2010–2019 թթ․
Տերն է իմ լույսը
Ապրիլ 2015


16:30

Տերն է իմ լույսը

Տիրոջ լույսին ու օրինակին հետևելը մեզ կբերի ուրախություն, երջանկություն և խաղաղություն:

Զատիկի այս տոնին մենք խորհում և ուրախանում ենք քավության շնորհիվ, որ մեզ է տրվել է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի կողմից:

Անհանգստությունը, որը տարածվում է երկրագնդով մեկ՝աշխարհիկ ամբարշտության պատճառով, առաջացնում է անպաշտպանվածության զգացում և խանգարում մեր անդորրը: Կապի ժամանակակից միջոցների միջոցով անօրինության, անհավասարության և անարդարության ազդեցությունը շատ մարդկանց ստիպում է զգալ, որ կյանքն, ըստ էության անարդար է: Չնայած որ այս փորձությունները կարող են էական լինել, դրանք չպիտի շեղեն մեզ՝ ուրախանալուց և մեր օգտին Քրիստոսի երկնային բարեխոսումը տոնելուց: Փրկիչը բառացիորեն «հաղթեց մահը»: Ողորմածությամբ ու կարեկցանքով Նա իր վրա վերցրեց մեր անօրինությունն ու մեղքերը՝ այսպիսով փրկագնելով մեզ և բավարարելով արդարության պահանջները բոլոր նրանց համար, ովքեր կապաշխարեն և կհավատան Իր անունով:

Նրա փառահեղ քավիչ զոհաբերությունը ունի անգերազանցելի մեծագույն նշանակություն, որը չեն կարող ըմբռնել մահկանացու մարդիկ: Ողորմածության այս քայլը ապահովում է խաղաղություն և վեր է մեր հասկացողությունից:

Այդ դեպքում ինչպե՞ս ենք մենք պայքարում մեզ շրջապատող դաժան իրականության հետ:

Some yellow flowers on a mound of dirt.

Իմ կինը՝ Մերին, միշտ սիրել է արևածաղիկը: Նա հրճվում է, երբ դրանք հայտնվում են ճանապարհի կողքերին՝ բավականին անսպասելի տեղերում: Մի կեղտոտ ճանապարհ կա, որը տանում է դեպի իմ պապիկի տունը: Երբ մենք ճամփա էինք ընկնում, Մերին հաճախ բացականչում էր. «Դու կարծում ես, մենք կտեսնե՞ք այդ զարմանալի արևածաղիկներն այսօր»: Մենք զարմանում էինք՝ տեսնելով, որ արևածաղիկներն առատորեն աճում էին այն հողի վրա, որով հաճախ անցնում էին գյուղատնտեսական և ձյուն մաքրող մեքենաներ, որտեղ կար նաև այնպիսի նյութերի կուտակում, որոնք իդեալական հող չէին համարվի վայրի պայմաններում ծաղիկի աճման համար:

Yellow flowers by some water

Երիտասարդ վայրի արևածաղկի ուշագրավ բնութագրերից մեկն այն է, որ անբարենպաստ հողում աճելուց բացի, երիտասարդ ծաղկի կոկոնը շարժվում է երկնքում՝ արևի շարժմանը համընթաց: Այսպիսով նա ստանում է կյանքին անհրաժեշտ էներգիան՝ նախքան չքնաղ դեղին ծաղիկը կհայտնվի դրա միջից:

Երիտասարդ արևածաղկի նման, երբ մենք հետևում ենք աշխարհի Փրկչին՝ Աստծո Որդուն, մենք ծաղկում ենք և դառնում չքնաղ՝ չնայած այն բազմաթիվ սարսափելի հանգամանքներին, որոնք շրջապատում են մեզ: Նա է իրոք մեր լույսն ու կյանքը:

Ցորենի և որոմների մասին առակում Փրկիչը հայտարարեց իր Առաքյալներին, որ նրանք, ովքեր կխախտեն օրենքը և անարդարություն կգործեն, կհավաքվեն և դուրս կնետվեն Իր թագավորությունից: Բայց հավատարիմների մասին խոսելով, նա ասաց. «Այն ժամանակ արդարները կծագեն ինչպէս արեգակը իրենց Հօր արքայութեան մեջ»: Որպես անհատներ՝ Քրիստոսի հետևորդները, ապրելով թշնամական աշխարհում, որը բառացիորեն խառնաշփոթի մեջ է, մենք կարող ենք աճել ու զարգանալ, եթե Տիրոջ հանդեպ մեր սերը կառուցենք Նրա վեմի վրա և խոնարհաբար հետևենք Նրա ուսմունքներին:

Անսասան ու հավատարիմ մնալու և Փրկչին հետևելու մեր կարողությունը՝ չնայած կյանքի անկայունությանը, մեծապես ուժեղանում է արդարակյաց ընտանիքների և մեր ծխերի ու ճյուղերի Քրիստոսակենտրոն միաբանության միջոցով:

Ժամը քանի՞սն է իմ տանը

Ընտանիքի դերը Տիրոջ ծրագրում «մեզ երջանկություն բերելն է, օգնելն է մեզ՝ սովորել ճիշտ սկզբունքներ՝ սիրո մթնոլորտում և պատրաստելը մեզ հավերժական կյանքին»: Կրոնական սկզբունքներին ամուր կապված լինելու հրաշալի ավանդույթը մեր տներում պետք է սերմանվի և խորը արմատներ ձգի մեր զավակների սրտերում:

Իմ հորեղբայր Վոգան Ռոբերտս Քիմբալը լավ ուսանող էր, հաջողության ձգտող գրող և Բրիգամ Յանգ համալսարանի ֆուտբոլային թիմի մարզիչի օգնական: 1941թվականի դեկտեմբերի 8-ին, Փերլ Հարբորի վրա հարձակման հաջորդ օրը նա անդամագրվեց ԱՄՆ-ի Նավատորմին: Մինչ նա հավաքագրման հանձնարարություն էր կատարում Ալբանիում, Նյու-Յորք, մի կարճ հոդված ներկայացրեց Reader’s Digest-ին: Ամսագիրը 200 դոլլար վճարեց նրան և հրատարակեց հոդվածը 1944 թվականի մայիսի թողարկման մեջ «Ժամը քանի՞սն է իմ տանը» վերնագրով:

Նրա ներդրումը Reader’s Digest-ին, որտեղ նա խոսում է ապագա նավաստու անունից, մասնավորապես պատմում է հետևյալը.

«Ժամը քանի՞սն է իմ տանը

«Մի երեկո Ալբանիում, Նյու Յորք, ես մի նավաստուց հարցրի, թե ժամը քանիսն է: Նա գրպանից դուրս քաշեց մի հսկայական ժամացույց և պատասխանեց. «Յոթն անց է քսան րոպե»: Ես գիտեի, որ ավելի ուշ էր: «Քո ժամացույցը կանգ է առել, այնպես չէ՞»:

«Ոչ,- ասաց նա,- ես դեռ Մաունթինի ժամային գոտում եմ: Ես հարավային Յուտայից եմ: Երբ ես զինվորագրվեցի Նավատորմին, հայրս տվեց ինձ այս ժամացույցը: Նա ասաց, որ այն կօգնի ինձ հիշել տունը:

Երբ իմ ժամացույցով առավոտյան ժամը հինգն է, ես գիտեմ, որ հայրս գնում է կովերը կթելու: Իսկ ամեն երեկո, երբ այն ցույց է տալիս յոթն անց կես, գիտեմ, որ ամբողջ ընտանիքը հավաքված է ուտելիքով լի սեղանի շուրջը, և հայրս շնորհակալություն է հայտնում սեղանին դրված ուտելիքի համար ու խնդրում Նրան, որ հսկի ինձ …, - նա ասաց,- ես բավական հեշտությամբ կարող եմ պարզել, թե ժամը քանիսն է այստեղ: Ամենը, ինչ ես ուզում եմ իմանալ՝ թե ժամը քանիսն է Յուտայում:

Շուտով, այս հոդվածը ներկայացնելուց հետո,Վոգանին նշանակեցին ծառայելու մի նավի վրա՝ Խաղաղ օվկիանոսում: 1945 թվականի մայիսի 11-ին մինչ նա ծառայում էր USS Bunker Hill նավի վրա Օկինավա կղզու մոտ նավը ռմբակոծության ենթարկվեց երկու ինքնասպան ինքնաթիռների կողմից: Զոհվեցին անձնակազմի համարյա բոլոր 400 անդամները:

Երեց Սպենսեր Վ. Քիմբալն իր անկեղծ կարեկցանքը հայտնեց Վոգանի հորը նշելով Վոգանի արժանավորությունը և Տիրոջ հավաստիացումը, որ «նրանք, ովքեր մահանում են ինձանում, մահ չեն ճաշակի, քանզի այն քաղցր կլինի նրանց համար»: Վոգանի հայրը քնքշորեն ասաց, որ չնայած Վոգանը թաղված է ծովում, Աստված կտանի նրան իր երկնային տունը:

Քսանութ տարի անց Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը գերագույն համաժողովի ժամանակ խոսելով Վոգանի մասին, մասնավորապես ասաց. «Ես լավ էի ճանաչում նրա ընտանիքին: … Ես հզոր աղոթքով ծունկի իջա [նրանց] հետ: … Տնային ուսուցումը այդ մեծ ընտանիքի համար ավարտվեց հավերժական օրհնությամբ»: Նախագահ Քիմբալը կոչ արեց յուրաքանչյուր ընտանիքի «ծնկի իջնել … աղոթելով իրենց որդիների և դուստրերի համար երկու անգամ օրեկան»:

Եղբայրներ և քույրեր, եթե մենք հավատարմորեն հետևենք կրոնական սկզբունքներին մեր տներում՝ ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն, քահանայական օրհնություններ և ընտանեկան երեկոներ, մեր երեխաները կիմանան, թե ժամը քանիսն է տանը: Նրանք պատրաստ կլինեն երկնային հավերժական տանը՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս դժվարին աշխարհում: Շատ կարևոր է, որ մեր երեխաներն իմանան, որ իրենք սիրված ու ապահով են տանը:

Ամուսինն ու կինը հավասար զուգընկերներ են: Նրանք ունեն տարբեր, բայց փոխլրացնող պարտականություններ: Կինը կարող է երեխաներ ծնել, որն օրհնում է ողջ ընտանիքը: Ամուսինը կարող է ստանալ քահանայություն, որը կօրհնի ողջ ընտանիքը: Բայց ընտանեկան խորհրդում կինը և ամուսինը՝ որպես հավասար զուգընկերներ, կայացնում են շատ կարևոր որոշումներ: Նրանք որոշում են, թե երեխաները ինչպես պիտի ուսուցանվեն և կարգապահ դառնան, ինչպես պիտի ծախսվի փողը, որտեղ կապրեն նրանք և ընդունում շատ այլ ընտանեկան որոշումներ: Այս բաներն արվում են միացյալ ուժերով՝ Տիրոջից առաջնորդություն փնտրելով: Նպատակը հավերժական ընտանիքն է:

Քրիստոսի լույսը Աստծո բոլոր զավակների մեջ սերմանում է ընտանիքի հավերժական էության ըմբռնումը: Իմ սիրելի գրողներից մեկը, ոչ մեր Եկեղեցուց, այսպես է ասել. «Կյանքում այնքան անկարևոր բաներ կան, [բայց] … ընտանիքը իրական բան է, հիմնական է, հավերժական է. Մի բան է, որին պիտի հսկել, հոգ տանել և որին պիտի հավատարիմ լինել»:

Եկեղեցին օգնում է մեզ կենտրոնանալ Փրկչի վրա՝ որպես միացյալ ընտանիք

Բացի ընտանիքից, Եկեղեցու դերը նույնպես կարևոր է: «Եկեղեցին ապահովում է կազմակերպվածություն և նախատեսված է Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորեցնելու Աստծո բոլոր զավակներին: Այն ապահովում է քահանայական իշխանություն՝ փրկարար արարողությունները սպասարկելու համար և վեհացում բոլոր նրանց, ովքեր արժանավոր են և պատրաստ են ընդունելու դրանք»:

Աշխարհը լի է հակասություններով, անարդարությամբ և անհավասարությամբ, ինչն ավելի շեշտադրված է փոփոխվող մշակույթներում: Եկեղեցում, բացառությամբ լեզվական խմբերի, մեր ծխերն ու ճյուղերը խիստ աշխարհագրական են: Մենք չենք բաժանվում ըստ դասակարգի կամ աստիճանի: Մենք ուրախանում ենք այն փաստով, որ բոլոր ռասսաներն ու մշակույթները միախառնված են արդար միասնության մեջ: Մեր ծխական ընտանիքը կարևոր է մեր զարգացման, երջանկության և ավելի Քրիստոսանման լինելու մեր ջանքերում:

Մշակույթները հաճախ պառակտում են մարդկանց, իսկ երբեմն էլ հանդիսանում բռնության և խտրականության աղբյուր: Մորմոնի գրքում երբեմն ամենակպչուն բառերն են օգտագործվում ամբարիշտ հայրերի ավանդույթները նկարագրելու համար, որոնք հանգեցնում էին բռնության, պատերազմի, չար գործերի, անարդարության և նույնիսկ ազգերի ու ժողովուրդների ոչնչացման:

Սուրբ գրություններում չկա ավելի լավ սկզբնակետ, քան 4 Նեփիում Եկեղեցու մշակույթի նկարագրությունը, որն էական է մեզ բոլորիս համար: Հատված 2-ում մասնավորապես ասվում է. «Եվ եղավ այնպես երեսունևվեցերորդ տարում, ամբողջ ժողովուրդը դարձի էր եկել դեպի Տերը՝ ողջ երկրի երեսին, ինչպես Նեփիացիները, այնպես էլ Լամանացիները, և նրանց մեջ չկային հակառակություններ և վիճաբանություններ, և ամեն մարդ արդար էր վարվում մեկը մյուսի հետ»: Հատված 16-ում կարդում ենք. «Անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»:Փաստը, որ չկար հակառակություն, վերագրվում էր «Աստծո հանդեպ սիրուն, որն իրոք ապրում էր մարդկանց սրտերում»: Սա այն մշակույթն է, որին մենք ձգտում ենք:

Խորը մշակութային արժեքներն ու հավատալիքները հանդիսանում են մեր եսի հիմնական մասը: Զոհաբերության, երախտագիտության, հավատքի և արդարակեցության ավանդույթները պետք է փայփայվեն և պահպանվեն: Ընտանիքները պետք է սիրեն և պահպանեն այն ավանդույթները, որոնք կառուցում են հավատքը:

Ցանկացած մշակույթի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը դրա լեզուն է: 15 տարի ես ծառայել եմ ցցի նախագահությունում՝ Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա տարածքում, որտեղ կային յոթ լեզուներ ունեցող խմբեր: Եկեղեցու ձեռնարկում սրանք կոչվում են օտարալեզու խմբեր: Մեր վարդապետությունը՝ հարգանքով հանդերձ, շարադրված է Վարդապետություն և Ուխտեր բաժին 90-ում, հատված 11-ում. «Քանզի այդ օրը կլինի այնպես, որ ամեն մարդ կլսի ավետարանի լրիվությունն իր լեզվով՝ իր մայրենի լեզվով, նրանց միջոցով, ովքեր կարգված են այդ զորությանը, Մխիթարիչի սպասավորությամբ, որը կթափվի նրանց վրա Հիսուս Քրիստոսի հայտնության համար»։

Երբ Աստծո զավակները աղոթքով դիմում են Նրան իրենց մայրենի լեզվով, դա նրանց սրտի լեզուն է: Պարզ է, որ սրտի լեզուն թանկ է բոլոր մարդկանց համար:

Իմ ավագ եղբայրը ՝ Ջոզեֆը, բժիշկ է և երկար տարիներ աշխատել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում: Եկեղեցու մի Սամոացի տարեց անդամ, ով նոր հիվանդ էր, եկավ նրա ընդունարան: Նա դաժան և հյուծող ցավերի մեջ էր: Պարզվեց, որ նրա երիկամում քար կար և համապատասխան բուժում ձեռնարկվեց: Այս հավատարիմ անդամը հայտարարեց, որ իր նախնական նպատակն է պարզապես հասկանալ, թե ինչ է պատահել իրեն, որպեսզի ինքը կարողանար Սամոերեն աղոթել իր Երկնային Հորը և պատմել իր առողջական խնդրի մասին:

Կարևոր է, որ անդամները հասկանան ավետարանը իրենց սրտի լեզվով, որպեսզի նրանք կարողանան աղոթել և գործել ավետարանին համապատասխան:

Նույնիսկ լեզուների բազմազանությամբ ու գեղեցիկ, վեհացնող մշակութային ավանդույթներով, մենք պետք է միավորենք մեր սրտերը միաբանությամբ և սիրով: Տերը վճռականորեն հայտարարել է.«Թող ամեն մարդ գնահատի իր եղբորը, ինչպես ինքն իրեն: Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»: Մինչ մենք բարձր ենք գնահատում մշակութային բազմազանությունը, մեր նպատակն է՝ բոլոր առումներով միասնական լինել Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթի, սովորույթների և ավանդույթների մեջ:

Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին երբևէ ավելի ուժեղ չի եղել

Մենք ընդունում ենք, որոշ անդամներ ունեն հարցեր և մտահոգություններ, երբ նրանք ձգտում են ուժեղացնել իրենց հավատքը և վկայությունը: Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի քննադատական և դատապարտող չլինենք նրանց նկատմամբ, ովքեր ունեն մտահոգություններ՝ մեծ, թե փոքր: Միաժամանակ, նրանք, ովքեր մտահոգություններ ունեն, պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ ինքնուրույն կառուցելու իրենց հավատքը և վկայությունը: Համբերատարությամբ և հնազանդությամբ ուսումնասիրելը, խորհելը, աղոթելը, ավետարանի սկզբունքներով ապրելը և համապատասխան ղեկավարների հետ խորհրդակցելը հարցերի և մտահոգությունների լուծման լավագույն ուղիներն են:

Ոմանք պնդում են, որ ավելի շատ անդամեր են հեռանում Եկեղեցուց այսօր և, որ ավելի շատ կասկած ու անհավատություն կա, քան նախկինում: Սա ուղղակի ճիշտ չէ: Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սրբերը երբևէ ավելի ուժեղ չեն եղել: Անդամների թիվը, ովքեր հանում են իրենց անունները Եկեղեցու գրանցումներից, միշտ էլ շատ փոքր է եղել և նշանակալիորեն պակասել է վերջին տարիներին, քան անցյալում: Որոշ չափորոշիչների վիճակագրական աճը՝ ինչպես օրինակ օժտում ստացած անդամներ գործող տաճարային երաշխավորագրերով, լիարժեք տասանորդ վճարող չափահաս անդամներ, ծառայող միսիոներներ, նշանակալի է: Թույլ տվեք ասել կրկին. Եկեղեցին երբևէ այսքան ուժեղ չի եղել: Բայց. «Հիշե՛ք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»: Մենք հասնում ենք բոլորին:

Եթե խիստ դժվարությունները, որոնց դուք դիմակայում եք այսօր, թվում են անհույս ու ծանր և համարյա անտանելի, հիշեք, որ խորապես վշտացնող հոգևոր տանջանքի, որ Քրիստոսը զգաց Գեթսեմասնի այգում և Գողգոթայի աներևակայելի խոշտանգման ու ցավի մեջ, Փրկիչն իրականացրեց Քավությունը, որը թեթևացնում է ամենասարսափելի բեռները, որ պատահում են մեր կյանքում: Նա արեց այդ ձեզ համար, և նա արեց այդ ինձ համար: Նա արեց այդ, որովհետև Նա սիրում է մեզ, և որովհետև Նա հնազանդվում ու սիրում է Իր Հորը: Մենք կփրկվենք մահից՝ նույնիսկ եթե մեր մարմինները կորչեն ծովի խորքերում:

Մեր պաշտպանությունն այս կյանքում և հավերժության մեջ կլինի արդարակեցությունը և Քրիստոսի արարողություններն ու վարդապետությունը: Այն մեր ապաստանն է փոթորկից: Ովքեր միայնակ են, նրանց համար դուք կարող եք անսասանորեն կանգնել արդարակեցության մեջ՝ իմանալով, որ Քավությունը կպաշտպանի և կօրհնի ձեզ՝ անգամ ձեր կարողությունից և հասկացողությունից վեր:

Մենք պետք է հիշենք Փրկչին, պահենք մեր ուխտերը և հետևենք Աստծո Որդուն՝ ինչպես երիտասարդ արևածաղիկն է հետևում արևի լույսին: Նրա լույսին ու օրինակին հետևելը մեզ կբերի ուրախություն, երջանկություն և խաղաղություն: Ինչպես Սաղմոս 27-ը և սիրված հիմնը հայտարարում են. «Տերն է իմ լույսը և իմ փրկությունը»:

Զատկի այս տոնին, որպես Փրկչի Առաքյալներից մեկը, ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Ես գիտեմ, որ նա ապրում է: Ես ճանաչում եմ նրա ձայնը: Ես վկայում են Նրա աստվածայնության և Քավության ճշմարտացիության մասին: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես 2 Նեփի 9.20–22:

  2. Տես Մոսիա 15.8–9 :

  3. Տես Ֆիլիպեցիներ 4.7:

  4. Տես Մատթէոս 13.41:

  5. Մատթէոս13.43:

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 115.5–6:

  7. Handbook 2: Administering the Church (2010), 1.1.4.

  8. Vaughn R. Kimball, “The Right Time at Home,” Reader’s Digest, May 1944, 43.

  9. See letter from Captain G. A. Seitz, U.S. Navy, USS Bunker Hill, dated May 25, 1945, to Vaughn Kimball’s father, Crozier Kimball, Draper, Utah.

  10. See letter from Spencer W. Kimball, dated June 2, 1945, to Crozier Kimball; Doctrine and Covenants 42:46.

  11. See Crozier Kimball, in Marva Jeanne Kimball Pedersen, Vaughn Roberts Kimball: A Memorial (1995), 53.

  12. Spencer W. Kimball, “The Family Influence,” Ensign, July 1973, 17. Spencer W. Kimball was then President of the Quorum of the Twelve Apostles.

  13. Տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին, Լիահոնա, նոյ. 2010, 129:

  14. Carla Carlisle, “Pray, Love, Remember,” Country Life, Sept. 29, 2010, 120.

  15. Handbook 2, 1.1.5.

  16. Տես 4 Նեփի 1.26:

  17. Մշակույթ բառր շատ է քննարկվում ժամանակակից աշխարհում: 2014 թվականին մշակույթ բառը նույնիսկ անվանվել է տարվա բառ Merriam-Webster.com կողմից

  18. Տես Ալմա 9, Հելաման 5:

  19. 4 Նեփի 1.15:

  20. Գերմանացի փիլիսոփա Գյոթեն գրել է հետևյալ հանրահայտ խոսքերը. «Ինչը որ ձեր հայրերից ժառանգություն եք ստացել՝ վաստակեք նորովի, որպեսզի այն իրոք ձեր սեփականությունը դառնա»: (Իոհան Վոլվգանգ Գյոթե, Ֆաուստ, թարգմ. Բեյարդ Թեյլոր [1912], 1.28):

  21. Սա պատճառներից մեկն է, որ Եկեղեցին սովորեցնում է ավետարանը 50 լեզուներով և թարգմանում է Մորմոնի Գիրքը 110 լեզուներով: Սակայն մարտահրավերներից մեկը ողջ աշխարհով մեկ այն երկրի լեզուն սովորելն է, որտեղ դուք ապրում եք: Որպես ծնողներ՝ մենք պիտի զոհաբերություն կատարենք, որպեսզի օգնենք աճող սերնդին՝ սովորել այն երկրի լեզուն, որտեղ նրանք այժմ ապրում են: Օգնեք նրանց այդ լեզուն դարձնել իրենց սրտի լեզուն:

  22. Տես Մոսիա 18.21:

  23. Վարդապետություն և Ուխտեր 38.25, 27:

  24. Վերջին 25 տարիների ընթացքում Եկեղեցուց հեռացողների իրական թիվը նվազել է և Եկեղեցին համարյա կրկնապատկվել է չափերով: Հեռացողների թվի տոկոսային հարաբերությունը նվազել է:

  25. Վարդապետություն և Ուխտեր 18.10:

  26. Սաղմոս 27.1, տես նաև «Տերն է իմ լույսը», Հիմներ, հ. 89: