2023
Աստծո հրաշքները շարունակվում են
Հուլիս 2023


«Աստծո հրաշքները շարունակվում են», Լիահոնա, հուլիս 2023 թ.

Նկարներ հավատքի թեմայով

Աստծո հրաշքները շարունակվում են

Ես հասկացա, որ Վերջին Օրերի Սրբերի համոզմունքներն ավելի համահունչ են Աստվածաշնչին, քան այն պնդումը, որ Աստվածաշունչը փոխարինել էր մարգարեներին և հայտնությանը: Ես իսկական ուրախություն զգացի, երբ հասկացա, որ կարող եմ ապրել ժամանակակից «բիբլիական ժամանակներում»:

Նկար
ընտանիքը միասին կանգնած է դրսում

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

1989 թվականի նոյեմբերի 9-ին Արևելյան Գերմանիայի կառավարության պաշտոնյան սխալմամբ հայտարարեց, որ անմիջապես ուժի մեջ է մտնում մայրաքաղաքի քաղաքացիներին Բեռլինի պատի միջով անցնելու թույլտվությունը: Մի քանի րոպե անց սովորաբար ձանձրացող սահմանապահներին այլ բան չէր մնում, քան թույլ տալ, որ մեծ ու աճող բազմությունը հեռանա Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքից։

Ես և իմ լավագույն ընկեր Յակուբ Գորովսկին այն ժամանակ դեռ դեռահաս էինք, և Լեհաստանում մեր տնից հեռուստացույցով դիտեցինք տեղի ունեցող անսպասելի հրաշքը: Աշխարհն իսկապես կրակի մեջ էր, բայց ոչ կործանարար: Ազատության և հույսի ոգին լցրեց միլիոնավոր մարդկանց սրտերը:

Իմ և Յակուբի երազանքն էր մի օր Լեհաստանից տեղափոխվել Արևմուտք՝ Դանիա, Շվեդիա, Արևմտյան Գերմանիա: Մեզ ոգեշնչել էին ամերիկյան ֆիլմերն ու հեռուստաշոուները։ Իմ սիրելի ֆիլմն էր՝ Հրաշք տարիները: Ինձ դուր էր գալիս ամերիկյան արվարձանների կյանքի մթնոլորտը:

Կարծում եմ, որ երկաթե վարագույրի երկու կողմում ոչ ոք չէր սպասում, որ սառը պատերազմը կավարտվի: Բայց Երկնային Հայրն այլ ծրագիր ուներ: 1975 թվականին, առանց մեր գիտության, նախագահ Սփենսեր Վ. Քիմբալը (1895–1985) հրավիրել էր Վերջին Օրերի Սրբերին «միանալ Տիրոջն ուղղված լուրջ շարունակական խնդրանքին՝ բացելու ազգերի դռները և փափկացնելու թագավորների ու ղեկավարների սրտերը, որպեսզի միսիոներները կարողանան մտնել բոլոր երկրները և ուսուցանել ավետարանը»:1

Երկու տարի անց Նախագահ Քիմբալն այցելեց Վարշավա (Լեհաստան): Մի առավոտ, իր համախոհների մի փոքր խմբի, այդ թվում՝ երեց Ռասսել Մ. Նելսոնի ուղեկցությամբ, նախագահ Քիմբալը դուրս եկավ իր հյուրանոցից, քայլեց Անհայտ զինվորի գերեզմանի կողքով և մտավ Սասկի այգին: Մի մեծ շատրվանից ոչ հեռու, որն այսօր էլ այնտեղ է կանգնած, նա ծնկի եկավ և կրկին նվիրագործեց Լեհաստանը ավետարանի քարոզչության համար:

Դրան հաջորդեցին մեկ տասնամյակ անկարգություններ և զանգվածային բողոքի ցույցեր: Մինչ մեծահասակները անվստահություն էին հայտնում և հակառակվում էին քաղաքական առաջնորդներին, շատ երիտասարդներ կասկածի տակ էին դնում իրենց ծնողների որոշ արժեքներ, ավանդույթներ և վերաբերմունք: Ես և իմ ընկեր Յակուբը հիասթափվեցինք քրիստոնեությունից, երբ հասկացանք այն: Նա ընդհանրապես կորցրեց հետաքրքրությունը կրոնի հանդեպ, մինչդեռ ես տարված էի Ասիայում ծագած փիլիսոփայություններով։

1990 թվականի ապրիլին ես ու Յակուբը նույնընթաց մեքենաներով (ավտոստոպով) գնացինք Ավստրիա։ Վիեննայում մենք հանդիպեցինք երկու գեղեցիկ կանանց, որոնք կանգնած էին բանուկ փողոցի մայթին: Նրանցից մեկի ձեռքին կար Մորմոնի Գիրքը լեհերենով: Նա պատմեց մեզ Հիսուսի՝ հին Ամերիկայի մարդկանց այցելության մասին, և խոստացավ գիրքը փոստով ուղարկել մեր տները, եթե մենք իրեն տանք մեր հասցեները: Մենք նաև բացեցինք մեր հասցեագրքերը և պատճենեցինք մեր ընկերներից շատերի հասցեները: Մտածեցինք, որ նրանց համար հաճելի անակնկալ կլինի նվեր ստանալը։

Մի քանի ամիս անց ստեղծվեց Լեհաստան Վարշավա միսիան, և չորս միսիոներներ ժամանեցին մեր քաղաք: Ավելի ուշ ես իմացա, որ մեծ թվով «ուղղորդումները»՝ մեր ընկերների հասցեները, առանցքային դեր են խաղացել մեր քաղաքը միսիոներների համար բացելու որոշման մեջ: Ի զարմանս ինձ՝ մի քանի ամիս անց Յակուբն ասաց, որ երկու «մորմոն» միսիոներներ են այցելել իրեն, և նա որոշել է միանալ նրանց եկեղեցուն:

Ես վիրավորվեցի նրա հայտարարությունից։ Ես տարիներ շարունակ փորձել էի հետաքրքրել նրան կրոնով, բայց ինձ չէր հաջողվել։ Ինչպե՞ս կարող էին այլ երկրից եկած անծանոթները հանկարծ դարձի բերել նրան: Ես վճռեցի առերեսվել նրանց հետ և ցույց տալ Յակուբին, որ բանավեճում ինձ հաղթելու հնարավորություն չունեն:

Ես զգացի ինչ-որ առանձնահատուկ բան

Երբ տեսա երկու երիտասարդ ժպտացող միսիոներներին, որոնք կանգնած էին իմ ծնողների բնակարանի շեմին, ես մոռացա նրանց սխալն ապացուցելու իմ նպատակի մասին: Նրանք ուրախ էին ու զվարճալի: Նրանք ինձ շատ հարցեր տվեցին իմ և իմ համոզմունքների մասին: Նրանք հարգեցին իմ համոզմունքները։ Ավելի ուշ նրանք ինձ ասացին, որ երկար մազերով, պատռված ջինսով և ծխախոտ ծխող ամբարտավան տղայի հետ առաջին հանդիպման ժամանակ նրանք դժվարանում էին պատկերացնել, որ ես երբևէ կցանկանայի դառնալ Հիսուս Քրիստոսի հետևորդը։ Բայց ես ինչ-որ առանձնահատուկ բան զգացի նրանց ներկայությամբ, և ինձ հետաքրքրեց, որ իրենց Եկեղեցին միակ քրիստոնեական դավանանքն էր, որը ես գիտեի, որ հավատում էր նախաերկրային գոյությանը:

Ես տպավորված էի նաև Յակուբի և Ռոբերտ Ժելևսկու (Եկեղեցուց նրա նոր ընկերոջ) վկայություններով և ամուր համոզմունքներով: Ռոբերտը հոգեբան էր, խելացի, բայց բանականության վրա հիմնվող մարդ, որի պատկերացումներն ու փորձառությունները ամրապնդեցին իմ հետաքրքրությունը Վերջին Օրերի Սրբերի կրոնի հանդեպ:

Այն ամենը, ինչ ինձ ասացին երեցները, Յակուբը և Ռոբերտը, հետաքրքիր էր, հատկապես փրկության ծրագրի վարդապետությունը՝ սկսած նախաերկրային կյանքից և վերջացրած փառքի երեք աստիճաններով: Բայց ես չէի տեսնում Եկեղեցուն միանալու իմաստը, քանի դեռ չէի կարողանում լիարժեք ըմբռնել նրանց յուրահատուկ համոզմունքները: Քրիստոնեության մասին իմ պատկերացումներն այն էին, որ հին ժամանակներում Աստված հրաշքներ էր գործում, հրեշտակներ էր ուղարկում և մարգարեներ կանչում, բայց այդ ամենը պատկանում էր աստվածաշնչյան ժամանակներին: Երբ Աստվածաշունչն ավարտվեց, մարդկությունն այլևս կարիք չուներ հրաշքների և հայտնության, քանի որ սուրբ գրությունը պարունակում է այն ամենը, ինչ մենք պետք է իմանանք:

Մեծ Ուրացության և մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի լրիվության վերականգնման մասին մեր քննարկման ընթացքում առաջընթաց եղավ: Ես հասկացա, որ նրանց համոզմունքներն ավելի համահունչ են Աստվածաշնչին, քան այն պնդումը, որ Աստվածաշունչը փոխարինել է մարգարեներին և հայտնությանը: Ես իսկական ուրախություն զգացի, երբ հասկացա, որ կարող եմ ապրել ժամանակակից «բիբլիական ժամանակներում»:

Ես պատրաստ էի Աստծուց անկեղծորեն անձնական հայտնություն խնդրել, բայց պատասխան չեղավ։ Ի վերջո, ես ասացի. «Երկնային Հայր, եթե դու կանչել ես Ջոզեֆ Սմիթին՝ որպես քո մարգարե, ես կհնազանդվեմ յուրաքանչյուր պատվիրանի, որը դու հայտնել ես նրա միջոցով»: Այնուհետև պատասխանը վստահորեն եկավ իմ սրտում և մտքում, և ես գիտեի, որ Աստված վերականգնել է ավետարանի լրիվությունը, և այն գտնվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:

Նկար
միսիոներ երեց՝ հետին պլանում գնացքով

Յակուբը մկրտվեց 1990թ. նոյեմբերի 3-ին և հավատարիմ մնաց երկու տասնամյակ, մինչև իր ողբերգական մահը՝ արշավի ժամանակ: Ես միացա Եկեղեցուն 1991թ. հունվարի 11-ին՝ որոշելով ծառայել միսիայում: Ռոբերտը կանչվեց որպես մեր ճյուղի առաջին տեղական նախագահը և ինձ մեքենայով տարավ մինչև Ֆրայբուրգ (Գերմանիա), որպեսզի ես կարողանայի ստանալ իմ տաճարային օժտումը: Նրա հետ իմ վերջին հարցազրույցի ժամանակ ես խոստացա վերադառնալ Լեհաստան՝ Իլինոյս Չիկագո միսիայում ծառայությունից հետո, որպեսզի օգտագործեմ իմ միսիոներական փորձը մեր երկրում Եկեղեցին ամրապնդելու համար:

Երկու տարի անց իմ միսիայի նախագահը համոզեց ինձ, որ ես պետք է իմ կրթությունը ստանամ Ամերիկայում՝ Բրիգամ Յանգ Համալսարանում: Բայց ես երբեք չեմ մոռացել Ռոբերտին տված իմ խոստումը։

Նկար
երիտասարդ միսիոներ երեցը կանգնած է տարեց զույգի միջև

2000 թվականին ամուսնանալուց հետո ես վերադարձա Լեհաստան կնոջս հետ, որը 1988 թվականին մի երկրորդական դեր էր խաղում Հրաշք տարիներ ֆիլմի վեցերորդ դրվագում: Մենք հաճախում ենք Կրակովի Եկեղեցու ժողովներին, մեծացնում ենք մեր երկու որդիներին՝ սերտ կապ պահպանելով մեր երկու ավագ զավակների հետ: Մեր ավագ որդին վերջերս հայտարարեց, որ որոշել է ծառայել լիաժամկետ միսիայում:

2021 թվականի ամռանը ես ընտանիքիս տարա Բեռլին, որտեղ նրանց ցույց տվեցի այն տեղը, որտեղ նախկինում պատն էր կանգնած։ Այն այլևս չի խանգարում Աստծո ծառաներին Վերականգնման ուղերձով կիսվել Արևելյան Եվրոպայի ժողովրդի հետ: Աստծո հրաշքները շարունակվում են մեր օրերում։

Հղում

  1. Spencer W. Kimball, in “Insights from June Conference,” Ensign, Oct. 1975, 70.

Տպել