2016
Կանգնեք որպես հազարամյակի ճշմարիտ սերունդ
October 2016


Կանգնեք որպես հազարամյակի ճշմարիտ սերունդ

Երիտասարդ ամուրիների համաշխարհային հավաքից, «Դառնալ հազարամյակի ճշմարիտ սերունդ», ելույթը տրվել է Այդահոյի Բրիգամ Յանգ Համալսարանում 2016 թվականի հունվարի 10-ին: Ամբողջ հոդվածը կարդալու համար այցելեք՝ broadcast.lds.org:

Դուք «ընտրյալ սերունդ» եք, նախասահմանված Աստծո կողմից նշանակալի աշխատանք կատարելու համար, որ օգնեք այս աշխարհի ժողովրդին նախապատրաստվել Երկրորդ Գալուստին:

young adults carrying electronic devices

Նկարազարդումը՝ Սքոթի Ռեյֆսնայդերի

Շատ մարդիկ ձեզ վերաբերվում են որպես հազարամյակի սերնդի: Ես ընդունում եմ, որ երբ հետազոտողները հիշատակում են ձեզ այդ բառով և նկարագրում, թե ինչ են իրենց հետազոտությունները բացահայտում ձեր մասին՝ ձեզ դուր եկած ու դուր չեկած բաները, ձեր զգացումներն ու հակումները, ձեր ուժեղ կողմերն ու թուլությունները, ես անհարմար եմ զգում: Հազարամյակի սերունդ եզրույթի մեջ կա մի բան, որն անհանգստացնում է ինձ: Եվ անկեղծորեն, ինձ ավելի քիչ է հետաքրքրում այն, թե մասնագետներն ինչ են ասում ձեր մասին, քան թե այն, ինչ Տերն է ասել ինձ ձեր մասին:

Երբ ես աղոթում եմ ձեր մասին և հարցնում Տիրոջը, թե ինչ է Նա զգում ձեր վերաբերյալ, իմ կարծիքը խիստ տարբերվում է հետազոտողների կարծիքից: Հոգևոր տպավորությունները, որոնք ես ստացել եմ ձեր վերաբերյալ, թույլ են տալիս ինձ հավատալ, որ հազարամյակի սերունդ եզրույթըը կարող է իրականում կատարյալ լինել ձեզ համար, բայց բոլորովին տարբեր պատճառով, քան մասնագետները կարող են երբևէ հասկանալ:

Հազարամյակի սերունդ եզրույթըը կատարյալ է ձեզ համար, եթե այդ բառը ձեզ հիշեցնում է, թե ով եք դուք իրականում, և որն է ձեր իրական նպատակը կյանքում: Ճշմարիտ հազարամյակի սերունդը նա է, ով ուսուցանել և ուսուցանվել է Հիսուս Քրիստոսի ավետարանը նախամահկանացու կյանքում, և ով ուխտեր է կապել այնտեղ մեր Երկնային Հոր հետ խիզախ բաների վերաբերյալ, այսինքն բարոյապես խիզախ բաների մասին, որոնք նա անելու է, մինչ այստեղ է` երկրի վրա:

Հազարամյակի ճշմարիտ սերունդը այն տղամարդը կամ կինն է, ում Աստված բավականաչափ վստահել է՝ ուղարկելով երկիր այս աշխարհի պատմության ամենապատասխանատու տնտեսությունում: Հազարամյակի ճշմարիտ սերունդն այն տղամարդն է կամ կինը, ով ապրում է այժմ՝ օգնելով այս աշխարհի ժողովրդին նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին և Նրա հազարամյա թագավորությանը: … Չսխալվեք այդ հարցում. դուք ծնվել եք, որպեսզի լինեք հազարամյակի ճշմարիտ սերունդ:

Հարցն այն է, թե «Ինչպե՞ս կարող եք կանգնել և ապրել որպես հազարամյակի ճշմարիտ սերունդ»: Ես ունեմ չորս առաջարկություններ:

1. Իմացեք, թե իսկապես ով եք դուք

Ժամանակ տրամադրեք աղոթքով խորհրդածելու այս փաստերի մասին.

  • Դուք Աստծո ընտրյալ որդին կամ դուստրն եք:

  • Դուք ստեղծված եք Նրա պատկերով:

  • Հոգևոր աշխարհում ձեզ ուսուցանել են և նախապատրաստել ամեն ինչի և յուրաքանչյուր բանի համար, որին դուք կհանդիպեք այս վերջին օրերի վերջին մասի ընթացքում (տես ՎևՈւ 138.56): Այդ ուսուցումը հարատևում է ձեր մեջ:

Դուք ապրում եք «տասնմեկերորդ ժամում»: Տերը հայտարարել է, որ սա վերջին անգամն է, որ Նա մշակներ կկանչի Իր այգին՝ հավաքելու ընտրյալներին երկրի չորս կողմերից: (Տես ՎևՈւ 33․3–6։) Եվ դուք ուղարկվել եք մասնակցելու այս հավաքին: Կրկին ու կրկին ես տեսել եմ իմ աչքերով հազարամյակի ճշմարիտ սերնդի հզոր ազդեցությունը, երբ նրանք բերում են ուրիշներին դեպի ճշմարտության իմացությանը: Սա ձեր ինքնության և նպատակի մի մասն է՝ որպես Աբրահամի սերունդ (տես Գաղատացիս 3.26–29):

Մի քանի ամիս առաջ կինս՝ Վենդին և ես մի նշանավոր փորձառություն ունեցանք հեռավոր Սիբիրում: Իրկուտսկում մեր նախապատրաստության օրը մեզ հետ ճամփորդողներից էին միսիայի նախագահը՝ Գրեգորի Ս. Բրինթոնը, նրա կինը՝ Սալլին և նրանց վերադարձած միսիոներ որդին՝ Սեմը, ով իր միսիան ծառայել էր Ռուսաստանում: Մենք այցելեցինք գեղեցիկ Բայկալ լիճը և դրա ափին գտնվող շուկան:

Երբ մենք վերադարձանք մեր ավտոբուսը, նկատեցինք որ Սեմը բացակայում էր: Մի քանի րոպեից նա հայտնվեց միջին տարիքի մի կնոջ ուղեկցությամբ, որի անունը Վալենտինա էր: Իր մայրենի ռուսերենով Վալենտինան խանդավառությամբ բացականչեց.«Ես ցանկանում եմ հանդիպել այս երիտասարդի մոր հետ: Նա այնքան քաղաքավարի է, խելամիտ և բարի: Ես ուզում եմ ծանոթանալ նրա մոր հետ»։ Վալենտինային գրավել էր Սեմի պայծառ, լույսով լցված դեմքը:

Սեմը ներկայացրեց Վալենտինային ինչպես իր մորը, այնպես էլ հորը, տվեց նրան Փրկիչի մասին գրքույկը և պայմանավորվեց, որ միսիոներներն այցելեին Նրան: Երբ միսիոներները հետագայում վերադարձան Մորմոնի Գրքի մի օրինակով, նա խոստացավ կարդալ այն: Մի քանի ուրիշ կանայք, ովքեր աշխատում էին շուկայում, նույնպես հետաքրքրվեցին նոր գրքով, որը Վալենտինան էր ստացել: Մենք դեռևս չգիտենք այդ պատմության վերջը, բայց այն որոշակի լույսի պատճառով, որ Սեմն էր ճառագայթում, Վալենտինան և նրա ընկերներից մի քանիսը ծանոթացան ավետարանի հետ:

Սեմի նման հազարամյակի ճշմարիտ սերունդը գիտի, թե իրականում ինքը ով է: Նրանք Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտներն են, ովքեր բնազդաբար օգտագործում են ամեն հնարավորություն՝ օգնելու իրենց և մյուսներին պատրաստվել մեր Փրկիչի հազարամյա թագավորմանը:

