2010–2019 թթ․
Սպասավորել Փրկիչի ձևով
2018թ․ ապրիլ


2:3

Սպասավորել Փրկիչի ձևով

Եկեք ցույց տանք մեր երախտագիտությունն ու սերը Աստծո հանդեպ, սիրով ծառայելով մեր հավերժական քույրերին ու եղբայրներին:

Ի՜նչ հրաշալի օրհնություն է՝ ապրել այնպիսի ժամանակ, երբ Աստծո կողմից շարունակական հայտնություններ ենք ստանում: Անհամբեր սպասելով և ընդունելով «ամեն բաների հաստատվելու ժամանակները», որոնք գալիս են և գալու են մեր ժամանակների մասին մարգարեացած իրադարձությունների միջոցով, մենք պատրաստվում ենք Փրկիչի Երկրորդ Գալուստին:

Նրա հետ հանդիպմանը պատրաստվելու ավելի լավ եղանակ չկա, քան ձգտել նմանվել Նրան և սիրով ծառայել մեկս մյուսին: Ինչպես Հիսուս Քրիստոսն է ուսուցանել իր հետևորդներին այս ժամանակաշրջանի սկզբում. «Եթե ինձ սիրում ես, ծառայիր ինձ»: Մարդկանց համար կատարվող մեր ծառայությունը աշակերտության և մեր երախտագիտության ու սիրո դրսևորումն է Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Երբեմն մենք կարծում ենք, որ պետք է մեծ ու հերոսական գործ կատարենք, որպեսզի «համարվի», որ ծառայել ենք մեր մերձավորներին: Սակայն ծառայության պարզ գործողությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր և ուրիշների վրա: Ի՞նչ էր անում Փրկիչը: Քավության և Հարության Նրա գերագույն պարգևների շնորհիվ, որ մենք տոնում ենք այս գեղեցիկ Զատիկի կիրակի օրը, «ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են, և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա»: Բայց Նա նաև ժպտում էր, խոսում, քայլում, լսում, ժամանակ հատկացնում, խրախուսում, ուսուցանում, կերակրում և ներում: Նա ծառայել է ընտանիքներին և ընկերներին, հարևաններին և օտարներին, և Նա հրավիրել է ծանոթներին ու սիրելիներին վայելել Իր ավետարանի առատ օրհնությունները: Ծառայության և սիրո այդ «պարզ» գործերը օրինակ են հանդիսանում, թե ինչպես վարվենք այսօր:

Եթե ծառայելու ձեր ջանքերում արտոնություն ունեք ներկայացնելու Փրկիչին, հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչպե՞ս կարող եմ կիսվել ավետարանի լույսով այս անհատի կամ ընտանիքի հետ: Հոգին ի՞նչ է ոգեշնչում ինձ անել»:

Ծառայությունը կարող է իրականացվել անհատական բազմազան մոտեցումներով: Այսպիսով, ի՞նչ կարելի է ասել ծառայության մասին:

Ծառայությունն այն է, երբ երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունները աղոթքով խորհրդակցում են հանձնարարությունների վերաբերյալ: Ծառայությունն այն է, երբ ղեկավարները պարզապես թղթեր չեն փոխանցում իրար, այլ խորհրդակցում են անհատների և ընտանիքների մասին անհատապես, ապա հանձնարարություններ են տրվում ծառայելու եղբայրներին ու քույրերին: Ծառայությունը կարող է լինել զբոսանքի գնալով, միասին խաղի երեկոանցկացնելով, օգնելով և միահամուռ ուժերով դա անելով: Ծառայությունը դրսևորվում է անձնական այցով կամ հեռախոսազրույցով, առցանց շփվելով կամ գրվելով: Դա կարող է դրսևորվել ծննդյան բացիկ տալով կամ ֆուտբոլային երկրպագությամբ: Դա կարող է լինել սուրբ գրություններից կամ համաժողովի ելույթներից որևէ հատվածով կիսվելով, որը նշանակալից կլինի տվյալ անհատի համար: Ծառայությունը դրսևորվում է ավետարանի որևէ հարց քննարկելով կամ վկայությամբ կիսվելով, խաղաղություն և պարզություն հաստատելու նպատակով: Դա կարող է լինել որևէ մեկի կյանքի մասը դառնալով և հոգ տանելով նրա մասին: Դա կարող է լինել հարցազրույց անցկացնելով, որի ընթացքում կարիքներն ու արժանիքները կքննարկվեն զգուշորեն ու նրբանկատ կերպով: Ծառայությունն այն է, երբ ծխի խորհուրդը կազմակերպում է, թե ինչպես լուծել ավելի մեծ խնդիրը:

Ծառայության այդպիսի դրսևորում զորացրել է մի քրոջ, ով հեռացել էր տնից, երբ ամուսինը տեղափոխվել էր նոր վայր՝ ուսումը շարունակելու: Առանց հեռախոսի, իր խնամքի տակ գտնվող փոքր երեխայի հետ, նոր վայրում նա խուճապահար վիճակում էր՝ ամբողջովին մոլորված ու միայնակ: Առանց նախօրոք տեղեկացնելու, Սփոփող Միության մի քույր եկավ նրա տուն, բերելով մի զույգ փոքր կոշիկ երեխայի համար և մորն ու երեխային իր մեքենայով ուղեկցեց մթերային խանութ: Երախտապարտ քույրը հետագայում ասել է. «Նա իմ փրկարար օղակն էր»:

Ճշմարիտ ծառայության օրինակ է Աֆրիկայից մի քրոջ վարքը, ում հանձնարարվել էր գտնել որևէ քրոջ, ով երկար ժամանակ չէր մասնակցել Եկեղեցու ժողովներին: Երբ նա գնացել էր մի քրոջ տուն, տեսել էր, որ կնոջը ծեծել ու թալանել էին, նա շատ քիչ ուտելիք ուներ և չուներ այնպիսի հագուստ, որը հարմար կլիներ Եկեղեցու կիրակնօրյա ժողովների համար: Քրոջը հանձնարարվել էր ծառայել այդ կնոջը՝ լսողության սարք տանել նրան, խնամել նրա պարտեզը, սուրբ գրություններ տրամադրել և ընկերություն առաջարկել: «Կորած» քույրը շուտով վերադարձել էր Եկեղեցի և այժմ կոչում ունի, քանի որ գիտի, որ սիրված և գնահատված է:

Սփոփող Միության այդ ջանքերը երեցների վերակառուցված քվորումի ջանքերի հետ համատեղ կբերեն միասնություն, որը կարող է զարմանալի արդյունքներ տալ: Ծառայությունը դառնում է մեկ ընդհանուր համակարգված ջանք, իրականացնելով թե՛ քահանայության պարտականությունը՝ «այցելել յուրաքանչյուր անդամի տուն» և «միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն», և թե՛ Սփոփող Միության նպատակը՝ օգնել միմյանց նախապատրաստվել հավերժական կյանքի օրհնություններին: Աշխատելով միասին եպիսկոպոսի ղեկավարության ներքո, երեցների քվորումն ու Սփոփող Միության նախագահությունները ոգեշնչում կստանան՝ ձգտելով գտնել լավագույն միջոցները յուրաքանչյուր անհատի և ընտանիքի մասին հոգ տանելու գործում:

Թույլ տվեք մի օրինակ բերել: Մի ընտանիքի մոր մոտ ախտորոշել էին քաղցկեղ: Շուտով նա սկսել էր բուժվել, և Սփոփող Միության քույրերն անմիջապես գործի էին անցել, պլանավորելով, թե ինչպես լավագույնս օգնել սնունդով, դեպի բժշկական կենտրոն և տուն նրան տեղափոխել,ով և այլ աջակցություն ցուցաբերել: Նրանք կանոնավ այցելում էին նրան, ուրախ ընկերակցություն ցուցաբերելով: Միևնույն ժամանակ, Մելքիսեդեկյան Քահանայության քվորումը նույնպես գործի էր անցել: Նրանք աշխատանքներ էին կատարել` ձևափոխելով ննջասենյակն ու բաղնիքն այնպես, որ հարմարություններ լինեին հիվանդ քրոջ համար: Երիտասարդ տղամարդիկ նույնպես օգնության ձեռք էին մեկնել և աջակցել, մասնակցելովայդ մեծ ջանքերին: Ներգրավվել էին նաև երիտասարդ կանայք. նրանք ամեն օր հաճույքով զբոսանքի էին տանում տանտիրոջ շանը: Ժամանակի ընթացքում ծուխը շարունակում էր ծառայել, ավելացնելով ու հարմարեցնելով՝ ինչ անհրաժեշտ էր: Դա ակնհայտ սիրո աշխատանք էր. յուրաքանչյուր անդամ, նվիրաբերելով իր ժամանակն ու ջանքերը, միասնականհոգ տանելով անհատականեղանակներով, որի արդյունքում օրհնվել էին ոչ միայն տառապող քույրը, այլև նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամը:

Չնայած մեծ ջանքերին,քույրն, ի վերջո, չդիմացավ քաղցկեղին և մահացավ: Արդյո՞ք ծուխը թեթևությամբ շունչ քաշեց և համարեց, որ աշխատանքներն ավարտված են: Ո՛չ, երիտասարդ կանայք շարունակեցին ամեն օր շանը զբոսանքի հանել, քահանայության քվորումները շարունակեցին ծառայել հորը և նրա ընտանիքին, իսկ Սփոփող Միության քույրերը շարունակեցին սիրով օգնության հասնել, վերահսկելով կարիքները: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սա է ծառայությունը՝ սա Փրկիչի նման սիրելն է:

Այս ոգեշնչված հայտարարությունների մեկ այլ օրհնությունն այն է, որ հնարավորություն է տրվում 14-18 տարեկան երիտասարդ կանանց մասնակցել սպասավորությանը՝ որպես ընկերակիցներ Սփոփող Միության քույրերին, ինչպես և նույն տարիքի երիտասարդ տղաներին՝ ընկերակցել Մելքիսեդեկյան Քահանայության եղբայրներին: Երիտասարդները կարող են կիսվել իրենց եզակի պարգևներով և աճել հոգևորապես, երբ ծառայում են մեծահասակների հետ միասին փրկության գործում: Ծառայության հանձնարարություններում երիտասարդներին ընդգրկելով, կավելանա նաև Սփոփող Միության և երեցների քվորումների հնարավորությունները՝ մյուսների մասին հոգ տանելու հարցում, քանի որ կավելանա մասնակիցների քանակը:

Երբ մտածում եմ փայլուն երիտասարդ կանանց մասին, ում ճանաչում եմ,ուրախանում եմ Սփոփող Միության քույրերի համար, ովքեր արտոնություն են ունենալու օրհնվել երիտասարդ կանանց խանդավառությամբ, տաղանդներով և հոգևոր զգայունությամբ, երբ նրանց հետ կողք-կողքի կծառայեն կամ նրանց կողմից կսպասավորվեն: Եվ ես հավասարապես ուրախ եմ երիտասարդ կանանց համար, ովքեր խորհուրդ են ստանալու, ուսուցանվելու են և ամրապնդվելու իրենց Սփոփող Միության քույրերի կողմից: Աստծո արքայության կառուցմանը մասնակցելու այս հնարավորությունը երիտասարդ կանանց հսկայական օգուտ կբերի, օգնելով նրանց ավելի լավ պատրաստվել Եկեղեցում և համայնքում կատարել իրենց դերերըև դառնալ ընտանիքին սատարող անդամ: Ինչպես երեկ ասել է քույր Բոննի Լ. Օսկարսոնը, երիտասարդ կանայք «ուզում են ծառայել։ Նրանք պետք է իմանան, որ գնահատված են և կարևոր դեր են խաղում փրկության աշխատանքում»:

Իրականում, երիտասարդ կանայք արդեն ծառայում են ուրիշներին առանց հանձնարարության կամ հայտարարելու: Ինձ ծանոթ է մի ընտանիք, ովքեր տնից հարյուրավոր մղոններ հեռու էին տեղափոխվել, որտեղ ոչ-ոքի չէին ճանաչում: Առաջին շաբաթվա ընթացքում իրենց նոր ծխից մի 14-ամյա աղջիկ հայտնվեց նրանց դռան մոտ թխվածքաբլիթների սկուտեղով, ողջունելով նրանց նոր տարածքում: Մայրը, ժպտալով կանգնել էր նրա հետևում, ինչպես ուղեկցող վարորդը՝ աջակցելով դստերը ծառայելու ցանկության հարցում:

Մեկ այլմայր մտահոգված էր մի օր, երբ իր 16-ամյա դուստրը սովորականի պես նույն ժամին տանը չէր: Երբ աղջիկը վերջապես եկավ, մայրը հուզված հարցրեց նրան, թե որտեղ էր նա: 16-ամյա աղջիկը համեստորեն պատասխանեց, որ ծաղիկ էր տարել մի այրի կնոջ, որն ապրում էր մոտակայքում: Նա նկատել էր, որ տարեց կինը միայնակ է երևում և հուշում էր ստացել այցելել նրան: Մայրիկի համաձայնությամբ, երիտասարդ կինը շարունակել է այցելել ծեր կնոջը: Նրանք լավ ընկերներ էին դարձել և նրանց շփումը շարունակվեց տարիների ընթացում:

Այս երիտասարդ կանանցից յուրաքանչյուրը և նրանց նման շատերը, նկատել էին մեկի, ով կարիքի մեջ էր, և աշխատել էին օգնել: Երիտասարդ կանայք բնատուր ցանկություն ունեն հոգ տանելու և կիսվելու, ինչըկարող է լավ ուղղորդվել ծառայության միջոցով, որևէ չափահաս քրոջ ընկերակցությամբ:

Անկախ մեր տարիքից, երբ մտածում ենք, թե ինչպես ավելի արդյունավետ ծառայենք, հարց է ծագում. «Ինչի՞ կարիք նա ունի»: Այդ հարցը կապակցելով ծառայելու անկեղծ ցանկության հետ, մենք այնուհետև Հոգով առաջնորդվում ենք անելու այն, ինչը կբարձրացնի ու կամրապնդի անհատին: Ես լսել եմ եղբայրների և քույրերի մասին բազմաթիվ պատմություններ, ովքեր օրհնվել են ներգրավվածության և ողջույնի պարզ վերաբերմունքով եկեղեցում, էլ-փոստով կամ տեքստային հաղորդագրությամբ հետաքրքիր գաղափար ստանալով, անհատական այցով դժվարին ժամանակ, խմբի միջոցառմանը մասնակցելու հրավերով կամ առաջարկ ստանալով՝ օգնելու դժվար իրավիճակում: Միայնակ ծնողները, նորադարձները, ոչ ակտիվ անդամները, այրիները կամ դժվարության մեջ գտնվող երիտասարդները կարող են լրացուցիչ ուշադրության և առաջնահերթ օգնության կարիք ունենալ ծառայող եղբայրների ու քույրերի կողմից: Երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունների միջև համակարգումը թույլ է տալիս, որ միայն ճիշտ հանձնարարություններ տրվեն:

Ամենից կարևորն այն է, որ իսկական ծառայությունն իրականացվում է մեկ առ մեկ, և դրա շարժառիթը սերն է: Անկեղծ ծառայության արժեքն ու հրաշքը կայանում են նրանում, որ այն իսկապես կյանքեր է փոխում: Երբ մեր սրտերը բաց են և կամենում ենք սիրել ու ընդունել, քաջալերել ու մխիթարել, մեր ծառայության զորությունը անդիմադրելի կլինի: Սիրո շարժառիթով տեղի կունենան հրաշքներ և մենք կգտնենք ուղիներ, որպեսզի բերենք մեր «կորած» քույրերին ու եղբայրներին դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանի ընդունող գիրկը:

Փրկիչը մեր օրինակն է ամեն ինչում, ոչ միայն այն բաներում, որոնք պետք է անենք, այլև նրանում, թե ինչո՞ւ պետք է անենք: «Նրա կյանքը երկրի վրա հրավեր էր մեզ` ավելի բարձրացնելու մեր տեսադաշտը, մոռանալ մեր սեփական խնդիրները և օգնության հասնել ուրիշներին»: Երբ մենք ամբողջ սրտով հանձն ենք առնում ծառայել մեր քույրերին ու եղբայրներին, մենք օրհնված ենք հոգևոր առումով ավելի զտված դառնալու, ավելի ներդաշնակ Աստծո կամքի հետ և ավելի ունակ հասկանալու Նրա ծրագիրը, օգնելու յուրաքանչյուրին վերադառնալ Նրա մոտ: Մենք ավելի լավ կճանաչենք Նրա օրհնությունները և կձգտենք կիսվել այդ օրհնություններով ուրիշների հետ: Մեր սրտերը մեր ձայների հետ միաձայն կերգեն.

Տեր, եղբորս ես թող սիրեմ,

Ինչպես Դու ինձ սիրում ես:

Թող Քեզանում միշտ ուժ գտնեմ,

Քո ծառան ընդմիշտ լինեմ:

Տեր, եղբորս թող ես սիրեմ,

Տեր, միշտ Քեզ կհետևեմ:

Եկեք ցույց տանք մեր երախտագիտությունն ու սերը Աստծո հանդեպ, սիրով ծառայելով մեր հավերժական քույրերին ու եղբայրներին: Արդյունքը կլինի զգացողության միասնությունը, ինչպիսին հին Ամերիկայի մարդիկ էին վայելում՝ իրենց երկրում Փրկիչի հայտնվելուց 100 տարի անց:

«Եվ եղավ այնպես, որ չկար ոչ մի հակառակություն… Աստծո սիրո շնորհիվ, որը բնակվում էր մարդկանց սրտերում:

Եվ չկային նախանձություններ, ոչ էլ պայքարներ,… և անկասկած, ավելի երջանիկ ժողովուրդ չէր կարող լինել այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով»:

Ուրախությամբ բերում եմ իմ անձնական վկայությունը, որ այս զարմանահրաշ փոփոխությունները ոգեշնչված են Աստծուց, և եթե մենք ընդունենք դրանք կամեցող սրտով, մենք ավելի պատրաստ կլինենք հանդիպելու Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին Իր գալուստի ժամանակ: Մենք ավելի մոտ կլինենք Սիոնի ժողովուրդ դառնալուն և անսահման ուրախություն կունենանք այն մարդկանց հետ, ում մենք օգնել ենք աշակերտության ճանապարհին: Ես աղոթում եմ, որ մենք այդպես անենք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: