2022
Ինչպես դիմակայել երեք տեսակի փորձությունների
Մարտ 2022 թ․


«Ինչպես դիմակայել երեք տեսակի փորձությունների», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2022 թ․։

Եկ, հետևիր ինձ

Ծննդոց 37-50

Ինչպես դիմակայել երեք տեսակի փորձությունների

Կյանքն ունի բազում տարբեր մարտահրավերներ, բայց Աստծուն դիմելը միշտ լուծում է այդ խնդիրները:

Նկար
Հովսեփի եղբայրները նրան որպես ստրուկ վաճառեցին

Նկարների հեղինակ՝ Սիմինի Բլոքերի

Նախանձից դրդված՝ Հովսեփի եղբայրները նրան վաճառեցին ստրկության, այնուհետև իրենց հորն ասացին, որ նրան հոշոտել են գազանները:

Հովսեփը կարող էր շատ հարցեր տալ իր կյանքի անբարենպաստ ուղու վերաբերյալ: Այս ամիս դուք կսովորեք նրա կյանքի մասին, բայց այստեղ տրված է նրա հետ կատարվածի կարճ ամփոփումը.

  • Եղբայրները նրան ստրկության վաճառեցին:

  • Որպես ստրուկ՝ նա սխալմամբ մեղադրվեց իր տիրոջ կնոջը գայթակղելու մեջ:

  • Հետո նա երկու երկար տարի բանտարկվեց:

Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե լինեիք Հովսեփի փոխարեն: Այդ ժամանակ դուք առնվազն հարց կտայիք. «Ինչո՞ւ ես»: «Ի՞նչ էի ես արել սրան արժանանալու համար»:

Նկար
Հովսեփը Եգիպտոսի բանտում

Թեև Հովսեփը հանցանք չէր գործել, նա բանտարկվեց երկու երկար տարով:

Երեք տեսակի փորձություններ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը (1926–2004) մի անգամ ուսուցանեց երեք տարբեր տեսակի փորձությունների մասին, որոնց կարող ենք հանդիպել այս կյանքում.

  • Տեսակ 1․ Փորձություններ, որոնք ստանում ենք մեր մեղքերի կամ սխալների արդյունքում:

  • Տեսակ 2. Փորձություններ, որոնք պատահում են, քանի որ սա ընկած աշխարհ է՝ լի հիվանդություններով, վարակներով և անմաքուր մարդկանցով:

  • Տեսակ 3․ Փորձություններ, որոնք Աստված ուզում է մեզ համար, քանի որ Նա ցանկանում է, որ մենք աճենք:

Փորձության ընթացքում մենք կարող ենք հարցնել. «Ինչո՞ւ ես»: Բայց այդ հարցը կարող է այնքան օգտակար չլինել, որքան մենք ենք ցանկանում: Երեց Մաքսվելը գրել է, որ անկախ նրանից, թե ինչու ենք մենք փորձություն ունենում, «արդյունքն ակնհայտորեն նույնն է. Աստված ցանկանում է, որ մենք անցնենք այդ մարտահրավերի միջով: Այնուամենայնիվ, Նա մեզ խոստանում է, որ Իր շնորհը բավական է մեզ համար»։ 1 Այլ կերպ ասած, Երկնային Հայրը թույլ չի տա մեզ անցնել փորձությունների միջով՝ առանց տրամադրելու անհրաժեշտ օգնությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Հովսեփի օրինակը

Եկեք ևս մեկ անգամ արագ քննարկենք Հովսեփի առաջին մեծ փորձությունը. նրա եղբայրները նրան ստրկության վաճառեցին:

Արդյո՞ք դա «1-ին տեսակի» փորձություն էր: Արդյո՞ք Հովսեփն էր դրա պատճառը: Իհարկե՝ ոչ։ Նա միամտորեն պատմեց իր մարգարեական երազներն ավագ եղբայրների մասին: Այդ երազները հայտնեցին, որ նա մի օր կդառնա նրանց ղեկավարը: Իհարկե, նրա ավագ եղբայրներին դա դուր չեկավ։ Իրականում, «նորա երազների եւ խօսքերի համար աւելի ատեցին նորան» (Ծննդոց 37․8

Եթե լինեիք Հովսեփի փոխարեն, գուցե մտածեիք․ «Երանի նրանց չպատմեի երազներիս մասին»։

Թե՞ դա «2-րդ տեսակի» փորձություն էր: Արդյո՞ք Հովսեփի փորձությունը տեղի ունեցավ ընկած աշխարհում ապրելու արդյունքում, որտեղ մարդիկ ճիշտ չեն օգտագործում իրենց ազատ կամքը: Միգուցե։ Կրկին, Հովսեփի համար հեշտ կլիներ գլուխը տարուբերել և մտածել, թե իր բոլոր խնդիրների պատճառը եղբայրներն են։ Կամ՝ Պետափրեսի կնոջ սուտը։ Կամ նույնիսկ այն սեղանապետը, ով խոստանալուց հետո երկու տարի շարունակ մոռացել էր Փարավոնին պատմել Հովսեփի մասին (տես Ծննդոց 40․23

Թե՞ այդ ամենն ի վերջո «3-րդ տեսակի» փորձություն էր: Այլ կերպ ասած, արդյո՞ք Աստված թույլ տվեց, որ այս ամենը պատահի Հովսեփի հետ, որ օգնի նրան աճել: Այս հարցի վերաբերյալ Հովսեփն ինքը զգաց, որ պատասխանը գոնե մասամբ այո էր: Երբ նա վերջապես նորից հանդիպեց իր եղբայրներին, ասաց. «Եւ հիմա մի վշտանաք եւ մի նեղուիք որ ինձ ծախեցիք այստեղ. Որովհետեւ Աստուած ուղարկեց ինձ ձեր առաջին կեանք պահելու համար» (Ծննդոց 45․5, շեշտադրումն ավելացված է)։

Հիշեք, որ Հովսեփը ստրկության վաճառվեց 17 տարեկանում: Նա 30 տարեկան էր, երբ կանգնեց փարավոնի առջև՝ մեկնաբանելու այն երազները, որոնք վերջապես կազատեին նրան: Դա կազմում է 13 տարի, կամ նրա կյանքի գրեթե կեսը՝ մինչև այն պահը, երբ Հովսեփը կորցրեց իր ազատությունը, բայց ոչ իր մեղքով: Սակայն նա հավատում էր, որ «Աստված ուղարկեց իրեն»՝ կյանքը պահպանելու համար: Անկախ նրանից, թե որն էր փորձության պատճառը, Հովսեփն, ի վերջո, գիտեր, որ Աստված նպատակ ունի:

Դա բավական էր նրա համար: Դա կարող է բավական լինել մեզ համար։

Նկար
Հովսեփն իր եղբայրների հետ Եգիպտոսում

Հովսեփը ներեց իր եղբայրներին և նույնիսկ փրկեց նրանց կյանքը սովի ժամանակ: Հովսեփը գիտեր, որ Աստված առաջնորդել և պաշտպանել է իր կյանքը:

Ձեր փորձությունները

Մենք կարող ենք հսկայական ջանք ծախսել՝ մտածելով անցյալի մասին: Մենք կարող ենք մտածել. «Ինչու՞ դա արեցի», կամ՝ «Եթե միայն այս մարդն ինձ չխաբեր»:

Բայց մտածելով «իսկ ի՞նչ, եթե» կամ «ի՞նչ կլիներ» հարցերի շուրջ, մենք ավելի լավ չենք զգա, ինչպես նաև անօգուտ է տառապել և մտածել, թե ինչու կամ ինչպես է փորձությունը պատահում կյանքում: Ի վերջո, մենք խաղաղություն և ուժ կստանանք՝ գալով Քրիստոսի մոտ և վստահելով Նրան, ինչպես արեց Հովսեփը: Եթե այդպես վարվենք, մեր բոլոր փորձությունները կարող են դառնալ այնպիսի փորձություններ, որոնք կօգնեն մեզ ավելի մոտենալ Աստծուն և նմանվել Նրան:

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է. «Գուցե մտածեք, թե ինչո՞ւ է սիրող և ամենազոր Աստված թույլ տալիս, որ մեր մահկանացու փորձությունն այդքան դժվար լինի։ Պատճառն այն է, որ Նա գիտի, որ մենք պետք է աճենք հոգևոր մաքրության և ամրության մեջ, որպեսզի կարողանանք հավերժ ապրել ընտանիքներով՝ Իր ներկայության մեջ»։2

Հավերժական պարգևներ

Եթե մենք մեղք ենք գործել, պետք է ապաշխարենք: Եթե մենք ունակ ենք հաղթահարելու փորձությունը, մենք դա պետք է անենք: Բայց մահկանացու կյանքի մեր դժվարություններից շատերը մնում են ավելի երկար, քան կցանկանայինք, երբեմն՝ ամբողջ կյանքի ընթացքում: Այստեղ նույնպես պատասխանը Աստծուն դիմելն է:

Այս կյանքը նախատեսված է մեր ճիգերը լարելու և մեզ փորձելու համար։ Եվ Աստված կքայլի մեզ հետ, եթե մենք փնտրենք Նրան: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է. «Ձեր հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կհատուցվի առավել, քան դուք կարող եք պատկերացնել: Ամբողջ անարդարությունը, հատկապես վրդովեցուցիչ անարդարությունը, կնվիրագործվի ձեր օգտի համար»:3

Արդյո՞ք «արդար» էր, որ Հովսեփն անցավ իրեն պատահած փորձության միջով։ Ոչ: Բայց քանի որ նա անցավ իր փորձության միջով, նա կարողացավ փրկել ազգերի, այդ թվում՝ իր ընտանիքի կյանքը:

Գուցե դուք Հովսեփի նման հայտնվել եք ձեր փորձությունների հորձանուտում: Գուցե դուք չեք հասկանում այդ փորձության պատճառը։ Կամ չեք տեսնում ավարտը։

Պարզապես հիշեք, որ «Աստծո շնորհը բավական է»: Դարձեք դեպի Նա, և Նա հրաշքներ կգործի ձեր կյանքում:

Տպել