Ուստի իմ առաջին առաջարկն է` սովորեք ձեզ համար, թե ով եք դուք իրականում: Հարցրեք ձեր Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով, թե ինչ է Նա զգում ձեր հանդեպ և երկրի վրա ձեր միսիայի հանդեպ: Եթե դուք հարցնեք ազնիվ միտումով, ժամանակի ընթացքում Հոգին կշշնջա ձեզ` կյանք փոխող ճշմարտությունը: Արձանագրեք այդ տպավորությունները, դրանք հաճախ վերանայեք և ճշգրտությամբ հետևեք դրանց:

Ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք սկսեք, թեկուզ որոշ գաղափար կազմել, թե ինչպես է Երկնային Հայրը տեսնում ձեզ, և ինչ է Նա ակնկալում ձեզանից անել Իր համար, ձեր կյանքը երբեք չի լինի նույնը:

2. Սպասեք և նախապատրաստվեք իրականացնել անհնարինը

woman on computer

Աստված միշտ խնդրել է Իր ուխտի զավակներին դժվար բաներ կատարել: Քանի որ դուք Աստծո ուխտ պահող որդիներն ու դուստրերն եք այս վերջին օրերի վերջին մասի, Տերը կխնդրի ձեզ դժվար բաներ կատարել: Դուք կարող եք հաշվի առնել դա, Աբրահամի փորձությունները չավարտվեցին Աբրահամի հետ (տես ՎևՈւ 101.4–5):

Ես գիտեմ, թե որքան նյարդայնացնող կարող է լինել, երբ խնդրում են անել ինչ-որ բան, որը ձեր կարողությունից շատ վեր է թվում: Ես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էի ընդամենը 19 ամիս,, երբ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) հեռացավ կյանքից: Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի Խորհրդի առաջին ժողովում, որը հաջորդեց Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի ձեռնադրմանը (1899–1994), նա հատուկ հանձնարարություններ տվեց Տասներկուսին: Ինձ տրված նրա հրահանգները ներառում էին այս խոսքերը. «Երեց Նելսոն, դուք պետք է բացեք Արևելյան Եվրոպայի երկրները ավետարանի քարոզման համար»:

Դա 1985 թվականին էր: Քաղաքականապես սառը տարիների ընթացքում, որոնց մենք անվանում ենք որպես Սառը Պատերազմ, ոչ միայն բառացիորեն պատ էր բաժանում Բեռլին քաղաքը, այլև ողջ Արևելյան Եվրոպան էր գտնվում կոմունիզմի ճնշող լծի տակ: Եկեղեցիները փակ էին և կրոնական պաշտամունքը խստորեն սահմանափակված էր:

Իմ մասնագիտական կյանքի մեծ մասը ես անցկացրել էի բացելով սրտեր՝ փրկարար վիրահատություններ կատարելու համար, բայց ես ոչ մի փորձ չունեի, որն ինձ թույլ կտար հավատալ, որ կարող էի բացել երկրներ ավետարանը քարոզելու համար: Եվ այնուամենայնիվ մարգարեն էր տվել ինձ հանձնարարություն, ուստի ես սկսեցի անել այն, ինչը բացարձակապես անհնարին էր թվում:

Սկզբից ի վեր խոչընդոտներ դրվեցին իմ ճանապարհին: Ես ժամանում էի շատ երկրներ՝ չիմանալով թե ուր գնամ: Նույնիսկ, երբ ես կարողանում էի գտնել կառավարական որևէ պատշաճ պաշտոնյայի անուն, սովորական բան էր, որ հանդիպումը չեղյալ համարվեր վերջին րոպեին կամ հետաձգվեր: Մի երկրում, երբ տեսակցությունը հետաձգվեց երկու օրով, դիտավորյալ մի շարք գայթակղություններ դրվեցին իմ ճանապարհին ինձ ստուգելու համար՝ ներառյալ թակարդներ սև շուկայի փողի համար և այլ անօրինական գործողություններ: Մեկ այլ դեպքում հանդիպումը բացվեց պահանջով, որ ես անմիջապես հեռանամ:

Բայց Տերը կարողանում է անել Իր սեփական աշխատանքը (տես 2 Նեփի 27.20–21), և ես արտոնություն ունեցա տեսնել, թե ինչպես էր մի հրաշքը մյուսի ետևից կատարվում միշտ և միայն այն բանից հետո երբ ես այդ հանձնարարությանը տրամադրում էի իմ լավագույն մտածելակերպը, իմ ամենաքաջարի ջանքերը և իմ ամենաջերմեռանդ աղոթքները:

Եկեղեցու ճանաչումը սկսվեց այդ երկրներից մի քանիսի կողմից` նախքան Բեռլինի պատի փլուզումը: Մյուսների կողմից ճանաչումը եկավ հետագայում: 1992 թվականին ես կարողացա զեկուցել Նախագահ Բենսոնին, որ Եկեղեցին այդ ժամանակ հիմնադրվել էր Արևելյան Եվրոպայի յուրաքանչյուր երկրում:

Որպես հազարամյակի ճշմարիտ սերունդ, որին Տերը կարող է վստահել, դուք ևս կստեղծեք պատմություն: Ձեզ կխնդրեն ընդունել դժվարին հանձնարարություններ և դառնալ գործիք Տիրոջ ձեռքում: Եվ Նա հնարավորություն կընձեռի ձեզ իրականացնել անհնարինը:

Ինչպե՞ս կարող եք իրականացնել անհնարինը: Անելով այն ամենը, ինչը կպահանջվի զորացնելու ձեր հավատը առ Հիսուս Քրիստոս, մեծացնելով Նրա վերականգնված Եկեղեցու վարդապետության ձեր ըմբռնումը և անխոնջ որոնելով ճշմարտությունը: Երբ խնդրում են անել անհնարին բաներ, դուք, որպես հազարամյակի ճշմարիտ սերունդ, խարսխված լինելով մաքուր վարդապետության վրա, կկարողանաք հավատով քայլ անել առաջ և համառ հաստատակամությամբ ու պատրաստակամ անել այն բոլորը, ինչ դրված է ձեր ներուժի սահմաններում՝ Տիրոջ նպատակները կատարելու համար (տես ՎևՈւ 123.17):

Կլինեն օրեր, երբ դուք խորապես կհուսալքվեք: Ուստի աղոթեք քաջություն ձեռք բերելու համար, որպեսզի չհանձնվեք: Դուք ունեք այդ ուժի կարիքը, որովհետև Վերջին Օրերի Սուրբ լինելը կդառնա ավելի ու ավելի պակաս տարածված: Դժբախտաբար, ոմանք, ում համարում էիք ձեր ընկերները, կդավաճանեն ձեզ: Եվ որոշ բաներ պարզապես անարդար կթվան:

Այնուամենայնիվ, ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք հետևեք Հիսուս Քրիստոսին, դուք կգտնեք հաստատուն խաղաղություն և ճշմարիտ ուրախություն: Երբ դուք պահեք ձեր ուխտերը աճող ճշգրտությամբ, և երբ դուք այսօր պաշտպանեք Եկեղեցին ու Աստծո արքայությունը երկրի վրա, Տերը կօրհնի ձեզ ուժով և իմաստությամբ՝ անհնարինն իրականացնելու համար:

3. Սովորեք, թե ինչպես հասանելի լինեք Երկնային զորությանը

Մեզանից յուրաքանչյուրն ունի հարցեր: Սովորելու, հասկանալու և ճշմարտությունը ճանաչելու ձգտումը մեր մահկանացու կյանքի կենսական մասն է: Իմ կյանքի մեծ մասն անցել է հետազոտության մեջ: Դուք ևս կսովորեք լավագույն ձևով՝ տալով ոգեշնչված հարցեր:

Հենց այս պահին ձեզանից ոմանք պայքարում են իմանալու համար, թե ինչ դուք պետք է անեք ձեր կյանքի հետ: Ձեզանից ոմանց էլ գուցե հետաքրքրում է, թե ձեր մեղքերն արդյո՞ք ներվել են ձեզ: Ձեզանից մեծ մասը հետաքրքրվում է, թե ով և որտեղ է ձեր հավերժական զուգընկերը, և նրանք, ովքեր չպետք է լինեն:

Ոմանք գուցե հարցնեն, թե ինչո՞ւ է Եկեղեցին անում այն բաները, որ անում է: Հավանաբար ձեզանից շատերը համոզված չեն, թե ինչպես պատասխաններ ստանան իրենց աղոթքներին:

Մեր Երկնային Հայրն ու Իր Որդին պատրաստ կանգնած են պատասխանելու ձեր հարցերին Սուրբ Հոգու սպասավորման միջոցով: Բայց ձեզանից է կախված իմանալ, թե ինչպես արժանանալ և ստանալ այդ պատասխանները:

Որտեղի՞ց կարող եք սկսել: Սկսեք ավելի շատ ժամանակ անցկացնել սուրբ վայրերում: Տաճարը սուրբ վայր է: Այդպես է նաև ժողովատունը, որտեղ դուք ամեն կիրակի նորոգում եք ուխտերը՝ ճաշակելով հաղորդությունից: Ես հրավիրում եմ ձեզ ձեր բնակարանը, ձեր ննջարանը, ձեր տունը կամ ձեր սենյակը նույնպես դարձնել սուրբ վայր, որտեղ դուք կարող եք անվտանգ մեկուսանալ աշխարհի մութ շեղումներից:

Աղոթքը բանալի է: Աղոթեք իմանալու համար, թե ինչը դադարեք անել և ինչը սկսեք անել: Աղոթեք իմանալու համար, թե ինչ ավելացնեք ձեր միջավայրին և ինչը հեռացնեք, որպեսզի Հոգին կարողանա ամբողջությամբ լինել ձեզ հետ:

Աղերսեք Տիրոջից խորաթափանցության պարգևը: Ապա ապրեք և աշխատեք արժանի լինելու ստանալ այդ պարգևը, որպեսզի, երբ իրարամերժ իրադարձություններ տեղի ունենան աշխարհում, դուք ճշգրիտ իմանաք` ինչն է ճշմարիտ, և ինչը` ոչ (տես 2 Նեփի 31.13):

young adult walking with elderly man

Ծառայեք սիրով: Եթե դուք սիրառատ ծառայություն եք մատուցում նրանց, ովքեր կորցրել են իրենց ճանապարհը կամ ովքեր վիրավորված են հոգով, ապա դա բացում է ձեր սիրտը անձնական հայտնության առջև:

Անցկացրեք ավելի շատ ժամանակ այն վայրերում, որտեղ Հոգին ներկա է: Դա նշանակում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ, ովքեր ձգտում են ունենալ Հոգին իրենց հետ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ծնկի իջած աղոթելիս, սուրբ գրություններ ընթերցելիս, ավելի շատ ժամանակ տրամադրեք ընտանեկան պատմության աշխատանքին, ավելի շատ ժամանակ անցկացրեք տաճարում: Ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք Տիրոջը հետևողականորեն ձեր ժամանակից առատաձեռն բաժին հատկացնեք, Նա կբազմապատկի մնացածը:

Մենք հաստատում ենք 15 տղամարդու, ովքեր կարգված են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Երբ որևէ փշոտ խնդիր է ծագում, և թվում է այն ավելի ու ավելի փշոտ է դառնում ամեն օր, այդ 15 տղամարդը գոտեմարտի մեջ են մտնում այդ հարցի հետ, փորձելով տեսնել գործունեության տարբեր ուղղությունների հետևանքները, և նրանք ջանասիրաբար ձգտում են լսել Տիրոջ ձայնը: Ծանրակշիռ հարցերի վերաբերյալ ծոմ պահելուց, աղոթելուց, ուսումնասիրելուց, խորհելուց և Եղբայրների հետ խորհրդակցելուց հետո ինձ համար անսովոր բան չէ գիշերն արթնանալ այդ հարցերի վերաբերյալ նոր տպավորությունների առնչությամբ, որոնց համար մենք մտահոգված ենք: Եվ իմ Եղբայրներն ունենում են նույն փորձառությունը:

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը միասին խորհրդակցոււմ են և կիսվում այն ամենով, ինչ Տերն ուղղություն է տվել մեզ հասկանալու համար, անհատապես և բոլորս միասին զգալու համար: Եվ ապա մենք հետևում ենք Տիրոջը` Եկեղեցու Նախագահի վրա ներգործելիս՝ Տիրոջ կամքը հայտարարելու համար:

Այս մարգարեական գործընթացին հետևեցինք 2012 թվականին միսիոներների համար նվազագույն տարիքը փոխելիս և Եկեղեցու ձեռնարկում վերջերս մի քանի երկրներում նույնասեռ ամուսնության օրինականացման վերաբերյալ հավելումներ կատարելիս: Կարեկցանքով լցված բոլորի և հատկապես երեխաների հանդեպ, մենք երկար պայքարեցինք հասկանալու համար Տիրոջ կամքն այս հարցում:

Միշտ հիշելով Աստծո փրկության ծրագիրը և հավերժական կյանքի Նրա հույսը իր զավակներից յուրաքանչյուրի համար, մենք հաշվի առանք հնարավոր սցենարների անհամար տարբերակներ և համակցություններ, որոնք կարող էին առաջանալ: Մենք հաճախակի հանդիպում էինք տաճարում ծոմ պահելով և աղոթելով և որոնում նոր ուղղորդում ու ոգեշնչում: Իսկ այնուհետև, երբ Տերը ոգեշնչեց Իր մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին հրապարակելու Տիրոջ միտքն ու կամքը, մեզանից յուրաքանչյուրը այդ սրբազան պահին զգաց հոգևոր հաստատում: Որպես Առաքյալներ, մեր արտոնությունն էր հաստատել այն, ինչ Նախագահ Մոնսոնին էր հայտնի դարձվել: Տիրոջ կողմից Իր ծառաներին տրված հայտնությունը սրբազան գործընթաց է և այդպիսին է նաև անձնական հայտնություն ստանալու ձեր արտոնությունը:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, դուք նույնքան հասանելություն ունեք Տիրոջ մտքին և կամքին ձեր սեփական կյանքի համար, որքան մենք՝ Առաքյալներս ունենք Նրա Եկեղեցու համար: Ճիշտ` ինչպես Տերը պահանջում է մեզանից որոնել և խորհել, ծոմ պահել և աղոթել, ուսումնասիրել ու պայքարել դժվարին հարցերի հետ, Նա պահանջում է ձեզանից անել նույնը, երբ դուք պատասխաններ եք որոնում ձեր սեփական հարցերին:

Դուք կարող եք սովորել լսել Տիրոջ ձայնը Հոգու հուշումների միջոցով:1 Որքան էլ օգտակար թվան Գուգլը, Թվիթերը և Ֆեյսբուքը, դրանք պարզապես պատասխաններ չեն տալիս ձեր ամենակարևոր հարցերին:

Իմ սիրելի երիտասարդ ընկերներ, դուք կարող եք իմանալ Տիրոջ միտքն ու կամքը ձեր սեփական կյանքի վերաբերյալ: Հարկ չկա անհանգստանալ, թե արդյո՞ք դուք այնտեղ եք, որտեղ Տերը ձեր կարիքն ունի որ լինեք կամ արդյոք դուք անում եք այն, ինչ Նա կարիք ունի, որ դուք անեք: Դուք կարող եք իմանալ: Սուրբ Հոգին «կասի ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք» (2 Նեփի 32.3):

4. Հետևեք մարգարեներին

young adult watching general conference

1979 թվականին, երբ ծառայում էի Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահ, ես հրավիրվեցի մասնակցելու շրջանային ներկայացուցիրչների սեմինարի, որի ժամանակ Նախագահ Քիմբալը տվեց մի ոգեշնչող ելույթ ազգերի դռները բացելու մասին, որոնք այդ ժամանակ փակ էին Եկեղեցու համար, ինչպես օրինակ Չինաստանը: Նա մարտակոչ հղեց բոլոր ներկաներին ուսումնասիրել չինարեն լեզուն, որպեսզի մենք կարողանայինք առաջարկել մեր հմտությունները՝ օգնելու Չինաստանի ժողովրդին:

Ինձ համար Նախագահ Քիմբալի մարտահրավերը թվաց մարգարեական հանձնագիր: Այսպիսով, հենց այդ երեկո ես հարցրի իմ հանգուցյալ կնոջը՝ Դենզելին, թե նա արդյոք կկամենար չինարեն ուսումնասիրել ինձ հետ: Նա համաձայնվեց, և մենք գտանք ուսուցիչ մեզ օգնելու համար: Իհարկե, մենք շատ լավ խոսել չսովորեցինք չինարեն, բայց սովորեցինք բավականաչափ, այնպես որ, երբ հաջորդ տարի ինձ հրավիրեցին (մի շարք խիստ անսպասելի իրադարձությունների պատճառով) գնալ Չինասատան, որպես այցելող դասախոս ուսուցանելու սրտի բաց վիրահատություն, ես ավելի լավ դիրքում էի՝ հրավերն ընդունելու համար:

Վերադառնանք հինգ տարի առաջ 1985 թվականից, երբ ես կանչվել էի Տասներկուսի Քվորում: Մի օր ես ստացա Չինաստան գնալու հրատապ խնդրանք՝ կատարելու սրտի բաց վիրահատություն այդ ազգի հանրահայտ օպերային աստղին, ով Չինաստանում համարվում էր ազգային հերոս: Ես բացատրեցի, որ իմ լիաժամկետ եկեղեցական պարտականությունն ինձ խանգարում էր գնալ, բայց Չինաստանի բժիշկներն աղերսեցին ինձ անմիջապես ժամանել և կատարել այդ փրկարար վիրահատությունը:

Ես քննարկեցի հարցը իմ քվորումի նախագահի և Առաջին Նախագահության հետ: Նրանք խիստ տպավորվեցին, որ հանուն Չինաստանի ժողովրդի ես պետք է կատարեի այդ ուղևորությունը և վիրահատեի:

Եվ ես արեցի դա: Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող անցավ: Ի դեպ, դա սրտի վերջին բաց վիրահատությունն էր, որ ես կատարեցի: Դա Ջինանում էր (Չինաստան), 1985 թվականի մարտի 4-ին:

Այժմ ետ գնանք կրկին, այս անգամ 2015 թվականի հոկտեմբերը: Ինձ ու Վենդիին հրավիրեցին վերադառնալ Շանդոնգի համալսարանի բժշկական քոլեջը Ջինանում: Մենք զարմացանք, երբ ինձ ջերմորեն ողջունեցին որպես Չինաստանի «հին ընկեր», և ես հանդիպում ունեցա վիրաբույժների հետ, ում ես ուսուցանել էի 35 տարի առաջ: Մեր այցելության կարևոր պահերից էր այդ հայտնի աստղի որդու և թոռան հետ հանդիպումը: Բոլոր այս զարմանալի փորձառությունները հնարավոր դարձան մեկ պատճառով՝ ես հետևեցի մարգարեի խորհրդին՝ սովորելով չինարեն:

Մարգարեները տեսնում են նախօրոք: Նրանք տեսնում են սոսկալի վտանգները, որոնք հակառակորդը դնում է կամ դեռ կդնի մեր ճանապարհին: Մարգարեները նաև կանխատեսում են մեծ հնարավորությունները և արտոնությունները, որոնք սպասվում են նրանց, ովքեր լսում են հնազանդվելու մտադրությամբ: Ես գիտեմ, որ սա ճիշտ է: Ես դա կրկին ու կրկին անգամ ինքս եմ զգացել:

Տերը խոստացել է, որ երբեք թույլ չի տա, որ Եկեղեցու Նախագահը մոլորեցնի մեզ: Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) հայտարարել է. «Դուք գուցե չհավանեք այն, ինչ ասում է Եկեղեցու իշխանավորը: Այն կարող է հակասել ձեր քաղաքական տեսակետներին: Այն կարող է հակասել ձեր հասարակական հայացքներին: Այն կարող է խանգարել ձեր հասարակական կյանքին: Բայց, եթե դուք լսեք այս բաները, կարծես դա լիներ Տիրոջ բերանից, համբերությամբ և հավատով, խոստումն այն է, որ «դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (ՎևՈւ 21.6)»:2

Դուք գուցե միշտ չհասկանաք ապրող մարգարեի ամեն հայտարարությունը: Բայց, երբ դուք գիտեք, որ մարգարեն մարգարե է, դուք կարող եք մոտենալ Տիրոջը խոնարհությամբ և հավատով և խնդրել ձեր սեփական վկայությունը նրա վերաբերյալ, ինչ Նրա մարգարեն հրապարակել է:

Ք.ծ.ա.մոտ 40 թվականին շատ Նեփիացիներ միացան Եկեղեցուն և Եկեղեցին բարգավաճեց: Բայց գաղտնի խմբակցությունները սկսեցին աճել և նրանց խորամանկ առաջնորդներից շատերը թաքնվեցին ժողովրդի մեջ և դժվար էր նրանց նկատել: Երբ մարդիկ դարձան ավելի ու ավելի հպարտ, Նեփիացիներից շատերը «այն, ինչ սրբազան էր ծաղր սարքե[ցին], մարգարեության և հայտնության ոգին մերժել[ով]» (Հելաման 4.12):

Այս նույն սպառնալիքները կան այսօր մեզանում: Մռայլ իրականությունն այն է, որ «սատանայի ծառաները» (ՎևՈւ 10.5) զետեղված են ողջ հասարակության մեջ: Այսպիսով եղեք շատ զգույշ, թե ում խորհրդին եք դուք հետևում (տես Հելաման 12.23):

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, դուք ծնվել եք` լինելու հազարամյակի ճշմարիտ սերունդը: Դուք «ընտիր ազգ եք» (1 Պետրոս 2.9), նախակարգված Աստծո կողմից կատարելու նշանավոր աշխատանք՝ օգնելու նախապատրաստել այս աշխարհի ժողովրդին Տիրոջ Երկրորդ Գալուստին:

Հղումներ

  1. 1847 թվականի փետրվարին, Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակվելուց մոտավորապես երեք տարի անց, նա հայտնվեց Նախագահ Բրիգամ Յանգին և նրան հաղորդեց հետևյալ ուղերձը. «Ժողովրդին ասա, թող խոնարհ և հավատարիմ լինեն և անպայման պահեն Տիրոջ Հոգին և այն նրանց ճիշտ կառաջնորդի: Ուշադիր եղեք և մի շրջվեք ցածր, հանդարտ ձայնից, այն կասի ձեզ, թե ինչ անեք և ուր գնաք» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 98):

  2. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Հարոլդ Բ. Լի (2000), 84–85.(2000), 84–85: