Հրավիրատոմս Ռիկարդոյի համար
Մարտին Ապոլո Կորդովա
Պարանա, Բրազիլիա
Երբ լսում եմ Եկեղեցու որևէ միջոցառման մասին, ես միշտ հրավիրում եմ 10 հոգու, ովքեր Եկեղեցու անդամ չեն: Տարիներ շարունակ ես այդպես եմ անում: Ես պատրաստում եմ հրավիրատոմսեր, յուրաքանչյուրը դնում սպիտակ ծրարի մեջ և աղոթում, որ Հոգին առաջնորդի ինձ: Այնուհետև բաժանում եմ հրավիրատոմսերը: Հազվադեպ են բոլոր 10 հոգին գալիս, սակայն եթե նույնիսկ նրանցից մեկը գալիս է, ես զգում եմ, որ հաջողել եմ:
Մի քանի տարի առաջ ես պատրաստեցի հրավիրատոմսեր, ամուսնական զույգերի երեկոյի համար: Դրանցից ինը ես բաժանեցի իմ աշխատանքի վայրում, իսկ մեկը մնացել էր: Ես չգիտեի, թե ում հանձնեի այն: Րոպեներ անց, Ռիկարդոն՝ մեր վաճառքի ներկայացուցիչը, անցավ իմ սեղանի կողքով: Ես հուշում զգացի հրավիրել նրան, չնայած որ նա հրաժարվել էր ընդունել աշխատակիցներից մեկի հրավերը՝ գնալ նրա եկեղեցու իրադարձությանը: Ես չէի կարծում, որ Ռիկարդոն կհետաքրքրվեր:
Սակայն երբ Ռիկարդոն նորից անցավ իմ սեղանի կողքով, որպեսզի դուրս գա սենյակից, ես կրկին հուշում զգացի: Այնուամենայնիվ, նա այնքան արագ դուրս եկավ, որ ես չհասցրի խոսել նրա հետ: Ես աղոթեցի, որ Ռիկարդոն վերադառնա, եթե ես պետք է նրան հանձնեի հրավիրատոմսը:
Երբ ավարտեցի աղոթքս, Ռիկարդոն հետ եկավ, որ ինձ հարց տա: Դրանից հետո ես ասացի. «Ռիկարդո, իմ եկեղեցին միջոցառում ունի ամուսնացած զույգերի համար: Մենք պատրաստվում ենք կիսվել փորձով, թե ինչպես ամեն օր երջանիկ ապրել: Դրանից հետո պարեր են լինելու: Եթե հրավիրեմ ձեզ, կգա՞ք»:
«Իհարկե»,- ասաց Ռիկարդոն, բայց նրա պատասխանը համոզիչ չէր թվում ինձ:
«Գոնե ես իմ բաժինն արեցի»,- մտածեցի ես:
Ես և կինս շուտ եկանք միջոցառմանը, որպեսզի ողջունեինք եկող մարդկանց: Հանկարծ ես տեսա Ռիկարդոյին, կնոջ՝ Ռեգինայի հետ: Ես ծանոթացրեցի նրանց իմ կնոջ և մյուս ներկաների հետ: Ամբողջ երեկոյի ընթացքում Ռիկարդոն և Ռեգինան ուրախ ժամանակ էին անցկացնում: Ես զարմացա, երբ նրանք ասացին, որ կիրակի օրը կգան Եկեղեցի, որպեսզի ավելին իմանան:
Ռիկարդոն, Ռեգինան և նրանց երկու երեխաները ավելի շատ բան սովորեցին: Վերջապես, նրանք միացան Եկեղեցուն: Ավելի ուշ, նրանք կնքվեցին տաճարում: Ռիկարդոն մի անգամ ինձ ասաց, որ նա և իր կինը ամուսնալուծության մասին էին մտածում, բայց հետո Տերն առաջնորդեց նրան իմ աշխատասենյակ:
Ես խնդրեցի Աստծուն ներել ինձ, մտածելու համար, որ Ռիկարդոն չի ընդունի իմ հրավերը: Ես հասկացա, որ կարևոր է հրավիրել բոլորին: Երբեք չգիտես, թե ով կընդունի հրավերը: