2007
Մեկ անձնավորության օրինակը
Ապրիլ 2007թ.


Մեկ անձնավորության օրինակը

Նկար

Էլեկտրոնային փոստով ստացված նամակի վերնագիրը տխուր նորություն էր ինձ հայտնում .«Ուենդի Կնաուփի թաղումը»: Երբ ես մաքրեցի արցունքներս, մտաբերեցի ավելի քան 40 տարի առաջ այն օրը, երբ իմ միսոներական զուգընկերը և ես հանդիպեցինք Ուենդի և Փոլ Կնաուփներին Ֆրանկֆուրտի երկաթուղային կայարանի ներսում` մի ծաղկի խանութի մոտ: Երիտասարդ ամերիկացի զույգը լինելով Գերմանիայում զինվորական ծառայության մեջ, տնից հեռու, սպասում էր իրենց առաջին երեխային: Քանի որ մեր միսիայի նախագահը հենց նոր էր հորդորել մեզ «ամեն վայրկյան միսիոներ լինել», մենք սկսեցինք զրուցել նրանց հետ:

Երբ մենք սովորեցնում էինք նրանց միսիոներական զրույցները, ես մեծ տպավորություն ստացա Ուենդիի հոգու լույսից: Նա զվարթ էր ու պայծառ և հոգեպես շատ աշխույժ: Նա հասկացավ Վերականգման իմաստն անսասան ներզգացողությամբ: Բացառիկ հաճույք էր բավականաչափ մոտիկ լինել հետևելու նրա վկայության աճին և տեսնել նրա դեմքին այդ լույսի մեծացումը:

Ավելի քան երեսուն տարի անց Ուենդին վերհիշում էր մեր առաջին հանդիպումն իր հետ. «Ես միշտ կհիշեմ այն զգացումը, որ ես ունեցա, երբ առաջին անգամ լսեցի Ջոզեֆ Սմիթի պատմությունը: Աչքիս առաջ է վերնահարկում գտնվող մեր փոքրիկ գերմանական բնակարանը, որը գրեթե այնքան էր, որքան այժմ մեր ննջարանն է, նստած բազմոցի ծայրին [միսիոներների դիմաց]: Ես հիշում եմ, որ զգացի հիացմունք և հանգստություն: Ես միշտ զգացել եմ, որ պետք է որ գոյություն ունենար նման ինչ որ բան այնտեղ դրսում` ինչ որ տեղ: Անհավատալի էր, որ Աստված թողներ, որ մենք կուրորեն սայթաքեինք, որը մենք այնքան ակնհայտորեն անում ենք … Դա այնքան ճիշտ էր թվում և ես հավատացի դրան»:

Սակայն, շուտով մկրտվելու որոշում ընդունելուց հետո, Ուենդին և Փոլը ընտանիքի մի անդամի կողմից քննադատություն լսեցին Եկեղեցու քաղաքականության մասին, թե ով պետք է քահանայություն ստանա: Նրանք շփոթված էին և հուսախաբված: Նրանք ասացին, որ այլևս չպետք է այցելենք իրենց, թերևս միայն մեկ անգամ` ասելու մնաս բարով: Մենք չգիտեինք, թե ինչպես պատասխանեինք նրանց հարցերին, բայց գիտեինք, որ ունենք վերջին մի հնարավորություն: Երբ խոսում էինք, նրանց հետ սուրբ գրքի մի հատված կարդալու հուշում զգացի, որը վերջերս էի նկատել իմ անհատական ուսումնասիրության ժամանակ` Պետրոսի և Կոռնելիոսի պատմությունը Գործք Ժ–ԺԱ: Այդ գիշեր ես հասկացա միսիոներներին տրված Տիրոջ խոստման իրականացումը. «Քանզի այն նույն ժամին, այո, այն նույն պահին տրվելու է ձեզ, թե ինչ պիտի ասեք … [և] Սուրբ Հոգին կթափվի վկայություն [բերելով] բոլոր բաների մասին, որոնք դուք կասեք» (ՎևՈւ 100.6,8): Մենք բոլորս խաղաղության ոգին զգացինք, երբ միասին աղոթեցինք:

Տարիներ անց Ուենդին ասաց այս նույն փորձառության մասին. «Ես չեմ հիշում, թե նրանք ինչ ասացին մեզ կամ ինչի մասին մենք խոսեցինք, բայց այն լույսը … Հոգին … վերադարձավ, և ես գիտեի, որ դա ճիշտ էր, և չնայած ես ամեն ինչ լիովին չէի հասկանում, ուղերձը միևնույն է ճիշտ էր, և մենք պետք է ընդունեինք այն և հետագայում ինչ որ ժամանակ մենք կհասկանայինք»:

Փոլն ու Ուենդին մկրտվեցին: Շուտով նրանք կնքվեցին տաճարում: Նորմալ ընտանեկան կյանքի փորձությունների մեջ նրանք մեծացրեցին հինգ երեխա, որոնք ի վերջո բոլորն ակտիվ դարձան Եկեղեցում: Մի քանիսը ծառայեցին միսիայում: Փոլը ուսուցիչ էր դպրոցում: Փոլը և Ուենդին միասին գեղեցիկ դուետներ էին երգում Եկեղեցում: Ուենդին տարիներ շարունակ ղեկավարում էր իրենց ծխի երգչախումբը: Նրանք սիրում էին տաճարը և իրենց համար սկսեցին հասկանալ «սրբերի ուրախությունը» (Ենովս 1.3):

Մի անգամ, երբ Լոնդոնում Եկեղեցի այցելեցինք, կինս` Մարին և ես հանդիպեցինք մի կնոջ` Լիբբի Կասասին, Մեյնից: Քանի որ Կնաուփները միակ մարդիկ էին Մեյնից, ում մենք ճանաչում էինք, մենք հարցրեցինք, թե նա ճանաչո՞ւմ էր նրանց: Նրա դեմքը լուսավորվեց. «Ճանաչո՞ւմ, Ուենդին մտերիմ ընկերուհիս է: Նա է ինձ ծանոթացրել ավետարանի հետ»: Ուենդին ծանոթացել էր Լիբբիի հետ լվացքատանը, որտեղ երկու մայրեր լվանում էին իրենց ընտանիքների լվացքը, և կիսվել ավետարանով, ճիշտ ինչպես մենք արեցինք Ուենդիի հետ երկաթուղային կայարանում: Այն, ինչը Եկեղեցում առաջինը տպավորություն գործեց Լիբբիի վրա, որպես մայր, կին և անձնավորություն, Ուենդիի անձնական օրինակի ուժն էր: Լիբբիի համար, համենայն դեպս սկզբում, Ուենդին ինքը Վերականգման ուղերձն էր:

Կնաուփները հետագայում ապրել էին Օրեգոնում: Այնուհետև վերջին տարին, երբ լսեցինք, որ Ուենդին քաղցկեղ ուներ, մենք օրհնվեցինք տեսնելով նրանց Յուտայում գերագույն համաժողովի ժամանակ: Ուենդիի ամուսինը, նրանց վերադարձած միսիոներ որդին և ես, նրան օրհնություն տվեցինք: Մենք կիսվեցինք մեր անցած չորս տասնամյակների փորձառությամբ: Պարզ էր, որ ավետարանը հիմնականում նրանց համար նշանակում էր ամեն ինչ: Այն նրանց կյանքի և նրանց երեխաների կյանքի կենտրոնն էր: Փոլն ու Ուենդին ջերմեռանդորեն ցանկանում էին առողջ լինել, որպեսզի կարողանային իրագործել միսիայում միասին ծառայելու իրենց երազանքը:

Մահանալուց ոչ շատ առաջ, Ուենդին ինձ նամակում գրել էր. «Ես իսկապես զգում եմ, որ ես Տիրոջ ձեռքերում եմ: Նա կարող է անել այն ամենը, ինչ կցանկանա, և ես Նրա խնամքի տակ եմ»: Նա իր երախտագիտությունն էր արտահայտել ավետարանի և իր ընտանիքի համար, հետո գրել էր. «Մի՞թե Տերը սքանչելի չէ»:

Այժմ Ուենդին կյանքից հեռացել է, և նրա ընտանիքն անչափ կարոտում է նրան: Երբ նրա որդին գրեց մեզ նրա մահվան մասին, նա ասաց. «Շնորհակալություն, որ բերել էիք մայրիկին դեպի ավետարանի լույսը: Նա ապրել է պատվիրաններին հավատարիմ: Նա ասում էր, որ իր մայրը մի անգամ գրել էր իրեն. «Ես սիրում եմ Տիրոջը և հավերժ երախտապարտ եմ [Նրան] անգին ավետարանն իմ կյանք բերելու համար: Ամեն բանից առավել ես ցանկանում եմ հավատարիմ մնալ և իսկապես փորձում եմ դա անել»:

Քանի որ ավետարանն ամեն ինչ էր Ուենդիի և նրա ընտանիքի համար, մեզ համար, ովքեր նրա միսիոներներն էինք, հասկանում ենք «որքան մեծ կլինի [մեր] ուրախությունը» (ՎևՈՒ 18.15) նրա հետ մեր Հոր արքայությունում: Ավետարանը նրա համար ամեն ինչ էր, այսպիսով իմ միսիոներական փորձառությունը նրա հետ նշանակում է ամեն ինչ ինձ համար: Զարմանալի չէ, որ Տերն ասել է, որ միսիոներական աշխատանք կատարելը «այն [է], ինչն ամենաարժեքավորը կլինի քեզ համար» (ՎևՈՒ 15.6 շեշտադրումն ավելացված է):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է. «Ես ուզում եմ աղերսել Սրբերին անել այն ամենը, ինչ հնարավոր է, որպեսզի միջնորդներ հանդիսանան տալով այն մարդկանց անունները , որոնց [միսիոներները] կկարողանան ուսուցանել… Յուրաքանչյուրին, ում դուք կտեսնեք ձեր ջանքի շնորհիվ Եկեղեցի գալիս, երջանկություն կբերի ձեր կյանք: Ես խոստանում եմ դա ձեզանից յուրաքանչյուրին» (Ոգեշնչող մտքեր, Լիահոնա, Հոկտ. 2003, 3):

Ես իմ մաշկի վրա եմ զգացել, թե ինչ է նշանակում այդ խոստումը: Ես ևս խնդրում եմ ձեզ` այս տարի թեկուզև մեկ հոգու ծանոթացրեք Եկեղեցու հետ, և մի հանձնվեք, երբ նրանք որոշ չափով ընդդիմություն ցույց տան: Եթե համոզված եք, որ հնարավորությունը բաց չեք թողել, դուք կասեք Ուենդի Կնաուփի նման` «Մի՞թե Տերը սքանչելի չէ»:

Տպել