2014
Սպասելով արևածագին
Ապրիլ 2014


Սպասելով արևածագին

Ջուլիա Վագներ, Օհայո, ԱՄՆ

Մթության մեջ ստվերներն ընկան սենյակի մեջ, երբ ես արթուն պառկած ականջ դրած ամուսնուս շնչառությանը, փորձում էի պարզել քնած է նա, թե ոչ: Երկու օր առաջ էր մեր 12-ամյա դուստրը մահացել անսպասելի վթարի ժամանակ: Կրկին փակեցի աչքերս, բայց քունս փախել էր: Այնքան էի կարոտում դստերս: Փրկության ծրագրի մասին ողջ գիտելիքը չէր օգնում, որ թեթևացներ նրա կորստի ցավը:

Լուսաբացին մոտ, ուժեղ կարոտը համակեց սիրտս: Շուտով արևը ծագելու էր, և ես մտովի տեսա վարդագույն լույսով պատված երկինքը: Դուստրս սիրում էր վարդագույնը: Վարդագույն արևածագը կօգներ ինձ կրկին մոտ զգալ նրան:

«Արի գնանք արևածագը դիտելու», - ասացի քնաթաթախ ամուսնուս:

Մենք դուրս եկանք բակ, շրջվեցինք դեպի արևելք և սպասեցինք … ու սպասեցինք: Թեպետ երկինքը լուսավորվում էր, սակայն արևը դուրս չէր գալիս ներքև կախված ամպերից:

Ես գլուխս դրեցի ամուսնուս ուսին և հոգոց հանեցի, փորձելով ձևացնել, որ դա կարևոր չէ: Բայց ես ավելին էի ուզում: Անշուշտ, Երկնային Հայրը կարող էր իրականացնել իմ ցանկությունը, մեր սիրելի դստերը Իր մոտ՝ տուն տանելուց հետո:

Երբ ամուսինս շրջվեց, որ տուն գնա, հայացքը դարձնելով դեպի արևմուտք, հանկարծ նա ասաց՝ նայի՛ր:

Ես շրջվեցի: Մեր ետևում ամպերը նուրբ շիկնել էին՝ ոսկեգույն լույսով օղակված: Նայում էի շունչս պահած և աչքերս արցունքով լցված: Դա ավելի գեղեցիկ էր, քան կարող էի պատկերացնել: Կարծես դուստրս փարվել էր մեզ: Ես գիտեի, որ Երկնային Հայրը տեղյակ է իմ կեղեքվող սրտից և հույսի խոստում էր ուղարկում ապագայի համար, քնքշորեն հիշեցնելով մեզ հավերժական ընտանիքների և գալիք բոլոր գեղեցիկ պահերի մասին:

Ես հաճախ եմ մտածել այդ հրաշալի պահի և ինձ տրված նոր հույսի մասին: Ո՞վ է արևածագ փնտրում արևմուտքում: Սակայն այնտեղից էր գալու իմ հրաշքը: Որքա՞ն շատ օրհնություններ և հրաշքներ եմ ես բաց թողնում, որովհետև դրանք գալիս են անսպասելի վայրերից: Քանի՞ անգամ եմ կենտրոնանում այն ամենի վրա, ինչն, իմ կարծիքով, պետք է լինի, բաց թողնելով դրա բուն հրաշագեղությունը:

Մենք անդուլ աղոթել էինք հրաշքի համար, որը մերժվեց, սակայն իմ նոր տեսանկյունից նայելով շուրջս, տեսա մեր դստեր օրգանների նվիրատվությունների շնորհիվ չորս վերականգնված կյանքերի հրաշքը, ընտանիքի սիրո և ծխի միասնության հրաշքը, և ծառայության հրաշքը: Ես խորը ցավ եմ կրել, բայց յուրաքանչյուր պայծառ արևածագի և վարդագույն ծաղկի հետ՝ հզոր հույսը միշտ պարուրում է հոգիս:

Այժմ, արևածագին նախ նայում եմ արևելք, ապա շրջվում դեպի արևմուտք: Ես ժպտում եմ գիտակցելով, որ միշտ կարող ենք գտնել հրաշքներ և օրհնություններ, և որ արևը միշտ ցրում է մեր վիշտը, եթե մենք թույլ ենք տալիս: