Ակնածանքով լցված Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ
Մեր աչքերի տեսածի և մեր սրտերի զգացածի հիշողությունը թող մեծացնի մեր զարմանքը Փրկիչի քավիչ զոհաբերության հանդեպ:
Ես մի լավ ընկեր ունեմ, որը համալսարանի պաշտոնաթող պրոֆեսոր է, փայլուն մտքի տեր, բեղմնավոր հեղինակ և, ամենից առաջ, Հիսուս Քրիստոսի նվիրյալ աշակերտ: Նա տասնյակ անգամներ այցելել է Սուրբ Երկիր՝ մասնակցելու գիտաժողովների, անցկացնելու ուսումնական հետազոտություններ և վարելու շրջագայություններ: Նրա խոսքով, ամեն անգամ, երբ ինքն այցելում է այն երկիրը, որտեղ քայլել է Հիսուսը, հիանում է, քանի որ, անկասկած, մի նոր, զարմանալի և հետաքրքրաշարժ բան է սովորում Փրկիչի, Նրա մահկանացու ծառայության և Նրա սիրելի հայրենիքի մասին: Ակնածանքը, որով իմ ընկերը խոսում է այն ամենի մասին, ինչը սովորում է Սուրբ Երկրում, վարակիչ է, և այդ զարմանքը հիմնարար դեր է ունեցել նրա կյանքում ունեցած մեծ նվաճումների և ուսումնական հետազոտություններ մեջ:
Երբ ես լսում էի նրա փորձառությունների մասին և զգում էի նրա խանդավառությունը, խորհում էի, թե որքան ավելի մեծ հոգևոր զարմանք ենք ապրում, որ մենք կարող ենք և պետք է զգանք Հիսուս Քրիստոսի ավետարանը, և այն տարբերությունը, որը այն կարող է առաջացնել մեր աշակերտության և դեպի հավերժական կյանք մեր ճամփորդության միջև: Զարմանքը, որին ես անդրադառնում եմ, հույզերի, ակնածանքի կամ զմայլանքի զգացումն է, որը բնորոշ է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը ի սրտե կենտրոնացնում են Փրկիչի և Նրա ուսմունքների վրա և խոնարհաբար ճանաչում են Նրա ներկայությունն իրենց կյանքում: Սուրբ Հոգու ազդեցությամբ ներշնչված՝ զարմանքի նման զգացումը խթանում է Քրիստոսի վարդապետությունը ուրախությամբ ապրելու խանդավառությունը:1
Սուրբ գրությունները պարունակում են մի քանի օրինակներ այն մասին, թե ինչպես է դրսևորվում այս զգացողությունը: Եսայիա մարգարեն, օրինակ, Տիրոջ հանդեպ իր երախտագիտության խորությունն արտահայտում էր՝ ուրախանալով Նրանով:2 Նրանք, ովքեր լսում էին Հիսուսի քարոզը Կափառնայումի ժողովարանում, զարմանում էին Նրա վարդապետության և այն զորության վրա, որով Նա ուսուցանում էր:3 Այդ նույն զգացումն էր, որ թափանցեց երիտասարդ Ջոզեֆ Սմիթի սրտի բոլոր մանրաթելերի մեջ, երբ նա Աստվածաշնչից կարդում էր Հակոբոսի առաջին գլուխը, ինչը նրան մղեց փնտրելու Աստծո իմաստությունը:4
Իմ եղբայրներ և քույրեր, երբ մենք իսկապես ակնածանքով ենք լցված Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ, մենք ավելի երջանիկ ենք, ավելի մեծ խանդավառությամբ ենք լցված Աստծո աշխատանքի հանդեպ և ճանաչում ենք Տիրոջ ձեռքը ամեն ինչում: Բացի այդ, Աստծո խոսքի մեր ուսումնասիրությունն ավելի իմաստալից է, մեր աղոթքները՝ ավելի նպատակային, մեր երկրպագությունն՝ ավելի ակնածալից, մեր ծառայությունը Աստծո արքայությունում՝ ավելի ջանասեր: Այս բոլոր գործողությունները նպաստում են, որ Սուրբ Հոգու ազդեցությունն ավելի հաճախակի լինի մեր կյանքում:5 Այսպիսով, Փրկիչի և Նրա ավետարանի մասին մեր վկայությունը կամրապնդվի, մենք կենդանի կպահենք Քրիստոսին մեր մեջ,6 և մեր կյանքը կապրենք «արմատացած եւ նորանում շինուած, եւ հաւատքումը հաստատուած՝ … աճելով նորանում գոհութիւնով»:7 Երբ ապրում ենք այս կերպ, մենք դառնում ենք հոգևորապես ավելի տոկուն, և ավելի պաշտպանված՝ հոգևոր անտարբերության թակարդն ընկնելուց:
Նման անտարբերությունը բնութագրվում է Տիրոջ ավետարանում լիարժեք ներգրավվելու մեր ոգևորության աստիճանական կորստով: Դա սովորաբար սկսվում է այն ժամանակ, երբ մենք զգում ենք, որ այս կյանքում արդեն ձեռք ենք բերել բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու օրհնությունները՝ մեր երջանկության համար: Այս ինքնագոհությունը ստիպում է մեզ այլևս չգնահատել ավետարանի պարգևները, և այդ ժամանակից սկսած մենք խոցելի ենք դառնում և սկսում ենք անտեսել` թե՛ Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները,8 թե՛ մեր կապած ուխտերը: Հետևաբար, մենք աստիճանաբար հեռանում ենք Տիրոջից՝ թուլացնելով «Նրան լսելու» մեր կարողությունը9 և դառնալով անտարբեր և անզգա՝ Նրա աշխատանքի մեծության հանդեպ։ Մեր արդեն իսկ ստացած ճշմարտությունների վերաբերյալ կասկածը կարող է թափանցել մեր միտքն ու սիրտը՝ մեզ խոցելի դարձնելով թշնամու գայթակղությունների հանդեպ։10
Հոգևոր հովիվ Էյդեն Ուիլսոն Թոզերը՝ հայտնի գրող և քաջարի քրիստոնյան, գրել է. «Ինքնագոհությունը հոգևոր աճի մահացու թշնամին է»:11 Արդյո՞ք սա հենց այն չէր, ինչ պատահեց Նեփիի ժողովրդին՝ Քրիստոսի ծնունդից անմիջապես հետո: Նրանք «սկսեցին ավելի ու ավելի քիչ ապշել երկնքից նշանի կամ հրաշքի վրա, … [չհավատալով] այն ամենին, ինչ լսել էին ու տեսել»։ Այսպիսով, սատանան «կուրացրեց նրանց աչքերը և մոլորեցրեց նրանց՝ հավատալու, որ Քրիստոսի վարդապետությունը մի հիմար և ունայն բան է»:12
Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Իր կատարյալ ու անսահման սիրով և իմանալով մեր մարդկային էությունը,13 Փրկիչը մեզ համար ստեղծել է հոգևոր անտարբերության թակարդը չընկնելու ճանապարհը: Փրկիչի հրավերը մեզ ավելի լայն հեռանկար է տալիս, հատկապես՝ հաշվի առնելով այն բարդ աշխարհը, որտեղ մենք ապրում ենք. «Սովորիր ինձանից և լսիր իմ խոսքերը. քայլիր իմ Հոգու հեզությամբ, և դու խաղաղություն կունենաս ինձանում»։14 Երբ ընդունում ենք Փրկիչի հրավերը, մենք ցույց ենք տալիս մեր խոնարհությունը, ուսուցանելի լինելու մեր ցանկությունը և Նրան ավելի նմանվելու մեր հույսը:15 Այս հրավերը ներառում է նաև Նրան ծառայելը և Աստծո զավակներին սպասավորելը՝ «[մեր] ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»:16 Այս ճանապարհին մեր ջանքերի հիմքում, իհարկե, ընկած են երկու մեծ պատվիրաններ՝ սիրել մեր Տեր Աստծուն և սիրել մեր մերձավորին ինչպես ինքներս մեզ։17
Այսպիսի վարքագիծը Հիսուսի աստվածային բնավորության մի մասն է և ակներև էր այն ամենում, ինչ Նա անում էր Իր երկրային ծառայության ընթացքում:18 Հետևաբար, երբ մենք նպատակադրված և անկեղծորեն նվիրում ենք մեզ՝ նայելով Նրան և սովորելով Նրա կատարյալ օրինակից,19 մենք ավելի լավ ենք ճանաչում Նրան: Մենք աճում ենք խանդավառությամբ և ցանկանում ենք մեր կյանքում ներառել այն գերագույն չափանիշը, թե ինչպես պետք է ապրենք, օրինակը, որը մենք պետք է ծառայենք, և պատվիրանները, որոնց պետք է հետևենք: Մենք նաև ձեռք ենք բերում լրացուցիչ հասկացողություն, իմաստություն, աստվածային բնավորություն և շնորհ՝ Աստծո և մեր մերձավորների հանդեպ:20 Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Փրկիչի ազդեցությունն ու սերը զգալու մեր կարողությունը կուժեղանա մեր կյանքում՝ մեծացնելով մեր հավատքը, արդար գործելու մեր ցանկությունը և Նրան ու ուրիշներին ծառայելու մղումը:21 Բացի այդ, մեր երախտագիտությունը մահկանացու կյանքում մեր ունեցած օրհնությունների և մարտահրավերների համար կամրապնդվի և կդառնա մեր ճշմարիտ երկրպագության մի մասը:22
Իմ սիրելի՛ ընկերներ, այս բոլոր բաներն ամրացնում են ավետարանի հանդեպ մեր հոգևոր զարմանքը և ոգեշնչում մեզ ուրախությամբ պահել ուխտերը, որոնք կապում ենք Տիրոջ հետ, նույնիսկ, մեր փորձությունների և մարտահրավերների մեջ: Իհարկե, որպեսզի ունենանք այս արդյունքները, մենք պետք է հավատքով և անկեղծ միտումով խորասուզվենք Փրկիչի ուսմունքներում՝23 ձգտելով ներառել Նրա հատկանիշները մեր ապրելակերպի մեջ։24 Բացի այդ, մենք պետք է ավելի մոտենանք Նրան մեր ապաշխարության միջոցով՝25 փնտրելով Նրա ներումը և Նրա փրկագնող զորությունը մեր կյանքում, և պահելով Նրա պատվիրանները: Տերն Ինքն է խոստացել, որ կուղղորդի մեր ճանապարհները, եթե մենք ամբողջ սրտով վստահենք Իրեն, ճանաչենք Իրեն մեր բոլոր ճանապարհներում և չապավինենք մեր սեփական հասկացողությանը։26
Վերջերս ես հանդիպեցի Ուես անունով մի մարդու, (նա ներկա է համաժողովին այսօր), որն ընդունեց Քրիստոսի հրավերը՝ սովորել Իր և Իր ավետարանի մասին, և սկսեց զգալ Նրա սիրո ակնածանքը՝ ուխտի ուղուց 27 տարի հեռու մնալուց հետո: Նա ինձ ասաց, որ մի օր Ֆեյսբուքի միջոցով իր հետ կապվել է մի միսիոներ՝ Երեց Ջոնսը, որը ժամանակավորապես նշանակվել էր Ուեսի տարածքում՝ նախքան Պանամայում իր սկզբնական միսիայի վայր մեկնելը: Երբ երեց Ջոնսը Ֆեյսբուքում տեսավ Ուեսի նկարը, նույնիսկ նախապես չիմանալով, որ նա արդեն Եկեղեցու անդամ է, զգաց Սուրբ Հոգու առաջնորդությունը և գիտեր, որ պետք է անհապաղ կապ հաստատի Ուեսի հետ: Նա արագ գործեց՝ ըստ այդ տպավորության։ Ուեսը զարմացավ այդ անսպասելի շփումից և սկսեց հասկանալ, որ Տերը տեղյակ էր իրենից՝ չնայած ինքը հեռու էր ուխտի ճանապարհից:
Այդ ժամանակից ի վեր Ուեսն ու միսիոներները սկսեցին հաճախ շփվել: Երեց Ջոնսը և նրա զուգընկերը կիսվեցին հոգևոր ուղերձներով և ամենշաբաթյա ծառայությամբ, որոնք օգնեցին Ուեսին վերականգնել իր ակնածանքը Փրկիչի և Նրա ավետարանի հանդեպ։ Այն կրկին վերակենդանացրեց ճշմարտության և իր հանդեպ Փրկիչի սիրո մասին նրա վկայությունը: Ուեսը զգաց այն խաղաղությունը, որը գալիս է Մխիթարիչից և ձեռք բերեց այն ուժը, որն անհրաժեշտ էր փարախ վերադառնալու համար: Նա ասաց ինձ, որ այդ փորձառությունը, հոգևոր և հուզական առումներով, իրեն կյանք վերադարձրեց, և օգնեց վերացնել տարիների ընթացքում կուտակված դառնության զգացումը, որը հավաքվել էր իր ապրած դժվարին փորձությունների պատճառով:
Ինչպես նկատել է իմ վերոհիշյալ խորագետ պրոֆեսոր ընկերը, Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին միշտ հրաշալի ու հետաքրքրաշարժ բան կա սովորելու։27 Տերը հրաշալի խոստումներ է տվել, որոնք վերաբերում են մեզ և բոլոր նրանց, ովքեր ձգտում են սովորել Իր մասին և կիրառել Իր խոսքերն իրենց կյանքում: Նա Ենովքին ասաց. «Ահա, իմ Հոգին [կլինի] քեզ վրա, ուստի քո բոլոր խոսքերը ես կարդարացնեմ. և սարերը կփախչեն քո ներկայությունից, և գետերը կփոխեն իրենց հոսանքը. և դու կմնաս ինձ հետ, և ես՝ քեզ հետ. հետևաբար, քայլիր ինձ հետ»:28 Իր ծառա Բենիամին թագավորի միջոցով Նա հայտարարել է. «Դուք կկոչվեք Քրիստոսի զավակներ՝ նրա որդիներն ու նրա դուստրերը, քանզի ահա, այս օրը նա հոգով ծնեց ձեզ. քանզի դուք ասում եք, որ ձեր սրտերը փոխվել են նրա անվան հանդեպ հավատքի միջոցով. հետևաբար, դուք ծնվել եք նրանից և դարձել եք նրա որդիներն ու նրա դուստրերը»:29
Հետևաբար, մինչ մենք անկեղծորեն ու շարունակաբար ձգտում ենք սովորել Փրկիչի մասին և հետևել Նրա օրինակին, ես խոստանում եմ ձեզ՝ Նրա անունով, որ Նրա աստվածային հատկանիշները կգրվեն մեր մտքերում ու սրտերում,30 որ մենք ավելի կնմանվենք Նրան, և կքայլենք Նրա հետ:31
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես աղոթում եմ, որ մենք միշտ ակնածանքով լցված լինենք Հիսուս Քրիստոսի և Նրա անսահման ու կատարյալ սիրո հանդեպ: Թող որ մեր աչքերի տեսածի և մեր սրտերի զգացածի հիշողությունը մեծացնի մեր զարմանքը Փրկիչի քավիչ զոհաբերության հանդեպ, որը կարող է բժշկել մեզ մեր հոգևոր և զգացմունքային վերքերից և օգնել մեզ ավելի մոտենալ Նրան: Թող որ մենք զարմանանք այն մեծ խոստումների վրա, որոնք Հայրն ունի Իր ձեռքերում, և որոնք Նա պատրաստել է նրանց համար, ովքեր հավատարիմ են.
«Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են»:
Եվ նա, ով ընդունում է բոլոր բաները գոհությամբ, պիտի փառավորվի»:32
Հիսուսը աշխարհի Քավիչն է, և սա Նրա Եկեղեցին է: Ես վկայում եմ այս ճշմարտությունների մասին մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ակնածանք ներշնչող, սուրբ ու վեհ անունով, ամեն: