2022
Արդյո՞ք Աստված օգնում է մեզ դժվար ժամանակներում
Մարտ 2022 թ․


Տեղական նորություններ

Արդյո՞ք Աստված օգնում է մեզ դժվար ժամանակներում

Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Յուրաքանչյուր մարտահրավերի հիմքում հնարավորությունն է»: Թվում է՝ լինելով Երկնային Հոր ծրագրի մի մասը, մեր կյանքի դժվարությունները չպետք է զարմացնեն մեզ: Ավելին, նույնիսկ բնության մեջ դժվարությունները կյանքի շրջափուլի մաս են կազմում: Օրինակ՝ թիթեռը պետք է շատ աշխատի իր բոժոժից դուրս գալու համար: Այս ջանքերը ամրացնում են նրա թևերը, որպեսզի նա կարողանա թռչել և ապրել: Այնուամենայնիվ, նույնիսկ այս գիտելիքով հանդերձ, դժվարության ժամանակ է, որ փորձվում է մեր հավատքն ու վստահությունը Երկնային Հոր հանդեպ:

Ես կարծում եմ, որ Աստված, որպես սիրող Երկնային Ծնող, կարող է մեզ ազատել մեր դժվարություններից և մեր կյանքի ճանապարհը դարձնել հարթ և հեշտ: Լինելով մայր՝ ես երբեմն նման զգացողություններ եմ ունենում երեխաներիս նկատմամբ, երբ նրանց դժվարություններից զերծ պահելու համար լուծում եմ խնդիրը նրանց փոխարեն։ Բայց դրանով ես զրկում եմ նրանց ինչ-որ բան սովորելու, իրենց ուժեղ կողմերը գիտակցելու և բնավորության որոշակի որակներ մշակելու հնարավորությունից։

Երկնային Հայրը թույլ է տվել, որ դժվարություններ լինեն մեր կյանքում՝ մեր իսկ զարգացման համար: Նման դժվարություններն իրականում սահմանում են Աստծո հանդեպ մեր վստահության աստիճանը: Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում՝ ինչպես արձագանքել իր կյանքի դժվարին փուլերին՝ տրտնջալ կամ սովորել, հուսահատվել կամ հույս ունենալ, միայնակ պայքարել կամ դիմել Աստծուն:

Երկնային Հայրը միշտ մեր կողքին է, պատրաստ է օգնել մեզ Հոգու մխիթարիչ ազդեցության, մեր մերձավորների բարի խոսքերի և ձեռքերի միջոցով: Նա պատրաստ է մեզ ավելի ուժեղ դարձնել, եթե մենք դիմենք Իրեն մեր փորձությունների ժամանակ:

Երբեմն դժվար է ճանաչել աստվածային լույսը և զգալ Նրա ներկայությունը խնդիրների և հիասթափությունների վարագույրի հետևում: Նման պահերին ես սիրում եմ կարդալ 1 Նեփի 18.21 հատվածը․ «Եվ իմ աղոթելուց հետո քամիները դադարեցին, և մրրիկը դադարեց և մեծ հանդարտություն տիրեց»:

Նեփիի այս խոսքերը հիշեցնում են ինձ, որ Երկնային Հայրը չի լքի ինձ, եթե իմ սիրտը դիմի Նրան: Նույնիսկ, եթե իմ բեռը մի գիշերվա ընթացքում չթեթևանա, ես գիտեմ, որ կգտնեմ խաղաղություն և մխիթարություն, ինչպես նաև ավելի խորը կհասկանամ այն ամենը, ինչ տեղի է ունենում իմ կյանքում:

Նախագահ Ս. Քիմբալն ասել է. «Մի՞թե իմաստություն չկա նրանում, որ Նա մեզ փորձություններ է տալիս, որ կարողանանք բարձրանալ դրանցից վեր, պարտականություններ, որոնք կարող ենք կատարել, աշխատանք՝ մեր մկանները լարելու և վշտեր՝ մեր հոգիները փորձելու համար»: Իրականում մեր կյանքի յուրաքանչյուր իրադարձության հետևում մեր զարգացման որևէ հնարավորություն է թաքնված: Բայց դառնալով դեպի մեր Երկնային Հայրը և վստահելով Նրան, մենք աստվածային զորություն ենք ստանում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները և ինքներս մեզ տեսնելով Նրա աչքերով՝ որպես Աստծո սիրելի զավակներ: Ես երախտապարտ եմ, որ մենակ պայքարելու կարիք չունեմ։

Ես գիտեմ, որ կարող եմ քայլել Նրա հետ:

Տպել