Ռահվիրաներ ամեն երկրում
Ջուլիա Մավիմբելա
Համայնքի ղեկավար Հարավային Աֆրիկայում
«Սերն առաջանում է մարդկանց ներելու շնորհիվ»:
Ջուլիան սրբեց հոնքը։ Հետո նա վերցրեց բահը և սկսեց փորել: Հիմա գետինը նրա շուրջը միայն հողով էր ծածկված: Բայց շուտով այդ ամենը կվերածվեր գեղեցիկ այգու:
Հարավային Աֆրիկայի սևամորթ մարդկանց համար դժվար ժամանակներ էին: Օրենքները նույնը չէին սևերի և սպիտակների համար։ Շատ սևամորթներ ստիպված էին լքել իրենց տներն ու ապրել սպիտակամորթներից հեռու վայրերում, նրանք նաև չէին կարող քվեարկել: Այն բնակավայրում, որտեղ ապրում էր Ջուլիան, բռնություն էր տեղի ունեցել, և այդ պատճառով դպրոցները փակվել էին: Երբեմն տնից դուրս գալը վտանգավոր էր։
Բայց դա չկանգնեցրեց Ջուլիային: Նա ուզում էր ինչ-որ բարի գործ անել իր համայնքի համար: Այդ պատճառով նա սկսել էր այգին մշակել։
Որոշ երեխաներ տեսան, որ Ջուլիան աշխատում է։ «Կարո՞ղ ենք օգնել»,- հարցրին նրանք։
«Իհարկե»,- պատասխանեց Ջուլիան: Նա յուրաքանչյուրին բահ տվեց: Նա նրանց ցույց տվեց, թե ինչպես թուլացնել հողը և փորել-հանել մոլախոտերը:
«Եկեք փորենք «դառնության» հողը, սիրո սերմ գցենք դրա մեջ, և տեսնենք, թե ինչ պտուղներ այն կտա մեզ»,- ասաց նա: «Սերն առաջանում է մարդկանց ներելու շնորհիվ»:
Շաբաթներ անցան, և շատ բույսեր աճեցին: Այլ մարդիկ եկան այգում աշխատելու: Նրանք քաղհանեցին բարձր մոլախոտերը: Նրանք ավելի շատ սերմեր տնկեցին: Նրանք ջրեցին բույսերը: Ջուլիան ուրախացավ, տեսնելով, թե որքան շատ մարդիկ են օգնում:
Մի օր Ջուլիան հանդիպեց երկու երիտասարդի: Նա զարմացավ, քանի որ սպիտակամորթները հազվադեպ էին հայտնվում նրա հարևանությամբ: Նրանք ասացին, որ միսիոներներ են: Ջուլիան հրավիրեց նրանց իր տուն՝ կիսվելու իրենց ուղերձով։
Ջուլիայի որդին ցնցված էր, լսելով որ երիտասարդները գալու են իրենց տուն: Նա ասաց մորը․ «Ինչու՞ նրանց հրավիրեցիր։ Նրանք սպիտակ են: Դա ապահով չէ»։
Բայց Ջուլիան վստահեց միսիոներներին: «Այս մարդիկ ուրիշ են»,- ասաց Ջուլիան: «Նրանք խաղաղություն են քարոզում»։
Երբ միսիոներները եկան, Ջուլիան նրանց ներս հրավիրեց: Նրանցից մեկը նկատեց սփռոցի վրա դրված լուսանկարը։ Դա Ջուլիայի հարսանիքի նկարներից էր։
«Ո՞վ է նա»,- հարցրեց միսիոները՝ մատնանշելով լուսանկարը:
«Ամուսինս՝ Ջոնը»: Ջուլիան խոնարհեց հայացքը։ «Նա մահացել է ավտովթարից»:
Միսիոները գլխով արեց։ «Մենք հավատում ենք, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել, նույնիսկ մահանալուց հետո»:
Խաղաղության զգացումը ողողեց Ջուլիային։ Նա իրեն երջանիկ զգաց, երբ իմացավ Աստծո ծրագրի մասին և շարունակեց հանդիպել միսիոներների հետ: Ավետարանի հանդեպ սերն աճեց Ջուլիայի սրտում, ճիշտ այնպես, ինչպես նրա պարտեզի բույսերը։ Շուտով նա որոշեց մկրտվել:
Եկեղեցում Ջուլիան հանդիպեց շատ նոր մարդկանց: Ոմանք սևամորթ էին։ Ոմանք՝ սպիտակամորթ։ Բայց նրանք բոլորը միասին էին ծառայում և սովորում:
Ջուլիան եկեղեցու երեխաներին ցույց տվեց, թե ինչպես օգնել իր պարտեզի աշխատանքներում: Նա ասաց․ «Մենք սրտերը պետք է փափուկ լինեն, ինչպես այս հողը։ Մենք պետք է տեղ գտնենք ավետարանի համար մեր մեջ: Մենք պետք է տեղ պատրաստենք սիրո համար»: