Մեր տները, մեր ընտանիքները
Ծոմ պահելով և աղոթելով Էմմայի համար
Հեղինակն ապրում է Դանիայի մայրաքաղաքի մերձակայքում:
Երբ դուստրս պատուհանից ներքև ընկավ, մտածեցի թե մեր վատթարագույն երկյուղներն իրականացան:
Իմ ընտանիքը հենց նոր էր վերադարձել հրաշալի արձակուրդից: Ճաշից հետո ես թողեցի իմ երկու փոքրիկ երեխաներին՝ չորս տարեկան Մարկուսին և երեք տարեկան Էմմային, խաղալու մեր չորրորդ հարկում գտնվող բնակարանի վերին հարկի ննջարանում: Դանիայում պատուհանները բացվում են խլափեղկերի պես: Պատուհանները սովորաբար փակ են լինում, բայց մենք մի փոքր բաց էինք թողել մեր արձակուրդի ժամանակ, որպեսզի մեր ուղևորության ընթացքում բնակարանն օդափոխվեր:
Երբ ես լվանում էի ամանները, հանկարծ զգացի, որ մի սարսափելի բան տեղի ունեցավ: Ես վազեցի հյուրասենյակ, մինչ Մարկուսը իջավ` վազելով աստիճաններով: Նա վախեցած ճչում էր, ասելով, որ Էմման ընկել էր պատուհանից. պատուհանը ցեմենտապատ մայթից մոտ 40 ոտնաչափ բարձր էր (12 մ): Ես աստիճաններով ներքև վազեցի` անընդհատ աղաղակելով Էմմայի անունը: Ես տեսա իմ փոքրիկ աղջնակին ցեմենտապատ գետնին պառկած` կարծես անկենդան լիներ: Նա լրիվ անշունչ էր, երբ ես նրան բարձրացրի, կարծեցի, թե իմ վատթարագույն երկյուղները հաստատվեցին: Ամուսինս, ով դուրս էր վազել մեր ետևից, վերցրեց նրան իր գիրկը և անմիջապես քահանայական օրհնություն տվեց նրան:
Շտապ օգնությունը արագ եկավ, և ես ու Մարկուսը աղոթեցինք, մինչ բժիշկները փրկում էին Էմմայի կյանքը: Շուտով մենք բոլորս դեպի հիվանդանոց տանող շտապ օգնության մեքենայի մեջ էինք:
Շտապ բուժօգնության բաժանմունքում մեզ արագ միացան ընտանիքի անդամները, ովքեր եկել էին մեզ աջակցելու: Մարկուսը գնաց իր զարմիկների հետ, մինչ ամուսինս և ես մնացինք այնտեղ` Էմմայի վիճակին անտեղյակ:
Երկարատև թվացող սպասումից հետո բժիշկներից մեկը վերջապես ներս մտավ հարցնելով պատահարի մանրամասների մասին: Նրանք ասացին, որ սովորաբար այդպիսի բարձրությունից ընկնելու դեպքում առաջանում են ներքին վնասվածքներ և փրկվելու չնչին հնարավորություն կա: Կոտրվել էր Էմմայի կոնքը, նա ուղեղի ցնցում էր ստացել, բայց նրա կապտուկները մակերեսային էին: Բժիշկն ասաց, որ հավանաբար նրան հրեշտակ էր բռնել:
Չնայած Էմմայի փրկվելը հրաշք էր, նա դեռ անգիտակից վիճակում էր՝ գլխի վնասվածքի պատճառով: Ամուսինս և նրա երկու մտերիմ ընկերները նորից օրհնություն տվեցին Էմմային: Այդ օրհնության մեջ նրան խոստացան լիակատար ապաքինում, առանց որևէ երկարատև խնդիրների, և որ այն դրական փորձառություն էր լինելու նրա կյանքում: Ես մեծ երախտագիտություն էի զգում քահանայության զորության հանդեպ։ Իմ բոլոր գիշերային աղերսանքները լսելի էին եղել:
Էմման դուրս եկավ կոմայից չորս օր հետո: Այդ չորս օրերի ընթացքում ընկերները, Եկեղեցու անդամները և ուրիշները ծոմ էին պահել և աղոթել նրա համար: Ես զգացի, թե ինչպես հավատարիմ Սրբերի աղոթքները միահյուսվում էին իմ շուրջը՝ զորացնելով ընտանիքիս և ինձ: Ես այնպես էի զգում, կարծես Երկնային Հայրն Իր բազուկների մեջ էր առել ինձ և լցրել ինձ սփոփանքով:
Մեր ցիցը ծոմ էր պահել նրա արթնանալու նախորդ օրը: Մենք հավատում ենք, որ Երկնային Հայրը լսել էր մեր աղոթքները, և Էմմայի արթնանալը ծոմի ուղղակի արդյունքն էր: Այդ պահից Էմման արագ ապաքինվեց: Պատահարից հինգ օր անց նա արտասանեց իր առաջին բառը, իսկ ինն օր անց դուրս գրվեց հիվանդանոցից: Նա հինգ շաբաթ անցկացրեց անվասայլակի մեջ, իսկ հետո սկսվեց ֆիզիոթերապիան:
Պատահարից մեկ ամիս անց մեջքս հանկարծակի բռնվեց Էմմային բարձրացնելու ժամանակ: Ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր անզորության զգացում պարուրեց ինձ: Ինչպե՞ս էի շարունակելու խնամել նրան:
Մի գիշեր այդքան անզոր լինելու հանցանքի զգացումը խիստ անտանելի դարձավ: Ես հեռացա տնից և գտա այգու մի նստարան, որտեղ աղոթեցի Երկնային Հորը մոտ մեկ ժամ: Առաջին անգամ իմ կյանքում ես զգացի, թե ինչպես էր Փրկիչի Քավության զորությունը ինձ հաղթահարում: Ողջ ցավն ու վիշտը, որ ես կրում էի, վերցվեց ինձանից, բոլոր իմ բեռները այդ աղոթքից հետո վերցվեցին իմ ուսերից: Էմման դեռ անվասայլակի մեջ էր, իսկ ես դեռ ստանում էի ողնաշարի կանոնավոր բուժումներ, բայց զորություն էի ստացել այն շարունակելու:
Մի տարի անց Էմման կարուղանում էր վազել, ծիծաղել, պատմություններ պատմել և մտածել` ինչպես չորս տարեկանը պետք է մտածի:
Մենք գիտենք, որ կա սիրառատ Երկնային Հայր, ով հոգ է տանում մեր մասին և անհատապես ճանաչում է մեզ: Նա գիտի, թե ինչ մարտահրավերներով ենք մենք անցնում: Ես երբեք չեմ կասկածի այն հրաշքներին, որ Նա է տալիս մեզ աղոթքի, ծոմապահության և քահանայական օրհնությունների միջոցով: