Նույնիսկ փոթորիկը չկանգնեցրեց մեզ
Կորաիմա Սանտյագո դե Ջեսուս
Սան Հուան, Պուերտո Ռիկո
Միսիայից վերադառնալուց հետո ես հրավեր ստացա գնալու պարային երեկոյի: Պարերի ժամանակ ես սխալ տեղում էի դրել իմ հեռախոսը, և մի երիտասարդ առաջարկեց իր օգնությունը այն գտնելու համար: Երբ զրուցեցինք, պարզեցինք, որ երկուսս էլ վերադարձած միսիոներներ ենք և կիսվեցինք շատ մտքերով ու նպատակներով:
Մեր հարաբերությունը շարունակեց զարգանալ և շուտով մենք նշանադրվեցինք: Մեր երազանքն էր կնքվել Վաշինգտոն ԿՇ Տաճարում մինչև 2018թ. մարտ ամիսը, երբ այն կփակվեր վերակառուցման համար: Բայց այդ որոշումը կայացնելուց հետո մենք փորձություններ ունեցանք: Նախ, ես կորցրի աշխատանքս և ոչ մի կերպ չէի կարողանում գումար տնտեսել տաճարի ուղևորության համար: Հաջորդը, Պուերտո Ռիկոյում փոթորիկ էր սպասվում հենց մեր ամուսնության նախօրեին:
Երբ Մարիա փոթորիկը հարվածեց, այն ավերեց մեր գեղեցիկ կղզին: Խանութները փակ էին: Մենք չունեինք էլեկտրականություն, ջուր, սնունդ և մյուս հիմնական պարագաները դժվար էր հայթայթել: Մենք կորցրինք այն ամենը, ինչ նախատեսել էինք օգտագործել մեր ընդունելության համար: Մենք պետք է չեղարկեինք ընդունելությունը, և ամեն ինչ ընթանում էր այնպես, որ չեղարկեինք նաև մեր հարսանիքը: Թռիչքները դեպի Պուերտո Ռիկո և այնտեղից դուրս սահմանափակվել էին, և ոչ ոք չգիտեր, թե որքան ժամանակով: Ես հուսահատություն զգացի և կասկածների ու շփոթմունքի մեջ էի:
Մի երեկո իմ ընտրյալն ու ես խոսեցինք մեր իրավիճակի մասին: Ճամփորդությունն անորոշ էր, մենք չէինք ունենա ընդունելության կամ հարսանիքի համար պատշաճ հագուստ, բայց Հոգին հաստատեց, որ մենք պետք է վստահենք Տիրոջը: Ամենակարևոր բանը տաճարում կնքվելն էր: Մենք աղոթեցինք Երկնային Հորը օգնության համար:
Պուերտո Ռիկոյի չվերթների վերսկսվելուց հետո մենք ստիպված էինք թռիչքի նոր ծրագրեր կազմել և վերանայել մեր կնքման ամսաթիվը: Փոթորիկից հետո շաբաթներ շարունակ մենք չունեինք հաղորդակցություն, բայց ընկերուհուս բջջային հեռախոսը աշխատում էր: Նա թույլ տվեց մեզ օգտագործել այն տաճարի հետ կապվելու համար: Մենք կարողացանք վերադասավորել ամեն ինչ, և դեռ կարող էինք կնքվել: Մեր ուղևորությունից մի քանի շաբաթ առաջ մեր ընտանիքի անդամները և ընկերները նվիրաբերել էին կոշիկներ ու հագուստ և օգնեցին մեզ հարսանիքի համար ձեռք բերել շատ բաներ:
Երբ մենք վերջապես մտանք տաճար, անցյալում մնացին մեր բոլոր անհանգստությունները: Մենք բռնեցինք միմյանց ձեռքերը, որպեսզի մուտք գործենք մեր ապագան: Ես իրոք կարող եմ ասել, որ զգացի Տիրոջ ձեռքը, որն առաջնորդում ու հավաստիացնում էր մեզ, որ քանի դեռ մենք վստահում ենք Իրեն, ամեն ինչ լավ կլինի: Այսօր մենք օրհնված ենք մի գեղեցիկ որդով, և մենք ընտանիք ենք՝ կնքված ողջ հավերժության համար: