Գերագույն համաժողով
Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


12:44

Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար

Հիսուս Քրիստոսը արել է այն ամենը, ինչն առանցքային է մեր երկրային ճանապարհորդության համար դեպի այն ճակատագիրը, որը նախանշված է մեր Երկնային Հոր ծրագրում։

Շատ տարիներ առաջ՝ մի կիրակի երեկոյան ցցի համաժողովում ես հանդիպեցի մի կնոջ, որն ասաց, որ իրեն խնդրել են վերադառնալ եկեղեցի շատ տարիներ հեռու լինելուց հետո, բայց չէր կարողանում գտնել որևէ պատճառ, թե ինչու պետք է դա անի: Նրան խրախուսելու համար ես ասացի. «Երբ մտածեք այն բոլոր բաների մասին, որ Փրկիչն արել է մեզ համար, միթե՞ դուք եկեղեցի վերադառնալու և Նրան երկրպագելու ու ծառայելու ոչ մի պատճառ չեք ունենա»: Ես ապշեցի նրա պատասխանից. «Իսկ ի՞նչ է արել Նա ինձ համար»:

Երկրորդ Գալուստը

Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել մեզանից յուրաքանչյուրի համար։ Նա արել է այն ամենը, ինչն առանցքային է մեր երկրային ճանապարհորդության համար դեպի այն ճակատագիրը, որը նախանշված է մեր Երկնային Հոր ծրագրում։ Ես կխոսեմ այդ ծրագրի չորս հիմնական առանձնահատկությունների մասին։ Դրանցից յուրաքանչյուրի կենտրոնում կանգնած է Նրա Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Այդ ամենի շարժառիթը «Աստծո սերն է, որը տարածվում է ամենուր՝ մարդկանց զավակների սրտերում. հետևաբար, ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի» (1 Նեփի 11․22

I.

Զատիկի կիրակիից անմիջապես առաջ ճիշտ կլինի նախ խոսել Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Մեռելներից հարությունը մեր հավատի հուսադրող անհատական սյունն է։ Այն իմաստավորում է մեր վարդապետությունը, շարժառիթ տալիս մեր վարքին և հույս՝ մեր ապագայի համար։

Քանի որ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի պատմությունների ամեն մի բառին, մենք նաև հավատում ենք բազմաթիվ սուրբգրային ուսմունքներին, որ նմանատիպ հարություն տեղի կունենա բոլոր մահկանացուների հետ, ովքեր երբևէ ապրել են այս երկրի վրա։1 Ինչպես ուսուցանել է Հիսուսը՝ «որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կ’լինիք» (Հովհաննես 14․19)։ Իսկ Նրա առաքյալներն ուսուցանել են, որ «մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի» և «այս մահկանացուն անմահութիւնը կ’հագնէ» (Ա Կորնթացիս 15․52, 54

Հարությունը

Բայց հարությունը մեզ ավելին է տալիս, քան անմահության այս հավաստիացումը։ Այն փոխում է մահկանացու կյանքի վերաբերյալ մեր պատկերացումը։

Հարությունը մեզ հեռանկար և ուժ է տալիս դիմակայելու մեր և մեր հարազատների դեմ ծառացած մահկանացու մարտահրավերներին։ Այն օգնում է մեզ այլ կերպ նայել ֆիզիկական, մտավոր կամ հուզական տկարություններին, որ մեզ հետ են ի ծնե կամ ձեռք ենք բերում մահկանացու կյանքի ընթացքում։ Այն մեզ ուժ է տալիս դիմանալու վշտին, անհաջողությանը և հիասթափությանը։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրին երաշխավորված է հարություն, մենք գիտենք, որ այդ մահկանացու տկարությունները և հակադրությունները միայն ժամանակավոր են։

Հարությունը մեզ համար նաև հզոր խթան է հանդիսանում մահկանացու կյանքում Աստծո պատվիրանները պահելու համար։ Երբ մենք մեռելներից հարություն առնենք և մարգարեության համաձայն կանգնենք վերջին դատաստանի առաջ, մենք ցանկանում ենք որակավորվել՝ ստանալու հարություն առած էակներին խոստացված լավագույն օրհնությունները։2

