2010–2019 թթ․
Թանկագին պարգևներ Աստծուց
2018թ․ ապրիլ


2:3

Թանկագին պարգևներ Աստծուց

Կյանքը կարող է լցված լինել հավատքով, ուրախությամբ, երջանկությամբ, հույսով և սիրով, երբ մենք գործադրենք ամենափոքրիկ իրական հավատքն առ Քրիստոս։

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք հենց նոր մասնակցեցինք հանդիսավոր ժողովի, սովորույթ, որը կարելի է տեսնել Աստվածաշնչում, երբ հնօրյա Իսրայելը հավաքվում էր՝ զգալու Տիրոջ ներկայությունը և գովերգելու Նրա օրհնությունները։ Մեզ արտոնված է ապրել մի այնպիսի ժամանակ, երբ այս հնօրյա սովորույթը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Ես հորդորում եմ ձեզ գրառել ձեր անձնական օրագրում, թե ինչ զգացիք այս ամենասուրբ իրադարձության ժամանակ, որի մասնակիցը դարձաք։

Վերջերս մենք հրաժեշտ տվեցինք մեր թանկագին ընկեր և մարգարե Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնին։ Չնայած բոլորս էլ կարոտում ենք նրան, մենք խորապես երախտապարտ ենք, որ Տերը կանչեց նոր մարգարե՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին, նախագահելու Իր Եկեղեցում։ Այժմ մենք պատշաճ կարգով մի նոր գլուխ ենք սկսում մեր Եկեղեցու պատմության մեջ։ Սա թանկագին պարգև է Աստծուց։

Երբ մենք հաստատեցինք Նախագահ Նելսոնին՝ բարձրացնելով մեր ձեռքը, մենք կանգնեցինք որպես վկաներ Աստծո առաջ և ընդունեցինք, որ նա Նախագահ Մոնսոնի իրավահաջորդն է։ Մեր ձեռքի բարձրացումով մենք խոստացանք ականջ դնել նրա ձայնին, մինչ նա առաջնորդություն կստանա Տիրոջից։

Տերն ասել է․

«Պիտի ուշք դարձնես նրա [նկատի ունենալով Եկեղեցու Նախագահին] բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ … ․

Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով»:

Ես ճանաչում եմ մեր նոր մարգարեին ու նախագահին ավելի քան 60 տարի: Ես նրա հետ ծառայել եմ Տասներկուսի Քվորումում 33 տարի, և ես վկա եմ, թե ինչպես էր Տիրոջ ձեռքը նախապատրաստում նրան դառնալ մեր նախագահող առաքյալը և մարգարեն, որ սպասավորի սուրբ քահանայության բոլոր բանալիները երկրի վրա։ Թողմեզանից յուրաքանչյուրը լիարժեք հաստատի նրան և նրա խորհրդականներին և հետևի նրանց։ Մենք նաև ջերմորեն ողջունում ենք Երեց Գոնգին և Երեց Սոարեսին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ։

Հիսուսի հարությունից հետո, իրադարձություն, որը մենք նշում ենք այս փառահեղ օրը, Նա հայտնվեց Իր աշակերտներին և ասաց․ «Խաղաղութիւն ձեզ, ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ Ուշադրություն դարձրեք կրկնակի գործողությանը․ Աստված ուղարկում է Իր Որդուն։ Որդին ուղարկում է Իր ծառաներին՝ մահկանացու տղամարդկանց և կանանց, որպեսզի իրականացնեն Իրենց աշխատանքը։

Մեզ չպիտի զարմացնի Տիրոջ աշխատանքը կատարելու համար կանչված անհատների անկատար էակներ լինելը։ Սուրբ գրությունների պատմություններում միջադեպերի մանրամասներ են բերվում տղամարդկանց և կանանց մասին, ովքեր կանչվել էին Աստծո կողմից կատարելու մեծ գործ. մեր Երկնային Հոր լավ որդիները և դուստրերը, կանչված ծառայելու Եկեղեցու իրենց կոչումներում, ձգտում էին անել հնարավոր ամեն բան, սակայն նրանցից ոչ մեկը կատարյալ չէր։ Նույնը ճշմարիտ է մեզ համար այսօր:

Հաշվի առնելով մեր մարդկային թույլ կողմերի և թերությունների իրողությունը, ինչպե՞ս ենք առաջ շարժվում միմյանց աջակցելու և հաստատելու հարցում: Այն սկսվում է հավատքով, իրական, անկեղծ հավատքով առ Տեր Հիսուս Քրիստոսը։ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը Քրիստոսի վարդապետության և ավետարանի առաջին սկզբունքն է։

Տարիներ առաջ ես այցելել էի Սուրբ Երկիր: Մինչ անցնում էինք մանանեխի բույսի մոտով, ԲՅՀ-ի Երուսաղեմի Կենտրոնի տնօրենը հարցրեց՝արդյոք երբևէ տեսել եմ մանանեխի հատիկ։ Ես չէի տեսել, ուստի, մենք կանգ առանք։ Նա ինձ ցույց տվեց մանանեխի սերմերը։ Դրանք զարմանալիորեն փոքր էին։

Ապա ես հիշեցի Հիսուսի ուսմունքները․ «Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ՝ եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. Եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար»։

Եթե մենք մանանեխի հատի չափ հավատք ունենանք, Տերը կարող է օգնել մեզ հեռացնել հիասթափության և կասկածի սարերը, որոնց կհանդիպենք, երբ ծառայենք Աստծո զավակներին՝ ընտանիքի անդամներին, Եկեղեցու անդամներին և նրանց, ովքեր դեռևս Եկեղեցու անդամներ չեն։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, կյանքը կարող է լցված լինել հավատքով, ուրախությամբ, երջանկությամբ, հույսով և սիրով, երբ մենք գործադրենք ամենափոքրիկ իրական հավատքն առ Քրիստոս՝ նույնիսկ մանանեխի հատի չափ հավատք։

Երեց Ջորջ Ա. Սմիթը հիշում էր Ջոզեֆ Սմիթի կողմից տրված հետևյալ խորհուրդը. «Նա ասաց ինձ, որ ես երբեք չպետք է հուսահատվեմ, ինչ դժվարություններ էլ, հնարավոր է, շրջապատեն ինձ: Եթե ես ընկնեմ Նովա Սքոթիայի ամենախորը հորը և Ռոքի լեռներն ամբողջությամբ ինձ վրա թափվեն, ես չպետք է հուսահատվեմ, այլ սպասեմ, հավատ գործադրեմ և պահպանեմ քաջությունս և վերջապես պիտի դուրս գամ այդ կույտի գագաթը»։

Մենք պիտի հիշենք Պողոսի հայտարարությունը. «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով»: Սրա իմացությունը մեկ այլ թանկագին պարգև է Աստծուց։

Իմ նշած պարգևներից բացի, կան շատ այլպարգևներ։ Այժմ ես կխոսեմ դրանցից ընդամենը մի քանիսի մասին՝ Հանգստության օրվա, հաղորդության, ուրիշներին ծառայելուև մեզ Փրկիչ տալու Աստծո անսահման պարգևի մասին։

Հանգստության օրվա զորությունը կայանում է նրանում, որ եկեղեցում և տանը վայելենք Սուրբ Հոգին զգալու հրճվանքը, ուրախությունը և ջերմությունը՝ առանց որևէ շեղող հանգամանքի առկայության։

Շատերը համարյա ապրում ենառցանց՝ իրենց խելացի սարքերով՝ էկրաններն են գիշեր-ցերեկ լուսավորումնրանց դեմքը, իսկ ականջակալները արգելափակում են Հոգու մեղմ, հանդարտ ձայնը: Եթե ժամանակ չգտնենք դրանք անջատելու համար, մենք գուցե կկորցնենք Նրա ձայնը լսելու հնարավորությունները «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած»։ Այսպիսով, ոչ մի սխալ բան չկա, երբ օգտվում ենք Տիրոջ կողմից ոգեշնչված տեխնոլոգիաների առաջընթացից, բայց մենք պետք է իմաստուն կերպով օգտագործենք դրանք: Հիշեք Հանգստության օրվա պարգևը։

Հաղորդության ժողովի ժամանակ հաղորդությունը ստանալու օրհնությունը երբեք չպետք է սովորական գործողություն դառնա կամ պարզապես ինչ-որ բան, որ մենք անում ենք: Մի ամբողջ շաբաթվա ընթացքում ընդամենը 70 րոպե է, երբ կարող ենք դադար տալ և ավելի շատ խաղաղություն, ուրախություն և երջանկություն գտնել մեր կյանքում:

Հաղորդության ընդունումը և մեր ուխտերի նորոգումը մեր նշանն է Տիրոջը, որ մենք միշտ հիշում ենք Նրան։ Նրա Քավությունը բարեգութ պարգև է Աստծուց:

Երկնային Հոր զավակներին ծառայելու արտոնությունը ւ ևս մեկ հնարավորություն է հետևել Նրա Սիրելի Որդու օրինակին՝ ծառայելով միմյանց։

Ծառայություն կատարելու որոշ հնարավորություններ պաշտոնական բնույթ ունեն՝ տանը, Եկեղեցու մեր կոչումներում և համայնքի ծառայողական կազմակերպություններում մեր մասնակցությունը։

Եկեղեցու անդամները, թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք, չպիտի վարանեն, եթե ցանկանում են ընտրվել կառավարական որևէ պաշտոնում, որտեղ էլնրանք ապրեն։ Մեր ձայներն առանցքային դեր ունեն այսօր և կարևոր են մեր դպրոցներում, մեր քաղաքներում և մեր երկրներում։ Որտեղ առկա է ժողովրդավարությունը, որպես անդամներ, մեր պարտքն է քվեարկել պատվարժան տղամարդկանց և կանանց համար, ովքեր ցանկանում են ծառայել։

Ծառայելու շատ հնարավորություններ ոչ պաշտոնական բնույթի են, առանց հանձնարարականի, և գալիս են, երբ մենք ձեռք ենք մեկնում ուրիշներին, ում հանդիպում ենք կյանքի ուղիներում։ Հիշեք, Հիսուսն ուսուցանեց օրենսգետին, որ մենք պետք է սիրենք Աստծուն և մեր մերձավորին մեր անձի պես՝ օգտագործելով բարի սամարացուն որպես օրինակ։

Ծառայությունը բացում է մի պատուհան, որի միջոցով մենք հասկանում ենք Քրիստոսի կյանքը և ծառայությունը։ Նա եկավ ծառայելու, ինչպես ուսուցանում են սուրբ գրությունները․ «Ինչպես մարդի Որդին չ’եկաւ որ իրան ծառայեն, այլ որ ինքը ծառայէ, եւ շատերի փոխանակ իր անձը փրկանք տայ»:

Պողոսը թերևս տվել է Փրկիչի երկրային ծառայության լավագույն նկարագրությունը հինգ բառով, երբ դիմել է Հիսուսին որպես մեկը, «որ ման եկաւ բարի անելով»։

Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո բոլոր պարգևներից ամենաթանկն է մեզ համար։ Հիսուսն ասել է․ «Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով»։

Նեփին շեշտել է մեր Փրկիչի կարևոր դերը, երբ հայտարարել է. «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։ Քրիստոսը պիտի լինի մեր կյանքի կենտրոնը` բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում:

Մենք պիտի հիշենք, որ Նրա անունն է հայտնվում մեր երկրպագության վայրերում․ մենք մկրտվում ենք Նրա անունով, և մենք հաստատվում, կարգվում, օժտվում և կնքում ենք մեր ամուսնությունը Նրա անունով։ Մենք ճաշակում ենք հաղորդությունը և խոստանում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և դառնալ ճշմարիտ քրիստոնյաներ: Ի վերջո, հաղորդության աղոթքը հորդորում է մեզ «միշտ հիշել նրան»։

Մինչ մենք պատրաստվում ենք վաղվա Զատիկի կիրակիին, եկեք հիշենք, որ Քրիստոսը գերագույն էակ է։ Նա արդար Դատավորն է, մեր հավատարիմ Բարեխոսը, մեր օրհնյալ Քավիչը, Բարի Հովիվը, խոստացված Մեսիան, ճշմարիտ Ընկերը և շատ ու շատ ավելին։ Նա իսկապես շատ թանկագին պարգև է մեր Հորից մեզ համար։

Մեր աշակերտության մեջ մենք ունենք բազմաթիվ պահանջներ, մտահոգություններ եւ հանձնարարություններ: Այնուամենայնիվ, կան որոշ բաներ, որոնք միշտ պիտի լինեն Եկեղեցու մեր անդամության հիմքում։ «Ուստի,- պատվիրում է Տերը,- եղիր հավատարիմ. կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և բարձրացրու ամրացրու տկար ծնկները»:

Սա է Եկեղեցու գործը: Սա է անարատ կրոնը։ Սա է ճշմարիտ ավետարանը, երբ մենք սատարում, բարձրացնում և ամրացնում ենք նրանց, ովքեր ունեն հոգևոր և նյութական կարիքներ։ Դա պահանջում է մեզանից այցելել և աջակցել նրանց, որպեսզի նրանց վկայությունները և հավատքն առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը խարսխվեն նրանց սրտերում։

Թող Տերն օգնի և օրհնի մեզ փայփայել մեր բազում թանկագին պարգևները, որ ստանում ենք Աստծուց, ներառյալ՝ Իր վերականգնված Եկեղեցում մեր անդամությունը։ Ես աղոթում եմ, որ մենք լցված լինենք սիրով մեր Երկնային Հոր զավակների հանդեպ և կարողանանք տեսնել նրանց կարիքները և ցանկություն ունենանք պատասխանել ավետարանի շուրջ նրանց ունեցած հարցերին և մտահոգություններին պարզ ու բարյացակամձևով, որը կմեծացնի հասկացողությունը և գնահատանքը միմյանց հանդեպ։

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։ Այն, ինչ մեզ կուսուցանվի այս գերագույն համաժողովի ընթացքում, տրվում է մեզ առաքյալների և մարգարեների, Բարձրագույն Իշխանավորների և քույր ղեկավարների ոգեշնչմամբ, ովքեր Եկեղեցու Բարձրագույն Պաշտոնյաներն են։ Թող Տիրոջ ուրախությունը և խաղաղությունը մնա յուրաքանչյուրիս հետ, սա իմ խոնարհ աղոթքն է Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: