Առաջին Նախագահությունը տոնահանդեսի ժամանակ կենտրոնանում է Քրիստոսի վրա
«Տարվա բոլոր ժամանակներից չկա ավելի գեղեցիկը, քան Սուրբ Ծնունդը»,- ասաց Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան ամենամյա տոնահանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների կենտրոնում:
«Մեր սրտերը ձգտում են հասնել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Սերը հաղթում է ատելությանը: … Սերը մի քիչ ավելի է ուժեղանում, սրտերը մի քիչ ավելի մեծահոգի են դառնում: Մենք ավելի ենք հակված լինում զորացնել թուլացած ծնկերը և բարձրացնել կախ ընկած ձեռքերը: Երեխաների սրտերը զվարթանում են: Օդը լցվում է դյութիչ կախարդանքով: Մի խորը երջանկության հոսանք է անցնում»:
Հիշելով 1930թ. անմիջապես Սուրբ Ծննդից առաջ իր մոր կորուստը և 2004թ. իր կնոջ դժվարին կորուստը, Նախագահ Հինքլին ասաց. «Ողջ խավարից դուրս է շողում Աստծո Որդու մեծագույն պատկերը, որը տվեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք ապրել: Սա է Սուրբ Ծննդի իսկական իմաստը, աշխարհի Քավչի կողմից գործված Քավության իրականությունը»:
Նախագահ Հինքլին վկայեց, որ Փրկիչն առաջարկում է փրկության հույսը բոլորին, նույնիսկ պատերազմի, հակասության և դժվարին խնդիրների այս ժամանակներում:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականն ասաց, որ Սուրբ Ծնունդը «ժամանակ է ընտանիքների համար, ժամանակ է հիշելու, ժամանակ է երախտագիտության:
Սուրբ Ծննդյան ոգին սիրո, առատաձեռնության և բարության ոգի է: … Սուրբ Ծննդյան ոգին այնպիսի մի բան է, որը հուսով եմ մենք բոլորս կունենանք մեր սրտերում և մեր կյանքում ոչ միայն այս տվյալ ժամանակահատվածում, այլ ողջ տարվա ընթացքում»:
Նախագահ Մոնսոնն ասաց, որ երբ պահում ենք Սուրբ Ծննդյան ոգին, մենք պահում ենք Քրիստոսի Ոգին:
«Տեղ չկա» արտահայտությունը լսում էին ոչ միայն Հովսեփն ու Մարիամը մինչև Հիսուսի ծնվելը, այլ Նա համբերությամբ հաճախ դա տանում էր նաև Իր ծառայության զանազան առիթներով»,- ասաց Նախագահ Մոնսոնը: «Մեր տներում այսօր մենք տեղ ունենք ուտելու համար, քնելու համար, հանգստի համար: Իսկ Քրիստոսի համար տեղ ունե՞նք: Մենք ժամանակ ունենք … միջոցառումների համար, որոնք մեր ամենօրյա կյանքի մի մասն են հանդիսանում: Իսկ ժամանակ ունե՞նք Քրիստոսի համար»:
Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստը` Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը սովորեցրեց, որ «տարվա այս ժամանակահատվածում, երբ մենք տոնում ենք [Փրկչի] ծնունդը, մենք պետք է նաև ժամանակ տրամադրենք խորհելու խորին ակնածանքով Նրա մահվան և Հարության անսահման սրբագործման մասին»:
Իր խոսքում Նախագահ Ֆաուստը կենտրոնացավ Փրկչի «մեծ և խորը ուսմունքներից մեկի վրա՝ ուրիշների համար անել այն, ինչ նրանք ինքները չեն կարող անել իրենց համար»:
Անանուն զոհաբերությունը արտացոլում է Փրկչի սերը, ասաց Նախագահ Ֆաուստը: «Ես ուզում եմ երախտագիտություն և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր բացում են իրենց սրտերը և զոհաբերում ուրիշների համար:
Մեզանից նրանք, ովքեր անանուն նվիրաբերում են, ունենում են Հոգու ներքին քաղցր զգացողություններ, որոնք ուռչում են ներսում, երբ մենք ինչ որ բան ենք անում ուրիշների համար, որը չի կարող վերադարձվել մեզ: Անանուն տալը նվիրաբերմանը տալիս է սրբագործման ավելի բարձր ձև»: