«Իմ շարունակվող առաքելությունը», Լիահոնա, հունվար 2023:
Վերջին Օրերի Սրբերի ձայները
Իմ շարունակվող առաքելությունը
Հորս վերջին նամակը ուղղված էր իմ ապագային՝ այնպիսի խոսքերով, որոնք մի ողջ աշխարհ էին ինձ համար:
Ես վայելում էի իմ լիաժամկետ միսիան Կախամարկայի գեղատեսիլ լեռներում (Պերու), երբ հայրս հանկարծակի կաթված ստացավ: Կարճ ժամանակ անց նա մահացավ։
Երբ հանդիպեցի իմ միսիայի նախագահին, ես արտասվեցի, քանի որ հիշեցի, որ հայրս ինձ սովորեցրել էր, թե ինչ է նշանակում լինել միսիոներ և ազնիվ մարդ: Նա ամեն շաբաթ գրում էր ինձ՝ կիսվելով իր վկայությամբ, սովորեցնելով ինձ ավետարանի հզոր գաղափարները և խրախուսելով ինձ ներդնել լավագույն ջանքերս:
Մեր հանդիպումից հետո միսիայի նախագահն ինձ մի նամակ հանձնեց՝ վերջինը իմ հորից: Նրա նամակը ուղղված էր իմ ապագային՝ այնպիսի խոսքերով, որոնք մի ողջ աշխարհ էին ինձ համար.
«Դու ունես ևս մեկ [առաքելություն], որը գալիս է մի քանի ամսից՝ ամենադժվար միսիան, որտեղ քեզ վրա հույս կդնեն, որ կյանքդ նվիրեես քո ուսուցանած սկզբունքներին և անես այն բաները, որոնք մինչ այդ պահը դու միայն քարոզել ես։ Դա կարող է լինել ամենաարդյունավետ միսիան։ Դու նման ես հացի թթխմորի: …
Մենք սիրում ենք քեզ և ամեն օր աղոթում ենք քեզ համար: Քրտնաջան աշխատիր և ճիշտ գործեր կատարիր»:
Երբ կարդում էի նրա խոսքերը, ես լաց էի լինում վշտից՝ իմանալով, որ դրանք ինձ ուղղված նրա վերջին խոսքերն էին այս կյանքում, և ուրախությունից՝ իմանալով դրանց ուժն ու նպատակը ինձ համար: Ես գիտեի, որ իմ հաջորդ առաքելությունը՝ կյանքիս մնացած մասը, կնշանակեր ամեն ինչ: Դա կլինի ճշմարիտ փորձությունների ժամանակ, և կպահանջի այն ամենը, ինչ ես սովորել ու զգացել էի՝ որպես միսիոներ:
Ես գիտեմ, որ Երկնային Հայրը խորապես նպատակաուղղված ծրագիր ունի մեզանից յուրաքանչյուրի համար: Նա կարող է ավելի լավը դարձնել մեր ժամանակը երկրի վրա և աչքեր տալ մեզ՝ տեսնելու և իմանալու Իր ճշմարտությունը: Ես դա տեսել եմ, երբ կյանքս նվիրել եմ Նրան և զգացել եմ Նրա օրհնությունները: Եվ ես դա տեսել եմ, երբ ես ու իմ գեղեցիկ կինը աշխատել ենք միասին՝ հույսերով, երեխաներով և ավետարանով լցված ընտանիք կառուցելու համար:
Փրկիչը մեզ ուժ է տվել, երբ մենք խոնարհվել ենք՝ սուրբ գրությունների, տաճարի և ծառայության մեջ գտնվող մարդկանց առջև: Ես տեսել եմ Տիրոջ օգնող ձեռքը իմ կյանքի զարմանալի պահերին, երբ ավետարանով կիսվում էի ընտանիքիս և ընկերներիս հետ:
Նրա առաքելությունն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Այդ առաքելությունն իսկապես շարունակվում է: