2023
Նկատենք Փրկչի հրաշքները մեր կյանքում
Հուլիս 2023


«Նկատենք Փրկչի հրաշքները մեր կյանքում», Լիահոնա, մայիս 2023։

Հիսուսի հրաշքները

Նկատենք Փրկչի հրաշքները մեր կյանքում

Չորս դաս Փրկչի կողմից կույրերի բժշկությունից:

Նկար
Հիսուսը բժշկում է կույր մարդուն

Հատված Նա օծեց աչքերը կտավից, Վոլթեր Ռեյն

Մեր կյանքում լինում են պահեր, երբ հույս ունենք և աղոթում ենք հրաշքների համար: Դա կարող է լինել սիրելի մարդու կամ մեր սեփական օգտի համար: Մենք հույս ունենք, որ կստանանք մեր խնդրանքների պատասխանները, խճճված իրավիճակը կշտկվի, չարացած հոգին կմեղմանա, և հրաշքների Տերը կտա մեր ուզած լուծումը: Երբ արդյունքն չի լինում այն, ինչ մենք ակնկալում էինք կամ այն ժամանակացույցում չէ, որի համար մենք աղոթում էինք, մենք սովորաբար մտածում ենք, թե ինչու:

Մորոնին ուսուցանել է. «Եվ ես կկամենայի հորդորել ձեզ, իմ սիրելի՛ եղբայրներ, որ դուք հիշեք, որ նա նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան, և որ բոլոր այս պարգևները, որոնց մասին ես խոսեցի, որոնք հոգևոր են, երբեք չեն վերանա, նույնիսկ այնքան ժամանակ, որքան աշխարհը կանգուն կլինի, բացի միայն՝ մարդկանց զավակների անհավատության պատճառով» (Մորոնի 10.19):

Արդյո՞ք սուրբ գրություններում գրանցված այդ պարգևներն ու հրաշքները դեռ հասանելի են մեր օրերում: Մենք ինչպե՞ս կարող ենք արժանանալ այդ օրհնություններին։ Արդյո՞ք Փրկիչը տեղյակ է, թե ինչ է կատարվում մեր կյանքում, և պատրաստ է մեզ փրկել մեր մարտահրավերներից:

Այս հարցերին պատասխանելու համար ես կցանկանայի օգտագործել կույրի տեսողությունը վերականգնելու Փրկչի հրաշքը: (Օրինակ՝ տես Մատթեոս 9.27–31, 12.22–23, Մարկոս 8.22–26, 10.46–52, Հովհաննես 9.1–11:)

Փրկչի կատարած հրաշքներից ի՞նչ կարող եմ սովորել Նրա առաքելության մասին

Հրաշքի ազդեցությունը մեզ վրա և մեր կյանքում հասկանալու համար եկեք սկսենք՝ սահմանելով, թե ինչ է հրաշքը: Հրաշքները «կանխատեսված էին ապացույց լինելու հրեաների համար, որ Հիսուսը Քրիստոսն է: Դրանցից շատերը նաև խորհրդանշական էին` ուսուցանելով … աստվածային ճշմարտություններ: Հրաշքները հավատքի և դրա լավագույն խրախուսանքի պատասխանն էին և մնում են այդպիսին: Դրանք երբեք չեն կատարվել առանց աղոթքի, կարիքի զգացման և հավատքի»:1

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդը պարզ ու գեղեցիկ ձևով շարադրել է.

«Հրաշքները Աստծո անսահման զորության աստվածային գործողություններն են, դրսևորումները, արտահայտություններն ու հաստատումը, որ Նա «նույնն է երեկ, այսօր և հավիտյան [Մորոնի 10․19

…Հրաշքները Աստծո հավերժական ծրագրի շարունակությունն են. հրաշքները երկնքից երկիր ուղարկված փրկության օղակներ են»:2

Ուստի, Փրկչի հրաշքներն ուսումնասիրելու և դրանցից սովորելու շահավետ միջոց է՝ հիշել, որ յուրաքանչյուր հրաշք մատնանշում է ավելի մեծ բան, քան բուն իրադարձությունը, և պետք է փնտրել հատուկ ճշմարտություններ Աստծո և Նրա գործի մասին:

Եկեք քննարկենք որոշ ճշմարտություններ, որոնք կարող ենք սովորել կույրի տեսողությունը վերականգնելու Փրկչի հրաշքներից: Դրանք կարելի է հետևյալ ձևով բաժանել չորս դասի.

1. Տեսողության վերականգնումը Մեսիայի նշանն էր

Հին մարգարեները, որոնք վկայել էին Մեսիայի գալուստի մասին, խոսել էին այն հրաշքների վերաբերյալ, որոնք Նա կգործի, այդ թվում՝ տեսողություն տալով կույրերին:

Մի սուրբ հրեշտակ ասաց Բենիամին թագավորին, որ Փրկիչը «առաջ կգնա մարդկանց մեջ, գործելով հզոր հրաշքներ, ինչպես՝ բժշկելով հիվանդներին, բարձրացնելով մեռածներին, իրականացնելով կաղերի քայլելը, կույրերին շնորհելով իրենց տեսողությունը, խուլերին՝ լսելը» (Մոսիա 3.5, տես նաև Եսայիա 35.4–5):3

Այսպիսով, կույրերի տեսողության վերականգնման հրաշքները հաստատում են այդ մարգարեությունները՝ Փրկչի գալուստի և Աստծո զավակներին մատուցած Նրա սպասավորության մասին:

2. Հիսուսը Աշխարհի Լույսն է

Այս ճշմարտությունը հստակ հաստատվեց, երբ Հիսուսը հանդիպեց մի մարդու, որը ի ծնե կույր էր (տես Հովհաննես 9.1–11): Երբ աշակերտները հարցրին՝ արդյոք այդ մարդը մեղքի պատճառով է կույր ծնվել, Հիսուսն ասաց՝ ոչ, «այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան» (հատված 3): Այնուհետև, նախքան կվերականգներ մարդու տեսողությունը, Փրկիչը հայտարարեց. «Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի» (հատված 5):

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին (1915–1985) Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է. «Նախքան կույրին ֆիզիկապես տեսնելու հնարավորություն կտար, Հիսուսը իր ունկնդիրներին հիշեցրեց իր նախորդ հայտարարությունը. «Լույսն եմ աշխարհի», կարծես ուսուցանելով. «Երբ հիշեք, որ ես կույրին ֆիզիկապես տեսնելու հնարավորություն տվեցի, հիշեք նաև, որ ես եկել եմ աչքերին հոգևոր լույս բերելու»:4

Մենք պետք է հիշենք, թե սուրբ գրություններում մեղքը որքան հաճախ է դիտարկվում որպես բարոյական կուրություն, իսկ մեղքից ազատումը՝ որպես այդ կուրության վերացում: Նա, ով «աշխարհի լույսն է», օգտագործում էր այս իրադարձությունը՝ խորհրդանշելու այն բարձրագույն գործը, որի կատարման համար Նա եկավ աշխարհ:

Նկար
Նկար. Հիսուս Քրիստոսը բուժում է կույր մարդուն

3. Հավատքը նախորդում է հրաշքներին

Երբ Հիսուսն անցնում էր Կափառնայումի փողոցներով, երկու կույրեր հետևում էին Նրան՝ աղաղակելով. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ որդի»: Ապա Նա խոսեց նրանց հետ՝ հարցնելով. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»: Եվ նրանք պատասխանեցին. «Այո, Տեր»:

Նրանց հավատքի ապացույցը, որ Տերը կարող է օգնել իրենց, եղել է Նրան հետևելու իրենց հաստատակամությունը և այդ հավատքի անհապաղ և բաց խոստովանությունը, երբ նրանց հարցնում են այդ մասին: Փրկիչը դիպավ նրանց աչքերին՝ ասելով. «Թող ըստ ձեր հավատի լինի ձեզ»: Արդյունքն անմիջապես եղավ. «նրանց աչքերը բացվեցին» (Մատթեոս 9.27–31):

Երեց Մակքոնկին նկատել է. «Հաճախ, բացելով կույրերի աչքերը, Հիսուսը, ինչպես և այստեղ, իր կողմից ասված պատվիրանը զուգակցում էր ինչ-որ ֆիզիկական գործողության հետ: Այս և այլ առիթներով նա դիպավ չտեսնող աչքերին»։

Ինչո՞ւ Փրկիչը արեց դա: «Այս անսովոր … գործողություններից և ոչ մեկը էական չէ բուժիչ զորություն գործադրելու համար», - բացատրել է երեց Մակքոնկին: Բայց մենք գիտենք, որ հավատքը նախորդում է հրաշքներին, և, հետևաբար, «Վարդապետի ակնհայտ նպատակն էր ամրացնել կույրի կամ խուլի հավատքը»:5

4. Հրաշքները երբեմն գալիս են տող առ տող

Բեթսայիդայում ժողովուրդը Հիսուսի մոտ բերեց մի կույր մարդու։ Մարդուն գյուղից դուրս հանելուց հետո Հիսուսը «նրա աչքերին թքելով՝ ձեռքով դրանց դիպ[ավ]»։ Տղամարդու տեսողությունը այդ պահին միայն մասամբ վերականգնվեց, և այդ պատճառով Փրկիչը «դարձյալ ձեռքերը նրա աչքերի վրա դրեց»՝ իրականացնելով ամբողջական վերականգնում (Տես Մարկոս 8.22-26):

Երեց Մակքոնկին մատնանշել է ճշմարտությունները, որոնք մենք կարող ենք սովորել այդ իրադարձությունից.

Երևում է, որ Հիսուսի հետ ունեցած ֆիզիկական շփման հաջորդական դեպքերը ավելացող հույսի, հավաստիացման և հավատի ազդեցություն էին ունեցել կույր մարդու վրա:

«… Մարդիկ պետք է փնտրեն Տիրոջ բժշկող շնորհը իրենց ողջ ուժով և հավատքով, թեև դա բավարար է միայն մասնակի բժշկման համար: Այնուհետև նրանք կարող են ձեռք բերել հավելյալ վստահություն և հավատ՝ բոլոր առումներով բժշկվելու համար: Մարդիկ հաճախ աստիճանաբար՝ քայլ առ քայլ ապաքինվում են նաև իրենց հոգևոր տկարություններից, երբ նրանք ներդաշնակություն են ձեռք բերում իրենց կյանքում` Աստվածության նպատակների ու ծրագրերի համաձայն»:6 :

Կատարելով այս հրաշքը երկու հստակ քայլերով՝ Տերն օգնեց կույրին նախապատրաստվել լիակատար օրհնությունը ստանալու համար: Կարո՞ղ ենք մենք տեսնել այս օրինաչափությունը նաև հրաշքների մեր փնտրտուքի մեջ՝ մի բան, որը մենք պետք է անենք կամ չանենք, նախքան ավելի բարձր միջամտության պատրաստ լինելը:

Հավատ, որ չես բուժվելու

Թեև մենք կարող ենք տեսնել հավատքի կարևորությունը հրաշքներ գործելու համար, կարևոր է նկատել, որ երբեմն նույնիսկ ամենահավատարիմ Սրբերը պատասխան չեն ստանա իրենց ցանկություններին ու աղաչանքներին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է մեզ․

«Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, սարեր տեղաշարժելու գործիքներ են, եթե սարերի տեղաշարժը իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Արդարակեցությունն ու հավատքն, անշուշտ, գործիքներ են՝ բժշկելու հիվանդներին, խուլերին, և կաղերին, եթե այդ բժշկումն իրագործում է Աստծո նպատակները և համապատասխան է Նրա կամքին: Այսպիսով, նույնիսկ ամուր հավատքի դեպքում սարերից շատերը չեն տեղաշարժվի: Եվ ոչ բոլոր հիվանդներն ու հաշմանդամները կբժշկվեն: Եթե բոլոր հակադրությունները կրճատվեին, եթե բոլոր տկարությունները հեռացվեին, ապա Հոր ծրագրի հիմնական նպատակները ձախողված կլինեին:

Շատ դասեր, որոնք մենք պետք է սովորենք մահկանացու կյանքում, կարող են ստացվել միայն այն ժամանակ, երբ մենք անցնում ենք ինչ-որ բաների միջով ու երբեմն տանջվում: Եվ Աստված ակնկալում և վստահում է, որ մենք կդիմակայենք մահկանացու կյանքի ժամանակավոր ձախորդություններին Իր օգնությամբ. այդպես մենք կարող ենք սովորել այն, ինչ պետք է սովորենք և, ի վերջո, դառնանք այն, ինչ պետք է դառնանք հավերժության մեջ»:7

Ես ուզում եմ ավելացնել իմ վկայությունը հին և ժամանակակից մարգարեների վկայություններին: Մեր մեջ դեռ հրաշքներ են կատարվում։ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ողջ զորության, լույսի և սփոփանքի աղբյուրն է: Ես վկայում եմ, որ Նրա հանդեպ մեր հավատքի շնորհիվ մենք կարող ենք բժշկվել, և եթե չբժշկվենք, մենք դեռ կարող ենք խաղաղություն գտնել Խաղաղության Իշխանի, Աշխարհի Լույսի և Մեծ Բժիշկի միջոցով:

Հղումներ

  1. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Հրաշքներ»։

  2. Ռոնալդ Ա Ռասբանդ, «Ահա՛, ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021, 109, 110։

  3. Տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary (1973), 1:320:

  4. Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 1:481.

  5. Տես Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary 1:320:

  6. Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 1:379–80.

  7. Դեյվիդ Ա. Բեդնար, «Ընդունեք Տիրոջ կամքը և ժամանակը», Լիահոնա, օգոստոս 2016, 22:

Տպել