Սուրբ գրություններ
Մովսես 4


Գլուխ 4

(1830թ. հունիս – հոկտեմբեր)

Թե ինչպես Սատանան դարձավ դև – Նա փորձում է Եվային – Ադամը և Եվան ընկնում են, և մահը մուտք է գործում աշխարհ:

1 Եվ ես՝ Տեր Աստվածս, խոսեցի Մովսեսի հետ՝ ասելով. Այն Սատանան, որին դու հրամայեցիր՝ իմ Միածնի անունով, նույնն է, որն ի սկզբանե էր, և նա եկավ իմ առաջ՝ ասելով. Ահա, ես այստեղ եմ, ի՛նձ ուղարկիր, ես կլինեմ քո որդին և կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ մեկ հոգի չի կորչի, և անկասկած ես դա կանեմ. ուստի, տուր ինձ քո պատիվը:

2 Բայց, ահա, իմ Սիրելի Որդին, որն իմ Սիրելին ու Ընտրյալն էր ի սկզբանե, ինձ ասաց. Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան:

3 Ուստի, քանի որ Սատանան ապստամբեց իմ դեմ, և փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տեր Աստվածս, տվել էի նրան, և նաև փնտրեց իմ զորությունը, որ ես պետք է տայի նրան. իմ Միածնի զորությամբ ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր.

4 Եվ նա դարձավ Սատանա, այո, այսինքն՝ դևը, բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր չեն կամենա ականջ դնել իմ ձայնին:

5 Եվ արդ, օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի որևէ այլ գազան, որին ես՝ Տեր Աստվածս, արարել էի:

6 Եվ Սատանան դրեց օձի սրտում, (քանզի նա շատերին էր հեռու տարել իր ետևից), և նաև փորձեց խաբել Եվային, քանզի չգիտեր Աստծո միտքը, ուստի փնտրում էր կործանել աշխարհը:

7 Եվ նա ասաց կնոջը. Իրա՞վ Աստված ասել է,– Դուք չպետք է ուտեք պարտեզի ոչ մի ծառից: (Եվ նա խոսում էր օձի բերանով):

8 Եվ կինն ասաց օձին. Մենք կարող ենք ուտել պարտեզի ծառերի պտղից.

9 Բայց այն ծառի պտղից, որը դու տեսնում ես պարտեզի միջում, Աստված ասել է,– Դուք չպետք է ուտեք այն, ոչ էլ պետք է դրան ձեռք տաք, որ չլինի թե մեռնեք:

10 Եվ օձն ասաց կնոջը. Դուք բնավ չեք մեռնի.

11 Քանզի Աստված գիտի, որ այն օրը, երբ դուք ուտեք նրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք աստվածների պես կլինեք՝ բարին և չարը գիտեցող:

12 Եվ երբ կինը տեսավ, որ ծառը լավ է ուտելիքի համար, և որ այն հաճելի է դարձել աչքի համար, և փափագելի ծառ է՝ իրեն իմաստուն դարձնելու համար, նա վերցրեց դրա պտղից և կերավ, և իր հետ իր ամուսնուն էլ տվեց, և նա կերավ:

13 Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և նրանք իմացան, որ մերկ են: Եվ նրանք կարեցին թզենու տերևները միասին և իրենց համար գոգնոցներ պատրաստեցին:

14 Եվ նրանք լսեցին Տեր Աստծո ձայնը, պարտեզում քայլելիս, օրվա հովին. և Ադամն ու իր կինը գնացին պարտեզի ծառերի մեջ, որ թաքնվեն Տեր Աստծո ներկայությունից:

15 Եվ ես՝ Տեր Աստվածս, կանչեցի Ադամին և ասացի նրան. Ո՞ւր ես գնում դու:

16 Եվ նա ասաց. Ես լսեցի քո ձայնը պարտեզում, և վախեցա, որովհետև տեսա, որ մերկ եմ, և թաքնվեցի:

17 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի Ադամին. Ո՞վ ասաց քեզ, որ մերկ ես: Մի՞թե կերել ես այն ծառից, որից պատվիրեցի, որ չուտես, թե չէ անկասկած կմեռնես:

18 Եվ մարդն ասաց. Կինը, որին տվեցիր ինձ, և պատվիրեցիր, որ մնա ինձ հետ, նա ինձ տվեց այն ծառի պտղից, և ես կերա:

19 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի կնոջը. Այս ի՞նչ է, որ դու արեցիր: Եվ կինն ասաց. Օձն ինձ խաբեց, և ես կերա:

20 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի օձին. Որովհետև դու արեցիր սա, դու անիծված կլինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր գազաններից առավել. փորիդ վրա դու կգնաս և հող կուտես կյանքիդ բոլոր օրերում.

21 Եվ ես թշնամություն կդնեմ քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. և նա կջախջախի քո գլուխը, և դու կխայթես նրա կրունկը:

22 Կնոջը ես՝ Տեր Աստվածս, ասացի. Ես մեծապես կշատացնեմ քո ցավերն ու հղիությունը: Ցավով զավակներ կբերես և դեպի ամուսինդ կլինի քո փափագը, և նա կկառավարի քեզ:

23 Եվ Ադամին ես՝ Տեր Աստվածս, ասացի. Որովհետև դու ականջ դրեցիր կնոջդ ձայնին, և կերար ծառի պտղից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. Դու չպետք է ուտես դրանից, անիծված կլինի հողը քո պատճառով. նեղությամբ կուտես դրանից կյանքիդ բոլոր օրերում:

24 Նաև փուշ ու տատասկ առաջ կբերի այն քեզ համար, և դու կուտես դաշտի խոտը:

25 Երեսիդ քրտինքով հաց կուտես, մինչև որ վերադառնաս հողին,– քանզի անկասկած պիտի մեռնես,– քանզի դրանից էիր դու վերցվել. քանզի հող էիր և դեպի հողը պիտի վերադառնաս:

26 Եվ Ադամն իր կնոջ անունը կոչեց Եվա, որովհետև նա եղավ բոլոր կենդանիների մայրը. քանզի ես՝ Տեր Աստվածս, այդպես կոչեցի առաջինին բոլոր կանանցից, որոնք շատ են:

27 Ադամի համար, և նաև իր կնոջ համար, ես՝ Տեր Աստվածս, կաշվից հանդերձներ պատրաստեցի և հագցրեցի նրանց:

28 Եվ ես՝ Տեր Աստվածս, ասացի իմ Միածնին. Ահա, մարդը դարձել է մեզանից մեկը՝ գիտենալով բարին և չարը. և արդ, որ չլինի թե նա առաջ մեկնի իր ձեռքը և ճաշակի նաև կյանքի ծառից, և ուտի ու ապրի հավիտյան,

29 Ուստի, ես՝ Տեր Աստվածս, նրան կհանեմ Եդեմի պարտեզից, որ նա մշակի հողը, որից վերցվել էր.

30 Քանզի, ինչպես ես՝ Տեր Աստվածս, ապրում եմ, ճիշտ այդպես իմ խոսքերը ետ չեն դառնա իզուր, քանզի երբ դրանք դուրս են գալիս իմ բերանից, դրանք պետք է կատարվեն:

31 Այդպես, ես հանեցի մարդուն, և Եդեմի պարտեզի արևելքում քերովբեներ կանգնեցրի և ամեն կողմ պտտվող բոցեղեն մի սուր՝ կյանքի ծառի ճանապարհը պահելու համար:

32 (Եվ սրանք են այն խոսքերը, որոնք ես ասացի իմ ծառա Մովսեսին, և դրանք ճշմարիտ են, ճիշտ ինչպես ես եմ կամենում. և ես ասացի դրանք քեզ: Տե՛ս, որ դրանք ցույց չտաս ոչ ոքի, մինչև որ ես չպատվիրեմ քեզ, բացի նրանցից, ովքեր հավատում են: Ամեն):