Գերագույն համաժողով
«Ահա, ես հրաշքների Աստված եմ»
2021թ․ ապրիլի գերագույն համաժողով


14:37

«Ահա, ես հրաշքների Աստված եմ»

Հրաշքներն ու նշանները Հիսուս Քրիստոսի ներկայիս հետևորդների՝ իմ ու ձեր կյանքում նույնպես շատ են:

Իմ թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, մեծ արտոնություն է այսօր ելույթ ունենալ ձեր առջև։ Միանալով նրանց, ովքեր արդեն ելույթ են ունեցել այս համաժողովին, ես վկայում եմ ձեզ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա ղեկավարում է Իր Եկեղեցին: Նա խոսում է Իր մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետ և Նա սիրում է Երկնային Հոր բոլոր զավակներին:

Զատիկի այս կիրակի օրը մենք հիշում ենք Հիսուս Քրիստոսի Քավությունը, ով մեր Փրկիչն ու Քավիչն է, Ամենազոր Աստվածը,1 Խաղաղության Իշխանը:2 Նրա Քավությունը, որն իր գագաթնակետին հասավ Իր Հարությամբ՝ երեք օր վարձու գերեզմանում մնալուց հետո, հանդիսանում է մարդկության պատմության ամենամեծ հրաշքը: «Քանզի ահա, - հայտարարել է Նա, - ես եմ Աստված. և ես հրաշքների Աստված եմ»:3

«Մի՞թե հրաշքները դադարել են, որովհետև Քրիստոսը համբարձվել է երկինք և նստել Աստծո աջ կողմում»,4 - Մորմոն մարգարեն հարցնում է Մորմոնի Գրքում: Նա պատասխանում է. «Ո՛չ. ոչ էլ հրեշտակներն են դադարել մարդկանց զավակներին սպասավորելը»:5

Խաչելությունից հետո Տիրոջ հրեշտակը հայտնվեց Մարիամին և մի քանի այլ կանանց, ովքեր գնացել էին գերեզման՝ օծելու Հիսուսի մարմինը: Հրեշտակն ասաց.

«Ի՞նչ եք կենդանին մեռելների մէջ որոնում»:6

«Այստեղ չէ, այլ հարություն առավ»:7

Մորմոնի Գրքի մարգարե Աբինադին հռչակեց այդ հրաշքը.

«Եթե Հիսուսը հարություն չառներ մեռելներից, … չէր կարող լինել հարություն:

Բայց կա հարություն, հետևաբար գերեզմանը հաղթանակ չունի, և մահվան խայթը կուլ է գնացել Քրիստոսում»:8

Հիսուս Քրիստոսի հրաշագործ արարքները պատճառ դարձան, որ առաջին աշակերտները բացականչեն. «Սա ո՞վ է արդեոք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան»։9

Երբ վաղ շրջանի առաքյալները հետևում էին Հիսուս Քրիստոսին և լսում էին Նրան ավետարանն ուսուցանելիս, նրանք ականատես եղան բազմաթիվ հրաշքների: Նրանք տեսան, որ «կույրերը տեսնում են, և կաղերը գնում են, բորոտները սրբվում են, և խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, և աղքատներին ավետարան է քարոզվում»:10

Հրաշքներն ու նշանները Հիսուս Քրիստոսի ներկայիս հետևորդների՝ իմ ու ձեր կյանքում նույնպես շատ են: Հրաշքները Աստծո անսահման զորության աստվածային գործողություններն են, դրսևորումները, արտահայտություններն ու հաստատումը, որ Նա «նույնն է երեկ, այսօր և հավիտյանս»:11 Հիսուս Քրիստոսը, ով ստեղծել է ծովերը, կարող է դրանք հանդարտեցնել։ Նա, ով կույրերին տեսողություն տվեց, կարող է մեր հայացքները դեպի երկինք բարձրացնել, Նա, ով բորոտներին մաքրեց, կարող է շտկել մեր տկարությունները, Նա, ով բուժեց անդամալույծին, կարող է կոչ անել, որ մենք հարություն առնենք՝ ասելով. «Եկ, հետևիր ինձ»:12

Ձեզանից շատերն ականատես են եղել ավելի շատ հրաշքների, քան գիտակցում են: Դրանք կարող են փոքր թվալ այն բանի համեմատ, որ Հիսուսը մեռելներին հարություն էր տալիս: Բայց մեծությունը չէ, որ հրաշքը հրաշք է դարձնում, այլ այն, որ այդ հրաշքը Աստծուց է եկել: Ոմանք ասում են, որ հրաշքները պարզապես պատահականություններ են կամ ակնհայտ հաջողություններ: Բայց Նեփի մարգարեն դատապարտում էր նրանց, ովքեր «վայր են դնում Աստծո զորությունն ու հրաշքները և իրենք իրենց քարոզում են իրենց իսկ իմաստությունը և իրենց իսկ սովորածը, որպեսզի շահ ստանան»:13

Աստվածային զորությամբ հրաշքներ է գործում Նա, ով «զորավոր է փրկելու»:14 Հրաշքները Աստծո հավերժական ծրագրի շարունակությունն են. հրաշքները երկնքից երկիր ուղարկված փրկության օղակներ են:

Անցյալ աշնանը ես և քույր Ռասբանդը ճամփորդում էինք Գոշեն (Յուտա)՝ մասնակցելու «Դեմ առ դեմ» համաշխարհային միջոցառմանը, որը հեռարձակվում էր 16 լեզուներով՝ ավելի քան 600 000 մարդու համար:15 Ծրագիրը պետք է կենտրոնանար Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման իրադարձությունների վրա, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների երիտասարդների կողմից ներկայացված հարցերի վրա: Ես և քույր Ռասբանդը անձամբ էինք կարդացել հարցերը. դրանք մեզ հնարավորություն տվեցին վկայել Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարեի մասին, մեր կյանքում հայտնության զորության մասին, ինչպես նաև Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման և ճշմարտությունների ու պատվիրանների մասին, որոնք մենք բարձր ենք գնահատում: Այսօրվա շատ ունկնդիրներ այդ հրաշալի իրադարձության մասնակիցն էին:

Սկզբում, հեռարձակումը պետք է սկսվեր Նյու Յորքի նահանգում գտնվող Սրբազան պուրակում, որտեղ Ջոզեֆ Սմիթը վկայել է. «Ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով և ասաց՝ մատնացույց անելով մյուսին.Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»:16 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, դա հրաշք է եղել։

Փոքրիկ Երուսաղեմը Յուտայի Գոշեն քաղաքում

Համավարակը մեզ ստիպեց հեռարձակումը տեղափոխել Յուտա նահանգի Գոշեն բնակավայրը, որտեղ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին նկարահանման համար վերստեղծել էր հին Երուսաղեմի մի հատված: Այդ կիրակի երեկոյան ես և քույր Ռասբանդը Գոշենից մի քանի մղոն հեռավորության վրա էինք, երբ տեսանք, որ մեր նշանակետի ուղղությամբ թանձր ծուխ է բարձրանում: Տարածքում բռնկվում էին անտառային հրդեհներ, և մենք անհանգստանում էինք, որ հեռարձակումը կարող է վտանգված լինել: Ինչպես ենթադրվում էր, ժամը վեցից քսան րոպե պակաս՝ մեր հեռարձակման ժամին, ամբողջ համալիրի հոսանքն անջատվեց: Հոսանք չկար: Նշանակում էր, որ հեռարձակում չէր լինելու: Կար ընդամենը մեկ հոսանքի գեներատոր, և ոմանք կարծում էին, որ մենք ի վիճակի կլինենք հոսանք մատակարարել, բայց վստահություն չկար, որ այն կարող է սնուցել առկա բարդ սարքավորումները:

Հրդեհների ծուխը

Ծրագրի բոլոր մասնակիցները, ներառյալ՝ ելույթ ունեցողները, երաժիշտներն ու տեխնիկները, նույնիսկ իմ բարեկամներից 20 երիտասարդ չափահասները, ամբողջովին ընդգրկվել էին տեղի ունեցածի մեջ: Ես հեռացա նրանց արցունքներից և տիրող խառնաշփոթից ու Տիրոջից հրաշք աղերսեցի: «Երկնայի՛ն Հայր, - աղոթեցի ես, - հազվադեպ եմ հրաշք խնդրել, բայց հիմա խնդրում եմ: Այս հանդիպումը պետք է տեղի ունենա աշխարհի մեր բոլոր չափահաս երիտասարդների համար: Մեզ պետք է, որ հոսանքի մատակարարումը վերականգնվի, եթե դա Քո կամքն է»:

Ժամը վեցից յոթ րոպե անց, հոսանքը ինչպես հանկարծակի անջատվել էր, այնպես էլ կրկին միացավ: Ամեն ինչ սկսեց աշխատել՝ սկսած երաժշտությունից և խոսափողերից, մինչև տեսանյութերն ու փոխանցման բոլոր սարքավորումները: Մենք կարողացանք անմիջապես սկսել հեռարձակումը: Մենք հրաշքի ականատես եղանք:

Երաժշտական կատարում Դեմ առ դեմ միջոցառման ժամանակ

Երբ այդ երեկո ես և քույր Ռասբանդը մեքենայով տուն էինք վերադառնում, նախագահը և քույր Նելսոնը մեզ ուղարկեցին այս հաղորդագրությունը. «Ռոն, մենք ուզում ենք, որ դու իմանաս, որ հենց որ լսեցինք հոսանքի անջատման մասին, աղոթեցինք հրաշքի համար»:

Վերջին Օրերի սուրբ գրությունն ասում է. «Քանզի ես՝ Տերս, մեկնել եմ ձեռքս, որ գործի դնեմ երկնքի զորությունները. ներկայումս դուք չեք կարող տեսնել այն, բայց մի փոքր ևս, և դուք կտեսնեք ինձ, և կիմանաք, որ ես եմ, և որ ես կգամ ու կթագավորեմ իմ ժողովրդի հետ»:17

Հենց այդպես էլ եղավ: Տերը մեկնեց Իր ձեռքը, և հոսանքը վերականգնվեց:

Հրաշքները գործում են հավատի ուժի միջոցով, ինչպես Նախագահ Նելսոնն այնքան զորեղ կերպով սովորեցրեց մեզ վերջին նիստի ժամանակ: Մորոնի մարգարեն հորդորեց ժողովրդին. «Քանզի, եթե հավատք չլինի մարդկանց զավակների մեջ, Աստված չի կարող հրաշք գործել նրանց մեջ. ուստի, նախքան նրանց հավատքը, նա ցույց չտվեց իրեն»:

Նա շարունակեց.

«Ահա, Ալմայի և Ամուղեկի հավատքն էր, որ գետնին փլուզեց բանտը:

Ահա, Նեփիի ու Լեքիի հավատքն էր, որ փոփոխություն գործեց Լամանացիների մեջ, այնպես որ նրանք մկրտվեցին կրակով ու Սուրբ Հոգով:

Ահա, Ամմոնի և նրա եղբայրների հավատքն էր, որ Լամանացիների մեջ այնպիսի մեծ մի հրաշք գործեց: …

Եվ ոչ էլ երբևէ որևէ մեկը հրաշքներ է գործել, նախքան իր հավատքը. ուստի, նրանք առաջինը հավատացին Աստծո Որդուն»:18

Կարող եմ ավելացնել սուրբ գրության նման հատված. «Դա ջանասեր երիտասարդ կատարողների, հեռարձակման մասնագետների, Եկեղեցու ղեկավարների ու անդամների, առաքյալի և Աստծո մարգարեի հավատն էր, որ նրանք այնպիսի մի մեծ հրաշք էին փնտրում, որ հոսանքը վերականգնվեց Յուտա նահանգի Գոշենի հեռավար ֆիլմը ցուցադրվեց։»

Հրաշքները կարող են լինել աղոթքի պատասխանը: Միշտ չէ, որ դրանք այն են, ինչ մենք խնդրում կամ ակնկալում ենք, բայց երբ մենք ապավինենք Տիրոջը, Նա կլսի մեզ և ճիշտ ձևով ամեն ինչ կանի: Նա կհամապատասխանեցնի հրաշքը այն պահի հետ, որը մեզ անհրաժեշտ է:

Տերը հրաշքներ է գործում, որպեսզի մեզ հիշեցնի իր զորության մասին, մեր հանդեպ ունեցած իր սիրո մասին, մեր մահկանացու փորձառության մեջ իր ազդեցության մասին, և Իր ցանկության մասին, որ սովորեցնի, թե ինչն է առավել կարևոր: «Նա, ով բժշկվելու հավատք ունի առ ինձ», - ասել է Նա Սրբերին 1831 թ., և շարունակվում է այսօր, - «և նշանակված չէ մահվան, պիտի բժշկվի»:19 Երկնքում կան հրամանագրված օրենքներ, և մենք միշտ ենթարկվում ենք դրանց:

Կան ժամանակներ, երբ մենք հրաշքի հույս ունենք՝ սիրելի մարդուն բուժելու, անարդար արարքը հետ շրջելու կամ դառն ու հիասթափված հոգու սիրտը մեղմելու համար: Երևույթներին նայելով մահկանացու աչքերով՝ մենք ցանկանում ենք, որ Տերը միջամտի, շտկի կատարվածը: Հավատքի միջոցով հրաշքը տեղի կունենա, թեև պարտադիր չէ, որ լինի մեր ժամանակացույցով կամ մեզ ցանկալի որոշմամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք պակաս հավատարիմ ենք, կամ արժանի չենք նրա միջամտությանը: Ոչ: Տերը սիրում է մեզ: Նա Իր կյանքը տվեց մեզ համար, և Նրա Քավությունը շարունակում է ազատել մեզ բեռներից և մեղքից, երբ մենք ապաշխարում ենք ու ավելի շատ ենք մոտենում Նրան:

Տերը մեզ հիշեցնում է. «Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն»:20 Հիսուսն առաջարկում է մեզ. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ».21. հանգիստ՝ անհանգստությունից, հիասթափությունից, վախից, անհնազանդությունից, մտերիմների մասին մտահոգությունից, կորսված ու չիրականացած երազանքներից: Խաղաղությունը հրաշք է խառնաշփոթի կամ վշտի պահին: Հիշեք Տիրոջ խոսքերը. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»։22 Հրաշքն այն է, երբ Հիսուս Քրիստոսը՝ Մեծ Եհովան, Բարձրյալի որդին, արձագանքում է խաղաղությամբ:

Ճիշտ այնպես, ինչպես Նա պարտեզում հայտնվեց Մարիամին՝ կոչելով նրան անունով, այնպես էլ մեզ է կոչ անում, որ գործադրենք մեր հավատը: Մարիամը ձգտում էր ծառայել Նրան և հոգ տանել Նրա մասին: Նրա Հարությունն այն չէր, ինչ նա ակնկալում էր, բայց դա տեղի ունեցավ երջանկության մեծ ծրագրի համաձայն:

«Իջիր խաչիցը»,23 - անհավատների ամբոխը չարությամբ ծաղրում էր Նրան Գողգոթայի վրա: Նա կարող էր այդպիսի հրաշք գործել: Բայց Նա գիտեր վերջն ի սկզբանե, և Նա մտադիր էր հավատարիմ մնալ իր Հոր ծրագրին: Մենք չպետք է թերանանք հասկանալ այդպիսի օրինակը։

Փորձության ժամին Նա ասում է մեզ. «Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը»:24 Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, դա է մեզ բոլորիս խոստացված հրաշքը։

Զատիկի այս կիրակի օրը, երբ տոնում ենք մեր Տիրոջ հրաշափառ Հարությունը, որպես Հիսուս Քրիստոսի առաքյալ, ես խոնարհաբար աղոթում եմ, որ ձեր կյանքում զգաք Քավիչի զորությունը, որ մեր Երկնային Հորն ուղղված ձեր կոչերը պատասխան ստանան այն սիրով ու նվիրվածությամբ, որը Հիսուս Քրիստոսը ցուցադրեց իր ողջ ծառայության ընթացքում: Ես աղոթում եմ, որ հաստատուն և անխախտ կանգնեք այն ամենի մեջ, որ ապագան խոստանում է: Ես օրհնում եմ ձեզ, որ հրաշքներ հաճախ կատարվեն ձեր կյանքում, ինչպես մենք դա զգացինք Գոշենում, եթե դա է Տիրոջ կամքը: Որոնեք այս երկնային օրհնությունները ձեր կյանքում, երբ դուք «փնտրե[ք] այս Հիսուսին, որի մասին գրել են մարգարեներն ու առաքյալները, որպեսզի Հայր Աստծո, Տեր Հիսուս Քրիստոսի ու նաև Սուրբ Հոգու շնորհը, որը վկայում է նրանց մասին, լինի և մնա ձեր մեջ հավիտյան»։25 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։