Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամենամեծ զորությունն է, որը մեզ հասանելի է այս կյանքում։ Ամեն բան կարելի է հավատացողներին։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ Զատիկի այս կիրակի ձեզ հետ խոսելու արտոնության համար:1 Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն ու Հարությունը հավերժ փոխեցին մեր յուրաքանչյուրի կյանքը: Մենք սիրում ենք Նրան և երախտագիտությամբ երկրպագում Նրան և մեր Երկնային Հորը:
Անցած վեց ամիսների ընթացքում մենք շարունակել ենք պայքարել համավարակի դեմ: Ես զարմանում եմ ձեր տոկունության և հոգևոր ուժի վրա՝ հիվանդության, կորստի և մեկուսացման պայմաններում: Ես անընդհատ աղոթում եմ, որ այդ ամենի միջով անցնելիս դուք զգաք Տիրոջ անսպառ սերը ձեր հանդեպ: Եթե ձեր փորձություններին արձագանքել եք աշակերտ լինելու ավելի ուժեղ նվիրվածությամբ, ապա անցած տարին ապարդյուն չի անցել:
Այս առավոտ մենք լսեցինք Եկեղեցու ղեկավարներին, ովքեր եկել են երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներից։ Իսկապես, ավետարանի օրհնությունները բոլոր ցեղերի, լեզուների և մարդկանց համար են: Հիսուս Քրիստոսի Եկեղեցին համաշխարհային եկեղեցի է։ Հիսուս Քրիստոսը մեր ղեկավարն է:
Բարեբախտաբար, նույնիսկ համավարակը չի կարողացել դանդաղեցնել Նրա ճշմարտության շարունակական աճը: Հիսուս Քրիստոսի ավետարանը հենց այն է, ինչ անհրաժեշտ է այս խառնաշփոթ, հակասական և թուլացած աշխարհում:
Աստծո յուրաքանչյուր զավակ արժանի է լսելու և ընդունելու Հիսուս Քրիստոսի բժշկող, քավիչ ուղերձը: Ոչ մի այլ ուղերձ ավելի կարևոր չէ մեր երջանկության համար՝ այժմ և հավիտյան:2 Ոչ մի այլ ուղերձ հույսով լի չէ։ Ոչ մի այլ ուղերձ չի կարող վերացնել հակառակությունը մեր հասարակության մեջ:
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը բոլոր համոզմունքների հիմքն է և աստվածային զորության փոխանցողը։ Պողոս Առաքյալն ասել է․ «Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. Որովհետև Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թե նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատույց կլինի»։3
Կյանքում ամեն լավ բան՝ հավերժական կարևորություն ունեցող ցանկացած հավանական օրհնություն, սկսվում է հավատքից: Որպեսզի թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սկսում ենք այն հավատով, որ Նա պատրաստ է մեզ առաջնորդել: Ճշմարիտ ապաշխարությունը սկսվում է հավատով, որ Հիսուս Քրիստոսն ունի մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու զորություն:4
Մորոնի մարգարեն հայտարարել է․ «Չուրանաք Աստծո զորությունը, քանզի նա գործում է զորությամբ, համաձայն մարդկանց զավակների հավատքի»։5 Մեր հավատքն է, որ բացահայտում է Աստծո զորությունը մեր կյանքում:
Այնուամենայնիվ, հավատքի գործադրումը կարող է դժվար թվալ։ Երբեմն գուցե մտածենք՝ հնարավո՞ր է բավականաչափ հավատք զարգացնել, որպեսզի ստանանք այն օրհնությունները, որոնք մեզ այդքան անհրաժեշտ են: Այնուամենայնիվ, Տերը ցրում է այդ վախերը Մորմոնի Գրքի Ալմա մարգարեի խոսքերի միջոցով:
Ալման պարզապես խնդրում է փորձարկել խոսքերը և «գործադրել հավատքի մի մասնիկ, այո նույնիսկ, եթե [մենք] չենք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ»։6 «Հավատքի մի մասնիկ» արտահայտությունը հիշեցնում է Տիրոջ Աստվածաշնչյան խոստումը, որ եթե մենք «մանանեխի հատի չափ հավատք ունենաք,- կկարողանանք,- այս սարին ասել՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կփոխադրուի. եւ ոչինչ անկարելի չի լինիլ [մեզ] համար»։7
Տերը հասկանում է մեր մահկանացու թուլությունները: Ժամանակ առ ժամանակ մենք սայթաքում ենք։ Սակայն Նա նաև գիտի մեր մեծ ներուժը: Մանանեխի սերմը սկզբից փոքր է, բայց վերածվում է այնպիսի ծառի, որն այնքան մեծ է, որ թռչունները բույն են հյուսում նրա ճյուղերի վրա: Մանանեխի սերմը ներկայացնում է փոքր, բայց աճող հավատք։8
Տերը չի պահանջում կատարյալ հավատք՝ Իր կատարյալ զորությունը ստանալու համար: Բայց Նա խնդրում է, որ մենք հավատանք։
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Զատիկի այս առավոտ ձեզ կոչ եմ անում սկսել այսօր՝ ձեր հավատը մեծացնելու համար: Ձեր հավատքի միջոցով Հիսուս Քրիստոսը կմեծացնի սարեր տեղաշարժելու ձեր ունակությունը,9 նույնիսկ, եթե ձեր անձնական մարտահրավերներն այնքան մեծ թվան, որքան Էվերեստ սարը։
Ձեր «սարերը» կարող են լինել միայնությունը, կասկածները, հիվանդությունները կամ այլ անձնական խնդիրներ: Ձեր «սարերը» տարբեր կլինեն, սակայն յուրաքանչյուր մարտահրավերին արձագանքելու համար պետք է մեծացնել ձեր հավատքը։ Դա աշխատանք է պահանջում։ Ծույլ սովորողներն ու անփույթ աշակերտները միշտ դժվարանալու են հավատի նույնիսկ մեկ մասնիկ յուրացնելու համար:
Որևէ բան լավ անելու համար ջանքեր են պահանջվում։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար նույնպես ջանքեր են պահանջվում։ Ձեր հավատքը մեծացնելու և Նրան վստահելու համար ջանքեր են պահանջվում։ Կարո՞ղ եմ հինգ առաջարկություն անել, որոնք կօգնեն ձեզ զարգացնել այդ հավատքն ու վստահությունը:
Առաջին՝ ուսումնասիրեք։ Ներգրավվեք ուսումնառության մեջ։ Խորասուզվեք սուրբ գրությունների մեջ, որպեսզի ավելի լավ հասկանաք Քրիստոսի առաքելությունն ու ծառայությունը։ Սովորեք Քրիստոսի վարդապետությունը, որպեսզի ձեր կյանքում ճանաչեք դրա զորությունը։ Ընդունեք այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսի քավությունը վերաբերում է ձեզ։ Նա վերցրեց Իր վրա ձեր թշվառությունները, ձեր սխալները, ձեր թուլությունները և ձեր մեղքերը։ Նա վճարեց փոխհատուցման գինը և ձեզ զորացրեց՝ տեղաշարժելու ցանկացած սար, որին երբևէ կհանդիպեք ձեր կյանքում։ Այդ զորությունը ստանում եք ձեր հավատքով, վստահությամբ և Նրան հետևելու պատրաստակամությամբ:
Ձեր «սարերը» տեղաշարժելու համար կարող են հրաշքներ պահանջվել: Սովորեք հրաշքների մասին։ Հրաշքները գալիս են Տիրոջ հանդեպ ձեր հավատքի համաձայն: Այդ հավատքի համար կարևոր նշանակություն ունի Նրա կամքին և ժամանակացույցին վստահելը. թե Նա ինչպես և երբ կօրհնի ձեզ՝ ձեզ ցանկալի հրաշագործ օգնությամբ: Միայն ձեր անհավատության պատճառով է, որ Աստված սարեր տեղաշարժելու հրաշքներ չի գործում ձեր կյանքում։10
Որքան շատ սովորեք Փրկիչի մասին, այնքան ավելի հեշտ կլինի վստահել Նրա ողորմածությանը, Նրա անսահման սիրուն և Նրա զորացնող, բժշկող և փրկագնող զորությանը: Փրկիչը երբեք ձեզ ավելի մոտ չի լինում, քան այն ժամանակ, երբ հավատքով սարերի եք դիմակայում կամ սար եք բարձրանում:
Երկրորդ՝ ընտրեք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը։ Եթե կասկածներ ունեք Հայր Աստծո և Նրա Սիրելի Որդու, Վերականգնման ճշմարտացիության կամ Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման արժանահավատության վերաբերյալ, ընտրեք հավատքը11 և հավատարիմ մնացեք։ Ձեր հարցերը հղեք Տիրոջը և այլ արժանահավատ աղբյուրների: Ուսումնասիրեք ավելի շատ հավատալու ցանկությամբ, քան հույսով, որ դուք կարող եք թերություն գտնել մարգարեի կյանքում կամ անհամապատասխանություն գտնել սուրբ գրություններում: Մի զարգացրեք ձեր կասկածները՝ քննարկելով դրանք այլ կասկածողների հետ։ Թույլ տվեք, որ Տերն առաջնորդի ձեզ հոգևորի բացահայտման ձեր ճամփորդության մեջ:
Երրորդ՝ գործեք հավատքով։ Ի՞նչ կանեիք, եթե ավելի շատ հավատք ունենայիք։ Մտածեք այդ մասին: Գրեք այդ մասին: Ապա՝ ստացեք ավելի շատ հավատք՝ անելով որևէ արարք, որը ավելի շատ հավատք է պահանջում:
Չորրորդ՝ արժանիորեն մասնակցեք սուրբ արարողություններին: Արարողությունները բացահայտում են Աստծո զորությունները ձեր կյանքում։12
Եվ հինգերորդ՝ օգնություն խնդրեք ձեր Երկնային Հորից՝ Հիսուս Քրիստոսի անունով։
Հավատքն աշխատանք է պահանջում։ Հայտնություն ստանալու համար աշխատանք է պահանջվում։ Սակայն «ամեն ով որ խնդրում է` առնում է. եւ ով ով որոնում է` գտնում է, եւ ով որ դուռը թակում է` բացվում է նորան»:13 Աստված գիտի, թե ինչը կզարգացնի ձեր հավատքը: Հարցրեք, ապա նորից հարցրեք:
Անհավատ մարդը կարող է ասել, որ հավատքը թույլերի համար է։ Բայց այս պնդումը անտեսում է հավատքի զորությունը։ Արդյո՞ք Փրկիչի Առաքյալները Նրա մահից հետո իրենց կյանքը վտանգելով կշարունակեին ուսուցանել Նրա վարդապետությունը, եթե նրանք կասկածեին Նրան:14 Արդյո՞ք Ջոզեֆ ու Հայրում Սմիթները կնահատակվեին՝ պաշտպանելով Տիրոջ Եկեղեցու Վերականգնումը, եթե նրանք ամուր վկայություն չունենային, որ այն ճշմարիտ է: Արդյո՞ք շուրջ 2000 Սրբեր կզոհվեին ռահվիրաների արահետին15, եթե հավատք չունենային, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է: Իսկապես, հավատն այն ուժն է, որ հնարավորություն է տալիս ոչ սովորական միջոցներով իրականացնել անհնարինը։
Մի թերագնահատեք ձեր արդեն ունեցած հավատքը: Եկեղեցուն միանալու և հավատարիմ մնալու համար հավատք է պահանջվում։ Փորձագետներին և տարածված կարծիքների փոխարեն մարգարեներին լսելու համար հավատք է պահանջվում։ Համավարակի ընթացքում միսիա ծառայելու համար հավատք է պահանջվում։ Հավատք է պետք մաքրաբարո կյանքով ապրելու համար, երբ աշխարհը բղավում է, որ Աստծո մաքրաբարոյության օրենքը մոդայից դուրս է եկել։ Անցողիկ աշխարհում երեխաներին ավետարանը ուսուցանելու համար հավատ է պահանջվում։ Հավատք է պահանջվում, որպեսզի աղերսեք փրկել սիրելի մարդու կյանքը, իսկ այնուհետև ավելի մեծ հավատք է պահանջվում՝ հիասթափեցնող պատասխանն ընդունելու համար։
Երկու տարի առաջ մենք այցելեցինք Սամոա, Տոնգա, Ֆիջի և Թաիթի: Կղզու այդ բոլոր երկրներում օրեր շարունակ հորդառատ անձրև էր գալիս: Անդամները ծոմ էին պահում և աղոթում, որ իրենց բացօթյա ժողովների ժամանակ անձրև չգար։
Սամոայում, Ֆիջիում և Թաիթիում ժողովները սկսվելուն պես անձրևը դադարեց: Բայց Տոնգայում անձրևը չդադարեց: Այնուամենայնիվ, 13000 հավատարիմ Սրբեր ժամեր առաջ ժամանեցին, որպեսզի նստելու տեղ ունենային, համբերատար սպասեցին հորդառատ անձրևի տակ, ապա մասնակցեցին շատ խոնավ երկժամյա ժողովին։
Մենք կղզու բնակիչներից յուրաքանչյուրի մեջ աշխույժ հավատ տեսանք. բավարար հավատ՝ անձրևը դադարեցնելու համար, և հավատ՝ համբերելու համար, երբ անձրևը չդադարեց:
Մեր կյանքում միշտ չէ, որ սարերը տեղաշարժվում են այնպես, ինչպես կամ երբ մենք ենք ցանկանում: Բայց մեր հավատը մեզ միշտ առաջ է տանում։ Հավատքը միշտ մեծացնում է աստվածային զորություն ստանալու մեր ունակությունը։
Խնդրում եմ հիշեք սա․ եթե աշխարհում ամեն ինչ և բոլոր մարդիկ, ում վստահում եք, հիասթափեցնեն ձեզ, Հիսուս Քրիստոսը և Նրա Եկեղեցին ձեզ երբեք չեն հիասթափեցնի։ Տերը ո՛չ ննջում է և ո՛չ էլ քնում։16 Նա «նույնն է երեկ, այսօր և [վաղը]»։17 Նա չի հրաժարվի Իր ուխտերից,18 Իր խոստումներից կամ Իր ժողովրդի հանդեպ սիրուց: Նա հրաշքներ է գործում այսօր և Նա հրաշքներ կգործի վաղը։19
Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը ամենամեծ զորությունն է, որը մեզ հասանելի է այս կյանքում։ Ամեն բան կարելի է հավատացողներին։20
Նրա հանդեպ ձեր աճող հավատը սարեր կտեղաշարժի՝ ոչ թե երկիրը գեղեցկացնող քարից սարեր, այլ ձեր կյանքի թշվառության սարերը: Ձեր ծաղկող հավատի շնորհիվ ձեր մարտահրավերները կվերածվեն անօրինակ աճի և հնարավորության:
Այս Զատիկի կիրակի մեծ սիրով և երախտագիտությամբ ես հայտարարում եմ իմ վկայությունը, որ Քրիստոսն իսկապես հարություն է առել: Նա հարություն է առել, որպեսզի առաջնորդի Իր Եկեղեցին։ Նա հարություն է առել, որպեսզի օրհնի Աստծո բոլոր զավակների կյանքը, որտեղ էլ նրանք ապրեն: Նրա հանդեպ հավատք ունենալով մենք կարող ենք սարեր տեղաշարժել մեր կյանքում: Ես դա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: