Ճի՞շտ է, թե սխալ
Երբեմն ճիշտը սխալից տարբերելը դժվար է, սակայն մեր Երկնային Հայրը տվել է մեզ հզոր պարգևներ, որպեսզի օգնի մեզ տարբերել Աստծո ճշմարտությունը սատանայի ստերից:
Եթե երբևէ ճիշտ կամ սխալ պատասխաններով ստուգողական հարցերի եք պատասխանել, գիտեք, որ երբեմն դժվար է գտնել սխալը: Նմանապես, հավատքի, համոզմունքի և ամենօրյա կյանքի մեծ հարցերում երբեմն նաև դժվար է ճիշտը սխալից տարբերել, որն անչափ կարևոր է:
Սակայն, մենք չպետք է վախենանք անպատրաստ քննություն հանձնողների պես: Մեր Երկնային Հայրը օրհնել է մեզ շատ պարգևներով, օգնելով մեզ ընկալել Իր ճշմարտությունը և հակառակորդի սուտը:
Տարբեր տեսակի ստեր
Նախ, ավելի պարզորոշ ներկայացնելու համար, տրվում է ճիշտ-կամ-սխալ վիկտորինա ձեզ համար.
-
Լուսինը կանաչ է: ճիշտ սխալ
-
Ապոլո 12 տիեզերանավի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը, որն առաջին մարդն էր, որ քայլեց լուսնի վրա, ասել է, որ այդ իրադարձությունը մի «հսկա թռիչք էր մարդկության համար»:ճիշտ սխալ
-
Ազգային ավիացիայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի (NASA) ծրագիրը 1969թ. չկարողացավ գնալ Մարս, այնպես որ նրանք ստիպված գնացին լուսին: ճիշտ սխալ
-
Արևային քամիները, ճառագայթումը, տիեզերական ճառագայթները և այլ խոչընդոտները թույլ չէին տա մարդուն իջնել լուսնի վրա, բացի այդ լուսանկարները փոփոխված են և ականատեսների պատմությունները որոշ մանրամասների վերաբերյալ չեն համընկնում, այնպես որ ԱՄՆ-ի կառավարությունը հավանաբար բեմականացրել է այդ ողջ իրադարձությունը:ճիշտ սխալ
Այս հարցերի պատասխանն է՝ Սխալ, և այդ հարցերում առկա են հիմնական տեսակի անճշտություններ, որոնց ամենայն հավանականությամբ դուք կհանդիպեք:
Հարց 1-ը սովորական անճշտություն է՝ բացահայտ սխալ: Հարց 2-ը մասնակի ճշմարտություն է, որը բարդ է, քանի որ զուգորդում են մեկ կամ ավելի ճշմարտությունները անճշտության հետ (դա Ապոլո 11 էր, և ոչ Ապոլո 12— բռնվեցի՞ք): Հարց 3-ը պարունակում է սխալ երկակիություն, կամ իրավիճակ, որտեղ միայն երկու տարբերակներ են ներկայացված, որոնք իրականում միակ տարբերակները չեն (օրինակ՝ NASA-ն կարող էր ընտրել չգնալ ոչ մի տեղ): Հարց 4-ը «տրամաբանական» փաստարկ է, որը գուցե հնչում է ողջամիտ, սակայն հաճախ ունի թերի ապացույցներ, որ հանգեցնում է որոշակի սխալ եզրակացության:
Ժամանակակից ստեր
Երբ խոսքը վերաբերում է այն ամենին, ինչն ազդում է ձեր մտքերի, համոզմունքների, ընտրությունների և վարքագծի վրա, որոնք ունեն հավերժական հետևանքներ, արժե դիտարկել տարբեր տեսակի կեղծիքներ, քանի որ սատանան «ստերի հայրը» (2 Նեփի 9.9), մեզ խաբելու համար կօգտագործի ամեն եղանակ: Տրված են մի քանի օրինակներ, թե ինչպես է նա դա անում այսօր, ինչպես նաև բերված են օրինակներ, թե ինչպես կարող ենք մենք ճիշտ պատասխանել:
Սովորական անճշտություն
Սխալ միտք. |
Ուր է այն տանում (Մեծ սուտ). |
Ճշմարտությունը. |
Պոռնոգրաֆիան նորմալ է և ոչ մեկին վնաս չի պատճառում: |
Վստահ եղեք և դիտեք պոռնոգրաֆիա: |
Պոռնոգրաֆիան աղավաղում է սեքսուալության վերաբերյալ մեր պատկերացումը, կարող է հակում առաջացնել, խորապես վնասում է մեզ հոգևոր առումով և կարող է կործանել հարաբերությունները: |
Մասնակի ճշմարտություն
Սուտ միտք. |
Ուր է այն տանում (Մեծ սուտ). |
Ճշմարտությունը. |
Յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է և կարող է ապրել ըստ իր կամքի, այնպես որ ձեր կյանքում ամենակարևորն այն է, թե ինչպես եք զգում և դրսևորում ձեզ: |
Դուք չպետք է թույլ տաք Աստծուն կամ Եկեղեցուն թելադրել ձեզ ինչպես պետք է ապրել, այնպես որ վստահորեն արեք այն, ինչ ուզում եք, եթե դա ձեզ համար հաճելի է: |
Մեզանից յուրաքանչյուրը Երկնային Հոր առանձնահատուկ զավակն է, ով ցանկանում է, որ մենք հնարավորինս զարգանանք և նմանվենք Իրեն: Նրա պատվիրաններին հնազանդվելն օգնում է մեզ լիարժեք ուրախություն ունենալ: |
Սխալ երկակիություն (միայն երկու տարբերակ)
Սխալ գաղափար. |
Ուր է այն տանում (Մեծ սուտ). |
Ճշմարտությունը. |
Եկեղեցին քարոզում է որոշակի ապրելակերպերի դեմ, հետևաբար, այն հանդուրժող չէ և ատում է մարդկանց, ընդունող և սիրող չէ: |
Քանի որ Եկեղեցին անհանդուրժող է և ատում է մարդկանց, պետք է այն քննադատել, ծաղրել և դատապարտել, և դուք պետք է դադարեցնեք կապը Եկեղեցու հետ: |
Չընդունել ինչ-որ մեկի ապրելակերպը չի նշանակում ատելություն և անհանդուրժողականություն դրսևորել: Մենք կարող ենք կարեկցանք, հարգանք և բարյացակամություն դրսևորել բոլորի, այդ թվում՝ այն մարդկանց հանդեպ, ում ապրելակերպը հակասում է Աստծո օրենքներին, հավատարիմ մնալով Աստծուն և Նրա պատվիրաններին: |
«Տրամաբանական» փաստարկ
Սուտ գաղափար |
Ուր է այն տանում (Մեծ սուտ). |
Ճշմարտությունը. |
Մորմոնի Գրքում որոշ բաներ հերքվում են ներկայից գիտական ապացույցներով, և դրա թարգմանության մասին պատմությունները հակասական են, ուստի Ջոզեֆ Սմիթն ամենայն հավանականությամբ այդ ամենը հորինել կամ արտագրել է ինչ-որ տեղից: |
Մորմոնի Գիրքը ճշմարիտ չէ և Ջոզեֆ Սմիթը մարգարե չէ, հետևաբար, դադարեցրեք կապը Եկեղեցու հետ: |
Գիտությունը հաստատում է Մորմոնի Գրքում գրված շատ բաներ, իսկ ընդդեմ դրա «ապացույցները» թերի են: Սակայն գրքի համար ամենակարևոր ապացույցը Հոգու վկայությունն է առ այն, որ այն ճշմարիտ է և Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե էր: |
Ինչպես իմանալ ճշմարտությունը
Ուրեմն, որտեղի՞ց է բխում ճշմարտության մասին ավելի լիարժեք պատկերացումը: Ինչպե՞ս կարող ենք բացահայտել սուտը: Ահա մի քանի հզոր պարգևներ, որոնք Երկնային Հայրը տվել է մեզ՝ ճշմարտությունը կեղծիքից զանազանելու համար:
-
Քրիստոսի Լույսը: «Քրիստոսի Լույսը … հուշում է բոլոր բանական մարդկանց երկրի վրա տարբերելու ճշմարտությունը մոլորությունից, ճիշտը սխալից: Այն ակտիվացնում է ձեր խիղճը»:1
-
Սուրբ Հոգին: «Ճշմարտության Հոգին … կուղղորդի ձեզ դեպի ողջ ճշմարտությունը» (Հովհաննես 16.13):
-
Սուրբ գրությունները: «Աստված օգտագործում է սուրբ գրությունները, որպեսզի դիմակազերծի սխալ մտածելակերպը, կեղծ ավանդույթները և մեղքը՝ իր կործանարար հետևանքներով»:2 Այդ առումով կարևոր է Մորմոնի Գիրքը, քանզի այն «բացահայտում է Քրիստոսի թշնամիներին: Այն հերքում է կեղծ վարդապետությունները և դադարեցնում հակառակությունը (տես 2 Նե. 3.12)»:3
-
Ժամանակակից մարգարեները: «[Մարգարեի] պարտականությունն է՝ մարդկությանը հայտնի դարձնել Աստծո կամքը և իրական բնավորությունը: … Մարգարեն դատապարտում է մեղքը և զգուշացնում դրա հետևանքների մասին»:4
-
Կրթություն: «Սուրբը … ձգտում է սովորել ուսումնառությամբ և նաև հավատքով: Կրթությունը … հնարավորություն է տալիս մարդուն ճշմարտությունը տարբերել կեղծիքից, հատկապես՝ սուրբ գրություններն ուսումնասիրելով (տես ՎևՈւ 88.118)»:5
Թեպետ երբեմն հեշտ չէ պատասխանել Ճիշտ, թե Սխալ հարցին, երբ մի քանի տարբերակներ են տրված, Երկնային Հայրը պարգևներ է տվել, որոնք կարող են օգնել ձեզ պատասխանել նման հարցերին: