Առաջին Նախագահության Ուղերձ
Հարստացրեք ձեր ամուսնությունը
Շատ տարիներ առաջ, երբ որպես իրավաբան էի աշխատում, ես խորհրդատվություն էի մատուցում մի կնոջ, որը ցանկանում էր ամուսնալուծվել իր ամուսնուց, իմ կարծիքով, հիմնավոր պատճառներով: Ապահարզանից հետո, ես նրան մի քանի տարի չհանդիպեցի: Պատահական նրան փողոցում հանդիպելով ես նկատեցի միայնակության և հուսահատության արտահայտությունը մի ժամանակ սքանչելի դեմքին:
Մի քանի հաճոյախոսություններ փոխանակելուց հետո նա արագ ասաց, որ կյանքը հարուստ և հատուցող չի եղել իր համար, և հոգնել է միայնակ պայքարելուց: Ապա նա զարմացրեց ինձ, ասելով. «Որքան էլ վատ լիներ, եթե ես նորից սկսեի և իմանայի, թե ինչ էի անելու հիմա, երբեք ամուսնալուծության չէի գնա: Սա ավելի վատ է»:
Ըստ վիճակագրության, դժվար է խուսափել ամուսնալուծությունից: Մասնագետները կանխատեսում են, որ Միացյալ Նահանգներում կանանց մոտավորապես կեսը իրենց կյանքի ինչ-որ պահին կլուծարեն իրենց ամուսնությունը: Ամուսնալուծությունն աճում է այլ երկրներում ևս: Քանի դեռ անընդհատ աճող ամուսնալուծությունների ցուցանիշն աճում է, ավելի ու ավելի շատ ամուսնություններ ողբերգական ավարտ կունենան:
Ամուսնալուծությունը կարող է արդարացվել միայն հազվադեպ իրավիճակներում: Իմ կարծիքով, ամուսնալուծության «արդար պատճառը» չպետք է լինի պակաս լուրջ, քան երկարատև և ակնհայտ անտանելի հարաբերությունները, որոնք քայքայում են անձի արժանապատվությունը: Ամուսնալուծությունը հաճախ կործանում է մարդկանց կյանքերը և քայքայում ընտանեկան երջանկությունը: Հաճախ ամուսնալուծությամբ կողմերն ավելի շատ կորցնում են, քան ձեռք բերում:
Ամուսնալուծվողի ցավալի ապրումները լավ չեն հասկացվում և մի գուցե ըստ պատշաճի չեն գնահատվում: Անշուշտ, ավելի մեծ կարեկցանք և հոգատարություն պետք է ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր ապրում են այդ մեծ ողբերգությունը, և ում կյանքը չի կարելի հետ փոխել: Ինչևէ, ամուսնալուծվածների համար դեռևս մեծ հույսեր և ակնկալիքներ կան լիարժեք ու երջանիկ կյանքով ապրելու առումով` հատկապես եսը մոռանալով և ուրիշներին ծառայելով:
Դժվար հարցեր
Ինչո՞ւ է ամուսնական երջանկությունն այդքան փխրուն և անցողիկ այնքան շատերի համար, և միևնույն ժամանակ այդքան առատ մյուսների համար: Ինչո՞ւ է արդյունքում սրտի ցավի ու տառապանքի շղթան այդքան երկար և ներքաշում այդքան շատ անմեղ մարդկանց:
Որո՞նք են հարստացնող բաղադրիչները, որ պակասում են այն բազմաթիվ ամուսնություններում, որոնք սկիզբ են առնում այդքան մեծ երջանկությամբ և շատ բարձր հույսերով:
Ես երկար եմ խորհել այս դժվար հարցերի շուրջ: Գրեթե ողջ կյանքս գործ ունենալով մարդկային փորձառությունների հետ, ես փոքր ինչ ծանոթ եմ դժբախտ ամուսնությունների, ամուսնալուծությունների և կործանված ընտանիքների խնդիրներին: Ես կարող եմ նաև խոսել այն մեծ երջանկության մասին, որը, ի շնորհիվ իմ սիրելի Ռութի, գտել եմ ամուսնության մեջ, որը մարդկային գոյության ամենահարուստ նվաճումն է:
Ամուսնալուծության պատճառները
Գոյություն չունեն պարզ ու հասարակ պատասխաններ ամուսնական երջանկության բարդ ու դժվար հարցերին: Ամուսնալուծության բազմաթիվ պատճառներից են եսասիրության, անհասունության, անպատասխանատվության, ոչ բավարար հաղորդակցման և անհավատարմության հետ կապված լուրջ խնդիրները:
Իմ փորձից կարող եմ բերել անհաջող ամուսնության մեկ այլ պատճառ, որն այդքան ակնհայտ չէ, սակայն նախորդում և հետևում է մնացած բոլորին: Դա ամուսնության անընդհատ հարստացման պակասն է, լրացուցիչ մի բանի բացակայությունը, որն այն դարձնում է թանկ, հատուկ և հրաշալի, և առանց որի այն դառնում է աշխատատար կամ դժվար, անգամ ձանձրալի:
Հարստացնել ամուսնությունը
Դուք կարող եք հարցնել. «Ինչպե՞ս կարելի է անընդհատ հարստացնել ամուսնությունը»: Մենք կառուցում ենք մեր ամուսնությունները անվերջ ընկերությամբ, վստահությամբ և անաչառությամբ, նաև ծառայելով և նեցուկ լինելով միմյանց մեր դժվարությունների մեջ: Եվայի մասին խոսելիս Ադամն ասել է. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը և մարմին է իմ մարմնիցը» (Ծննդոց Բ.23): Կան մի քանի պարզ և որոշակի հարցեր, որոնք յուրաքանչյուր անձ, ամուսնացած, կամ ամուսնության մասին մտածող, պետք է ազնվորեն տա, փորձելով դառնալ «մեկ մարմնով»: Դրանք են.
Առաջին, ի վիճակի՞ եմ ես արդյոք առաջին հերթին մտածելու իմ ամուսնության և ամուսնու մասին, իմ անձնական ցանկությունների մասին մտածելուց առաջ:
Երկրորդ, որքա՞ն խորն է իմ զուգընկերոջ հանդեպ իմ պատասխանատվությունը, եթե մնացած շահերը մի կողմ դնենք:
Երրորդ, արդյո՞ք նա իմ ամենալավ ընկերն է:
Չորրորդ, արդյո՞ք ես հարգում եմ իմ ամուսնու արժանապատվությունը, որպես արժեքավոր և թանկ անձի:
Հինգերորդ, վիճո՞ւմ ենք մենք փողի շուրջ: Փողն իրենով ոչ երջանկացնում է զույգին, ոչ էլ դրա պակասը պարտադիր դժբախտացնում է նրանց: Փողի շուրջ վեճը հաճախ եսասիրության խորհրդանիշ է:
Վեցերորդ, կա՞ արդյոք մեր միջև հոգևոր սրբացնող կապ:
Կառուցել հարստացման կամուրջներ
Մի քանի կարևոր սովորույթներ կարող են հարստացնել ամուսնությունը:
Աղոթք: Ամուսնական հարաբերությունները կարող են հարստացվել ավելի լավ հաղորդակցման միջոցով: Կարևոր ճանապարհներից է միասին աղոթելը: Սա կլուծի ամուսինների միջև առկա բազմաթիվ անհամաձայնությունների խնդիրը քնելուց առաջ: Ես չեմ ուզում գերագնահատել անհամաձայնությունները, բայց դրանք իրականում կան և ամեն ինչ ավելի հետաքրքիր են դարձնում: Ես համոզված եմ, որ մեր անհամաձայնությունները աղի փոքր կտորներ են, որ մեր ամուսնությունն ավելի համեղ են դարձնում:
Մենք հաղորդակցվում ենք հազարավոր եղանակներով, օրինակ ժպիտի, մազերը շոյելու կամ մեղմ հպման միջոցով: Ամեն օր մենք պետք է հիշենք ասել «Ես քեզ սիրում եմ»: Ամուսինը իր կնոջը պետք է ասի «Դու սքանչելի ես»: Ամուսինների համար մյուս կարևոր խոսքերից է` «Ներողությունը»: Լսելը նույնպես հաղորդակցման հիանալի եղանակ է:
Վստահություն: Միմյանց հանդեպ բացարձակ վստահությունը ամուսնության հարստացման մեծագույն գործոններից է: Ոչինչ չի քայքայում փոխադարձ վստահության հիմքը, որն անհրաժեշտ է լիարժեք հարաբերությունների համար, ինչպես անհավատարմությունը: Երբեք ոչ մի արդարացում չկա դավաճանության համար: Չնայած այս կործանարար վարքի, երբեմն ամուսնությունները փրկվում են և ընտանիքները պահպանվում: Դա տուժած կողմից պահանջում է անսահման սիրո ունակություն, որը բավական կլինի ներելու և մոռանալու համար: Իսկ մեղավոր կողմից պահանջվում է ապաշխարելու և չարիքը թողնելու մեծագույն ցանկություն:
Մեր հավերժական զուգընկերոջ հանդեպ մեր հավատարմությունը չպետք է լինի պարզապես ֆիզիկական, այլ նաև մտավոր և հոգևոր: Քանի որ գոյություն չունի անվնաս սեթևեթում և ամուսնությունից հետո տեղ չպետք է մնա խանդի համար, ավելի լավ է խուսափել չարիքի ցանկացած դրսևորումից պարզապես հրաժարվելով ցանկացած տեսակի կասկածելի շփումից այն անձի հետ, որի հետ ամուսնացած չենք:
Առաքինություն: Առաքինությունն ամուր սոսինձ է, որն ամեն ինչ միասին է պահում: Տերն ասել է. «Սիրի՛ր կնոջդ քո ողջ սրտով ու հարիր նրան և ուրիշ ոչ մեկին» (ՎևՈւ 42.22):
Աստվածային ներկայություն: Այն ամենից, ինչը կարող է օրհնել ամուսնությունը, կա մեկ հատուկ հարստացնող բաղադրիչ, որն ամենաշատն է օգնում միավորել տղամարդուն և կնոջը իրական, սրբազան, հոգևոր իմաստով: Դա աստվածային ներկայությունն է ամուսնության մեջ: Իզաբել թագուհու միջոցով Արքա Հենրի Հինգերորդի մեջ Շեքսպիրն ասում է. «Աստված, բոլոր ամուսնությունների լավագույն կապողը, մեկ է դարձնում ձեր սրտերը» (գործողություն 5, տեսարան 2, տողեր 67–68): Աստված նաև ամուսնությունների լավագույն պահպանողն է:
Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են հարստացնել ամուսնությունը, սակայն դրանցից ոմանք կարծես հարաբերությունների կեղևը լինեն: Կողակից ունենալը և սուրբ ու աստվածային ներկայության պտուղները վայելելը դառնում է ամուսնության մեծ երջանկության կորիզը: Հոգևոր միասնությունը խարիսխն է: Ամուսնության սրբության ուղղությամբ դանդաղ բացթողումները հաճախ կարող են ամուսնությունները անցքերով անվադողեր դառնալու պատճառ հանդիսանալ:
Ես համոզված եմ, որ ամուսնալուծությունները շատանում են շատ դեպքերում, որովհետև այդ միությունը զրկված է սրբագործող ներգործությունից, որը գալիս է Աստծո պատվիրանները պահելու հետևանքով: Ամուսնությունները կարող են մահանալ հոգևոր սնուցման պակասից:
Տասանորդ: Գրեթե 20 տարի որպես եպիսկոպոս և ցցի նախագահ ծառայելու ընթացքում ես սովորեցի, որ ամուսնալուծության դեմ ապահովագրման լավագույն միջոցը տասանորդի վճարումն է: Տասանորդի վճարումը կարծես օգնում է, որ հոգևոր մարտկոցը լիցքավորված մնա, որպեսզի օգտագործվի այն ժամանակ, երբ հոգևոր շարժիչը կանգ է առել կամ չի աշխատում:
Չկա որևէ գեղեցիկ կամ հրաշագործ երաժշտություն, որը մշտապես մեծ սիրո ներդաշնակություն ապահովի: Ամենակատարյալ երաժշտությունը երկու ձայների միաձուլումն է մեկ հոգևոր երգի մեջ: Ամուսնությունն այն ճանապարհն է, որն Աստված տալիս է մարդկային մեծագույն կարիքների բավարարման համար, հիմնված փոխադարձ հարգանքի, հասունության, զոհաբերության, արժանապատվության, նվիրվածության և ազնվության վրա: Երջանկությունը ամուսնության և ծնող լինելու մեջ կարող է գերազանցել հազարավոր անգամ ցանկացած այլ երջանկության:
Ծնող լինել: Ամուսնության հոգին մեծապես հարստացվում է և հոգևոր աճի ընթացքը մեծապես ամրանում է, երբ զույգը ծնող է դառնում: Այն զույգերի համար, որոնք կարող են երեխաներ ունենալ, ծնող լինելը պետք է նվիրի ամենամեծ երջանկությունը: Տղամարդիկ աճում են, երբ որպես հայրեր նրանք պետք է հոգ տանեն իրենց ընտանիքի համար: Կանայք ծաղկում են, որովհետև մայր լինելով պետք է մոռանան իրենք իրենց: Մենք լավագույնս ենք հասկանում սիրո ամբողջ իմաստը, երբ ծնողներ ենք դառնում: Ինչևէ, այն զույգերը, որոնք երեխաներ չեն կարողանում ունենալ, սակայն սիրով պատրաստ են ունենալու, Տիրոջ կողմից կհարգվեն և կօրհնվեն իրենց հավատարմության համար: Մեր տները պետք է լինեն երկրային բոլոր սրբարաններից ամենասուրբը:
Ընտանիքների հարստացման գործում մեծ բաները փոքր են: Շարունակ պետք է գնահատել միմյանց և արտահայտել երախտագիտությունը: Զույգը պետք է խրախուսի միմյանց և օգնի աճել: Ամուսնությունը միասնական ճանապարհորդություն է դեպի լավը, սքանչելին և աստվածայինը:
Փրկիչն ասել է. «Ահա ես դռան առաջին կանգնած եմ և թակում եմ. եթե մեկը լսե իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նորա մոտ և ընթրիք կանեմ նորա հետ, և նա ինձ հետ» (Հայտնություն Գ.20):
Թող որ Աստծո ներկայությունը օգնի հարստացնել և օրհնել բոլոր ամուսնությունները և տները, հատկապես Իր Սրբերի, որպես Իր հավերժական ծրագրի մի մաս:
Մտքեր տնային ուսուցիչների համար
Աղոթքով նախապատրաստվելուց հետո կիսվեք այս ուղերձով, օգտագործելով այնպիսի եղանակ, որը կխրախուսի նրանց մասնակցությունը, ում ուսուցանում եք: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.
-
Երկու տարբեր գույների պլաստիլինի կտորներից գնդիկներ պատրաստեք: Բացատրեք, որ յուրաքանչյուր գույնը ներկայացնում է ամուսիններից մեկին: Երկու գնդիկները խառնեք իրար, դարձնելով մեկ գնդիկ: Ընտանիքի անդամներից մեկին խնդրեք առանձնացնել երկու գույները: Քննարկեք Նախագահ Ֆաուստի վեց հարցերը, որոնց մասին պետք է մտածել, երբ ամուսնանում են կամ մտածում են ամուսնանալ: Վկայեք ամուսնության մեջ միասնական լինելու կարևորության մասին:
-
Ընտանիքին հրավիրեք շրջան կանգնել: Յուրաքանչյուր անդամի խնդրեք ներկայացնել ամուսնությունը հարստացնելու կարևոր սովորույթներից որևէ մեկը: Քննարկելով ներկայացվող սովորույթը, նրանց խնդրեք բռնել իրենց կողքին գտնվող անձի ձեռքը: Բացատրեք, որ կապը կկտրվի, եթե այդ ընտանիքի անդամը դուրս գա շրջանից: Վկայեք ամուսնությունն ամուր պահելու կարևորության մասին:
-
Աղաման բերեք: Բացատրեք, թե ինչպես է աղը համ տալիս ուտելիքին: Կարդացեք Նախագահ Ֆաուստի նախադասությունն այն մասին, որտեղ նա համեմատում է ամուսնական զույգերի տարբերությունները աղի հետ և քննարկեք, թե ինչպես կարող են տարբերությունները հարստացնել ամուսնությունը: Եթե ուսուցանում եք երիտասարդ զույգի, հարցրեք, թե ինչ են նրանք անում միմյանց հանդեպ իրենց երախտագիտությունը խորացնելու համար: