2023
Աջակցենք անդամներին, որոնք անցնում են ամուսնալուծության միջով
Հուլիս 2023


Աջակցենք անդամներին, որոնք անցնում են ամուսնալուծության միջով

Երկնային Հայրը կօգնի մեզ իմանալ, թե ինչպես լավագույնս ապահովել անվտանգ և հյուրընկալ միջավայր մեր ծխերում և ճյուղերում նրանց համար, ովքեր ամուսնալուծված են կամ անցնում են ամուսնալուծության միջով:

Նկար
Տուն՝ պատկերված մի նկարում, որը կիսով չափ պատռված է

Ծխի երկու տղամարդիկ գրեթե նույն ժամանակ ամուրի դարձան՝ իրենց կանանց հետ երկար տարիներ ապրելուց հետո: Երբ առաջին տղամարդը ամուրի դարձավ, ծուխը հաճախակի էր օգնության հասնում, սնունդ տալիս և ուղիներ գտնում օգնելու, որ նա այդքան մենակ չզգա: Երկրորդ տղամարդու համար այդ սպասավորությունը տեղի չունեցավ, և նա զգում էր մեկուսացած ու անհավասար:

Ո՞րն է այդ երկու տղամարդկանց տարբերությունը։ Առաջինը այրի էր, իսկ երկրորդը՝ ամուսնալուծված։ Երբ ամուսնալուծված տղամարդը ինձ հետ կիսվեց այս փորձառությամբ, նրա խնդրանքը պարզ էր. կարո՞ղ ենք մենք օգնել Եկեղեցու անդամներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես սպասավորել նրանց, ովքեր ամուսնալուծված են, և գիտակցեն, որ նրանք դեռևս հավասար, արժեքավոր տեղ ունեն մեր ծխերում և ճյուղերում:

Շատ ծխեր հիանալի աշխատանք են կատարում՝ սպասավորելով նրանց, ովքեր զգում են ամուսնալուծության հետևանքները, սակայն այդ մարդու խնդրանքը կարող է մեզ բոլորիս մղել տալու այս հարցը՝ արդյոք դեռ կա ինչ-որ բան, որը մենք կարող ենք ավելի լավ անել: Ընդունված և աջակցված լինելու զգացման այս կարիքը վերաբերում է Եկեղեցու ղեկավարների շարունակական հրավերին՝ սիրել բոլորին Աստծո հոտում և օգնել նրանց զգալ ընդունված և ապահով Սիոնի մեր ցցերում:1

«Ամեն անգամ, երբ մենք բարձրացնում ենք ուրիշին, մենք, ըստ էության, ստեղծում ենք անվտանգության վայրեր նրանց համար»:2 Մեր ծխերն ու ճյուղերը պետք է լինեն այդ վայրերից, երբ մենք ձգտում ենք պահպանել Աստծուն սիրելու և ուրիշներին մեզ նման սիրելու երկու մեծ պատվիրանները (տես Մատթեոս 22.37–39): Հետևյալ սկզբունքները կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես ավելի լավ աջակցել մեր ծխերի և ճյուղերի այն անդամներին, որոնք ամուսնալուծվել են, կամ անցնում են դրա միջով:

Հիշեք, որ ամուսնալուծությունը ներառում է բազմաթիվ զգացմունքներ

Քանի որ մենք գիտենք հավերժական ամուսնության հիմնական վարդապետությունը և կնքող ուխտի զորությունը Աստծո փրկության ծրագրում, ամուսնալուծությունը կարող է շատ վշտացնող լինել: Այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են նույն կերպ վերաբերվել իրենց ամուսնալուծությանը: Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է, որ ամուսնալուծությունը «զգայուն թեմա է, քանի որ այն առաջացնում է շատ ուժեղ հույզեր այն մարդկանց մոտ, որոնց վրա այն ազդել է տարբեր ձևերով: Ոմանք իրենց կամ իրենց մտերիմներին համարում են ամուսնալուծության զոհ: Մյուսներն իրենց տեսնում են որպես դրա շահառուներ: Ոմանք ամուսնալուծությունը համարում են անհաջողության վկայություն: Մյուսները դա համարում են ամուսնությունից փախուստի էական միջոց»:3

Փոխանակ ենթադրելու, թե ամուսնալուծության մեջ գտնվող անհատը ինչպես է վերաբերվում իր հանգամանքներին, պատրաստակամ ունկնդիր եղեք, երբ մարդը պատրաստ լինի խոսել։ Պարզապես հարցրեք. «Ինչպե՞ս կարող եմ այս պահին աջակցել ձեզ», կամ «Ի՞նչ եղանակներով կարող ենք աջակցել ձեզ ձեր ամուսնալուծության ընթացքում և անգամ դրանից հետո»:

Հարցեր խորհելու համար.

