2016
Ոմանք ասում են, որ ես պետք է ունենամ իմ չափանիշները չկիսող ընկերներ, որպեսզի իմ չափանիշներն ամրանան: Արդյո՞ք դա ճիշտ է:
October 2016


Հարցեր և պատասխաններ

«Ոմանք ասում են, որ պիտի ունենամ իմ չափանիշները չկիսող ընկերներ, որպեսզի իմ չափանիշներն ամրանան: Արդյո՞ք դա ճիշտ է»:

Ի վերջո, ձեր չափանիշների ամրացումը գալիս է սովորելուց և Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելուց, իսկ ընկերները կարող են օգնել կամ խոչնդոտել ձեզ այդ գործում: Ընկերները մեծ ազդեցություն ունեն ձեր վրա` սկսած այն եղանակից, որով դուք մտածում եք, խոսում և գործում եք, մինչև այն մարդը, որը դուք դառնում եք: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը խորհուրդ է տալիս. «Ընտրեք այնպիսի ընկերներ, ովքեր կրում են ձեր արժեքները, որպեսզի կարողանաք ամրացնել և քաջալերել միմյանց, ապրելով բարձր չափանիշներով» ([2011], 16): Այսպիսի ընկերները օգնում են ձեզ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, պահել ձեր չափանիշները և դառնալ ավելի լավ մարդ:

Սակայն ոչ բոլոր մարդիկ, ում հետ դուք շփվում եք, կունենան նմանատիպ չափանիշներ, ինչպիսին ձերն են կամ կլինեն Եկեղեցու անդամներ: Կարևոր է սիրալիր լինել բոլորի հետ և վերաբերվել նրանց այնպես, ինչպես Փրկիչը կվերաբերվեր նրանց` սիրով ու բարությամբ: Երբ դուք շարունակում եք ապրել ձեր չափանիշներին համապատասխան, դուք կարող եք «օրինակ լինել հաւատացեալներին խօսքով, վարքով, սիրով, հաւատքով, սրբութիւնով» (Ա Տիմոթեոս 4.12): Ձեր օրինակի միջոցով նրանք կտեսնեն, թե որքան օրհնված եք դուք`ապրելով բարձր չափանիշներով, և դուք կարող եք խրախուսել նրանց անել նույնը:

Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը և քաջություն ունեցեք գործել ըստ նրա հուշումների, երբ ընտրում եք ընկերներ և ձգտում ուժեղացնել ձեր չափանիշները:

Հավատարիմ ընկերներ

Միջին դպրոցի առաջին տարում ես անհանգստանում էի, թե չեմ կարողանա ընկերներ գտնել, ովքեր կհարգեն իմ չափանիշները: Կարճ ժամանակ անց ես ընկերացա մի համադասարանցու հետ և ասացի նրան, որ ես մորմոն եմ: Նա ինձ հարցրեց այդ մասին, ուստի ես տվեցի նրան Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը: Այդ օրից սկսած նա դադարեց հայհոյել իմ առաջ: Եթե ձեր ընկերները ճշմարիտ ընկերներ են, նրանք կհարգեն ձեր որոշումը և կօգնեն պահել ձեր չափանիշները:

Կանդելա Մ., 13 տարեկան, Բուենոս Այրես, Արգենտինա

Հետևեք մարգարեի խորհրդին

Երբեմն դժվար է դիմակայել գայթակղությանը, եթե մենք ժամանակ ենք անցկացնում այնպիսի ընկերների հետ, ովքեր վատ ընտրություններ են կատարում կամ փորձում ստիպել մեզ վատ ընտրություններ կատարել: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում մարգարեները մեզ ասել են, որ ընկերները «կազդեն ձեր մտածելու և գործելու վրա, և անգամ կօգնեն ձեզ ձևավորել ձեր անձը» ([2011], 16): Ես կարծում եմ, որ մենք պիտի ունենանք ընկերներ, ովքեր պատրաստ են հարգել մեր չափանիշները և նույնիսկ հետաքրքրություն ցուցաբերել այն բանում, թե մենք ինչպես ենք պահում մեր չափանիշները:

Կալվին Վ., 16 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ 

Հիշեք ձեր չափանիշները

Ընկերները, ովքեր չեն կիսում ձեր չափանիշները, իրականում կարող են թուլացնել և ջախջախել ձեր չափանիշները: Երբ ես առաջին անգամ տեղափոխվեցի իմ նոր դպրոցը, ես փորձում էի հարմարվել, ասելով որոշ բաներ, որոնք մարդիկ իմ շրջապատում ասում էին: Ես համարյա մոռացա իմ չափանիշները, մինչ փորձում էի նմանվել բոլորին: Ես հիմա գիտեմ` որպեսզի ստեղծեք ձեր չափանիշները, դուք ունեք այնպիսի ընկերների կարիք, ովքեր կաջակցեն և կկիսեն ձեր չափանիշները: Ես երախտապարտ եմ, որ ի վերջո գտա այդպիսի ընկերներ, քանի որ նրանք հիշեցնում են ինձ իմ չափանիշների մասին:

Լոգան Ջ., 15 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Բարձր պահեք ձեր չափանիշները

Պարտադիր չէ, որ տարբեր չափանիշներ ունեցող ընկերները ուժեղացնեն ձերը, բայց լինելով նրանց ընկերը, դուք կարող եք նրանց լավ օրինակ ծառայել հետևելու համար: Երբ ունեք ընկերներ, ովքեր իրոք կիսում են ձեր համոզմունքները, դա կարող է քաջալերել ձեզ բարձր պահել ձեր չափանիշները և օգնել ձեզ պաշտպանել ճշմարտությունը:

Վարրեն Ս., 14 տարեկան, Օրեգոն, ԱՄՆ

Լավ ընկերները օրհնություն են

Եթե ձեր ընկերները չեն կիսում ձեր չափանիշները, կարող է ավելի դժվար լինել ուժեղացնել ձեր սեփականը: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի ընթերցումը միշտ էլ օգնել է ինձ ընտրել լավ ընկերներ, ովքեր հարգում են ինձ: Հիմա ես պատրաստվում եմ ծառայել միսիայում, և ես գիտեմ, որ իմ չափանիշները կիսող մարդկանց շրջապատում լինելն օգնել է ինձ հավատարիմ մնալ ավետարանին:

Նեյր Մ., 19 տարեկան, Բուենոս Այրես, Արգենտինա

Ամուր բռնեք երկաթյա ձողից

Լավ չափանիշներով ընկերներ ունենալը ճիշտ այն է, ինչ դուք ուզում եք: Դուք ցանկանում եք շրջապատել ձեզ այնպիսի ընկերներով, ովքեր կօգնեն ձեզ պահել պատվիրանները և կոգեշնչեն ձեզ ապրել արդարակյաց կյանքով: Ամուր բռնեք երկաթյա ձողից, որն առաջնորդում է դեպի կյանքի ծառը, ոչ թե դեպի մեծ ու ընդարձակ կառույցը: Եթե ձեզ շրջապատեք անիրավությամբ, այն կհանգեցնի փորձությունների: Ունեցեք լավ ընկերներ, ովքեր կոգեշնչեն ձեզ ապրել ավետարանով:

Աննի Պ., 13 տարեկան, Յուտա, ԱՄՆ

Աղոթեք ընկերներ գտնելու համար

Երբ ես և իմ ընտանիքը տեղափոխվեցինք նոր նահանգ, ես շարունակ աղոթեցի ընկերներ գտնելու համար, որոնց հետ ես կարող էի խոսել ավետարանի մասին: Երբ աղոթում էի, ես հանգիստ էի զգում, և մի քանի ամիս անց մի քանի հրաշալի ընկերներ ձեռք բերեցի: Ես կարող եմ ապավինել նրանց օգնությանը և նրանք օգնեցին ինձ զարգացնել ավելի մեծ սեր դեպի ավետարանը: Ես գիտեմ, որ ընկերները կարևոր են, և նրանք կարող են հեշտացնել ավետարանով ապրելու ճանապարհը:

Սառա Պ., 16 տարեկան, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Տպել