Մենք կարող ենք հավերժ ապրել որպես ընտանիքներ։

Բացի այդ, խոստումը, որ հարությունը կարող է ներառել մեր ընտանիքի անդամների՝ ամուսնու, կնոջ, երեխաների, ծնողների և մեր սերունդների հետ լինելու հնարավորությունը, հզոր խթան է հանդիսանում մահկանացու կյանքում մեր ընտանեկան պարտականությունները կատարելու համար։ Այն նաև օգնում է մեզ միասին սիրով ապրել այս կյանքում և մխիթարում է մեզ, երբ մահանում են մեր սիրելիները։ Մենք գիտենք, որ այս մահկանացու բաժանումները լոկ ժամանակավոր են, և մենք ապագայում սպասում ենք ուրախ հանդիպումների և վերամիավորումների։ Հարությունը մեզ հույս է ներշնչում և ուժ տալիս՝ լինելու համբերատար, մինչ սպասում ենք։ Այն նաև քաջություն և արժանապատվություն է տալիս մեզ ընդունելու մեր մահը, նույնիսկ մահը, որը մենք կարող ենք վաղաժամ կոչել։

Հարության այս բոլոր հետևանքները «Ի՞նչ է արել Հիսուս Քրիստոսն ինձ համար» հարցի առաջին պատասխանի մի մասն են։

II.

Մեզանից շատերի համար մեր մեղքերի ներման հնարավորությունը Հիսուս Քրիստոսի Քավության հիմնական իմաստն է։ Երկրպագելիս մենք ակնածանքով երգում ենք․

Կյանքն իր տվեց Նա կամավոր,

Եվ արյունն իր անգին,

Զոհվեց անմեղ, որ մեղավոր

Աշխարհը մեր փրկի։3

Մեր Փրկիչը և Քավիչը տարավ աներևակայելի տառապանք, դառնալով զոհ բոլոր մահկանացուների մեղքերի համար, ովքեր կապաշխարեն։ Այդ քավող զոհաբերությունը մատուցեց մեծագույն բարիքը՝ անբիծ անարատ գառը, մեծագույն աստիճանի չարիքի համար՝ ողջ աշխարհի մեղքերի համար։ Դա մեզանից յուրաքանչյուրի առջև դուռ բացեց՝ մաքրվելու մեր անձնական մեղքերից, որպեսզի կարողանանք կրկին ընդունվել Աստծո՝ մեր Հավերժական Հոր ներկայության մեջ։ Այդ բաց դուռը հասանելի է Աստծո բոլոր զավակների համար։ Երկրպագելիս մենք երգում ենք․

Զարմանում եմ, որ իջավ իր գահից երկնային՝

Փրկելու այս ապստամբ ու ամբարիշտ իմ հոգին,

Որ ինձ նմանի վրա Իր սերը տարածի։4

Հիսուս Քրիստոսի Քավության փառահեղ և աներևակայելի ազդեցությունը հիմնված է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ Աստծո սիրո վրա։ Այն հաստատում է Նրա հայտարարությունը, որ «հոգիների արժեքը՝ այսինքն յուրաքանչյուր մահկանացուի, մեծ է Աստծո աչքում» (Վարդապետություն և Ուխտեր 18.10)։ Աստվածաշնչում Հիսուս Քրիստոսը բացատրել է դա մեր Երկնային Հոր սիրո տեսանկյունից․ «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3.16)։ Ժամանակակից հայտնություններում մեր Քավիչ Հիսուս Քրիստոսը հայտարարել է, որ Ինքն «այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր կյանքը, որ բոլոր նրանք, ովքեր կհավատան, դառնան Աստծո որդիներ» (Վարդապետություն և Ուխտեր 34․3

Արդյո՞ք զարմանալի է, որ Մորմոնի Գիրքը՝ «Եվս մեկ վկայություն Քրիստոսի մասին», ավարտվում է ուսմունքով, որ «կատարյալ» և «Քրիստոսում սրբագործված» դառնալու համար մենք պետք է «սիրենք Աստծուն [մեր] ողջ զորությամբ, մտքով և ուժով» (Մորոնի 10․32–33)։ Սիրուց մղված Նրա ծրագիրը պետք է սիրով ընդունվի։

III.

Ուրիշ ի՞նչ է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսն արել մեզ համար։ Իր մարգարեների ուսմունքների և Իր անձնական ծառայության միջոցով Հիսուսն ուսուցանել է մեզ փրկության ծրագիրը։ Այդ ծրագիրը ներառում է Արարումը, կյանքի նպատակը, հակադրության անհրաժեշտությունը և ազատ ընտրության իրավունքի պարգևը։ Նա նաև ուսուցանել է մեզ պատվիրանները և ուխտերը, որոնց մենք պետք է հնազանդվենք և արարողությունները, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի վերադառնանք մեր Երկնային ծնողների մոտ։

Լեռան Քարոզը

Աստվածաշնչում մենք կարդում ենք Նրա ուսմունքը. «Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» (Հովհաննես 8.12)։ Իսկ ժամանակակից հայտնությունում մենք կարդում ենք․ «Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ … լույս, որը հնարավոր չէ թաքցնել խավարում» (Վարդապետություն և Ուխտեր 14․9)։ Երբ մենք հետևում ենք Նրա ուսմունքներին, Նա լուսավորում է մեր ուղին այս կյանքում և ապահովում մեր ճակատագիրը հաջորդ կյանքում։

Քանի որ Նա սիրում է մեզ, Նա կոչ է անում կենտրոնանալ Իր վրա, ոչ թե այս մահկանացու աշխարհի բաների վրա։ Կյանքի հացին նվիրված իր մեծ քարոզում Հիսուսը սովորեցրեց, որ մենք չպետք է լինենք նրանց շարքերում, ովքեր ավելի շատ հրապուրվում են աշխարհիկ բաներով՝ այն բաներով, որոնք կյանք են ապահովում երկրի վրա, բայց սնուցում չեն տալիս դեպի հավերժական կյանք։5 Հիսուսը կրկին ու կրկին հրավիրում է մեզ՝ «իմ ետեւից եկ»։6

IV.

Ի վերջո, Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ որպես Իր Քավության մաս, Հիսուս Քրիստոսը «տա[րավ] ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս` որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները» (Ալմա 7․11

Մեր Փրկիչն ինչո՞ւ ընդունեց «ամեն տեսակի» մահկանացու մարտահրավերներ։ Ալման բացատրել է․ «Եվ նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12

Քրիստոսը Գեթսեմանիում

Մեր Փրկիչը զգում է և գիտի մեր փորձությունները, մեր դժվարությունները, մեր ցավերը և մեր տառապանքները, քանի որ Նա հոժարակամ տարավ այդ բոլորը՝ որպես Իր Քավության մաս։ Սուրբ գրությունները հաստատում են դա։ Նոր Կտակարանը հայտարարում է․ «Որովհետեւ ինքը որ չարչարուեցաւ եւ փորձուեցաւ, կարող է օգնութիւն տալ փորձուողներին» (Եբրայեցիս 2․18)։ Եսայիան ուսուցանում է․ «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, …. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ» (Եսայիա 41․10)։ Նրանք, ովքեր տառապում են մահկանացու որևէ թուլության պատճառով, պիտի հիշեն, որ մեր Փրկիչը նույնպես կրել է այդպիսի տանջանք, և որ Իր Քավության միջոցով Նա մեզանից յուրաքանչյուրին առաջարկում է ուժ՝ դիմանալու դրան։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն այդ ամենն ամփոփել է մեր Հավատո Հանգանակի երրորդ հատվածում․ «Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»։

«Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել ինձ համար»,- հարցրեց այդ քույրը։ Մեր Երկնային Հոր ծրագրի համաձայն՝ Նա «ստեղծեց երկինքն ու երկիրը» (Վարդապետություն և Ուխտեր 14․9), որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ունենա մահկանացու փորձառություն, որն անհրաժեշտ է մեր աստվածային ճակատագիրը փնտրելու համար։ Որպես Հոր ծրագրի մաս, Հիսուս Քրիստոսի հարությամբ հաղթահարվեց մահը` ապահովելով յուրաքանչյուրիս անմահությունը։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ապաշխարել մեր մեղքերը և մաքուր վերադառնալ մեր երկնային տուն։ Նրա պատվիրաններն ու ուխտերը ցույց են տալիս մեզ ճանապարհը, և Նրա քահանայությունը իշխանություն է տալիս կատարելու արարողությունները, որոնք էական են այդ ճակատագրին հասնելու համար։ Եվ մեր Փրկիչը պատրաստակամորեն տարավ բոլոր մահկանացու ցավերն ու թուլությունները, որպեսզի իմանա, թե ինչպես սատարի և զորացնի մեզ մեր տառապանքներում։

Հիսուս Քրիստոս

Հիսուս Քրիստոսն արեց այդ ամենը, քանի որ Նա սիրում է Աստծո բոլոր զավակներին։ Այդ ամենի շարժառիթը սերն է, և այդպես է եղել ի սկզբանե։ Աստված ժամանակակից հայտնություններում ասել է մեզ, որ «նա ստեղծեց … արու և էգ. իր իսկ պատկերով … և տվեց նրանց պատվիրաններ, որ նրանք պետք է սիրեն և ծառայեն իրեն» (Վարդապետություն և Ուխտեր 20․18–19

Ես վկայում եմ այդ ամենի մասին և աղոթում, որ բոլորս հիշենք, թե մեր Փրկիչն ինչ է արել մեզանից յուրաքանչյուրի համար, և բոլորս սիրենք ու ծառայենք Նրան, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։