  • Ինչպե՞ս կարող են անհատները ամեն օր, ամեն շաբաթ կամ ամիս տարբեր պահերի տարբեր զգացումներ ունենալ: Ինչպե՞ս կարող եմ խոհուն և աջակցող լինել այդ զգացմունքներից յուրաքանչյուրի ժամանակ:

  • Ինչպե՞ս կարող եմ ինձ ընկալունակ պահել հայտնությանը այն մասին, թե ինչպես օգնել տարբեր ժամանակներում:

  • Ես ի՞նչ ենթադրություններ եմ անում, որոնք գուցե պետք է մոռանալ, որպեսզի ավելի լավ փնտրեմ և գործեմ ըստ այն հայտնության, թե ինչպես օգնեմ մարդկանց։

Նկար
ձեռքի վերևում լողացող սիրտ

Կենտրոնացեք սիրելու վրա՝ դատելու փոխարեն

Ամուսնալուծության դեպքում մենք, գուցե, երբևէ չիմանանք բոլոր մանրամասները, որոնք հանգեցրել են զույգի ամուսնալուծությանը, և մենք դրա կարիքը չունենք: «Երբ ամուսնալուծությունը տեղի է ունենում, անհատները պարտավոր են ներել, բարձրացնել և օգնել՝ դատապարտելու փոխարեն»: Սա ճիշտ է և՛ զույգի, և՛ նրանց շրջապատի համար: Մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի կենտրոնանանք ուրիշներին սիրելու վրա, այլ ոչ թե դատելու, անկախ նրանից, թե ամուսիններից որ մեկի հետ ավելի ամուր հարաբերություններ ունենք:

Դատելու վրա կենտրոնանալու փոխարեն՝ մենք կարող ենք կենտրոնանալ սիրո և միասնության վրա, ինչպես ուսուցանել է քույր Ջ. Անետ Դենիսը՝ Սփոփող միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը.

Որքա՞ն հաճախ ենք մենք դատում ուրիշներին՝ ելնելով նրանց արտաքին տեսքից և արարքներից կամ գործողությունների բացակայությունից, բայց եթե մենք լիովին հասկանայինք, կարձագանքեինք կարեկցանքով և օգնելու ցանկությամբ՝ մեր քննադատությամբ նրանց բեռը ավելացնելու փոխարեն։

Մեզ պատվիրված է սիրել ուրիշներին, այլ ոչ թե դատել նրանց։ Եկեք թոթափենք այդ ծանր բեռը․ մենք չէ, որ պիտի տանենք դա։ Փոխարենը՝ մենք կարող ենք վերցնել Փրկչի սիրո և կարեկցանքի լուծը։ …

Յուրաքանչյուրը պետք է զգա, որ ինքը իսկապես պատկանում է Եկեղեցուն և նրա կարիքը կա այնտեղ»։5

Հարցեր խորհելու համար.

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի շատ կենտրոնանամ ուրիշներին սիրելու վրա, ինչպես դա անում է Հիսուս Քրիստոսը:

  • Արդյո՞ք կան մարդուն դատելու եղանակներ, ներառյալ մեղքը գտնելը կամ վերագրելը, որոնք կարող են ինձ հետ պահել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելուց:

  • Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ զգամ Աստծո սերը ուրիշների հանդեպ:

Փնտրեք եղանակներ նրանց ընդգրկելու համար

Ամուսնալուծության արդյունքում անհատները հաճախ կորցնում են ընկերական հարաբերությունները, որոնք ծագել են իրենց նախկին ամուսնու ընկերների կամ ընտանիքի միջոցով: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ամուսնության ընթացքում ընկերություն է ձևավորվել, և ընկերներն այլևս չեն կարողանում երկու նախկին ամուսիններին միաժամանակ հրավիրել միջոցառման:

Մի քույր պատմեց, որ ինքը և իր ամուսինը հաճախ էին մասնակցում շաբաթական խաղի երեկոյին իրենց ծխի ընկերների հետ: Ամուսնալուծությունից հետո նա տխրեց, երբ խաղի երեկոյի հրավերները դադարեցին, քանի որ միայն զույգերն էին մասնակցում: Մեկ այլ քույր պատմեց, որ ծխի շատ անդամներ ենթադրում էին, որ քանի որ ինքը այժմ միայնակ մայր է, ժամանակ չի ունենա ընկերների հետ հաճախել միջոցառումներին՝ ինչպես նախկինում. ուստի իրեն չեն հրավիրել, որ չտխրի, քանի որ չի կարող գալ։ Այնուամենայնիվ, դրա հետևանքով նա պարզապես ավելի մեկուսացած ու միայնակ էր զգում: Այս քույրը պատմեց, որ հաճելի կլիներ, որ պարզապես շարունակեին հրավիրել իրեն (նույնիսկ եթե ինքը չկարողանա միանալ), քանի որ կիմանար, որ ուրիշները ցանկանում են իրեն այնտեղ տեսնել:

Յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է, բայց «մենք բոլորս պետք է զգանք բարեկամության ջերմ ձեռքը և լսենք հավատքի հաստատուն հայտարարությունը»:6

Հարցեր խորհելու համար.

  • Ինչպիսի՞ շտկումներ կարող եմ անել, որպեսզի օգնեմ ամուրի անդամներին իրենց նույնքան հարմարավետ զգալ, որքան ամուսնացած զույգերը:

  • Ինչպե՞ս կարող է մեր ծուխը լրացուցիչ հնարավորություններ ընձեռել ամուրիներին՝ ընդգրկվելու այնպիսի միջոցառումներում, որոնք համապատասխանում են ամուսնալուծված անդամների կարիքներին:

  • Ի՞նչ միջոցառումներ կարող են օգնել իմ ընկերոջը ծառայել կամ իր ջանքերը ներդնել, հատկապես, եթե նրա վստահությունը պետք է վերականգնվի բարդ հարաբերություններից հետո:

Նկար
Մարդիկ՝ շրջանի մեջ

«Նախ նկատենք, ապա ծառայենք»7

Նրանք, ովքեր ամուսնալուծվում են, հարմարվում են ֆինանսների, ժամանակացույցի, զգացմունքների, ամենօրյա և տարեկան ավանդույթների, կենսապայմանների և այլնի փոփոխություններին: Սա ճիշտ է չափահասների, ինչպես նաև նրանց երեխաների համար, որոնք կարող են նաև լրացուցիչ պարտականություններ ստանձնել իրենց տներում:

Ծխի կամ ճյուղի խորհուրդները կարող են մտածել, թե ինչպես աջակցել ընտանիքի յուրաքանչյուր անդամին, ներառյալ երեխաներին: Մենք՝ որպես անհատներ, նույնպես շատ հնարավորություններ ունենք տեսնել կարիքները և այնուհետև աղոթքով գործել անձնական հայտնության համաձայն՝ օգնելով կատարել դրանք:

Մի քույր օրհնվեց, երբ հարևաններից մեկը հասկացավ, որ նրա նախկին ամուսինը սովորաբար ամեն տարի մաքրում էր բակը, ջրցան խողովակները, և առաջարկեց դա անել այդ քրոջ փոխարեն կամ ցույց տալ, թե նա ինչպես պետք է անի: Միայնակ հայրը օրհնվեց, երբ նոր տարածքի հարևանները գաղափարներ տվեցին վստահելի դայակների համար:

Ստորև տրված են այլ եղանակներ, որոնցով անդամներն օգնել են ընտանիքներին.

  • Ծխի, երիտասարդների և Երեխաների միության ղեկավարները հայրական կամ մայրական ազդեցության օրինակ են ծառայում երեխաների կյանքում:

  • Նվիրաբերվել են Սուրբ ծնունդի նվերներ, ինչպես նաև գումար՝ միսիայի ծախսերում օգնելու համար:

  • Երիտասարդների համաժողովներից կամ միջոցառումներից հետո հավելյալ սնունդն ուղարկվել է այդ ընտանիքին:

  • Ծխի անդամները ներկա էին երեխաների սպորտային միջոցառումներին:

  • Ուսուցիչների խորհուրդները քննարկել են, թե ինչպես պետք է զգույշ լինել ամուսնալուծված ընտանիքի երեխաների հետ, հատկապես ընտանիքին վերաբերող դասերի ժամանակ, կամ երբ երեխաները ծուխ էին հաճախում միայն երկու շաբաթը մեկ անգամ՝ հոր կամ մոր հետ:

  • Տարեց զույգը ստանձնել է միածնող ընտանիքի հովանավորությունը:

Կարող ենք նաև հիշել, որ անհատներին և ընտանիքներին ժամանակ է պետք՝ հարմարվելու իրենց նոր իրավիճակներին: Մեծահոգաբար թույլ տվեք, որ նրանք բժշկվեն և առաջադիմեն Աստծո և իրենց ժամանակացույցի համաձայն, ոչ թե` մեր:

Հարցեր խորհելու համար.

  • Ինչպե՞ս կարող եմ ամրապնդել շարունակական բարեկամությունը, որպեսզի ամուսնալուծվողները իրենց հարմարավետ զգան օգնություն ստանալիս, երբ դրա կարիքն ունեն, նույնիսկ, եթե դրա կարիքը հիմա չկա:

  • Ո՞ր առաջնային խնդիրները կարող են հատկապես դժվար լինել ընտանիքի համար, օրինակ՝ առաջին անգամ, երբ երեխաները արձակուրդում ծնողի հետ միասին չեն լինում։ Ինչպե՞ս կարող եմ լրացուցիչ ընկերություն ապահովել այդ ժամանակներում:

  • Ընտանիքը ի՞նչ միջոցների կարիք կարող է ունենալ, որոնցով ես կարող եմ օգնել, կամ ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել ուրիշների հետ, որպեսզի օգնեն իրենց հմտություններով:

Երբ մենք աղոթքով ձգտում ենք ավելի լավ հասկանալ և ծառայել նրանց, ովքեր ամուսնալուծված են, նրանց ընտանիքների հետ միասին մենք կարող ենք զգալ և կիսել Աստծո սիրո մի մասը Իր բոլոր զավակների հանդեպ:

Տպել