2007
Պարելու ազատություն
Ապրիլ 2007թ.


Պարելու ազատություն

Բալետի պարուհին բեմի վրայով սահում է` գալարաձև շարժվելով, պտտվելով, հետո օդում այնպես հեշտորեն է ճախրում, կարծես ձգողականության ուժը նրա վրա չի ազդում: Նա ասես ազատության սահուն մարմնավորումն է իր յուրաքանչյուր շարժման մեջ:

Փոքրիկ շատ աղջիկների նման, երբ Մարիա Վիկտորիա Ռոջաս Ռիվերան` իր ընկերների համար Մավին` Չիլիից, չորս տարեկան էր, նա որոշեց, որ ուզում է բալետի պարուհի դառնալ: Եվ բոլոր մյուս փոքրիկ աղջիկների նման, նա արագ հայտնաբերեց, որ այն նրբագեղությունն ու ազատությունը, որ նա տեսնում էր բեմի վրա, ձեռք էր բերվում խիստ մեծ գնով: Ջանքերն ու կարգապահությունը, որը պահանջվում է մասնագետ պարուհի դառնալու համար, խիստ դժվար է երիտասարդ շատ երազողների համար:

Երազների գինը

«Երբ փոքր ենք, չենք հասկանում, թե ինչ զոհաբերություն է այն պահանջում», - ասում է Մավին, - «Երբ 10 տարեկանում սկսեցի սովորել, մեր ուսուցիչներն ասացին մեզ, որ մեր կյանքի կեսը կանցնի պարելով: Մենք ստիպված կլինենք հրաժարվել շատ բաներից»:

Այնպիսի բաներից, ինչպիսիք են` ազատ ժամանակը և որոշ ուտելիքներ: Մավին ստիպված էր լինելու շատ ժամանակ և ջանքեր գործադրել պարապմունքների և վարժությունների վրա: Նա պետք է ուշադիր հետևեր, թե ինչ էր ուտում: Եվ դասերից ու պարից հետո շատ ժամանակ չէր մնալու ընկերների համար:

Մավին որոշեց, որ իր երազանքը բավականին կարևոր էր իր համար, որպեսզի նա փորձեր:

«Պատանեկության տարիները բարդ ժամանակներ էին», - ասաց նա: «Ընկերներս միշտ չէ որ հասկանում էին, թե ինչու ես որոշ բաներ չեմ ուտում կամ իրենց հետ չեմ մնում դրսում մինչև ուշ գիշեր»:

Ազատության գինը

Մավին վաղ հասկացավ, որ այն ինչ կոչվում էր իր ազատության սահմանափակումներ, իրականում, միակ ուղին էր, որով նա կարող էր ազատել իրեն այն բաներից, որոնք իրեն կխանգարեին հասնել իր նպատակին:

«Ես ընտրեցի դրսում ուշ չմնալ և ժամանակն անցկացնել պարապելու, և ոչ թե ընկերներիս հետ առևտրի կենտրոններ գնալու վրա», - ասում է Մավին: «Եթե հոգնեի դրսում շատ ուշ մնալու պատճառով, կամ եթե չիմանայի քայլերը, որովհետև չէի պարապել, ես չէի կարող պարել»:

Այդպիսի կարգապահությունը հեշտ չէ, բայց Մավին ասում է` դա արժե անել:

«Բոլորն էլ ունենում են պահեր, երբ ցանկանում են հանձնվել»,- խոստովանում է Մավին, - «բայց մենք ունենք ընտրելու ուժ: Կարգապահությունը կարող է թվալ սահմանափակող, բայց ինքնակարգապահությունը ընտրություն է: Եվ ես ընտրում եմ այս ապրելաձևը, որպեսզի պարեմ»:

Ավելի երկարաժամկետ նպատակ

Ինչ որ մի պահ պարուհի դառնալու ընթացքում, Մավին հասկացավ, որ պարելը իր ունեցած միակ նպատակը չէր, կամ միակ արժեքավոր բանը, որի համար նա պետք է զոհաբերեր:

Այդ ճանապարհին նրա մոտ ցանկություն առաջացավ հետևել Հիսուս Քրիստոսին, և նա հասկացավ, որ այն ինչ բալետը սովորեցրել էր իրեն կարգապահության մասին, վերաբերվում էր ավետարանի hետևորդ լինելուն ևս: Ճիշտ ինչպես նրա ընկերները հետաքրքրվում էին, թե ինչու էր նա անում այն, ինչ անում էր պարի համար, նրանք հարցնում էին, թե ինչու էր նա ապրում այդպիսի սահմանափակող ավետարանական սկզբունքներով:

«Ես բացատրեցի, որ մենք ընտրելու ազատություն ունենք, և ես ընտրել եմ այս ապրելաձևը, որպեսզի ազատ լինեմ մեղքից և Սուրբ Հոգին ունենամ ինձ հետ», - ասաց նա:

Կամ ինչպես Փրկիչն է ասել` հետևորդը պարտավոր է «վերցնել իր խաչը», որը նշանակում է հրաժարվել ամեն անաստվածությունից և ամեն աշխարհիկ տենչանքից և պահել Աստծո պատվիրանները (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս ԺԶ.26): Այդպիսի ինքնակարգապահությունը բերում է մեզ «ազատություն և հավերժական կյանք, մեծ Միջնորդի միջոցով», մինչդեռ պատվիրաններից դուրս ապրելը տանում է դեպի «գերություն և մահ, ըստ դևի գերության և զորության» (2 Նեփի 2.27):

«Հնազանդությունը բերում է ավելի մեծ ազատություն և խաղաղություն, քան որևէ այլ բան», - ասում է Մավին: «Իմ նպատակները չեն սահմանափակվում այս երկրային կյանքով, այլ ներառում են հավերժությունը»:

Արժե զոհաբերել

Մավին շարժվում է բեմի վրայով, ինչպես տերևն է քշվում քամուց` ձգվելով և մի շարժումից սահուն անցնելով մյուսին` développé, pirouette, glissade և grand jet:

Բալետի պարուհին կարող է իր մարմինը շարժել այնպիսի ձևով, որն այլ մարդկանցից շատերին ցավ կպատճառեր: Շարժումների այս ազատությունը կարևոր է հանդիսատեսի հետ հաղորդակցվելու համար: Բայց չնայած լավ պարուհին ձգտում է բեմի վրա յուրաքանչյուր շարժումը ներկայացնել անբռնազբոսիկ ձևով, նա մեծ ջանքեր է գործադրում բեմից դուրս:

Ութ տարիների զոհաբերությունից և գրեթե ամենօրյա ժամերով պարապմունքներից հետո, նա ապրում է իր երազանքով` բեմի վրա և ավետարանում:

«Մարդիկ մտածում են, որ դա այնքան գեղեցիկ է և նրբագեղ», - ասում է Մավին: «Բայց շարժումները խիստ վերահսկվում են: Մեծ ուժ է պահանջվում այդ ձևով ինքնավերահսկման համար»:

Նույնը վերաբերում է նաև ավետարանին: Քրիստոսին հետևելը ուժ է պահանջում: Եվ պարգևները քաղցր են:

«Այդքան շատ զոհաբերությունների պարգևներն այն են, որ ես կարողանում եմ պարել», - ասում է Մավին: «Ես ուժեղ եմ զգում, և յուրաքանչյուր քայլում ես զգում եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը` ինչպես բեմում, այնպես էլ բեմից դուրս»:

Պարելու հետ ամեն ինչ չի ավարտվում

Ըստ Նեփիի, երբ ցանկություն ենք զգում հետևելու Քրիստոսին և մկրտվում ենք և հաստատվում, մենք դեռ պետք է համբերենք մինչև վերջ (տես 2 Նեփի 31. 19–20): Մավիի համար բալետը պահանջում է նմանատիպ նվիրում:

Պարագվայում պարելուց հետո, նա վերադարձավ Վինա Դել Մար, Չիլի` մի քանի տարով դասավանդելու: Այժմ նա ցանկանում է իր պարը բարձրացնել հաջորդ մակարդակի վրա: Նա նոր նպատակներ է դրել, որոնք տարել են նրան Արգենտինա, Գերմանիա, Իռլանդիա և Իսպանիա սովորելու և տարբեր բալետային խմբերի հետ դիտումներ անցնելու:

Նա գիտի, որ պետք է շարունակի պայքարել` ինչպես բեմում, այնպես էլ ավետարանում: Նա պետք է շարունակի կարգապահությամբ, եթե կամենում է պարելու ազատություն ունենալ: Եվ նա պետք է շարունակի հավատքով, եթե նա կամենում է ազատություն ունենալ, որը գալիս է հետևորդ լինելուց: «Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք», - սովորեցրել է Տերը,- «ճշմարտապես իմ աշակերտներն եք: Եվ ճշմարտությունը կճանաչեք. և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես Ը.31–32):

Իմաստությամբ պարելը

Բեմից դուրս Մավին մեծ ջանքեր է գործադրում` առողջ մնալու և ֆիզիկական լավ վիճակում լինելու համար: Բացի ուտելուն հետևելուց և բավականաչափ հանգստանալուց, Մավին շատ է պարապում, և նա գրեթե ամեն օր առնվազն հինգ ժամ պարում է: Բայց նա իր մասին հոգ չի տանում միայն այն պատճառով, որ նա պարուհի է:

«Որպես Եկեղեցու անդամ ես հասկանում եմ, որ իմ մարմինը հոգուս տաճարն է: Որպես դերասան ես կարիք ունեմ, որ իմ մարմնի յուրաքանչյուր մաս ճիշտ գործի, այսպիսով ես այն պահպանում եմ այնքան լավ, որքան կարող եմ: Սակայն որպես անդամ ես արդեն գիտեի, որ դա պետք է անեմ»:

Նրա վկայությունն Իմաստության Խոսքի ոգեշնչված բնույթի վերաբերյալ զորացվել է բալետում ունեցած իր փորձառությամբ: «Երբ ճիշտ եք վերաբերվում ձեր մարմնին, դա միշտ ակնհայտ է», - ասում է նա:

Բալետի պարուհի լինելու համար դուք պետք է հոգ տանեք ձեր մասին, բայց Մավին ասում է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մեր մարմինների մասին, եթե նույնիսկ մենք պարողներ չենք: Մենք չենք ընտրում մեր մարմինները, բայց մենք պետք է բոլորս երախտապարտ լինենք նրա համար, ինչ ունենք և հոգ տանենք նրա համար, ինչ մեզ տրվել է: Դրանք պարգևներ են Աստծուց, և մեզանից յուրաքանչյուրին տրվել է մեր մարմինը ինչ որ նպատակի համար»:

Տպել