Նախապատրաստվել հանդիպել Աստծուն
Աստվածայնորեն նշանակված պարտականությունները արդարությամբ, միասնությամբ և հավասարությամբ կատարելով կնախապատրաստենք մեզ հանդիպել Աստծուն։
Էլիզա Ռ․ Սնոուն, խոսելով Կիրթլանդի Տաճարի նվիրագործման մասին (որին նա ներկա էր), ասել է․ «Այդ նվիրագործման արարողություններին կարելի էր նախապատրաստվել, բայց մահկանացու լեզուն չի կարող նկարագրել այդ հիշարժան օրվա երկնային դրսևորումները: Հրեշտակներ հայտնվեցին ոմանց, մինչդեռ աստվածային ներկայության զգացումն առկա էր բոլոր ներկա գտնվողների մեջ, և յուրաքանչյուր սիրտ լցված էր աննկարագրելի ուրախությամբ և լիառատ փառքով»։
Աստվածային դրսևորումները, որոնք տեղի ունեցան Կիրթլենդի Տաճարում, հիմնարար դեր խաղացին Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում՝ իրականացնելով մեր Երկնային Հոր զավակների փրկությունը և վեհացումը։ Մինչ նախապատրաստվում ենք հանդիպել Աստծուն, մենք կարող ենք իմանալ, թե որոնք են աստվածայնորեն նշանակված մեր պարտականությունները՝ քննելով Կիրթլենդի Տաճարում վերականգնված սրբազան բանալիները։
Նվիրագործման աղոթքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը խոնարհաբար խնդրեց Տիրոջը․ «ընդունիր այս տունը … որը դու պատվիրեցիր մեզ կառուցել»։
Մի շաբաթ անց՝ Զատիկի կիրակի օրը, Տերը հայտնվեց հոյակապ տեսիլքում և ընդունեց Իր տաճարը։ Դա տեղի ունեցավ 1836թ․ ապրիլի 3-ին, գրեթե 182 տարի այս Զատիկի կիրակիից առաջ։ Դա նաև Պասեքի օրերն էր, այն հազվագյուտ ժամանակներից մեկը, երբ Զատիկը և Պասեքը համընկան։ Տեսիլքից հետո հայտնվեցին հնօրյա երեք մարգարեներ՝ Մովսեսը, Եղիասը և Եղիան, և հանձնեցին բանալիներ, որոնք առանցքային դեր ունեցան՝ իրականացնելով Տիրոջ նպատակները Նրա վերականգնված Եկեղեցում այս տնտեսությունում։ Այդ նպատակը պարզ, սակայն ազդեցիկ կերպով սահմանված է՝ որպես Իսրայելի հավաքում, որպես ընտանիքներ՝ նրանց կնքում և աշխարհի նախապատրաստում Տիրոջ Երկրորդ Գալստյան համար։
Եղիայի և Մովսեսի հայտնվելը «զարմանալիորեն զուգադիպում է … հրեական ավանդության [հետ], համաձայն որի Մովսեսը և Եղիան պիտի միասին կհայտնվեին «վերջին ժամանակներում»։ Մեր վարդապետության մեջ այս հայտնությունը իրականացրեց հիմնական վերականգնումը որոշակի բանալիների՝ «տրված … վերջին օրերին ու վերջին անգամ, որը ժամանակների լրության տնտեսությունն է»:
Կիրթլենդի Տաճարն աչքի չէր ընկնում ո՛չ իր տեղանքով, ո՛չ էլ չափերով։ Սակայն մարդկության համար նրա մեծ նշանակության տեսանկյունից դա հավերժության ձևավորումն էր։ Հնօրյա մարգարեները վերականգնեցին քահանայության բանալիները, որոնք նախատեսված են Հիսուս Քրիստոսի ավետարանի հավերժական փրկարար արարողությունների համար։ Այն մեծ ուրախություն բերեց հավատարիմ անդամներին։
Այդ բանալիներն ապահովում են «զորությամբ … ի վերուստ» աստվածայնորեն նշանակված պարտականությունները կատարելու համար, որը հանդիսանում է Եկեղեցու հիմնական նպատակը։ Զատիկի այդ հրաշալի օրը Կիրթլենդի Տաճարում վերականգնվեցին երեք բանալիներ․
Առաջինը, Մովսեսը հայտնվեց և տվեց աշխարհի չորս ծայրերից Իսրայելը հավաքելու բանալիները, որը միսիոներական աշխատանքն է։
Երկրորդը, Եղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսության բանալիները, որը ներառում է Աբրահամի ուխտի վերականգնումը։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ ուխտի բանալիների նպատակն է նախապատրաստել անդամներին Աստծո արքայության համար։ Նա ասել է․ «Մենք գիտենք՝ ովքեր ենք մենք, և [մենք գիտենք]՝ ինչ սպասումներ ունի մեզանից Աստված»։
Երրորդը, Եղիան հայտնվեց և հանձնեց կնքման զորության բանալիներն այս տնտեսության համար, որը ընտանեկան պատմության աշխատանքն է և տաճարային արարողությունները, որոնք հնարավոր են դարձնում կենդանիների և մահացածների փրկությունը։
Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի ղեկավարությամբ Եկեղեցու գլխավոր վարչությունում գոյություն ունեն երեք գործադիր խորհուրդներ, որոնք վերահսկում են աստվածայնորեն նշանակված այս պարտականությունները, հիմնված բանալիների վրա, որոնք վերականգնվել են Կիրթլենդի Տաճարում։ Դրանք են՝ Միսիոներական Գործադիր Խորհուրդը, Քահանայության և Ընտանեկան Գործադիր Խորհուրդը և Տաճարային և Ընտանեկան Պատմության Գործադիր Խորհուրդը:
Որքանո՞վ ենք մենք այսօր իրականացնում աստվածայնորեն նշանակված այս պարտականությունները։
Առաջինը, ինչ վերաբերում է Մովսեսի կողմից Իսրայելի հավաքման բանալիների վերականգնմանը, այսօր գրեթե 70000 միսիոներներ աշխարհով մեկ քարոզում են Նրա ավետարանը՝ Նրա ընտրյալներին հավաքելու համար։ Սա սկիզբն է այն մեծ ու զարմանալի գործի, որի իրականացումը Նեփին տեսավ թե՛ հեթանոսների, և՛ թե Իսրայելի տան մեջ։ Նեփին տեսավ մեր օրերը, երբ Աստծո Սրբերը կլինեին ողջ երկրի երեսի վրա, սակայն նրանք փոքրաթիվ կլինեին ամբարշտության պատճառով։ Այնուամենայնիվ, նա տեսավ, որ նրանք «զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»։ Վերականգնված Եկեղեցու հակիրճ պատմությունը վերանայելով, տեսնում ենք, որ միսիոներական ջանքերը եղել են ամենանշանակալիցը։ Մենք տեսնում ենք Նեփիի տեսիլքն իրականանալիս։ Չնայած թվաքանակով մենք համեմատաբար քիչ ենք, սակայն կշարունակենք ջանք գործադրել և հասնել նրանց, ովքեր կարձագանքնեն Փրկիչի ուղերձին։
Երկրորդը, Եղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը, հայտարարելով, որ մեզանով և մեր հետնորդներով պիտի օրհնվեն մեզ հաջորդող բոլոր սերունդները: Այս համաժողովի ժամանակ հաստատման ներկայացվեց կարևոր ուղեցույց՝ կատարելագործել Սրբերին և նախապատրաստել նրանց Աստծո արքայության համար։ Երեցների և քահանայապետերի քվորումների վերաբերյալ քահանայության նիստի հայտարարությունը կմեծացնի քահանայության զորության և իշխանության ազդեցությունը։ Տնային և այցելությամբ ուսուցումները՝ այժմ «սպասավորումները», ինչպես գեղեցիկ կերպով ուսուցանվեց այս նիստի ժամանակ, կնախապատրաստեն Վերջին Օրերի Սրբերին հանդիպել Աստծուն։
Երրորդը, Եղիան հանձնեց այս տնտեսության կնքման բանալիները։ Մեզանից նրանց համար, ովքեր կենդանի են այժմ, տաճարների և ընտանեկան պատմության աշխատանքի աճը բացառիկ է։Այս տեմպը կշարունակվի և կարագանա մինչև Փրկիչի Երկրորդ Գալուստը, այլապես ողջ երկիրն ամբողջովին «կամայանա նրա գալստյան ժամանակ»։
Ընտանեկան պատմության աշխատանքը, շնորհիվերկնքից օրհնված տեխնոլոգիաների, մեծ առաջընթաց է ապրել վերջին մի քանի տարիների ընթացքում: Մենք խելացի չենք լինի, եթե հանգիստ նստենք, ակնկալելով, որ աստվածայնորեն նշանակված այս պարտականությունը կկատարի մորաքույր Ջեյնը կամ մեկ այլ նվիրված ազգական։ Թույլ տվեք կիսվել Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի անկեղծ մեկնաբանություններով․ «Ոչ ոք ազատված չէ այս մեծ պարտականությունից։ Այն պահանջվում է ինչպես առաքյալից, այնպես էլ ամենախոնարհ երեցից [կամ քրոջից]։ Վայրը, ձիրքը կամ Եկեղեցում երկարատև ծառայությունը … ոչ մեկին թույլ չի տալիս անտեսել մահացած մեկի փրկությունը»։
Այժմ մենք տաճարներ ունենք ողջ աշխարհում և աջակցության հիմնադրամի ռեսուրսներ՝ օգնելու կարիքի մեջ գտնվողներին, ովքեր ապրում են տաճարից հեռու։
Որպես անհատներ, մենք լավ կանենք, որ գնահատենք մեր ջանքերը՝ կապված միսիոներական աշխատանքի, տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքների և Աստծուն հանդիպելու համար նախապարտաստվելու հետ։
Արդարությունը, միասնությունը և հավասարությունը Տիրոջ առաջ ամուր հիմքեր են դնում այս սրբազան պարտականությունների համար
Ինչ վերաբերում է արդարությանը, բոլորիս համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվել հանդիպելու Աստծուն: Մորմոնի Գրքում տրվում են ողբերգական հետևանքների բազմաթիվ օրինակներ, երբ անհատները կամ խմբերը չեն պահել Աստծո պատվիրանները։
Իմ կյանքի ընթացքում աշխարհիկ խնդիրները և մտահոգությունները մի ծայրահեղությունից անցել են մյուսին՝ աննկատ և չնչին հետապնդումներից մինչև լուրջ անբարոյականությունը։Գովելի է, որ անընդունելի համարվող անբարո արարքները բացահայտվել և դատապարտվել են։ Անընդունելի համարվող նման անբարո արարքները դեմ են Աստծո օրենքներին և հասարակությանը։ Նրանք, ովքեր հասկանում են Աստծո ծրագիրը, պետք է նաև դեմ լինեն ընդունելի համարվող անբարոյականությանը, որը նույնպես մեղք է։ Աշխարհին ուղղված ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում նախազգուշացվում է, «որ այն անհատները, ովքեր խախտում են ողջախոհության ուխտերը, բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների [կամ որևէ այլ անձի] հանդեպ, … մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»:
Երբ նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք ամբարշտության և կախվածության ավերիչ ազդեցությունն ամեն քայլափոխի։ Եթե, որպես անհատներ, մեզ իրոք մտահոգում է Փրկիչի վերջին դատաստանը, մենք պետք է ապաշխարություն փնտրենք։ Ինձ վախեցնում է այն փաստը, որ շատերն այլևս հաշվետու չեն զգում իրենց Աստծո առաջ և չեն դառնում դեպի սուրբ գրությունները կամ մարգարեները առաջնորդության համար։ Եթե մենք, որպես հասարակություն, մտածենք մեղքի հետևանքների մասին, զանգվածային ընդդիմություն կբարձրանար պոռնոգրաֆիայի և կանանց իրավունքների ոտնահարման դեմ։ Ինչպես Մորմոնի Գրքում Ալման է ասել իր որդի Կորիանթոնին․ «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։
Ինչ վերաբերում է միասնությանը, Փրկիչը հայտարարել է․ «Եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»։ Մենք գիտենք, որ հակառակության հոգին դևից է։
Մեր օրերում միասնության վերաբերյալ աստվածաշնչյան հրամայականը մեծ մասամբ անտեսվում է, և շատերը շեշտը դնում են ազգայնամոլության վրա, որը հաճախ հիմնված է կարգավիճակի, սեռի, ռասայի և հարստության վրա: Շատ երկրներում, եթե ոչ մեծ մասում, մարդիկ իրարից խիստ տարբերվում են ապրելակերպով։ Տիրոջ Եկեղեցում միակ մշակույթը, որին մենք հետևում ենք և ուսուցանում, Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթն է։Միասնությունը, որը մենք ենք փնտրում, Փրկիչի և Նրա ուսմունքների հետ միաբան լինելն է։
Եթե նայենք Եկեղեցու հիմնական նպատակներին, դրանք բոլորը հիմնված են Տիրոջ առաջ հավասար լինելու և Հիսուս Քրիստոսի ավետարանի մշակույթին հետևելու վրա։ Ինչ վերաբերում է միսիոներական աշխատանքին, մկրտության համար հիմնական որակավորումներն են՝ մարդու խոնարհ լինելն Աստծո առաջ և կոտրված սիրտ ու փշրված հոգի ունենալը։ Կրթությունը, հարստությունը, ռասայական կամ ազգային ծագումը նույնիսկ չենքննարկվում։
Բացի դրանից, միսիոներնեը խոնարհաբար ծառայում են այնտեղ, որտեղ կանչվում են։ Նրանք չեն փորձում ծառայել, հիմնվելով հասարակական դիրք գրավելու համար անհրաժեշտ աշխարհիկ չափանիշների վրա կամ ապագա կարիերային նախապատրաստվելու համար։ Նրանք ծառայում են իրենց ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով՝ որտեղ էլ որ կանչվեն։ Նրանք չեն ընտրում իրենց միսիոներական զուգընկերներին և ջանասիրաբար փորձում են զարգացնել քրիստոսանման հատկանիշներ, որոնք Հիսուս Քրիստոսի մշակույթի սիրտն են։
Սուրբ գրություններն ուղղորդում են մեզ մեր ամենակարևոր հարաբերություններում։ Փրկիչն ուսուցանել է, որ առաջին և մեծ պատվիրանն է. «Սիրիր քո Տէր Աստուծուն»։ Եվ երկրորդը՝ «Սիրիր քո ընկերին քո անձի պէս»:
Հիսուսն այս պատմության միջոցով մեզ սովորեցրեց, որ յուրաքանչյուրը մեզ համար մերձավոր է: Մորմոնի Գիրքը պարզ ասում է, որ չպիտի լինեն -ացիներ, ցեղեր կամ խավեր։ Մենք պետք է միավորված լինենք և հավասար՝ Աստծո առաջ։
Սուրբ արարողությունները և աստվածային պարտականությունները կառուցվում են այս նախադրյալի վրա։ Կցանկանայի, որ տաճարում ձեր սեփական փորձառությունները նման լինեին իմ փորձառություններին։ Երբ ես թողնում եմ իմ ամենօրյա գործերով հագեցած աշխարհը Սան Ֆրանցիսկոյում և հասնում Օկլանդի Տաճար, ես ունենում եմ սիրո և խաղաղության մեծ զգացողություն։ Հիմնականում ես զգում եմ, որ ավելի մոտ եմ Աստծուն և Նրա նպատակներին։ Իմ ուշադրությունը հիմնականում կենտրոնանում է փրկարար արարողությունների վրա, սակայն այդ գեղեցիկ զգացողությունների մեծ մասը բխում են հավասարությունից և միասնությունից, որոնք շատ ուժեղ ես զգում տաճարում։ Բոլորը կրում են սպիտակ հագուստներ։ Հարստությունը, դիրքը կամ կրթության հետ կապված հաջողությունները էական նշանակություն չունեն․ մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք՝ խոնարհեցնելով մեզ Աստծո առաջ։
Կնքման սուրբ սենյակում հավերժական ամուսնության արարողությունը նույնն է բոլորի համար։ Ինձ դուր է գալիս այն փաստը, որ ամենահամեստ ապրելակերպ ունեցող և հարուստ ապրելակերպ ունեցող զույգերն ունենում են ճիշտ նույն փորձառությունը։ Նրանք կրում են նույն տիպի հագուստներ և նույն ուխտերն են կնքում նույն զոհասեղանի առջև։ Նրանք նաև ստանում են նույն հավերժական քահանայության օրհնությունները։ Այս ամենը տեղի է ունենում գեղեցիկ տաճարում, կառուցված Սրբերի տասանորդներով՝ որպես Տիրոջ սուրբ տուն։
Աստվածայնորեն նշանակված պարտականությունների կատարումը՝ հիմնված արդարության, միասնության և Տիրոջ առաջ հավասարության վրա, բերում է անձնական երջանկություն և խաղաղություն այս աշխարհում և նախապատրաստում է մեզ հավերժական կյանքին գալիք աշխարհում։ Այն նախապատրաստում է մեզ հանդիպել Աստծուն։
Մենք աղոթում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը, անկախ ձեր ներկա հանգամանքներից, խորհրդի կնստի ձեր եպիսկոպոսի հետ և արժանի կլինի տաճարային երաշխավորագրի։
Մենք երախտապարտ ենք, որ ավելի շատ անդամներ են նախապատրաստվում գնալ տաճար։ Տաճարային երաշխավորագիր կրող արժանի չափահասների թիվը մեծապես աճել է տարիների ընթացքում։ Վերջին երկու տարիների ընթացքում արժանի պատանիների համար նախատեսված սահմանափակ օգտագործման երաշխավորագրերի թիվը կտրուկ աճել է։ Ակնհայտ է, որ Եկեղեցու անդամների հավատարմությունը երբևէ ավելի ուժեղ չի եղել:
Ի վերջո, խնդրում եմ համոզված եղեք, որ Եկեղեցու ավագ ղեկավարները, ովքեր ղեկավարում են Եկեղեցու աստվածայնորեն նշանակված նպատակները, ստանում են աստվածային օգնություն:Այդ առաջնորդությունը գալիս է Հոգուց և երբեմն հենց Փրկչից։ Հոգևոր առաջնորդության այդ երկու ձևերն էլ տրվում են։ Երախտապարտ եմ նման աջակցություն ստանալու համար։ Սակայն առաջնորդությունը տրվում է Տիրոջ ժամանակին, տող առ տող և ցուցում առ ցուցում, երբ «ամենագետ Տերն ընտրում է դանդաղ ուսուցանել մեզ»։ Ողջ Եկեղեցու վերաբերյալ առաջնորդությունը տրվում է միայն Նրա մարգարեին։
Այս համաժողովի ժամանակ մենք բոլորս արտոնություն ունեցանք հաստատելու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին՝ որպես մեր մարգարե և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ։ Տասներկուսը, որպես խումբ և անհատապես, հոգևոր մեծ փորձառություն ունեցան, երբ մենք դրեցինք մեր ձեռքերը Նախագահ Նելսոնի գլխին և Նախագահ Դալլին Հ․ Օուքսի ղեկավարությամբ կարգեցինք նրան և ձեռնադրեցինք նրան որպես Եկեղեցու Նախագահ։Ես վկայում եմ, որ նա կարգված է եղել և նախապատրաստվել է իր ողջ կյանքի ընթացքում լինել Տիրոջ մարգարեն մեր օրերում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: