2007
Մոր ազդեցությունը
Ապրիլ 2007թ.


Ընկերն Ընկերոջը

Մոր ազդեցությունը

«Մի մերժիր քո մոր հրահանգը» (Առակաց Ա.8):

Նկար

Մայրս շատ հատուկ կին է: Ես ութ որդիներից ամենամեծն եմ և ունեմ նաև յոթ քույր: Այսպիսի մեծ ընտանիքում մայրս շատ պարտականություններ ունի: Ամենամեծ բանը, որ մայրս արել է մեզ համար՝ մկրտվելն էր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Նա մեզ հնարավորություն է տվել սովորել ավետարանի մասին: Այս հնարավորությունը փոխեց մեր կյանքը:

Ես հիշում եմ այն օրը, երբ մենք ընդունեցինք միսիոներներին: Ես 10, թե 11 տարեկան էի: Միսիոներները պատմեցին մեզ Առաջին Տեսիլքի պատմությունը: Հենց որ մայրս լսեց, նա անմիջապես դարձի եկավ: Նա հավատաց, որ Ջոզեֆ Սմիթը տեսել էր Հորը և Որդուն:

Մենք սկսեցինք հաճախել Եկեղեցի: Սկզբում ես չէի ցանկանում ընդունել ավետարանը, սակայն միսիոներները համոզեցին ինձ տեսնել, թե այն ամբողջությամբ ինչի մասին է: Երբ ես դա արեցի, սիրեցի այն: Ես այնքան երախտապարտ եմ իմ մոր համար: Նա վկայություն էր ստացել միսիոներների այդ առաջին այցի ժամանակ: Իր մկրտության օրվանից մինչև այժմ, նա բաց չի թողել Եկեղեցու ոչ մի հավաք:

Մայրս մի հսկա աջակցություն էր մեզ համար: Շաբաթ օրերին նա միշտ լվանում էր մեր ճերմակ վերնաշապիկները, որպեսզի դրանք մաքուր լինեին կիրակի օրը հագնելու համար: Մենք միշտ փայլեցնում էինք մեր և մեր փոքր քույրերի ու եղբայրների կոշիկները: Մենք վատ հարևանության մեջ էինք ապրում Գվատեմալայում, և մեր հարևանները ծիծաղում էին մեր վրա կիրակի օրերը, երբ սպիտակ վերնաշապիկներով ու փոխկապներով մենք գնում էինք Եկեղեցի:

Մայրս միշտ մեզ խրախուսում էր՝ ճիշտն անել: Նրա ազդեցության շնորհիվ մենք շատ ակտիվ էինք Եկեղեցում: Ես հիշում եմ այն ժամանակը, երբ հայրս ծառայում էր որպես Կիրակնօրյա Դպրոցի նախագահ, ավագ քույրս ծառայում էր որպես Երեխաների Միության նախագահ, մայրս՝ որպես Սփոփող Միության նախագահ և իմ չորս եղբայրները բաժանում, պատրաստում և օրհնում էին հաղորդությունը:

Ֆինանսական դժվարությունների պատճառով հայրս ակնկալում էր, որ ես օգնեմ ընտանիքի համար գումար վաստակելու հարցում: Ես ցանկանում էի միսիայում ծառայել, սակայն երբ դարձա 19 տարեկան, նա խնդրեց ինձ, որ մի տարի հետաձգեմ միսիայի գնալը, որպեսզի շարունակեմ աշխատել ընտանիքին օգնելու համար: Երբ դարձա 20 տարեկան, նա խնդրեց, որ մի տարի էլ սպասեմ:

Իմ 21 տարեկանը լրանալուց առաջ հայրս ցանկանում էր խնդրել, որ մեկ տարի էլ սպասեմ: Սակայն մայրս ասաց նրան. «Թող գնա՝ ծառայի, և դա կօրհնի մեզ»: Դա իրոք կատարվեց: Մինչ իմ միսիայի գնալը միայն ես և իմ կրտսեր եղբայրն էինք աշխատում, ընտանիքին օգնելու համար: Անմիջապես իմ միսիայի մեկնելուց հետո, եղբայրներիցս երեքը և երկու ավագ քույրերս սկսեցին աշխատել, այդպիսով իմ ընտանիքը ֆինանսապես ավելի բարվոք վիճակում էր:

Եկեղեցում ստացած յուրաքանչյուր օրհնություն և կանչ նպաստել են, որպեսզի ավելի շատ հիանամ իմ մայրիկով: Իմ կյանքի ցանկացած փուլում, ես հիշում եմ նրա գերազանց ազդեցությունն ու օրինակը: Մայրս միայն տարրական կրթություն ուներ, սակայն ավետարանի ճշմարտությունների մասին նրա գիտելիքը, ինչպես նաև կյանքի վերաբերյալ նրա պրակտիկ գիտելիքներն ու հասկացողությունը գերազանց էին:

Իմ մանկությունը երջանիկ է եղել, որովհետև մայրս միշտ տանն է եղել` իմ մասին հոգ տանելով: Նա հումորի մեծ զգացում ուներ և միշտ մի առիթ էր գտնում ուրախություն ստեղծելու համար: Նա ժամերով պատմում էր մեզ պատմություններ իր մանկությունից, իմ տատիկի մասին, իմ մորաքույրների ու քեռիների մասին և նրանց հետ իր հարաբերությունների մասին:

Ես հավատում եմ մեր ծնողներին պատվելու պատվիրանին: Ամեն ինչ, որ անում եմ, նույնիսկ այսօր՝ մորս ազդեցության շնորհիվ է:

Տպել