Գերագույն համաժողով
Մեր ողջ հոգիները
2022 թ․ ապրիլի գերագույն համաժողով


14:16

Մեր ողջ հոգիները

Եթե մենք ցանկանում ենք, որ Փրկիչը մեզ բարձրացնի դեպի երկինք, ապա Նրա հանդեպ և Նրա ավետարանի հանդեպ մեր պարտավորությունը չի կարող անփույթ կամ պատահական լինել:

Նվիրատվություն Նրան

Իր կյանքը մեզ համար տալուց ընդամենը մի քանի օր առաջ Հիսուս Քրիստոսը Երուսաղեմի տաճարում էր և դիտում էր, թե մարդիկ ինչպես են նվիրատվություններ կատարում տաճարի գանձարանին: «Եվ շատ հարուստներ շատ բաներ էին գցում», բայց հետո մի աղքատ այրի կին եկավ և «երկու լումայ գցեց»։ Այնքան փոքր գումար էր, որ դժվար թե արժեր արձանագրել։

Այրի կինը նվիրաբերում է երկու լումա

Եվ այնուամենայնիվ, այս անհետևանք թվացող նվիրատվությունը գրավեց Փրկիչի ուշադրությունը: Իրականում, դա այնքան խորը տպավորեց Նրան, որ «իր աշակերտներին իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ` թէ այս ազքատ որբեւայրին գանձանակը գցողների ամենից ավելի գցեց.

Որովհետեւ ամենքն իրանց աւելորդիցը գցեցին. Բայց սա իր չքաւորութիւնիցը ամեն ինչ որ ունէր գցեց, իր կեանքի բոլոր ապրուստը»:1

Այս պարզ դիտարկմամբ Փրկիչն ուսուցանեց մեզ, թե ինչպես են նվիրատվությունները չափվում Իր արքայությունում, և դա միանգամայն տարբերվում է այն եղանակից, որով մենք սովորաբար չափում ենք իրերը: Տիրոջ համար նվիրատվության արժեքը չափվում էր ոչ թե գանձարանի վրա ունեցած ազդեցությամբ, այլ նվիրատուի սրտի վրա ունեցած ազդեցությամբ:

Գովաբանելով այս հավատարիմ այրուն՝ Փրկիչը մեզ չափանիշ տվեց՝ չափել մեր աշակերտությունը իր բոլոր արտահայտումներով. Հիսուսն ուսուցանեց, որ մեր նվիրատվությունը կարող է լինել մեծ կամ փոքր, բայց ամեն դեպքում, այն պետք է լինի մեր ողջ հոգով:

Այս սկզբունքը կրկնվում է Մորմոնի Գրքի մարգարե Ամաղեկիի խնդրանքում. «Ես կկամենայի, որ դուք գաք Քրիստոսի մոտ, որը Սուրբն է Իսրայելի, և ճաշակեք նրա փրկությունից և նրա փրկագնման զորությունից: Այո, եկեք նրա մոտ և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան` որպես ընծա»:2

Բայց ինչպե՞ս է դա հնարավոր: Մեզանից շատերի համար ողջ հոգով նվիրվածության այդպիսի չափանիշը անհասանելի է թվում: Մեր կյանքում արդեն այնքան շատ բաներ կան, որոնք պահանջում են մեր ուշադրությունն ու ջանքերը։ Ինչպե՞ս կարող ենք հավասարակշռել կյանքի բազմաթիվ պահանջները մեր ցանկությունների հետ, որպեսզի մեր ողջ հոգին նվիրաբերենք Տիրոջը:

Թերևս մեր մարտահրավերն այն է, որ մենք կարծում ենք, թե հավասարակշռել նշանակում է մեր ժամանակը հավասարաչափ բաշխել մրցակցող շահերի միջև: Այս կերպ դիտարկելով՝ մեր նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին կլինի այն շատ բաներից մեկը, որը մենք պետք է տեղավորենք մեր զբաղված ժամանակացույցում: Բայց թերևս, գոյություն ունի դրա դիտարկման մեկ այլ եղանակ:

Հավասարակշռություն. ինչպես ենք վարում հեծանիվը

Ես և կինս՝ Հարիետը, սիրում ենք միասին հեծանիվ քշել։ Դա հիանալի միջոց է մարզվելու և միասին ժամանակ անցկացնելու համար: Մինչ մենք հեծանիվ ենք քշում, և ես շատ ծանր չեմ շնչում ու արտաշնչում, մենք վայելում ենք մեզ շրջապատող գեղեցիկ աշխարհը և նույնիսկ հաճելի զրույցի ենք բռնվում: Հազվադեպ մենք ստիպված ենք մեծ ուշադրություն դարձնել մեր հեծանիվներին՝ հավասարակշռությունը պահպանելու համար: Մենք այնքան երկար ենք հեծանիվ քշում, որ չենք էլ մտածում այդ մասին, դա մեզ համար սովորական և բնական է դարձել:

Բայց երբ դիտում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկը առաջին անգամ սովորում հեծանիվ քշել, հիշում եմ, որ հեշտ չէ հավասարակշռվել այդ երկու նեղ անիվների վրա: Դա ժամանակ է պահանջում: Դա վարժանք է պահանջում: Դա համբերություն է պահանջում: Նույնիսկ մի երկու անգամ պետք է վայր ընկնես:

Նրանք, ում հաջողվում է հավասարակշռել հեծանիվը, հիմնականում սովորում են այս կարևոր խորհուրդները.

Մի նայեք ձեր ոտքերին:

Նայեք առաջ:

Աչքերը պահեք ձեր առջև գտնվող ճանապարհի վրա: Կենտրոնացեք ձեր նպատակակետի վրա: Եվ աշխատեք ոտնակով: Հավասարակշռված մնալ՝ նշանակում է առաջ շարժվել:

Նմանատիպ սկզբունքներ կիրառվում են, երբ խոսքը վերաբերում է մեր կյանքում հավասարակշռություն գտնելուն` որպես Հիսուսի աշակերտներ: Ձեր ժամանակի ու եռանդի բաշխումը ձեր բազմաթիվ կարևոր խնդիրների միջև կարող է տարբեր լինել՝ կախված յուրաքանչյուր անձից և ձեր կյանքի տարբեր ժամանակահատվածներից: Բայց մեր ընդհանուր նպատակն է հետևել մեր Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի ճանապարհին, և վերադառնալ մեր սիրելի Երկնային Հոր ներկայություն: Այս նպատակը պետք է մնա հաստատուն և հետևողական՝ ով էլ որ լինենք, և ինչ էլ որ տեղի ունենա մեր կյանքում:3

Բարձրացեք՝ ինչպես ինքնաթիռով թռչելիս

Նրանց համար, ովքեր մոլի հեծանվորդներ են, աշակերտությունը հեծանիվ վարելու հետ համեմատելը կարող է օգտակար նմանություն լինել: Նրանց համար, ովքեր չեն սիրում հեծանիվ քշել, մի անհանգստացեք: Ես ունեմ ևս մեկ նմանություն, որի հետ վստահ եմ, որ յուրաքանչյուր տղամարդ, կին և երեխա կկարողանա առնչվել:

Աշակերտությունը, ինչպես կյանքում շատ բաներ, նույնպես կարելի է համեմատել ինքնաթիռով թռչելու հետ:

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան զարմանալի է, որ հսկայական մարդատար ինքնաթիռը կարող է իրականում կտրվել գետնից և թռչել: Ի՞նչն է ստիպում այս թռչող մեքենաներին նրբագեղորեն ճախրել երկնքում՝ հատելով օվկիանոսներն ու մայրցամաքները:

Պարզ ասած՝ ինքնաթիռը թռչում է միայն այն ժամանակ, երբ օդը շարժվում է նրա թևերի վրայով։ Այդ շարժումը ստեղծում է օդի ճնշման տարբերություններ, որոնք թույլ են տալիս, որ ինքնաթիռը բարձրանա: Իսկ ինչպե՞ս ենք ստանում այնքան օդ, որը կշարժվի թևերի վրայով՝ ապահովելով թռիչքը: Պատասխանն է՝ առաջ մղել ինքնաթիռը շարժիչների օգնությամբ:

Թռիչքուղու վրա նստած ինքնաթիռը բարձրություն չի ստանում: Նույնիսկ քամոտ օրը բավականաչափ ամբարձիչ ուժ չի ստեղծվում, քանի դեռ ինքնաթիռը դեռ առաջ չի շարժվում բավականաչափ մղումով, որպեսզի հակազդի իրեն հետ պահող ուժերին:

Ինչպես առաջընթաց շարժն է հեծանիվը պահում հավասարակշռված և ուղղահայաց վիճակում, այնպես էլ առաջ շարժվելն է օգնում ինքնաթիռին հաղթահարել ձգողականությունն ու քաշել:

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: Դա նշանակում է, որ եթե մենք ցանկանում ենք հավասարակշռություն գտնել կյանքում, և Փրկիչը մեզ երկինք բարձրացնի, ապա Նրա հանդեպ և Նրա ավետարանի հանդեպ մեր պարտավորությունը չի կարող անփույթ կամ պատահական լինել: Ինչպես Երուսաղեմի այրին, մենք ևս պետք է Նրան մատուցենք մեր ողջ հոգին: Մեր առաջարկը կարող է փոքր լինել, բայց այն պետք է բխի մեր սրտից և հոգուց:

Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը միայն այն քայլերը չեն, որոնք մենք կատարում ենք: Փրկիչն է մղիչ ուժը այն ամենի, ինչ մենք անում ենք: Նա մեր ճամփորդության համար հանգստավայր չէ: Նա գեղատեսիլ արահետ և նույնիսկ գլխավոր տեսարժան վայր չէ: Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը, ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթե ոչ [Հիսուս Քրիստոսով]»:4 Դա է Ճանապարհը և մեր վերջնական նպատակակետը:

Հավասարակշռությունն ու բարձրացումը կգան, երբ մենք «առաջ մղվե[ն]ք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»:5

Զոհաբերում և նվիրաբերում

Իսկ ի՞նչ կարելի է ասել բազմաթիվ խնդիրների ու պարտականությունների մասին, որոնք այնքան բազմազբաղ են դարձնում մեր կյանքը: Ժամանակ անցկացնել սիրելի մարդկանց հետ, գնալ դպրոց և մասնագիտական պատրաստություն ստանալ, վաստակել ապրուստը, հոգալ ընտանիքի մասին, ծառայել համայնքում. ինչպե՞ս կարող ենք հավասարակշռել այդ ամենը։ Փրկիչը հավաստիացնում է մեզ.

«Քանզի ձեր երկնային Հայրը գիտի, որ այս բոլոր բաները ձեզ պետք են:

Բայց փնտրեք, նախ, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և բոլոր այս բաները կտրվեն ձեզ»:6

Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան հեշտ է:7 Դա պահանջում է՝ թե՛ զոհաբերություն, թե՛ նվիրաբերում:

Դա պահանջում է հրաժարվել որոշ բաներից, և ավելի շատ ժամանակ հատկացնել առավել կարևորներին:

Զոհաբերումն ու նվիրաբերումը երկու երկնային օրենքներ են, որոնց մենք ուխտում ենք հնազանդվել սուրբ տաճարում: Այս երկու օրենքները նման են, բայց ոչ նույնական: Զոհաբերել նշանակում է հրաժարվել ինչ-որ բանից՝ հանուն ավելի արժեքավոր բանի։ Հնում Աստծո ժողովուրդը զոհաբերում էր իր հոտերի առաջնեկներին՝ ի պատիվ գալիք Մեսիայի։ Պատմության ընթացքում հավատարիմ Սրբերը զոհաբերել են անձնական ցանկությունները, հարմարավետությունը և նույնիսկ իրենց կյանքը՝ հանուն Փրկիչի:

Մենք բոլորս ունենք մեծ ու փոքր բաներ, որոնք պետք է զոհաբերենք՝ Հիսուս Քրիստոսին լիովին հետևելու համար:8 Մեր զոհաբերությունները ցույց են տալիս, թե մենք ինչն ենք իսկապես գնահատում: Զոհաբերությունները սրբացվում և մեծարվում են Տիրոջ կողմից։9

Նվիրաբերումը տարբերվում է զոհաբերությունից առնվազն մեկ կարևոր առումով: Երբ մենք ինչ-որ բան ենք նվիրաբերում, մենք չենք թողնում, որ այն սպառվի զոհասեղանի վրա: Ավելի շուտ, մենք այն օգտագործում ենք Տիրոջ ծառայության մեջ: Մենք այն նվիրում ենք Նրան և Նրա սուրբ նպատակներին:10 Մենք ստանում ենք տաղանդները, որոնք Տերը տվել է մեզ, և ջանում ենք բազմապատկել դրանք, որպեսզի ավելի օգտակար լինենք Տիրոջ արքայության կառուցման գործին։11

Մեզանից շատ քչերին երբևէ կխնդրեն զոհաբերել կյանքը Փրկիչի համար: Բայց մենք բոլորս հրավիրված ենք նվիրաբերել մեր կյանքը Նրան:

Մեկ աշխատանք, մեկ ուրախություն, մեկ նպատակ

Երբ մենք ձգտում ենք մաքրել մեր կյանքը և բոլոր մտորումներում նայել Քրիստոսին,12 մնացած ամեն ինչ սկսում է հավասարվել: Կյանքն այլևս չի թվում առանձին ջանքերի երկար ցանկ, որոնք պահվում են թույլ հավասարակշռության մեջ:

Ժամանակի ընթացքում այդ ամենը դառնում է մեկ աշխատանք։

Մեկ ուրախություն:

Մեկ սուրբ նպատակ.

Դա Աստծուն սիրելու և ծառայելու գործն է: Դա Աստծո զավակներին սիրելն ու ծառայելն է:13

Երբ մենք նայում ենք մեր կյանքին և տեսնում հարյուրավոր անելիքներ, մեզ ծանրաբեռնված ենք զգում: Երբ մենք տեսնում ենք մի բան՝ սիրել և ծառայել Աստծուն ու Նրա զավակներին հարյուրավոր ձևերով, ապա կարող ենք ուրախությամբ կենտրոնանալ դրանց վրա:

Ահա թե ինչպես ենք մենք առաջարկում մեր ողջ հոգիները՝ զոհաբերելով այն ամենը, ինչը մեզ հետ է պահում, նվիրաբերելով մնացածը Տիրոջն ու Նրա նպատակներին:

Խրախուսանքի և վկայության խոսք

Իմ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր, իմ սիրելի՛ ընկերներ, կլինեն պահեր, երբ դուք կկամենաք ավելին անել: Ձեր սիրող Երկնային Հայրը ճանաչում է ձեր սիրտը: Նա գիտի, որ դուք չեք կարող անել այն ամենը, ինչը ձեր սիրտը ցանկանում է անել: Բայց դուք կարող եք սիրել և ծառայել Աստծուն: Դուք կարող եք անել հնարավոր ամեն բան՝ Նրա պատվիրանները պահելու համար։ Դուք կարող եք սիրել և ծառայել Նրա զավակներին: Իսկ ձեր ջանքերը մաքրում են ձեր սիրտը և պատրաստում ձեզ փառավոր ապագայի:

Սա այն է, ինչը, կարծես, հասկացավ այրին տաճարի գանձարանի մոտ: Նա, անշուշտ, գիտեր, որ իր նվիրաբերումը չի փոխի Իսրայելի ճակատագիրը, բայց այն կարող էր փոխել և օրհնել իրեն, որովհետև թեև փոքր էր, բայց իր ողջ ունեցածն էր:

Ուստի, իմ սիրելի՛ ընկերներ և Հիսուս Քրիստոսի սիրելի՛ աշակերտներ, եկեք «[չձանձրանանք] բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի»: Եվ փոքր բաներից է առաջանում «այն, ինչը մեծ է»:14

Ես վկայում եմ, որ դա ճշմարիտ է, ինչպես նաև վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Վարդապետն է, մեր Քավիչը և մեր մեկ ու միակ Ճանապարհը դեպի մեր սիրելի Երկնային Հայրը: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Մարկոս 12.41–44:

  2. Օմնի 1.26:

  3. Մեր երեխաներին ու երիտասարդներին հրավիրվում ենք աճել հավասարակշռված ձևով, երբ նրանք հետևում են Հիսուս Քրիստոսին, ով որպես երիտասարդ տղամարդ «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ» (Ղուկաս 2.52):

  4. Հովհաննես 14.6:

  5. 2 Նեփի 31.20:

  6. 3 Նեփի 13.32–33, տես նաև Մատթեոս 6.32–33: Մատթեոս 6.38-ի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը լրացուցիչ պատկերացում է տալիս. «Մի՛ փնտրեք այս աշխարհի բաները, այլ նախ ջանացեք կառուցել Աստծո արքայությունը և հաստատել նրա արդարությունը» (Մատթեոս 6.33, ծանոթագրություն ա):

  7. Օրինակներից մեկը գալիս է մեր մարգարեից՝ նախագահ Ռասել Մ. Նելսոնից: Երբ նա իր մասնագիտական կարիերայի գագաթնակետին էր՝ որպես սրտի վիրաբույժ, նրան կանչեցին ցցի նախագահ: Երեցներ Սփենսեր Վ. Քիմբալը և Լեգրանդ Ռիչարդսը հայտնեցին նոր կոչման մասին: Գիտակցելով նրա մասնագիտական կյանքի պահանջները՝ նրանք ասացին. «Եթե դու զգում ես, որ շատ զբաղված ես և չպետք է ընդունես կոչումը, դա քո իրավունքն է»։ Նա պատասխանեց, որ կանչվելիս ծառայելու կամ չծառայելու մասին իր որոշումը կայացվել է վաղուց, երբ նա և իր կինը տաճարային ուխտեր կապեցին Տիրոջ հետ: «Այնուհետև մենք պարտավորվեցինք,- ասաց նա,- «առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրե[լ]» [Մատթեոս 6.33], վստահ զգալով, որ մնացած ամեն ինչ կավելացվի մեզ, ինչպես Տերն էր խոստացել»: (Russell Marion Nelson, From Heart to Heart: An Autobiography [1979], 114).

  8. Նախագահ Նելսոնը վերջերս խոսեց «մեզնից յուրաքանչյուրի համար Փրկիչի օգնությամբ մեր կյանքի հին բեկորները հեռացնելու անհրաժեշտության մասին: Ես հրավիրում եմ ձեզ աղոթել»,- ասաց նա -,«բացահայտելու աղբը, որը դուք պետք է հեռացնեք ձեր կյանքից, որպեսզի կարողանաք ավելի արժանավոր դառնալ» («Ողջույնի խոսք», Լիահոնա, մայիս 2021, 7):

  9. Սուրբ գրություններն ասում են, որ Աստծո համար մեր զոհաբերություններն ավելի սուրբ են, քան մեր ձեռքբերումները (տես Վարդապետություն և Ուխտեր 117.13): Սա կարող է լինել պատճառներից մեկը, որ Տերը ավելի շատ էր գնահատում այրի կնոջ լումաները, քան հարուստների ներդրումը: Առաջինը զոհաբերություն էր, որը մաքրագործող ազդեցություն ունի տվողի վրա: Վերջինս, թեև կարող էր ավելի շատ գումար վաստակել, բայց զոհաբերություն չէր, և տվողին թողեց անփոփոխ:

  10. Մեզանից շատ քչերին երբևէ կխնդրեն զոհաբերել կյանքը Փրկիչի համար: Բայց մենք բոլորս հրավիրված ենք նվիրաբերել մեր կյանքը Նրան:

  11. Տես Մատթեոս 25.14–30:

  12. Տես Վարդապետություն և Ուխտեր 6․36:

  13. Այս կերպ մենք մեր կյանքում տեսնում ենք Պողոս առաքյալի մարգարեության կատարումը. «Ժամանակների լրութեան տնտեսութեան համար [Աստված] ամեն բան [կ]բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում» (Եփեսացիս 1.10):

  14. Վարդապետություն և Ուխտեր 64․33։