Ինչպես խաղաղություն գտնել դժվար պահերին մեր և ուրիշների համար
Ահա ութ եղանակ՝ ինչպես զգալ խաղաղությունը, երբ կյանքը ծանր է դառնում:
Երբեմն կյանքը մեզ գլխիվայր շուռ է տալիս և փոխում մեր կյանքի հունը: Դուք կարող եք մտահոգվել ընտանեկան կամ առողջական իրավիճակով, դպրոցում առկա խնդիրներով կամ այսօր աշխարհում տիրող բազմաթիվ անհանգստացնող իրադարձություններով: Ինչպե՞ս կարող ենք անհանգիստ աշխարհում գտնել անձնական խաղաղություն: Անկախ նրանից՝ խաղաղության պակասը գալիս է ձեր վերահսկողությունից դուրս գտնվող իրադարձություններից, թե այնպիսի բաներից, որոնց դուք կարող եք միջամտել և փոխել, ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ գտնել ներքին խաղաղություն Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ինքներդ ձեզ համար խաղաղություն գտնելու 4 եղանակ
-
Կենտրոնացեք հավերժական բաների վրա
Դժվար է խաղաղություն զգալ, երբ դուք կենտրոնացած եք միայն կարճաժամկետ խնդիրների վրա: Բայց եթե կենտրոնանաք մեծ պատկերի՝ Աստծո երջանկության ծրագրի վրա, կարող եք գտնել խաղաղություն, իմանալով, որ այն, ինչն անհանգստացնում է ձեզ այս պահին, հավերժ չի լինելու: Օրինակ, տաճարը օգնում է մեզ կենտրոնանալ հավերժության վրա: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) ասել է, որ տաճարում «դուք կզգաք խաղաղություն, որն ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի»:1
-
Մոռացեք այն, ինչը դուք չեք կարող վերահսկել
Երբ ձեր վերահսկողությունից դուրս ինչ-որ բան խլում է ձեր խաղաղությունը, հուսահատություն կամ զայրույթ զգալու գայթակղություն է առաջանում: Բայց դա չի օգնում, եթե ոչինչ չես կարող փոխել: Փոխարենը, մոտեցեք Փրկիչին ներքին խաղաղություն գտնելու համար, նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքը ձեզ հետ վատ է վարվում: Նա խոստացել է ուղարկել ձեզ մոտ Մխիթարիչին՝ Սուրբ Հոգուն (տես Հովհաննես 14.26–27):
-
Ներեք մյուսներին
Հաճախ ամենադժվար բանը բացասական զգացումը մոռանալն է այն դեպքում, երբ ինչ-որ մեկը սխալ է վարվել ձեր հետ: Բայց Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է. «Մենք կստանանք ներման ուրախությունը մեր կյանքում, երբ կամենանք այդ ուրախությունը պատճառել ուրիշներին: … Արդյունքում Տիրոջ Հոգին կլցնի մեր հոգիները ուրախությամբ, որի հետ կգա նաև խղճի աստվածային հանգստությունը» (տես Մոսիա 4.2–3):2 Եթե դառնաք դեպի Փրկիչը, դա կօգնի ձեզ ազատվել զգացմունքային բեռից և լցվել խաղաղությամբ:
-
Ապաշխարեք և ապավինեք Քրիստոսին
Անկախ նրանից, թե ձեր կյանքում ինչն է լավ ընթանում, մեղքի բեռը միշտ խլելու է ձեր խաղաղությունը: Երբեմն մեր եպիսկոպոսի օգնությամբ մենք կարող ենք լիարժեք ապաշխարել: Սակայն մենք բոլորս պետք է պարբերաբար ապաշխարենք և Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մաքրվենք այն ամենից, ինչը խանգարում է, որ ավելի նմանվենք Նրան:
4 եղանակ՝ ինչպես օգնել, որ մյուսները խաղաղություն գտնեն
-
Կիսվեք Հիսուս Քրիստոսի ավետարանով
Ինչպես մենք կարող ենք խաղաղություն գտնել մեզ համար՝ կենտրոնանալով Փրկիչի վրա, այնպես էլ կարող ենք ուրիշներին ուղղել դեպի Նա, որպես «խաղաղության հիմնադիր» (Մոսիա 15.18): Օրինակ, փորձեք կիսվել սուրբ գրության հատվածով կամ գերագույն համաժողովի ուղերձներից մեջբերումով, որն օգնել է ձեզ ավելի շատ բան իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:
-
Եղեք խաղաղարար
Օգնեք ձեր ընկերներին կամ եղբայրներին ու քույրերին հարթել վիճաբանությունները: Ալմայի գրքի Անթի-Նեփի-Լեքիացիների նման մենք կարող ենք թաղել մեր պատերազմի զենքերը, օրինակ՝ բամբասելու, վրեժխնդրություն փնտրելու կամ եսասեր լինելու զենքերը, և փոխարինենք դրանք խաղաղության, սիրալիր խոսելու, Աստծո պատվիրաններին հնազանդվելու և մյուսներին ներելու գործիքներով (տես Ալմա 24.19):
-
Եղեք լավ ունկնդիր
Երբեմն մարդիկ, ովքեր դժվարությունների մեջ են, կարիք ունեն բաց խոսելու իրենց մտքերի և զգացմունքների մասին, իրենց ներսում պահելու փոխարեն: Մենք չպետք է լուծենք խնդիրները նրանց փոխարեն, բայց մենք կարող ենք պարզապես լսել իրենց մտահոգությունները և աջակցություն ցուցաբերել, ցույց տալով Քրիստոսանման սեր և հասկացողություն:
-
Սպասավորեք ձեր ծխի կամ համայնքի մարդկանց
Դուք կարող եք կամավոր լինել ծառայելով անօթևան մարդկանց, ձեր հասակակիցների դասապատրաստման հարցում կամ ձեր հարևանությամբ տեղափոխված նոր ընտանիքին քաղցրավենիք մատուցելով: Օգնեք մարդկանց խաղաղություն գտնել փոքր բաներում: Ունենալով ուտելու և քնելու կայուն հարմարություն, վստահելի ուսուցիչ կամ փոքրիկ երաշխիք, որ ինչ-որ մեկը հոգ է տանում, կարող է մեծ նշանակություն ունենալ:
Հիսուսն ասել է այս մխիթարության խոսքերը բոլոր նրանց, ովքեր ձգտում են խաղաղություն գտնել. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» (Հովհաննես 14.27): Եթե ինքներս մեզ և ուրիշներին ավելի մոտեցնենք Հիսուս Քրիստոսին, մենք խաղաղություն կգտնենք նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքը ծանր է դառնում: