Ես կիսվելու շատ բան ունեի
Բրենթ Ֆիշեր, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ես միշտ մտածել էի արտակարգ իրավիճակներին պատրաստված լինելու մասին, որ կարողանայի հոգ տանել իմ ընտանիքի և իմ մասին: Սակայն 1992թ. մի կիրակի հարավային Ֆլորիդայում սովորեցի այլ տեսանկյունից նայել պատրաստվածությանը: Էնդյրու փոթորիկը, որը Միացյալ Նահանգների համար ամենակործանանար և մեծ վնասներ հասցնող փոթորիկներից մեկն էր, վրա հասավ մի գեղեցիկ ամառային օր Մայամիում, Ֆլորիդա:
Ես ժամանակավորապես միայնակ ապրում էի ծովափնյա բնակարանում և մասնակցում էի եռամսյա վերապատրաստման ծրագրին: Երբ փոթորկի նախազգուշացումը եկավ, տեղեկացնելով, որ պետք է մինչև կեսօր էվակուացնեինք մեր բնակարանային համալիրը, մեր գործընկերը հյուրանոցային համարներ էր պատվիրել բոլոր աշխատակիցների և ինձ համար: Ես փակեցի իմ պատուհանները և հավաքեցի իմ անձնական իրերը:
Նախապատրաստվելով կնոջս և երեխաներիս մեկշաբաթյա այցին՝ նախորոք բավականին ուտելիք և ջուր էի գնել իմ վեցհոգանոց ընտանիքի համար: Անհանգստությունս անցավ, երբ իմացա, որ ապահով վայր եմ գնալու և ունեի այնքան ուտելիք, որ մի քանի շաբաթ կբավարարեր:
Երբ 10:30-ին պատրաստվում էի դուրս գալ բնակարանից, զգացի, որ ամեն ինչ կարգին էր: Ծնկի իջա՝ աղոթքով շնորհակալություն հայտնելով Երկնային Հորը իմ օրհնությունների համար և խնդրելով Նրա օգնությունը սպասվող փոթորկի ժամանակ: Երբ աղոթքս ավարտում էի, Հոգին հուշեց ինձ ասել. «Եթե կա մեկը, որն օգնության կարիք ունի, խնդրում եմ օգնիր ինձ գտնել նրան»:
Մի քանի րոպե չէր անցել, երբ իմ դուռը թակեց 80-ն անց մի այրի: «Կներեք,- ասաց նա,- ես շփոթել եմ սենյակը: Ես ընկերոջս եմ փնտրում»:
Նա հյուծված տեսք ուներ: Երբ հարցրեցի, թե ինչով կարող եմ օգնել, նա շփոթված ասաց, որ չգիտի՝ ինչ անի և ուր գնա: Ես հարցրեցի, թե որտեղ է ապրում, և մենք միասին գնացինք նրա բնակարան, գնահատեցինք իրավիճակը և արագ դիտարկեցինք նրա տարբերակները:
Ես ասացի նրան, որ իմ ընկերությունը գուցե կարողանա հյուրանոցի սենյակներից մեկում տեղ հատկացնել իրեն և հրավիրեցի նրան մնալ մեր խմբի հետ: Նա թեթևացած շունչ քաշեց: Մենք արագ հավաքեցինք նրա իրերը, ապահով փակեցինք բնակարանը և ես մեր աշխատակիցներից մեկին խնդրեցի նրա մեքենան հյուրանոց տանել:
Երբ պատրաստվում էի հեռանալ, երկու այրիներ ևս օգնություն խնդրեցին: Ես օգնեցի, որ նրանք հանգստանային և կարողանային հստակ մտածել, թե որտեղ կարող էին ապաստան գտնել: Երբ վերցնում էի իմ աշխատակիցներից մեկի իրերը, մեկ այլ տարեց այրի օգնություն խնդրեց: Մենք նրա կոտրվող իրերը ապահով տեղում դրեցինք և օգնեցինք նրան հեռանալ:
Միևնույն ժամանակ մեր մյուս աշխատակիցները հրավիրեցին ափին ապրող երկու ուսանողների մեր խմբի հետ հյուրանոցում մնալ: Նրանք ունեին միայն երկու բաժին նախաճաշիկ և մոտ մեկ լիտր հանքային ջուր: Բարեբախտաբար, ես կիսվելու շատ բան ունեի, ոչ միայն նրանց, այլև մյուսների հետ:
Ինչպիսի՜ օրհնություն էր՝ պատրաստվել և առաջնորդվել Տիրոջ կողմից: Դա ինձ հնարավորություն տվեց հանգստացնել մյուսներին տագնապի պահին և չմտածելով իմ մասին գրեթե ողջ ժամանակս ծախսել՝ օգնելով մյուսներին: Ես առավել քան երախտապարտ էի մեր քահանայության ղեկավարների կողմից տրված պատրաստված լինելու խորհրդի համար: