Ընկեր
Հավատքի կաթիլներ
Մարտ 2024


«Հավատքի կաթիլներ», Ընկեր, մարտ 2024, 30-31։

Հավատքի կաթիլներ

Հակոբը խնդիր ուներ. նա միշտ անչափ քնկոտ էր։

Այս պատմությունը տեղի է ունեցել Բրազիլիայում։

Նկար
alt text

«Հակոբ, դու գիտե՞ս պատասխանը», - հարցրեց տիկին Լելիսը։

Հակոբը բացեց աչքերը և գլուխը բարձրացրեց նստարանից։ Բոլոր դասընկերները նրան էին նայում։ Ուսուցչի հայացքը ևս սևեռված էր նրա վրա։ Նա զգաց, որ կարմրեց։ Նա կրկին քնել էր դասարանում։

«Կներեք, տիկին Լելիս»,- ասաց նա։ «Կներեք, կարո՞ղ եք կրկնել հարցը»։

«Իհարկե։ Բայց, խնդրում եմ, այլևս մի քնիր դասարանում»։

Նա կծկվեց իր տեղում։ «Այո, տիկին»։

Հակոբը իր նոր դպրոց եկել էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Նա սիրով էր սովորում և ուներ լավ դասընկերներ։ Սակայն մեկ խնդիր կար. նա միշտ անչափ քնկոտ էր։ Նրա նոր դպրոցը հեռու էր, ուստի նա պետք է շատ շուտ արթնանար՝ ժամանակին այնտեղ լինելու համար։

Սկզբում հեշտ էր դասարանում կենտրոնանալը։ Բայց գնալով ավելի ու ավելի էր դժվարանում։ Երբեմն Հակոբն այնքան էր հոգնում, որ քնում էր։

Հաջորդ օրը դպրոցի տնօրենը իր մոտ հրավիրեց Հակոբին և նրա ծնողներին։ Նա ժպտաց և հրավիրեց նրանց իր աշխատասենյակ։

«Ուրախ եմ, որ այստեղ եք», - ասաց նա։ «Հակոբը հրաշալի աշակերտ է։ Բայց նրա ուսուցիչն ասում է, որ նրան չեն հետաքրքրում իր դասերը։ Երբեմն նա չի կենտրոնանում և շատ հոգնած է թվում։ Նրա մոտ ամեն բան կարգի՞ն է»։

Նրա մայրը գլխով արեց։ «Հակոբը ջանասիրաբար աշխատեց, որ կարողանար այս դպրոցը գնալ, բայց այն մեր տնից հեռու է։ Նա պետք է ամեն օր շուտ արթնանա։ Ուստի, առավոտյան դասերին նա նստում է քնաթաթախ վիճակում»։

«Օ, դա՞ է ողջ խնդիրը»,- ասաց տնօրենը։ «Դուք պետք է փորձեք սուրճի կաթիլներ։ Ամեն առավոտ Հակոբի ըմպելիքի մեջ մի քանի կաթիլ շատ թունդ սուրճ լցրեք։ Դա նրան արթուն կպահի»։

Հակոբը խոժոռվեց։ «Բայց մեր ընտանիքը սուրճ չի խմում, տիկին»։

Տնօրենը շփոթված տեսք ուներ։ «Քեզ համար դժվար կլինի սովորել, եթե շարունակես քնել։ Դու պետք է առնվազն մտածես այդ մասին»։

Երբ նրանք դուրս եկան տնօրենի գրասենյակից, Հակոբի մտքերը խառնվել էին։ Նա ցանկանում էր ավելի լավ սովորել դպրոցում, բայց ցանկանում էր նաև հետևել պատվիրաններին։

Այդ գիշեր նրա ընտանիքը սուրբ գրություններից կարդաց Իմաստության խոսքի մասին։

Երբ հերթը հասավ Հակոբին, նա կարդաց. «Եվ բոլոր սրբերը, ովքեր հիշում են, որ պահեն և կատարեն այս ասածները, . . . կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր։ Եվ կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի»։*

Ապա նրա մոտ մի միտք ծագեց։

Նա կանգնեց նստած տեղից։ «Սուրճի կաթիլների փոխարեն ես կօգտագործեմ հավատքի կաթիլներ»։

«Ի՞նչը նկատի ունես»,- հարցրեց նրա հայրը։

Հակոբը ժպտաց։ «Ամեն առավոտ նախաճաշից առաջ մենք կարող ենք աղոթել և խնդրել Երկնային Հորը օրհնել ինձ, որպեսզի ես այդքան քնկոտ չլինեմ։ Մեր աղոթքները նման կլինեն հավատքի կաթիլների»։

Մայրիկն ու հայրիկը նույնպես ժպտացին։ «Դա հիանալի գաղափար է», - ասաց հայրիկը։

Հաջորդ առավոտ նրանց ընտանիքը ծնկի իջավ և աղոթեց, որ Հակոբը արթուն մնալու եռանդ ունենա։ Հաջորդ օրը նրանք նորից նույնը արեցին։ Մյուս օրը նույնպես։ Ամեն գիշեր Հակոբը փորձում էր նաև շուտ քնել։ Եվ ամեն առավոտ Հակոբի ընտանիքը հավատ ուներ, որ Երկնային Հայրը կօգնի նրան։

Ժամանակի ընթացքում նրանց հավատքի կաթիլները գործեցին։ Հակոբը կարողանում էր կենտրոնանալ ողջ օրվա համար։ Աստված պատասխանել էր նրանց աղոթքներինին։ Եվ Հակոբը գիտեր, որ Նա հպարտանում էր իրենով՝ Իմաստության խոսքին հետևելու համար։

Նկար
alt text

«Պատրա՞ստ ես դասին, Հակոբ»։ Տիկին Լելիսը հարցրեց մի առավոտ, երբ նա մտնում էր դասարան։

Հակոբը գլխով արեց լայն ժպիտը դեմքին։ Նա իր հավատքի կաթիլները ստացել էր դպրոցից առաջ։ Նա պատրաստ էր ամեն ինչի։

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Ռաքել Մարտինի

Տպել