Վրդովեցուցիչ անարդարություն
Հիսուս Քրիստոսը և՛ հասկանում է անարդարությունը, և՛ բուժում ապահովելու զորություն ունի:
1994 թվականին Արևելյան Աֆրիկայի Ռուանդա երկրում տեղի ունեցավ ցեղասպանություն, որը մասամբ պայմանավորված էր ցեղերի միջև խորքային լարվածությամբ: Ըստ գնահատականների՝ սպանվել է ավելի քան կես միլիոն մարդ:1 Հատկանշական է, որ Ռուանդայի ժողովուրդը մեծ մասամբ հաշտվել է փաստի հետ, 2 բայց այդ իրադարձությունները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ հասարակության վրա:
Մեկ տասնամյակ առաջ Ռուանդա այցելելիս ես ու կինս Կիգալիի օդանավակայանում զրույց սկսեցինք մեկ այլ ուղևորի հետ: Նա գանգատվեց ցեղասպանության անարդարությունից և վրդովված հարցրեց. «Եթե Աստված լիներ, մի՞թե Նա ինչ-որ բան չէր անի այն կանխելու համար»: Այդ մարդու և մեզանից շատերի համար տառապանքն ու դաժան անարդարությունը կարող են անհամատեղելի թվալ բարի, սիրող Երկնային Հոր իրականության հետ: Այնուամենայնիվ, Նա իրական է, Նա բարի է և Նա կատարելապես սիրում է իր յուրաքանչյուր զավակին: Այս երկփեղկումը նույնքան հին է, որքան մարդկությունը, և այն հնարավոր չէ բացատրել հակիրճ ու պարզ եղանակով կամ մի քանի բառով:
Որպեսզի դա ինչ-որ չափով հասկանալի լինի, եկեք ուսումնասիրենք անարդարության տարբեր տեսակները: Քննարկենք մի ընտանիք, որտեղ յուրաքանչյուր երեխա ամեն շաբաթ դրամական նպաստ է ստացել ընդհանուր տնային գործեր կատարելու համար: Որդին՝ Ջոնը, կոնֆետ է գնել, մի դուստրը՝ Աննան, խնայել է իր գումարը: Ի վերջո, Աննան իրեն հեծանիվ գնեց: Ջոնը կարծում էր, որ միանգամայն անարդար է, որ Աննան հեծանիվ ստացավ, իսկ ինքը՝ ոչ: Բայց Ջոնի ընտրությունները ստեղծեցին այդ անհավասարությունը, այլ ոչ թե ծնողների գործողությունները: Քաղցրավենիք ուտելուց հրաժարվելու Աննայի որոշումը ոչ մի անարդարություն չպարտադրեց Ջոնին, քանի որ նա ուներ նույն հնարավորությունը, ինչ իր քույրը:
Մեր որոշումները նույնպես կարող են երկարաժամկետ առավելությունների կամ թերությունների հանգեցնել: Ինչպես Տերն է հայտնել. «Եթե մի մարդ ավելի շատ գիտելիք և բանականություն ձեռք բերի այս կյանքում, իր ջանասիրության և հնազանդության միջոցով, քան մեկ ուրիշը, նա կունենա նույնքան առավելություն գալիք աշխարհում»:3 Երբ մարդիկ օգուտներ են քաղում իրենց ջանասեր ընտրությունների շնորհիվ, մենք չենք կարող արդարացիորեն եզրակացնել, որ մեզ հետ անարդար են վարվել, երբ ունեցել ենք նույն հնարավորությունը:
Անարդարության մեկ այլ օրինակ բխում է այն իրավիճակից, որին իմ կինը՝ Ռութը, բախվել է մանկության տարիներին: Մի օր Ռութը իմացավ, որ մայրը տանում է կրտսեր քրոջը՝ Մերլային նոր կոշիկ գնելու: Ռութը բողոքեց. «Մայրի՛կ, դա այնքա՜ն անարդար է: Մերլան ստացավ կոշիկների վերջին նոր զույգը»:
Ռութի մայրը հարցրեց. «Ռութ, քո կոշիկները չե՞ն սեղմում»:
Ռութը պատասխանեց. «Դե, ոչ»:
Ռութի մայրն ասաց. «Մերլայի կոշիկներն արդեն փոքր են նրա ոտքերին»:
Ռութը համաձայնեց, որ ընտանիքի յուրաքանչյուր երեխա պետք է իր հագով կոշիկներ ունենա: Չնայած Ռութը կցանկանար նոր կոշիկներ ունենալ, սակայն անարդար վերաբերմունքի ընկալումը ցրվեց, երբ նա հանգամանքներին նայեց մոր աչքերով:
Երբեմն անարդարությունը չի կարող բացատրվել, սակայն անբացատրելի անարդարությունը վրդովեցուցիչ է: Անարդարությունը գալիս է անկատար, վիրավոր կամ հիվանդ մարմիններով ապրելուց: Մահկանացու կյանքն իր էությամբ անարդար է: Որոշ մարդիկ ծնվում են հարստության մեջ, մյուսները՝ ոչ: Ոմանք ունեն սիրող ծնողներ, ոմանք՝ ոչ: Ոմանք ապրում են երկար տարիներ, ոմանք՝ կարճ: Եվ ցանկը կարելի է շարունակել: Որոշ անհատներ անարդար սխալներ են թույլ տալիս նույնիսկ այն ժամանակ, երբ փորձում են բարիք գործել: Ոմանք նախընտրում են գործել ոչ այնքան արդար, չնայած կարող էին: Ցավալի է, որ որոշ անհատներ օգտագործում են Աստծո կողմից տրված ազատ կամքը՝ ուրիշներին վնասելու համար, երբ չպետք է անեին դա:
Տարբեր անարդարության կարող են միաձուլվել՝ ստեղծելով անարդարության անհաղթահարելի փոթորիկ: Օրինակ՝ COVID-19 համաճարակն անհամաչափորեն է ազդում նրանց վրա, ովքեր արդեն ունեն բազմագործոն, խորքային առողջական թերություններ: Իմ սիրտը ցավում է նրանց համար, ովքեր նման անարդարության են բախվում, բայց ես իմ ողջ ցավող սրտով հայտարարում եմ, որ Հիսուս Քրիստոսը և՛ հասկանում է անարդարությունը, և՛ ունի բուժում ապահովելու զորություն: Ոչինչ համեմատելի չէ Նրա կրած անարդարության հետ: Արդար չէր, որ Նա զգաց մարդկության բոլոր ցավերն ու տառապանքները: Արդար չէր, որ Նա տառապեց իմ և ձեր մեղքերի ու սխալների համար: Բայց Նա ընտրեց դա՝ մեր և Երկնային Հոր հանդեպ ունեցած իր սիրո շնորհիվ: Նա կատարելապես հասկանում է, թե մենք ինչ ենք զգում:4
Սուրբ գրությունները նշում են, որ հին իսրայելացիները բողոքում էին, որ Աստված անարդար է վարվում իրենց հետ: Ի պատասխան՝ Եհովան հարցրեց. «Քանզի կարո՞ղ է կինը մոռանալ իր ծծկեր մանկանը, որ կարեկցանք չունենա իր արգանդի որդուն»: Որքան էլ դժվար է պատկերացնել, որ սիրող մայրը կարող է մոռանալ իր նորածին երեխային, Եհովան հայտարարեց, որ իր նվիրվածությունն ավելի հաստատուն է: Նա հաստատեց. «Այո, նրանք կարող է մոռանան, սակայն ես քեզ չեմ մոռանա: … Ահա, ես փորագրել եմ քեզ իմ ձեռքերի ափերի վրա. քո պարիսպները մշտապես իմ առջևում են»:5 Քանի որ Հիսուս Քրիստոսը համբերությամբ տարավ անսահման, քավող զոհաբերությունը, Նա կատարելապես հասկանում է մեր զգացմունքները:6 Նա միշտ տեղյակ է մեզանից և մեր հանգամանքներից:
Մահկանացու կյանքում մենք կարող ենք «համարձակորեն» գալ Փրկիչի մոտ և կարեկցանք, բուժում ու օգնություն ստանալ:7 Նույնիսկ, եթե մենք անբացատրելիորեն տառապում ենք, Աստված կարող է օրհնել մեզ հասարակ, սովորական և առանձնահատուկ եղանակներով: Երբ մենք սովորենք ճանաչել այս օրհնությունները, Աստծո հանդեպ մեր վստահությունը կաճի: Հավերժություններում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կլուծեն բոլոր անարդարությունները: Բնականաբար, մենք ցանկանում ենք իմանալ ինչպես և երբ: Ինչպե՞ս են Նրանք պատրաստվում անել այդ: Ե՞րբ են Նրանք պատրաստվում անել այդ: Որքանով տեղյակ եմ, նրանք դեռ չեն բացահայտել ինչպես և երբ: 8 Բայց ես հաստատ գիտեմ, որ կլուծեն:
Անարդար իրավիճակներում մեր խնդիրներից մեկն է՝ հավատալ, որ «այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով»:9 Հիսուս Քրիստոսը հաղթեց աշխարհին և «վերականգնեց» արդարությունը: Նրա շնորհիվ մենք կարող ենք խաղաղություն գտնել այս աշխարհում և ուրախանալ:10 Եթե մենք թույլ տանք, Հիսուս Քրիստոսը կնվիրագործի անարդարությունը մեր օգտի համար:11 Նա ոչ միայն կմխիթարի մեզ և կվերականգնի կորցրածը.12 Նա կօգտագործի այդ անարդարությունը մեր օգտի համար: Երբ խոսքը վերաբերում է ինչպես և երբ-ին, մենք պետք է ճանաչենք և ընդունենք, ինչպես Ալման արեց, որ «դա նշանակություն չունի. քանզի Աստված գիտի բոլոր այս բաները. և ինձ բավական է գիտենալ, որ դա այդպես է»:13
Մենք կարող ենք սպասել մեր ինչպես և երբ հարցերի պատասխաններին և կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ զարգացնելու վրա, որ Նա ունի և՛ ամեն ինչ արդար դարձնելու զորություն, և՛ փափագում է դա անել:14 Մեր կողմից ինչպես կամ երբ հարցապնդումները անարդյունավետ են և, ի վերջո, անհեռատես:15
Երբ մենք հավատ ենք զարգացնում Հիսուս Քրիստոսի հանդեպ, մենք պետք է նաև ձգտենք նմանվել Նրան: Ապա պետք է կարեկցանքով մոտենանք ուրիշներին և փորձենք մեղմացնել անարդարությունն այնտեղ, որտեղ տեսնում ենք,16 սակայն մենք կարող ենք փորձել իրավիճակը շտկել մեր ազդեցության ոլորտում: Իրոք, Փրկիչն ուղղորդեց, որ մենք «պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն[ք] բարի գործի մեջ, և շատ բաներ անենք մեր իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն[ք]»:17
Փաստաբան Բրայան Սթիվենսոնն ոգևորությամբ ներգրավված է անարդարության դեմ պայքարում: ԱՄՆ-ում նրա իրավաբանական գործունեությունը նվիրված է՝ սխալմամբ մեղադրվածին պաշտպանելու, չափազանց մեծ պատժին վերջ տալու և մարդու հիմնական իրավունքները պաշտպանելու գործին: Մի քանի տարի առաջ պարոն Սթիվենսոնը պաշտպանում էր մի մարդու, որին կեղծ մեղադրանք էր առաջադրվել սպանության գործով, և նա դատապարտվել էր մահվան: Պարոն Սթիվենսոնը աջակցություն խնդրեց տղամարդու տեղական քրիստոնեական եկեղեցուց, չնայած որ տղամարդը ակտիվ չէր իր եկեղեցում և վարկաբեկված էր համայնքում՝ լայնորեն հայտնի արտամուսնական կապի պատճառով:
Որպեսզի համայնքը կենտրոնանա այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր, պարոն Սթիվենսոնը նրանց հետ խոսեց աստվածաշնչյան պատմությունից՝ շնության մեջ մեղադրվող կնոջ մասին, որին բերել էին Հիսուսի մոտ: Մեղադրողները ցանկանում էին քարկոծելով սպանել նրան, բայց Հիսուսն ասաց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցէ դորա վերայ»։18 Կնոջը մեղադրողները հետ քաշվեցին: Հիսուսը չդատապարտեց կնոջը, բայց պատվիրեց նրան այլևս մեղք գործել:19
Այս դրվագը պատմելուց հետո պարոն Սթիվենսոնը նկատեց, որ ինքնահավանությունը, վախը և զայրույթը նույնիսկ քրիստոնյաներին ստիպել են քարեր նետել սայթաքող մարդկանց վրա: Ապա նա ասաց. «Մենք չենք կարող պարզապես հետևել, թե ինչ է կատարվում», ապա խրախուսեց համայնքի անդամներին պաշտպանել իրենց անդամին այդպիսի վերաբերմունքից:20 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, քարեր չնետելը առաջին քայլն է ուրիշներին կարեկցանք ցուցաբերելու գործում: Երկրորդ քայլն է՝ փորձել բռնել ուրիշների կողմից նետված քարերը:
Այն, թե մենք ինչպես ենք վերաբերվում առավելություններին ու թերություններին, կյանքի փորձության մի մասն է: Մեզ կդատեն ոչ այնքան մեր ասածներով, որքան անապահովների և ընչազուրկների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքով:21 Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք ձգտում ենք հետևել Փրկիչի օրինակին՝ շարունակելով բարիք գործել:22 Մենք ցույց ենք տալիս մեր սերը մեր մերձավորի հանդեպ՝ աշխատելով երաշխավորել Երկնային Հոր բոլոր զավակների արժանապատվությունը:
Երբ մենք խորապես մտածում ենք սեփական առավելությունների ու թերությունների մասին, շատ բաներ են բացահայտվում մեզ համար: Երբ Ջոնը հասկացավ, թե ինչու է Աննան ստացել հեծանիվը, շատ բաներ բացահայտվեցին նրա համար: Երբ Ռութը տեսավ Մերլայի կոշիկ չունենալու կարիքը իր մոր աչքերով, շատ բաներ պարզվեցին նրա համար: Երբ փորձում ենք հավիտենական տեսանկոյւնից դիտարկել իրերը, շատ բաներ հստակ են դառնում մեզ համար: Երբ մենք ավելի շատ ենք նմանվում Փրկիչին, ավելի շատ կարեկցանք, հասկացողություն և գթություն ենք զարգացնում:
Ես վերադառնում եմ Կիգալիում մեր ճամփորդակցի կողմից տրված այն հարցին, որը ցավում էր Ռուանդայի ցեղասպանության անարդարության համար և հարցնում էր. «Եթե Աստված լիներ, մի՞թե նա ինչ-որ բան չէր անի դա կանխելու համար»:
Առանց փորձելու նվազեցնել ցեղասպանության պատճառած տառապանքները, և ընդունելով այդ տառապանքները հասկանալու մեր անկարողությունը , մենք պատասխանեցինք, որ Հիսուս Քրիստոսն ինչ-որ բան արել է այդ վրդովեցուցիչ անարդարության դեմ:23 Մենք բացատրեցինք ավետարանական շատ սկզբունքներ Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու վերականգնման վերաբերյալ:24
Դրանից հետո մեր ծանոթը արցունքն աչքերին հարցրեց. «Դուք նկատի ունեք, որ կա՞ ինչ-որ բան, որ կարող եմ անել իմ մահացած ծնողների և հորեղբոր համար»:
Մենք ասացինք. «Այո՛»: Այնուհետև մենք վկայեցինք, որ կյանքի անարդարությունները կարող են արդար դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով, և որ Նրա իշխանության միջոցով ընտանիքները կարող են հավերժ միասին լինել:
Երբ անարդարության ենք բախվում, մենք կարող ենք հեռանալ Աստծուց կամ կարող ենք ավելի շատ մոտենալ Նրան՝ օգնության և աջակցության համար: Օրինակ՝ Նեփիացիների և Լամանացիների երկարատև պատերազմը տարբեր կերպ է ազդել մարդկանց վրա: Մորմոնը նկատել է, որ «շատերը դարձել էին կարծրացած», իսկ մյուսները՝ «փափկել էին՝ իրենց չարչարանքների պատճառով, այնպես որ նրանք իրենց խոնարհեցրել էին Աստծո առաջ»:25
Թույլ մի տվեք, որ անարդարությունը կարծրացնի ու հիասթափեցնի ձեզ, կամ թուլացնի ձեր հավատն առ Աստված: Փոխարենը՝ օգնություն խնդրեք Աստծուց: Ավելացրեք ձեր գնահատանքն ու ապավինեք Փրկիչին: Չարանալու փոխարեն թույլ տվեք, որ Նա օգնի ձեզ ավելի լավը դառնալ:26 Թույլ տվեք Նրան օգնել ձեզ համբերել, թող ձեր տառապանքները «կուլ գնան Քրիստոսի ուրախության մեջ»:27 Եվ միացեք Նրան «սրտով կոտրվածներին բժշկելու» Իր առաքելության մեջ,28 ջանալով մեղմել անարդարությունը և դառնալով «քարերը բռնող:29
Ես վկայում եմ, որ Փրկիչն ապրում է։ Նա հասկանում է անարդարությունը։ Նրա ձեռքերի ափերի հետքերը անընդհատ հիշեցնում են Նրան՝ ձեր և ձեր հանգամանքների մասին։ Նա ծառայում է ձեզ ձեր բոլոր տառապանքների ժամանակ: Նրանց համար, ովքեր գալիս են Նրա մոտ, գեղեցկության պսակը կփոխարինի սգո մոխիրին. հրճվանքն ու ուրախությունը կփոխարինեն վշտին և ցավին. գնահատանքն ու տոնը կփոխարինեն հուսահատությանն ու վհատությանը:30 Ձեր հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կհատուցվի առավել, քան դուք կարող եք պատկերացնել: Ամբողջ անարդարությունը, հատկապես վրդովեցուցիչ անարդարությունը, կնվիրագործվի ձեր օգտի համար: Ես վկայում եմ այդ մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։