2021
Բրեյդենը առաջնորդում է ճանապարհը
Մայիս/հունիս 2021թ․


Բրեյդենը առաջնորդում է ճանապարհը

Հեղինակն ապրում է Կալիֆորնիայում, ԱՄՆ:

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում։

Ալիգատորների ֆերմայում կյանքը հիանալի էր։ Սակայն մի բան պակասում էր:

«Օրինակ եղիր հավատացյալներին» (Ա Տիմոթեոս 4․12

Նկար
boy reading scriptures on dock

Բրեյդենն ու նրա հայրը ալիգատորների կերով բեռնված ծանր դույլերը տարան դեպի կերատաշտը: Ալիգատորների գլուխների գագաթները դուրս եկան մակերես և սահեցին նրանց կողմը: Երբ Բրեյդենն ու հայրիկը հասան կերատաշտին, ալիգատորներից մի քանիսի բերանն արդեն բաց էր:

Բայց Բրեյդենը չվախեցավ։ Հայրիկի հետ ալիգատորների ֆերմայում աշխատելը լավագույն գործն էր։

«Եկե՛ք ուտելու»,- ասաց Բրեյդենը։ Նա շերեփով վերցրեց կերի հատիկները և նետեց ջրի մեջ։

Չըմփ։ Չըմփ։ Վերջում շուռ տվեց դույլը։

Որոշ ալիգատորներ օդում որսում էին հատիկները։ Մյուսները հարձակվում էին կերի վրա, երբ այն բախվում էր ջրին։ Բրեյդենն ու նրա հայրը այնքան կեր նետեցին, մինչև դույլերը դատարկվեցին։

Հայրիկն ասաց․ «Շնորհակալություն, որ օգնեցիր ինձ։ Արի գնանք։ Միսիոներները կգան շուտով»։

Բրեյդենը և նրա ընտանիքը սկսել էին զրուցել միսիոներների հետ մի քանի ամիս առաջ։ Նա սիրում էր միսիոներներին: Նա նաև սիրում էր լսել Եկեղեցու մասին։ Հայրիկը Եկեղեցու անդամ էր, բայց նա այդքան էլ հաճախ չէր գնում եկեղեցի: Մայրիկն ու Բրեյդենը դեռ չէին մկրտվել:

«Անցյալ շաբաթ դուք նպատակ էիք դրել կարդալ Մոսիա 18 գլուխը»,- այդ երեկո ասաց քույր Քոքսը։ «Ձեզ հաջողվե՞ց դա անել»:

Մայրն ու հայրը նայեցին իրար և լուռ էին մի պահ։ «Մենք այս շաբաթ զբաղված էինք»,- ասաց մայրիկը:

«Ես կարդացել եմ»,- ասաց Բրեյդենը։

«Կեցցե՜ս»,- ասաց քույր Բլադը և ձեռքով հարվածեց Բրեյդենի ձեռքին՝ ի նշան համաձայնության։ «Ի՞նչ զգացում ունեիր, երբ կարդացիր»:

Բրեյդենը լայն ժպտաց: «Շատ լավ։ Ես աղոթեցի մկրտվելու համար։ Ես իսկապես ցանկանում եմ մկրտվել»։

«Հրաշալի է: Ես գիտեմ, որ դա Երկնային Հորը շատ է ուրախացնում»,- ասաց քույր Քոքսը։ Նա դիմեց Բրեյդենի մայրիկին: «Ինչպե՞ս եք վերաբերվում դրան»:

«Դեռ վստահ չեմ: Կարծում եմ, որ ինձ մի քիչ ժամանակ է հարկավոր»,- ասաց մայրիկը:

Դասի մյուս կեսին Բրեյդենը մի փոքր տխուր էր: Նա կցանկանար, որ երկու ծնողներն էլ Եկեղեցու անդամներ լինեին: Եվ նա նույնպես ուզում էր Եկեղեցու անդամ լինել:

Երբ միսիոներները գնացին, նա բացատրեց ծնողներին, թե ինչ նկատի ուներ, ասելով, որ ցանկանում է մկրտվել։ «Ես իսկապես ուզում եմ մկրտվել: Բրեյդենը խորը շունչ քաշեց, ապա ասաց․ «Եվ ես ուզում եմ, որ հայրիկն ինձ մկրտի»:

Մի պահ լռություն էր, ապա հայրիկը խոսեց։ «Ես էլ այդպիսի ցանկություն ունեմ»։

Մայրիկը լուռ էր։ «Եկեք աղոթենք դրա մասին»:

Բրեյդենը ծնկի իջավ իր ընտանիքի հետ և հարցրեց Երկնային Հորը, թե արդյո՞ք ինքը և մայրիկը պետք է մկրտվեն: Նա իրեն ջերմ ու սիրված զգաց:

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Բրեյդենն ամեն օր կարդում էր սուրբ գրությունները և աղոթում: Սկզբում նա էր միշտ առաջինը խնդրում ծնողներին, որ աղոթեն և կարդան իր հետ միասին: Այնուհետև նրանք սկսեցին խնդրել Բրեյդենին։ Երբ նա և հայրը կերակրում էին ալիգատորներին, նրանք զրուցում էին սուրբ գրությունների կամ եկեղեցում սովորած թեմաների շուրջ։ Մայրիկի հետ նրանք խոսում էին միսիոներական դասերի մասին: Օրեցօր մայրիկն ու հայրիկը ավելի երջանիկ էին թվում:

Մի օր միսիոներների հետ զրուցելու ժամանակ մայրիկն ասաց այն խոսքերը, որոնց Բրեյդենը սպասում էր. «Ես ուզում եմ մկրտվել»։

Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Բրեյդենը կարծես յոթերորդ երկնքում լիներ։

Վերջապես եկավ մայրիկի և Բրեյդենի մկրտության օրը։ Երբ Բրեյդենը դուրս եկավ ջրից, նա զգաց Երկնային Հոր սերը իր և իր ընտանիքի հանդեպ: Նա ամուր գրկեց հայրիկին:

Հայրիկը Բրեյդենի ականջին շշնջաց. «Շնորհակալություն, լավ օրինակ լինելու և մեզ օգնելու համար: Ես սիրում եմ քեզ»:

Տպել