Վերցնենք մեր խաչը
Մեզ վրա վերցնել մեր խաչը և հետևել Փրկիչին նշանակում է՝ հավատքով առաջ ընթանալ Տիրոջ ճանապարհին և չտրվել աշխարհիկ սովորություններին:
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք հրաշալի ուսուցում ստացանք մեր ղեկավարների կողմից այս անցած երկու օրերի ընթացքում: Ես վկայում եմ ձեզ, որ եթե մենք ձգտենք կյանքում կիրառել այս ոգեշնչված և պատեհաժամ ուսմունքները, Տերն, Իր շնորհով կօգնի յուրաքանչյուրիս տանել մեր խաչը և կթեթևացնի մեր բեռը:
Երբ Փրկիչը Փիլիպպեա Կեսարիայի կողմերում էր, Իր աշակերտներին պատմեց, որ Երուսաղեմում տառապելու է երեցների, քահանայապետերի և դպիրների պատճառով: Նա հատկապես խոսեց Իր մահվան և փառահեղ Հարության մասին: Այդ ժամանակ Նրա աշակերտները լիովին չէին հասկանում երկրի վրա Նրա աստվածային առաքելությունը: Նույնիսկ Պետրոսը, երբ լսեց, թե ինչ է ասում Փրկիչը, նրան մի կողմ տանելով հանդիմանեց, ասելով. «Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ»:
Որպեսզի օգներ աշակերտներին հասկանալ, որ Իր գործին նվիրվելը ներառում է հպատակություն և տառապանք, Փրկիչը հուզմունքով հայտարարեց.
«Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնե և իմ ետևից գա:
Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ապրեցնել` կկորցնէ նորան. եւ ով որ իր անձն ինձ համար եւ աւետարանի համար կորցնէ, նա կապրեցնէ նորան:
Որովհետեւ ի՞նչ օգուտ ունի մարդ, որ բոլոր աշխարհքն ստանայ եւ իր անձը կորցնէ. Կամ ի՞նչ գին կ’տայ մարդ իր անձը փրկելու համար»:
Այս հայտարարությամբ Փրկիչը շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հետևել Իրեն, պետք է ուրանան իրենց անձը, վերահսկեն իրենց ցանկությունները, ախորժակը, կրքերը, զոհաբերելով ամեն ինչ, նույնիսկ կյանքը, եթե անհրաժեշտ լինի, անմնացորդ ենթարկվելով Հոր կամքին, ինչպես Նա արեց: Սա է, իրականում, այն գինը, որ վճարվում է հոգու փրկության համար: Հիսուսը նպատակային և փոխաբերական իմաստով օգտագործեց խաչի խորհրդանիշը, որպեսզի օգնի Իր աշակերտներին ավելի լավ հասկանալ, թե իրականում ինչ է նշանակում զոհաբերել և նվիրված լինել Տիրոջ գործին: Խաչի պատկերը քաջ հայտնի էր Նրա աշակերտների և հռոմեական կայսրության բնակիչների շրջանում, քանի որ հռոմեացիները խաչելության զոհերին ստիպում էին հրապարակայնորեն տանել իրենց խաչը կամ խաչափայտը դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար նրանց մահապատիժը:
Փրկիչի Հարությունից հետո միայն աշակերտների միտքը բացվեց, և հասկացան այն ամենը, ինչ գրված էր Նրա մասին, ինչպես նաև այն, թե ինչ էր պահանջվում իրենցից այդ ժամանակից ի վեր:
Նմանապես, մենք բոլորս՝ եղբայրնե՛ր և քույրե՛ր, պետք է բացենք մեր միտքն ու մեր սիրտը, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր խաչերը վերցնելու և Նրան հետևելու կարևորությունը: Սուրբ գրություններից մենք իմանում ենք, որ նրանք, ովքեր ցանկանում են վերցնել իրենց խաչը, սիրում են Հիսուս Քրիստոսին այնպես, որ հրաժարվում են ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ ցանկությունից ու պահում են Նրա պատվիրանները:
Եթե մենք վճռական լինենք՝ թողնելով բոլոր բաները, որոնք հակասում են Աստծո կամքին, զոհաբերելով այն, ինչ մեզանից պահանջվում է, ձգտելով հետևել Նրա ուսմունքներին, ապա դա կօգնի մեզ մնալ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճանապարհին, նույնիսկ ձախորդությունների, մեր հոգիների թուլության կամ սոցիալական ճնշման ու աշխարհիկ փիլիսոփայությունների առկայության պարագայում, որոնք դեմ են Նրա ուսմունքներին:
Օրինակ՝ նրանց, ովքեր դեռևս չեն գտել հավերժական ուղեկից և, հնարավոր է, միայնակ ու անհույս են իրենց զգում, կամ նրանց, ովքեր ամուսնալուծված են և լքված ու մոռացված են զգում, ես հավաստիացնում եմ, որ ընդունելով Փրկիչի հրավերը` ձեզ վրա վերցնել ձեր խաչը և հետևել Նրան, նշանակում է հավատքով առաջ գնալ Տիրոջ ուղու վրա, պահպանել արժանապատվությունը և չտրվել աշխարհիկ սովորություններին, որոնք, ի վերջո, կխլեն մեր հույսը Աստծո սիրո և ողորմածության հանդեպ:
Նույն սկզբունքները վերաբերում են նրանց, ովքեր հրապուրանք են զգում նույն սեռի ներկայացուցիչների հանդեպ և հուսահատված ու անօգնական են իրենց զգում: Եվ գուցե այս պատճառով ոմանք այնպիսի զգացում ունեն, որ Հիսուս Քրիստոսի ավետարանն այլևս իրենց համար չէ: Եթե դա է պատճառը, ես հավաստիացնում եմ ձեզ, որ հույս միշտ կա՝ Հայր Աստծո և Նրա երջանկության ծրագրի, Հիսուս Քրիստոսի և Նրա քավող զոհաբերության և նրանց սիրառատ պատվիրաններով ապրելու հանդեպ: Իր կատարյալ իմաստությամբ, զորությամբ, արդարությամբ և ողորմածությամբ Տերը կարող է կնքել մեզ որպես Իրենը, որպեսզի մենք բերվենք Նրա ներկայության մեջ և ունենանք հավերժական փրկություն, եթե մենք հաստատուն և անխախտ ենք պատվիրանները պահելիս և միշտ հարուստ ենք բարի գործերով:
Նրանց համար, ովքեր լուրջ մեղքեր են գործել, այս նույն հրավերն ընդունելը, ի թիվս այլ բաների, նշանակում է՝ խոնարհվել Աստծո առաջ, խորհրդակցել Եկեղեցու համապատասխան ղեկավարների հետ և ապաշխարել ու թողնել ձեր մեղքերը: Այս գործընթացը կօրհնի նաև բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են վնասակար հակումների դեմ, որոնց թվում են` օփիոիդային դեղորայքը, թմրանյութերը, ալկոհոլը և պոռնոգրաֆիան: Այս քայլերը կատարելով, դուք կմոտենաք Փրկիչին, Ով, ի վերջո, կարող է ազատել ձեզ մեղքից, վշտից և հոգևոր ու ֆիզիկական ստրկությունից: Բացի այդ, գուցե ցանկանաք նաև ունենալ ձեր ընտանիքի, ընկերների և իրավասու բժիշկ և խորհրդատու մասնագետների աջակցությունը:
Երբեք մի հրաժարվեք պայքարից հաջորդական ձախողումների պատճառով, ու երբեք չմտածեք, որ ի վիճակի չեք հաղթահարելու մեղքերն ու կախվածությունը: Ավելի վատ կլինի, եթե դադարեք փորձել և շարունակեք մնալ թուլության ու մեղքի մեջ: Միշտ ձգտեք անել առավելագույնը՝ ձեր գործերով ցույց տալով, որ ցանկանում եք մաքրել անոթը ներսից, ինչպես ուսուցանել է Փրկիչը: Երբեմն որոշակի դժվարությունների լուծումները գալիս են ամիսներ տևած շարունակական ջանքերի արդյունքում: Մորմոնի Գրքում հանդիպող խոստումը, որ «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել», կիրառելի է այս դեպքերում: Խնդրում եմ հիշել, որ Փրկիչի շնորհի պարգևը «անպայման չէ, որ ժամանակով սահմանափակվի, այսինքն, տրվի միայն մեր կողմից ամեն ինչ անելուց «հետո»: Մենք կարող ենք ստանալ Նրա շնորհը մեր ջանքերը գործադրելուց առաջ, ընթացքում և հետո»:
Ես վկայում եմ, որ եթե մենք շարունակաբար ձգտենք հաղթահարել մեր մարտահրավերները, Աստված կօրհնի մեզ բժշկվելու և հրաշքներ գործելու պարգևներով: Նա կանի մեզ համար այն, ինչ մենք ինքներս չենք կարող անել:
Բացի այդ, նրանց համար, ովքեր դառնացած են, զայրացած, վիրավորված կամ վշտացած որևէ անարժան բանի պատճառով, վերցնել խաչը և հետևել Փրկիչին նշանակում է փորձել մի կողմ դնել այդ զգացողությունները և դառնալ դեպի Տերը, որպեսզի Նա ազատի մեզ մտքի այս վիճակից և օգնի խաղաղություն գտնել: Ցավոք, եթե մենք կառչենք այդ բացասական զգացողություններից և հույզերից, մենք կտեսնենք, որ սկսել ենք ապրել առանց Տիրոջ Հոգու ազդեցության մեր կյանքում: Մենք չենք կարող ապաշխարել ուրիշ մարդկանց փոխարեն, սակայն մենք կարող ենք ներել նրանց, չցանկանալով պատանդ լինել նրանց ձեռքերում, ովքեր վնասել են մեզ:
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ այս իրավիճակներից ելք կա. հարկավոր է հրավիրել մեր Փրկիչին, որ օգնի մեզ, փոխարինի մեր քարե սրտերը նոր սրտերով: Որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է կանգնենք Տիրոջ առաջ մեր թուլություններով և աղերսենք Նրա օգնությունն ու ներումը, հատկապես այն սրբազան պահերին, երբ ամեն կիրակի ընդունում ենք հաղորդությունը: Մենք պետք է ձգտենք ունենալ Նրա օգնությունը և կատարենք մի կարևոր ու դժվար քայլ՝ ներել նրանց, ովքեր վիրավորել են մեզ, որպեսզի մեր վերքերը սկսեն բուժվել: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե այդպես վարվեք, ձեր գիշերները թեթևությամբ կլցվեն, քանի որ ձեր միտքը խաղաղված կլինի Տիրոջով:
1839 թվականին Լիբերթի բանտում գտնվելիս, Մարգարե Ջոզեֆ Սմիթը նամակ էր գրել Եկեղեցու անդամներին, ընդգրկելով մարգարեություններ, որոնք կիրառելի են բոլոր այս իրավիճակների և իրադրությունների համար: Նա գրել է. «Բոլոր գահերն ու տիրապետությունները, իշխանություններն ու զորությունները պիտի հայտնի դարձվեն և տրվեն բոլոր նրանց, ովքեր քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի»: Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, նրանք, ովքեր իրենց վրա են վերցրել Փրկիչի անունը, ապավինելով Նրա խոստումներին և համբերում են մինչև վերջ, կփրկվեն և կարող են Աստծո հետ ապրել անվերջ երջանկության մի վիճակում:
Բոլորիս կյանքում պատահում են անբարենպաստ հանգամանքներ, որոնք մեզ տխրեցնում են, անօգնական են դարձնում, հուսահատեցնում են, երբեմն էլ՝ թուլացնում: Որոշ զգացմունքներ կարող են պատճառ դառնալ, որ հարցնենք Տիրոջը. «Ես ինչո՞ւ եմ հայտնվել այս իրավիճակում» կամ «Ինչո՞ւ չեն իրականանում իմ սպասելիքները: Ի վերջո, ես անում եմ այն ամենն, ինչ կարող եմ, որ կրեմ իմ խաչը և հետևեմ Փրկիչին»:
Իմ սիրելի՛ ընկերներ, մենք պետք է հիշենք, որ վերցնել մեր խաչը մեզ վրա նշանակում է՝ լինել խոնարհ և վստահել Աստծուն և Նրա անսահման իմաստությանը: Մենք պետք է հասկանանք, որ Նա տեղյակ է յուրաքանչյուրիս մասին, ինչպես նաև՝ մեր կարիքների: Անհրաժեշտ է նաև ընդունել այն փաստը, որ Տիրոջ ժամանակն այլ է, քան մերը: Երբեմն մենք ցանկանում ենք օրհնություն ստանալ և ժամկետ ենք սահմանում Տիրոջ համար: Մենք չենք կարող Աստծո հանդեպ ունեցած մեր հավատարմության հաշվին ժամկետ թելադրել Նրան մեր խնդրանքների պատասխանները ստանալու համար: Այդպես անելով, մենք նմանվում ենք վաղեմի թերահավատ նեփիացիներին, ովքեր ծաղրում էին իրենց եղբայրներին ու քույրերին, ասելով, որ Սամուել Լամանացու խոսքերի կատարման ժամանակն անցել է, խառնաշփոթ առաջացնելով նրանց մոտ, ովքեր հավատում էին: Մենք պետք է այնպես վստահենք Տիրոջը, որ հանգիստ լինենք և իմանանք, որ Նա Աստված է, որ Նա գիտի բոլոր բաները, և որ Նա տեղյակ է յուրաքանչյուրիս մասին:
Վերջերս ես առիթ ունեցա սպասավորելու Ֆրանկա Կալամասսի անունով մի այրի քրոջ, ով տառապում է ծանր հիվանդությամբ: Քույր Կալամասսին իր ընտանիքի առաջին անդամն էր, ով միացել էր Հիսուս Քրիստոսի վերականգնված եկեղեցուն: Թեև նրա ամուսինը մկրտված չէր, նա համաձայնել էր հանդիպել միսիոներների հետ և հաճախ էր գնում Եկեղեցու ժողովներին: Անկախ այս հանգամանքից, քույր Կալամասսին հավատարիմ էր մնացել և մեծացրել էր իր չորս երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ամուսնու մահից մեկ տարի անց, քույր Կալամասսին տարավ իր երեխաներին տաճար, որտեղ նրանք մասնակցեցին սուրբ արարողություններին և միասին կնքվեցին որպես ընտանիք: Այս արարողությունների հետ կապված խոստումները քույր Կալամասսիին մեծ հույս տվեցին, ուրախություն և երջանկություն, օգնեցին, որ շարունակի ապրել:
Երբ սկսեցին ի հայտ գալ հիվանդության առաջին ախտանիշները, նրա եպիսկոպոսը օրհնություն տվեց նրան: Այդ ժամանակ նա եպիսկոպոսին ասաց, որ պատրաստ է ընդունել Տիրոջ կամքը, արտահայտելով իր հավատքը բուժվելու, ինչպես նաև հիվանդությանը մինչև վերջ դիմանալու հարցում:
Իմ այցի ժամանակ, երբ բռնել էի քույր Կալամասսիի ձեռքը և նայում էի նրա աչքերի մեջ, ես տեսա մի հրեշտակային փայլ, որ արտացոլվում էր նրա դեմքից՝ ցույց տալով նրա վստահությունը Աստծո ծրագրի և հույսի կատարյալ պայծառություն՝ Հոր սիրո և իր համար Նրա պատրաստած ծրագրի հանդեպ: Ես զգացի, թե որքան վճռական է նա տրամադրված հավատքով համբերել մինչև վերջ՝ վերցնելով իր խաչը, անկախ ստեղծված մարտահրավերներից: Այս քրոջ կյանքը Քրիստոսի մասին վկայություն է, Նրա հանդեպ հավատքի ու նվիրվածության ապացույց:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես ցանկանում եմ վկայել, որ մեր խաչը մեզ վրա վերցնելու և Փրկիչին հետևելու համար պահանջվում է, որ հետևենք Նրա օրինակին և ձգտենք նմանվել Նրան, համբերատար հաղթահարենք կյանքի հանգամանքները, տեղի չտանք ու արհամարհենք բնական մարդու ախորժակը և սպասենք Տիրոջը: Սաղմոսողը գրել է.
«Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ եւ զօրաւոր լինի. Եւ սպասիր Տիրոջը»:
«Նա է մեր օգնութիւնն ու պահապանը»:
Ես վկայում եմ ձեզ, որ գնալով մեր Տիրոջ հետքերով և սպասելով Նրան, ով մեր կյանքի անզուգական բժիշկն է, կապահովի մեր հոգիները հանգստությամբ, իսկ մեր բեռը կդարձնի հեշտ ու թեթև: Այս բաների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: