«Զրույց Վիլի հետ՝ փախստականներին օգնելու մասին», Ընկեր, մարտ 2024, 40-41։
Զրույց Վիլի հետ՝ փախստականներին օգնելու մասին
Վիլը Փենսիլվանիայից է (ԱՄՆ)։ Մենք որոշ հարցեր տվեցինք նրան մի նախագծի մասին, որը նա արել էր ուրիշներին օգնելու համար։
Կպատմե՞ս մեզ քո մասին
Ես 11 տարեկան եմ։ Ես սիրում եմ ֆուտբոլ և լակրոս խաղալ, թխվածքաբլիթներ թխել, լողալ, դահուկներով և անվաչմուշկներով սահել։ Ես նաև դաշնամուր ու ջութակ եմ նվագում։ Իմ սիրելի գույնը մուգ կապույտն է, իսկ իմ սիրելի ուտելիքը՝ ձուն (կաթնաձվածեղ, տապակած, պինդ խաշած. ամեն ձևով սիրում եմ)։ Երբ մեծանամ, ուզում եմ հայրիկիս նման բժիշկ դառնալ։
Ի՞նչն է քեզ տվել օգնելու գաղափարը
Ես լսում էի, որ այլ երկրից շատ ընտանիքներ փախչում են իրենց ապահովության համար։ Նրանցից ոմանք տեղափոխվում էին մեր մոտակա տարածքները։ Հենց այդ ժամանակ մտածեցի․ «Ես ինչպե՞ս կարող եմ օգնել»։
Ես աղոթեցի, որպեսզի իմանամ, թե ինչպես կարող եմ օգնել։ Հետո մայրս նամակ ստացավ ցցի Սփոփող միությունից։ Նրանք խնդրում էին մարդկանց իրեր նվիրաբերել՝ փախստականների ընտանիքներին տալու համար։ Գիտեմ, որ ստացա իմ աղոթքի պատասխանը։
Դու ինչպե՞ս օգնեցիր
Ես սիրում եմ թխել (մասնագիտացել եմ թխվածքաբլիթներ պատրաստելու մեջ), ուստի որոշեցի թխվածքաբլիթներ վաճառել և այս ընտանիքների համար գումար վաստակել։ Ես թռուցիկներ պատրաստեցի և իմ անվաչմուշկներով շրջեցի մեր տարածքում՝ դրանք բաժանելու համար։ Իմ շունը՝ Կոկոն, հետևում էր ինձ։
Հարևաններիցս շատերը ոգևորությամբ գնում էին իմ թխվածքաբլիթները։ Վաստակածս գումարով կաթսաներ ու թավաներ գնեցի նվիրաբերելու համար։
Ինչպե՞ս էիր քեզ զգում
Ես ինձ լավ էի զգում՝ իմանալով, որ այս ընտանիքները կկարողանան ճաշ պատրաստել՝ օգտագործելով կաթսաներն ու թավաները։ Ես կարող եմ միայն պատկերացնել, թե որքան մխիթարիչ կլինի տնական կերակուր համտեսելը, երբ դու նոր երկրում ես։
Երեխաների միությունում ես սովորել եմ, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17)։ Ես զգացի Երկնային Հոր սերը իմ և իմ տարածք տեղափոխվող մարդկանց հանդեպ։
Ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդուն, որն ուզում է օգնել ուրիշներին
Փնտրեք ուղիներ՝ ձեր ծխում կամ ցցում ծառայելու համար։ Դուք կարող եք նաև օգնել ձեր տարածքում գտնվող տեղական ապաստարանին։ Օգնելու ուղիներ կան ամենուրեք։