ապրելու իրավունքն է՝ հավատքի ազատ օգտագործումը ոչ միայն տներում և ժողովատներում, այլ նաև հասարակական վայրերում։ Տերը պատվիրում է մեզ ոչ միայն առանձին աղոթել, այլ նաև առաջ գնալ և «Այսպէս լուսաւորէ [մեր] լոյսը մարդկանց առաջին, որ [մեր] բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն [մեր] Հօրը որ երկնքումն է»։

Ոմանք վիրավորվում են, երբ մեր հավատքը հասարակայնացնում ենք, սակայն այդ նույն մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց տեսակետներն ու գործողությունները հասարակության մեջ հանդուրժվեն, հաճախ դանդաղում են նույն հանդուրժողականությունը ցուցաբերել հավատացյալների հանդեպ, ովքեր նույնպես ցանկանում են, որ իրենց տեսակետներն եւ գործողությունները հանդուրժվեն։ Կրոնական տեսակետների հանդեպ հարգանքի համընդհանուր պակասն արագ կերպով փոխվում է հասարակական և քաղաքական անհանդուրժողականության՝ հավատացյալ մարդկանց և հաստատությունների հանդեպ։

Երբ ենթարկվենք աշխարհիկ չափանիշներին խոնարհվելու մեծ ճնշումներին, մեր կրոնական ազատությունների հաշվեհարդարին, հիշեք, թե Մորմոնի Գիրքն ինչ է ուսուցանում մեր պատասխանատվության վերաբերյալ։ Ալմայի գրքի մեջ մենք կարդում ենք Ամղիկիի մասին, «մի շատ խորամանկ» և «ամբարիշտ մարդու», ով ձգտում էր թագավոր կարգվել մարդկանց մեջ և «կզրկեր նրանց իրենց իրավունքներից», որը «տագնապալի էր եկեղեցու ժողովրդի համար»։ Թագավոր Մոսիայի կողմից նրանք ուսուցանվեցին բարձրացնել իրենց ձայներն այն բաների համար, որոնք ճիշտ էին։ Հետևաբար նրանք «հավաքվեցին բոլոր երկրով մեկ, ամեն մարդ ըստ իր մտքի՝ լիներ Ամղիկիին կողմ, թե դեմ, առանձին խմբերով, ունենալով մեծ վիճաբանություններ … մեկը մյուսի հետ»։

Այդ քննարկումների ժամանակ Եկեղեցու անդամները և ուրիշները հնարավորություն ունեցան հավաքվել միասին, զգալ միասնության ոգին և ներգործվել Սուրբ Հոգու կողմից։ «Եվ եղավ այնպես, որ ժողովրդի ձայնը եկավ Ամղիկիի դեմ, այնպես որ նա չդարձավ թագավոր ժողովրդի վրա»։

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պատասխանատվություն ենք կրում գործել միանման մտքի տեր հավատացյալների հետ միասին, որպեսզի բարձրացնենք մեր ձայնն այն բաների համար, որոնք ճիշտ են։ Թեև անդամները երբեք չպետք է պնդեն կամ նույնիսկ ենթադրեն, որ նրանք խոսում են Եկեղեցու անունից, մենք բոլորս էլ՝ որպես քաղաքացիներ, մեր կարողությունների սահմաններում պետք է համոզումով և սիրով կիսվենք մեր անձնական վկայություններով՝ «ամեն մարդ [և կին] ըստ իր մտքի»։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է․

«Ես համարձակություն ունեմ հայտարարել երկնքի առջև, որ ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, պաշտպանելով ցանկացած երիցականի կամ մկրտականի կամ որևէ այլ դավանանքի լավ մարդու համար, [ճիշտ ինչպես ցանակացած մորմոնականի համար], քանի որ նույն սկզբունքը, որը ոտնակոխ կարող է անել Վերջին Օրերի Սրբերի իրավունքները, ոտնակոխ կանի նաև Հռոմեական Կաթոլիկների իրավունքները կամ որևէ այլ դավանանքի, որը կարող է ժողովրդականություն չվայելել և խիստ թույլ լինել իրեն պաշտպանելու համար։

Ազատության սերն է, որ ոգեշնչում է հոգիս՝ քաղաքացիական և կրոնական ազատությունը ողջ մարդկային ցեղի համար»։

Եղբայրներ և քույրեր, մենք պարտավոր ենք պահպանել այդ սրբազան ազատությունն ու իրավունքները մեր և մեր սերունդների համար։ Ի՞նչ կարող ենք դուք և ես անել։

Առաջինը, մենք կարող ենք տեղեկացված լինել։ Տեղյակ եղեք ձեր համայնքի խնդիրներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ կրոնական ազատության վրա։

Երկրորդ, ձեր կարողության սահմաններում միացեք նրանց, ովքեր կիսում են կրոնական ազատությամբ նկատմամբ մեր նվիրվածությունը։ Կրոնական ազատությունը պաշտպանելու համար գործեք իրար հետ։

Երրորդ, ձեր ապրած կյանքով եղեք ձեր հավատքի վառ օրինակ՝ խոսքի և գործի մեջ։ Այն, թե ինչպես ենք մենք ապրում մեր կրոնով ավելի կարևոր է, քան այն, թե ինչ կարող ենք մենք ասել մեր կրոնի մասին։

Մեր Փրկչի Երկրորդ գալուստը մոտենում է։ Եկեք չուշանանք այդ մեծ իրադարձությունից։ Հիշենք Մորոնի հրամանատարին, ով բարձրացրեց ազատության դրոշը, որի վրա գրված էր՝ «Ի հիշեցումն մեր Աստծո, մեր կրոնի և ազատության, և մեր խաղաղության, մեր կանանց և մեր երեխաների»։ Եկեք հիշենք մարդկանց արձագանքը․ Օգտվելով իրենց կամքի ազատությունից, նրանք «եկան, վազելով միասին»՝ երդվելով գործել։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մի՛ քայլեք։ Վազե՛ք։ Վազեք, որ, ստանաք ազատ կամքի օրհնությունը՝ հետևելով Սուրբ Հոգուն և կիրառելով Աստծո կամքը կատարելու համար Նրա տված ազատությունը։

Այս հատուկ Զատիկի օրը, ես իմ հատուկ վկայությունն եմ բերում, որ Հիսուս Քրիստոսն իր ազատ կամքը գործադրեց, որպեսզի կատարի Հոր կամքը։

Մեր Փրկչի մասին մենք երգում ենք․ «Կյանքն իր տվեց Նա կամավոր, Եվ արյունն իր անգին»։ Եվ քանի որ Նա արեց դա, մենք անգնահատելի հնարավորություն ունենք «ընտրելու ազատություն և հավերժական կյանք» Նրա քավության զորության և օրհնությունների միջոցով։ Թող որ մենք կամավոր կերպով հետևենք Նրան այժմ և հավիտյան. դա իմ աղոթքն է Նրա սուրբ՝ Հիսուս Քրիսոտսի անունով, ամեն։