2010–2019 թթ․
Ավետարանի երաժշտությունը
Ապրիլ 2015


10:26

Ավետարանի երաժշտությունը

Ավետարանի երաժշտությունը ուրախալի հոգևոր զգացողություն է, որը գալիս է Սուրբ Հոգուց: Այն բերում է սրտի փոփոխություն:

Տարիներ առաջ ես ռադիոյով հարցազրույց էի լսում մի երիտասարդ բժշկի հետ, ով աշխատում էր հիվանդանոցում Նավաջոյի ազգաբնակչության մեջ: Նա պատմեց մի փորձառության մասին, որը տեղի էր ունեցել իր հետ մի գիշեր, երբ երկար հյուսած մազերով մի բնիկ ամերիկացի տղամարդ եկել էր շտապ օգնության սենյակ: Երիտասարդ բժիշկը վերցրեց իր պլանշետը, մոտեցավ տարեց մարդուն և հարցրեց.«Ինչպե՞ս կարող եմ օգնել ձեզ:» Մարդն ուղիղ առաջ նայեց և ոչինչ չասաց: Բժիշկն ինչ որ տեղ անհամբեր զգալով, կրկին փորձեց: «Ես չեմ կարող ձեզ օգնել, եթե դուք ինձ հետ չխոսեք»,-ասաց նա: «Ասեք ինձ, թե ինչո՞ւ եք եկել հիվանդանոց»:

Այդ ժամանակ տարեց մարդը նայելով նրան ասաց.«Դուք պարո՞ւմ եք»: Երբ երիտասարդ բժիշկը մտածեց այդ տարօրինակ հարցի մասին, նրա գլխում միտք ծագեց, որ միգուցե իր այցելուն ցեղախմբի բուժակն էր, ով ըստ հնադարյան ցեղական բժշկության ավանդույթների ձգտում էր ավելի շուտ բժշկել հիվանդներին՝ երգի և պարի միջոցով, քան դեղատոմսեր դուրս գրելով:

«Ոչ,- ասաց բժիշկը,- ես չեմ պարում: Իսկ դուք պարո՞ւմ եք»: Տարեց մարդը գլխով հաստատեց, այո: Այնուհետև բժիշկը հարցրեց. «Կարող ե՞ք ինձ սովորեցնել պարել»:

Տարեց մարդու պատասխանը բազում տարիներ ստիպել է ինձ շատ մտածել: «Ես կարող եմ սովորեցնել ձեզ պարել, - ասաց նա,- բայց դուք պետք է լսեք երաժշտությունը»:

Երբեմն մեր տներում, մենք հաջողությամբ ուսուցանում ենք պարային քայլերը, բայց այնքան էլ հաջողակ չենք ընտանիքի անդամներին օգնելիս լսելու երաժշտությունը: Եվ այն, ինչ տարեց բուժակը լավ գիտեր, դժվար է պարել առանց երաժշտության: Առանց երաժշտության պարելը անշնորհք է և տհաճ, նույնիսկ, անհարմար:Դուք երբևիցե փորձե՞լ եք դա:

Վարդապետություն և Ուխտեր բաժին 8-ում, Տերն ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին. «Այո, ահա, ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կիջնի քո վրա և որը կմնա քո սրտում» (հատված 2): Մենք սովորում ենք պարային քայլերը մեր մտքում, բայց մենք լսում ենք երաժշտությունը մեր սրտով: Ավետարանի պարային քայլերն այն բաներն են, որոնք մենք անում ենք, ավետարանի երաժշտությունը ուրախալի հոգևոր զգացողություն է, որը գալիս է Սուրբ Հոգուց: Այն բերում է սրտի փոփոխություն և բոլոր արդար ցանկությունների աղբյուրն է: Պարային քայլերը կատարելը պահանջում է կարգապահություն, բայց պարի ուրախությունը կզգացվի միայն այն ժամանակ, երբ մենք սկսենք լսել երաժշտությունը:

Կան ոմանք, ովքեր ծաղրում են Եկեղեցու անդամներին այն բաների համար, որ մենք անում ենք: Դա հասկանալի է: Նրանք, ովքեր պարում են, հաճախ տարօրինակ կամ անճոռնի են թվում, կամ օգտագործելով մի սուրբգրքյան տերմին «յուրահատուկ» (Ա Պետրոս Բ.9) նրանց համար, ովքեր չեն կարողանում լսել երաժշտությունը: Դուք երբևէ կանգնեցրե՞լ եք ձեր մեքենան լուսակրի մոտ մեկ ուրիշ մեքենայի կողքին, որտեղ վարորդը պարում էր և երգում իր ողջ թոքերի ուժով, բայց դուք չէիք կարողանում լսել ոչ մի ձայն, որովհետև ձեր պատուհանները փակ էին: Միթե՞ նա մի քիչ յուրահատուկ չէր թվում: Եթե մեր երեխաները սովորում են պարային քայլերը, առանց սովորելու լսել և զգալ ավետարանի գեղեցիկ երաժշտությունը, նրանք ժամանակի ընթացքում կսկսեն անհարմար զգալ պարելիս, կամ կդադարեն պարելը կամ գրեթե նույնքան վատ, կշարունակեն պարելը՝ միայն այն պատճառով, որ կզգան ճնշում ուրիշների կողմից, ովքեր պարում են նրանց շրջապատում:

Մարտահրավերը մեր բոլորիս համար, ովքեր ձգտում ենք ուսուցանել ավետարանը, ծրագիրն ընդարձակելն է՝ ուղղակի պարային քայլերից այն կողմ: Մեր երեխաների երջանկությունը կախված է ավետարանի գեղեցիկ երաժշտությունը լսելու և սիրելու նրանց ունակությունից: Ինչպե՞ս անենք դա:

Առաջինը, մենք պետք է պահենք մեր կյանքը համահունչ հոգևոր ճիշտ հաճախականության հետ: Ետ նայելով հին օրերին՝ նախքան թվայնացման դարը, մենք գտնում էինք մեր սիրելի ռադիոկայանը՝ ուշադրությամբ պտտելով ռադիոկապի պտուտակը մինչև այն կատարելապես բռնում էր կայանի հաճախականության հետ: Երբ մոտենում էինք համարին լսվում էր միայն ռադիոյի խշշոցի ձայնը: Բայց, երբ մենք ի վերջո բռնում էինք ճիշտ ալիքը, կարողանում էինք հստակորեն լսել մեր սիրելի երաժշտությունը: Մեր կյանքում մենք պետք է համապատասխանենք ճիշտ հաճախականության հետ, որպեսզի լսենք Հոգու երաժշտությունը:

Երբ մկրտությունից հետո, մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևը, մենք լցվում ենք երկնային երաժշտությամբ, որն ուղեկցում է դարձին: Մեր սրտերը փոխվում են և մենք «այլևս հակում չենք ունենում չարիք գործելու, այլ անընդհատ բարիք անելու» (Մոսիա 5.2): Բայց Հոգին չի հանդուրժի անբարյացակամություն կամ հպարտություն կամ էլ նախանձություն: Եթե մենք կորցնում ենք այդ նուրբ ազդեցությունը մեր կյանքում, ավետարանի հարուստ մեղեդիները կարող են արագորեն դառնալ աններդաշնակ և կարող են ի վերջո լռեցվել: Ալման ուղղել է սուր հարց. «Եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում: (Ալմա 5.26):

Ծնողներ, եթե մեր կյանքը համահունչ չէ ավետարանի երաժշտության հետ, մենք պետք է դա համահունչ դարձնենք: Ինչպես Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է ուսուցանել մեզ անցած տարվա հոկտեմբերին, մենք պետք է խորհենք մեր ոտքերի արահետի մասին (տես “Ponder the Path of Thy Feet,” Լիահոնա, նոյ. 2014, 86–88): Մենք գիտենք, թե ինչպես դա անենք: Մենք պետք է քայլենք նույն արահետում, որով մենք քայլել ենք, երբ առաջին անգամ լսեցինք ավետարանի երաժշտության առաջին երկնային մեղեդիները: Մենք հավատք ենք գործադրում Քրիստոսի հանդեպ, ապաշխարում ենք և վերցնում հաղորդությունը, մենք ավելի ուժեղ ենք զգում Սուրբ Հոգու ազդեցությունը և ավետարանի երաժշտությունը կրկին սկսում է հնչել մեր կյանքում:

Երկրորդը, երբ մենք ինքնուրույն կարողանում ենք լսել երաժշտությունը, մենք պետք է փորձենք մեր լավագույնը՝ կատարելու այն մեր տներում: Այն մի բան է, որը չի կարելի ստիպել կամ հարկադրել: «Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ», կամ հայր կամ մայր կամ ամենամեծը կամ ամենաբարձրը լինելու շնորհիվ, «միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ, … անկեղծ սիրով, [և] բարությամբ» (ՎևՈՒ 121.41–42):

Ինչո՞ւ են այս հատկանիշները տանում դեպի զորության և ազդեցության աճի տանը: Որովհետև դրանք հատկանիշներ են, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու Ոգին: Դրանք հատկանիշներ են, որոնք համահունչ են դարձնում մեր սրտերը ավետարանի երաժշտության հետ: Երբ դրանք ներկա են, պարային քայլերը կկատարվեն ավելի բնականորեն և ուրախությամբ ընտանիքի բոլոր պարողների կողմից, առանց սպառնալիքների կամ վախի կամ հարկադրանքի անհրաժեշտության:

Երբ մեր երեխաները փոքր են, մենք կարող ենք նրանց համար անկեղծ սիրով օրորոցային երգել, և երբ նրանք համառում են և հրաժարվում են գնալ քնելու գիշերը, մենք պետք է երգենք համբերատարության օրորոցայինը: Երբ նրանք դեռահասներ են, մենք կարող ենք անջատել վիճաբանությունների և սպառնալիքների աղմուկ աղաղակը և կատարենք համոզման գեղեցիկ երաժշտությունը և գուցե երգենք երկայնամտության օրորոցայինի երկրորդ հատվածը: Ծնողները կարող են կատարել հիանալի ներդաշնակությամբ՝ մեղմության և հեզության հատկանիշների տանդեմը: Մենք կարող ենք հրավիրել մեր երեխաներին երգել մեզ հետ միաձայն, երբ մենք գործադրում ենք բարություն մերձավորի հանդեպ, ով կարիքի մեջ է:

Դա միանգամից չի գա: Ինչպես ամեն մի կայացած երաժիշտ գիտի, դա պահանջում է ջանասեր վարժանք՝ գեղեցիկ երաժշտություն կատարելու համար: Եթե երաժշտություն ստեղծելու վաղ ջանքերը թվում են աններդաշնակ և անկապ, հիշեք, որ աններդաշնակությունը չի կարող ուղղվել քննադատության միջոցով: Աններդաշնակությունը տանը նման է սենյակում խավարին: Քիչ օգուտ կա խավարին կշտամբելուց: Մենք պետք է խավարը տեղահան անենք՝ ներկայացնելով լույսը:

Այսպիսով, եթե բասը ձեր ըմտանեկան երգչախմբում խիստ բարձր է և գերհոգնեցնող, կամ եթե լարային բաժինը ձեր ընտանեկան նվագախմբում մի քիչ շատ է ճչան կամ մի քիչ սուր, կամ, եթե այդ պոռթկուն փոքր ֆլեյտաները տոնից ընկած են կամ անվերահսկելի, եղեք համբերատար: Եթե դուք չեք լսում ավետարանի երաժշտությունը ձեր տանը, խնդրում եմ հիշեք այս երկու խոսքը. շարունակեք գործել: Աստծո օգնությամբ կգա օրը, երբ ավետարանի երաժշտությունը կլցնի ձեր տունն անասելի ուրախությամբ:

Նույնիսկ, երբ կատարումը լավ է, երաժշտությունը չի լուծի բոլոր մեր խնդիրները: Կլինեն դեռ կրեսենդոներ և դեկրեսենդոներ մեր կյանքում, ստակատոներ և լեգատոներ: Այսպիսին է կյանքի բնույթը երկիր մոլորակի վրա:

Բայց, երբ մենք ավելացնենք երաժշտություն պարային քայլերի վրա, երբեմնի ամուսնության և ընտանեկան կյանքի բարդ ռիթմերը միտում կունենան շարժվելու դեպի ներդաշնակ հավասարակշռություն: Նույնիսկ մեր ամենադժվար մարտահրավերները կավելացնեն հարուստ տխրաձայն երանգներ և հուզական մոտիվներ: Քահանայության վարդապետությունները կսկսեն իջնել մեր հոգիների վրա, ինչպես ցողը երկնքից: Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը և մեր գավազանը՝ զորության և ազդեցության հստակ վկայակոչումը, կլինի ճշմարտության և արդարության անփոփոխ գավազան: Եվ մեր տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն: Եվ առանց հարկադրանքի կհոսի դեպի մեզ հավիտյանս հավիտենից (տես ՎևՈւ 121.45–46):

Թող որ այդպես լինի մեզանից յուրաքանչյուրի կյանքում և մեզանից յուրաքանչյուրի տներում՝ իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: