Սեմինարիա
Դաս 54. Գնահատեք ձեր գիտելիքները 3. Վարդապետություն և Ուխտեր 20–40


«Գնահատեք ձեր գիտելիքները 3․ Վարդապետություն և Ուխտեր 20–40», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Գնահատեք ձեր գիտելիքները 3», Վարդապետություն և Ուխտեր Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 54. Վարդապետություն և Ուխտեր 37–40

Գնահատեք ձեր գիտելիքները 3

Վարդապետություն և Ուխտեր 20–40

Հիսուսը նայում է իր կողքին նստած երեխային

Մեր հոգևոր ուսման մասին խորհրդածելը և գնահատելը կարող է օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրության իրենց փորձառությունները մինչ այժմ ինչպես են օգնել իրենց հոգևոր առումով աճել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ֆիզիկական և հոգևոր աճ

Կարող եք ցուցադրել իրար կողքի դրված՝ աճ ներկայացնող նկարներ և համեմատել դրանք։

Աճը, փոփոխությունը և առաջընթացը չափելու համար մարդիկ հաճախ օգտագործում են իրար կողքի դրված նկարներ՝ համեմատելով դրանք:

  • Ինչպե՞ս կարող են նկարներն օգնել մեզ հասկանալ, թե ինչպես ենք մենք փոխվել կամ աճել:

  • Մեր աճը ճանաչելու ի՞նչ այլ եղանակներ կան:

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել և քննարկել հոգևոր աճը, կարող եք ցույց տալ նրանց այս դասի սկզբում ցուցադրված Հիսուսի և երեխայի պատկերը:

Մտածեք, թե ինչ կարող եք ասել երեխային աճելու և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու իր ներուժի մասին:

  • Ի՞նչ եղանակներով մարդը կարող է հասկանալ, որ ավելի է նմանվում Փրկչին: (Տես Ղուկաս 2.52 հատվածը, տես նաև Ալմա 5.14 հատվածը):

Առաջարկեք ուսանողներին օգնություն խնդրել Սուրբ Հոգուց, իրենց աճի մասին խորհելիս: Խնդրեք նրանց գրել իրենց օրագրերում այն եղանակների մասին, որոնց միջոցով իրենք զգում են, որ ավելի շատ են նմանվում Հիսուս Քրիստոսին: Հորդորեք ուսանողներին մտածել Փրկչի հատկանիշների վերաբերյալ, որոնց մասին իրենք իմացել են Վարդապետություն և Ուխտեր գրքի իրենց ուսումնասիրության ժամանակ: Հորդորեք ուսանողներին թերթել իրենց օրագրում կամ սուրբ գրություններում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արված Փրկչի մասին իրենց նշումները: Խնդրեք նրանց խորհել, թե Հիսուս Քրիստոսի որ հատկանիշներն են իրենք ավելի շատ տեսնում իրենց մեջ (նույնիսկ եթե դա աննշան է արտահայտված):

Որոշ ուսանողներ կարող են չճանաչել իրենց աճը: Հիշեցրեք ուսանողներին, որ աճը հաճախ դժվար է զգալ, հատկապես իրենց մեջ, սակայն դա չի նշանակում, որ իրենք չեն աճում: Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացատրել հաղորդության նպատակը, խորհել մարգարեին հետևելու իրենց ցանկության մասին և վերանայել ավետարանով կիսվելու իրենց ծրագրերը: Դասարանով Վարդապետություն և Ուխտեր 20–40 հատվածներն ուսումնասիրելու արդյունքում գուցե ընդգծվել են ճշմարտություններ, որոնք տարբերվում են ստորև ներկայացվող վարժությունների ճշմարտություններից: Այդ դեպքում կարող եք վարժությունները հարմարեցնել այդ ճշմարտություններին։

Բացատրեք հաղորդության նպատակը

Ուսանողներին հնարավորություն տվեք բացատրելու հաղորդության նպատակը: Նրանց պատրաստելու համար դուք կարող եք առաջարկել նրանց վերանայել, թե ինչ են սովորել հաղորդության մասին Վարդապետություն և Ուխտեր գրքից (տես Վարդապետություն և Ուխտեր 20.75–79, 27.1–2 հատվածները): Նրանք կարող են նաև կրկնել իրենց ուսումնասիրության օրագրում արված նշումները։

Դուք կարող եք ներկայացնել հետևյալ սցենարը և խնդրել ուսանողներին բացատրել հաղորդության նպատակը՝ օգտագործելով արձագանքելու հետևյալ մեթոդներից մեկը՝ դերախաղ, ինֆոգրաֆիկայի կամ շնորհանդեսի պատրաստում կամ գրառում օրագրում:

Իսահակն ընկերոջն առաջարկեց միանալ իրեն եկեղեցում կիրակի օրը: Քանի որ նրա ընկերը նախկինում երբեք չի մասնակցել հաղորդության ժողովի, Իսահակը ցանկանում է մինչ այդ օրը մի քանի կարևոր մանրամասներ բացատրել նրան:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ մանրամասներ պետք է պատմի Իսահակը հաղորդության արարողության մասին:

Դուք կարող եք ցուցադրել հետևյալ հուշումները, որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստել իրենց մտքերը և հնարավորություն տաք նրանց վկայություն տալ:

Ընտրեք երկու կամ երեք մանրամասներ հաղորդության արարողության վերաբերյալ, որոնց վրա կարող եք կենտրոնանալ: Օգտագործեք մեկ կամ մի քանի սուրբ գրություն, որոնք կօգնեն ձեզ բացատրել և վկայել դրանց մասին:

  • Հացն ու ջուրն օրհնելու աղոթքներ

  • Ինչ ենք մենք խոստանում Երկնային Հորը

  • Ինչ է խոստանում մեզ Երկնային Հայրը

  • Այն վերաբերմունքը, որը մենք ցուցաբերում ենք հաղորդությունը ճաշակելիս

  • Կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա

  • Ձեր անձնական փորձառությունները

Երբ ուսանողներն արձագանքեն սցենարին, կարող եք առաջարկել նրանց խորհել և կիսվել նրանով, թե ինչպես է հաղորդության արարողությունն օգնել իրենց ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Զգալ ապրող մարգարեին հետևելու մեծ ցանկություն

Վերջին դասերի ընթացքում ուսանողները կարող են ուսումնասիրել մեր օրերում մարգարեին հետևելու կարևորությունը: Ուսումնական այս վարժությունն ուսանողներին հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրությունն ինչպես է ազդել ապրող մարգարեին հետևելու իրենց ցանկության վրա:

Դուք կարող եք հիշեցնել ուսանողներին նախորդ դասի ընթացքում կատարված ինքնագնահատման մասին (տես Վարդապետություն և Ուխտեր, դաս 21-ը):

Նախորդ դասում ձեզ առաջարկվում էր մտածել մարգարեների և առաքյալների մի խորհրդի մասին, որին հետևելը կարող էր դժվար լինել ձեզ համար: Փորձեք հիշել, թե ինչ էր դա: Դուք կարող եք թերթել ուսումնասիրության ձեր օրագիրը, որպեսզի տեսնեք, թե ինչ եք գրի առել:

Ուսանողներին տրամադրեք մի քանի րոպե, որպեսզի նայեն իրենց ուսումնասիրության օրագիրը, եթե նշումներ են արել այնտեղ:

  • Որո՞նք են վերջերս ուսումնասիրած սուրբ գրությունները, որոնք ընդգծում են մարգարեին հետևելու կարևորությունը:

    Ուսանողները կարող են նշել հետևյալ սուրբ գրությունները՝ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.21–35, Վարդապետություն և Ուխտեր 1.38–39, 21․4–6։ Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց գտածով: Ուսանողներին հնարավորություն տալով դա անել փոքր խմբերում, դուք ավելի շատ ուսանողների հնարավորություն կտաք կիսվել այն ամենով, ինչ իրենց համար կարևոր է:

    Առաջարկեք ուսանողներին գրի առնել հետևյալ հարցերից մեկի կամ մի քանիսի իրենց պատասխանները։ Հնարավորություն տվեք ուսանողներին ընտրել այդ զգացումները գրանցելու իրենց եղանակներն ու մեթոդները: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Թեև մարգարեին հետևելու վերաբերյալ ուսանողների ներկայիս զգացումները կարող են դրական չլինել, դուք կարող եք խրախուսել նրանց գործել նույնիսկ համաձայն ամենաչնչին ցանկության և փնտրել Տիրոջ օրհնությունը՝ հետևելով Նրա մարգարեներին:

  • Ի՞նչ զգացումներ ունեք Տիրոջ ընտրյալ մարգարեին հետևելու վերաբերյալ: Ձեր կարծիքով, ի՞նչն է ամենաշատն ազդել Տիրոջ մարգարեներին հետևելու ձեր զգացումների վրա:

  • Ձեր կարծիքով, մարգարեին հետևելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

Կիսվել ուրիշների հետ Հիսուս Քրիստոսի ավետարանով

Օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ են սովորել Վարդապետություն և Ուխտեր գրքի իրենց ուսումնասիրությունից՝ Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու վերաբերյալ: Դուք կարող եք առաջարկել ուսանողներին նայել այն բաժինները կամ հատվածները, որոնց վրա իրենք կենտրոնացել էին ուսումնասիրության ընթացքում: Այն կարող է ներառել Վարդապետություն և Ուխտեր 18 և 30–36 բաժինները։

Ուսանողները հնարավորություն ունեին որևէ մեկի հետ ավետարանով կիսվելու ծրագիր կազմել «Վարդապետություն և Ուխտեր 30–36, Մաս 2-ը» ուսումնասիրելու ընթացքում: Մտածեք, թե ինչպես հետևել այդ ծրագրին՝ տալով հետևյալ հարցերը (ուսանողները կարող են նաև քննարկել այս հարցերը փոքր խմբերով).

  • Ի՞նչ եք արել վերջերս որևէ մեկի հետ ավետարանով կիսվելու համար: Ձեր կարծիքով, ինչպե՞ս անցավ։

  • Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել, երբ փորձել եք կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով բնական և սովորական եղանակներով:

  • Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու մասին:

Դասարանում քննարկեք Փրկչի ավետարանով կիսվելու ձեր ջանքերը: Ուսանողները կարող են քննարկել այն բաները, որոնք լավ են անցել կամ իրենց ունեցած դժվարությունները: Այս քննարկումը հնարավորություն կտա ուսանողներին օգնել միմյանց կիսվել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Դուք կարող եք նաև օգնել ուսանողներին մտածել, թե ինչպես են իրենք աճել, երբ փորձել են ուրիշների հետ խոսել Փրկչի և Նրա ավետարանի մասին: