Տեսնելով հայրիկին երգելիս
Մարիա Օկա
Կալիֆորնիա, ԱՄՆ
Ընդամենը չորս ու կես ամիս էր, ինչ ես միսիայում էի Հոնոլուլու քաղաքում (Հավայան կղզիներ, ԱՄՆ), երբ ծանր նոպաներ ունեցա, որից հետո ինձ մոտ ախտորոշեցին էպիլեպսիա: Դրան հաջորդեցին ամիսներ տևած հիվանդանոցային այցերը, անհամար հետազոտություններն ու նոր դեղամիջոցները՝ անդառնալի կողմնակի ազդեցություններով:
Մինչ այդ ես այնքան կլանված էի միսիոներական աշխատանքով, որ շատ չէի կարոտում իմ տունն ու հարազատներին, բայց նոպաներից հետո կարոտում էի նրանց: Ես կարոտել էի ծնողներիս և մենակ էի զգում, նույնիսկ շրջապատված լինելով հրաշալի ու հոգատար մարդկանցով: Ես չէի ուզում տուն գնալ, բայց ուզում էի խաղաղություն զգալ:
Իմ միսիայի նախագահի թույլտվությամբ, ես հեռախոսով խոսեցի ծնողներիս հետ իմ բուժման վերաբերյալ: Հայրս, ով նոր էր իրականություն դարձրել իր ողջ կյանքի նպատակը՝ ընդգրկվելով տաճարային հրապարակի Թաբերնաքլի երգչախմբում, վստահեցրեց, որ սրտանց կերգի ինձ համար գերագույն համաժողովին, որը սկսվելու էր հաջորդ օրը:
Հաջորդ առավոտյան ես ջերմեռանդ աղոթում էի խաղաղության համար, որն ինձ ծայրահեղ անհրաժեշտ էր: Ես ստացել էի որոշակի հարցերի պատասխաններ նախկին գերագույն համաժողովներին, և հավատում էի, որ կրկին կարող էի առաջնորդություն ստանալ: Երբ համաժողովը սկսվեց, երգչախումբը երգեց «Թանկագին երեխաներ, Աստված ձեր կողքին է» (Hymns, no. 96): Առաջին րոպեի ընթացքում հեռուստացույցի էկրանին ես տեսա հայրիկիս: Ֆոտոխցիկը մի որոշ ժամանակ մոտիկից ցուցադրում էր նրա դեմքը:
Աչքերս արցունքով լցվեցին, երբ խաղաղության մի անպատմելի զգացում պարուրեց ինձ: Ես գիտեի, որ Աստված սիրում է ինձ։ Նա հստակ գիտեր, թե այդ օրն ինձ ինչ էր անհրաժեշտ. պարզ համոզվածություն, որ Նա իմ կողքին էր և տեղյակ էր իմ մասին: Ես զգացի Աստծո սերը, ինչպես նաև իմ ընտանիքի, ընկերների և իմ միսիայի նախագահի սերը: Ծանրաբեռնված լինելու փոխարեն ես տեսա Տիրոջը ավելի մոտ լինելու հնարավորությունը:
Իմ առողջական խնդիրները չվերացան: Ամեն դեպքում, ես պետք է շուտ ավարտեի իմ միսիան, սակայն գիտեի, որ Աստված իմ կողքին էր, և որ Նա սիրում էր ինձ: Այդ վստահությունը չէր լքել ինձ բազմաթիվ խոր վշտերի ժամանակ և հույս էր տվել իմ խավար ժամերին: Մյուսները կարող են սա զուգադիպություն անվանել, բայց ես գիտեմ, որ Աստծո սիրո մասին երգելիս հայրիկին տեսնելը փոքրիկ հրաշք էր ինձ համար այդ կարիքի պահին: