«Մեր սեփական ճանապարհը դեպի Էմմաուս», Լիահոնա, հուլիս 2023:
Եկ, հետևիր ինձ
Մեր սեփական ճանապարհը դեպի Էմմաուս
Հինգ պարզ գործողություններ կարող են օգնել մեզ իմանալ, որ Փրկիչը միշտ մոտ է մեզ:
Հայրս մահացավ քաղցկեղից, երբ ես 4 տարեկան էի։ Ես մեծացա՝ մտածելով, թե նա ինչու պետք է մահանար: Ես դիմեցի Աստծուն և հարցրի, թե ինչու է կյանքն այդքան անարդար: Տասը տարի անց, երբ ես 14 տարեկան էի, հանդիպեցի միսիոներներին: Երբ նրանք մեզ ուսուցանում էին, մայրս զգում էր, որ նրանք սովորեցնում են ճշմարտությունը, և որ մենք պետք է լսենք: Երբ մենք միացանք Եկեղեցուն, Հիսուս Քրիստոսի ավետարանը և փրկության ծրագրի հասկացողությունը մտան իմ կյանք այն ժամանակ, երբ ես իսկապես դրա կարիքն ունեի:
Ավելի ուշ, երբ ես կնքվեցի իմ ծնողների հետ տաճարում, մայրս շշնջաց ինձ. «Ես զգում եմ քո հոր ներկայությունը»: Երբ ես մտածում էի կնքվելու օրհնությունների մասին, ես գիտեի, որ Տերը տեղյակ էր մեր ընտանիքի մասին, և որ Նա հաճախ է եղել մեզ հետ, նույնիսկ, երբ մենք տեղյակ չէինք:
Երբևէ մտածե՞լ եք՝ արդյո՞ք Տերը տեղյակ է ձեր մասին: Նա գիտի՞ ձեր մաքառումների և մտահոգությունների մասին: Ի՞նչ կասեր Նա ձեզ, եթե կարողանայիք քայլել և խոսել Նրա հետ:
Նա քայլեց նրանց հետ
Հիսուս Քրիստոսի մահից երեք օր անց Նրա աշակերտներից երկուսը քայլում էին Էմմաուս գյուղը տանող ճանապարհով, որը գտնվում է Երուսաղեմից մոտ 12 կմ հեռավորության վրա: Նրանք կլանված էին սեփական մտքերով ու հոգսերով, երբ նրանց միացավ անծանոթը։
Անծանոթը հարցրեց. «Այդ ի՞նչ բաներ են, որ քայլելիս միմյանց հետ վիճում եք ու տրտմած եք»:
Աշակերտները խոսում էին «Հիսուս Նազովրեցու մասին» վերջին իրադարձություններից։ Նրանք հավատում էին, որ Հիսուսը եկել էր փրկելու Իսրայելը, բայց Նրան անարդարացիորեն դատապարտեցին և խաչեցին: Նրանք նաև ասացին, որ նրանք, ովքեր լավ էին ճանաչում Քրիստոսին, ասում էին, որ նա հարություն էր առել մեռելներից:
Անծանոթն ասաց նրանց. «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ-որ մարգարեները ասացին»: Նա կրկնեց, թե ինչ են ուսուցանել սուրբ գրությունները, և ինչպես էր Քրիստոսը կատարել մարգարեությունը: Սա ուրախությամբ լցրեց աշակերտների հոգիները։
Երբ աշակերտները հասան Էմմաուս, խնդրեցին անծանոթին՝ «Մեզ հե՛տ մնա»։ Ընթրիքի ժամանակ անծանոթը հաց օրհնեց և կտրեց։ Հանկարծ աշակերտները հասկացան, որ անծանոթը ամենևին էլ օտար չէ, այլ հենց Փրկիչն է (Տես Ղուկաս 24․13-32)։
Նա մնում է մեզ հետ
Գուցե մենք զարմանանք, թե ինչու երկու աշակերտները չէին ճանաչում, որ Փրկիչն է քայլում իրենց հետ: Եվ այնուամենայնիվ, որքան հաճախ ենք մենք դժվարանում հասկանալ, որ Նա քայլում է մեզ հետ: Հաճախ մենք այնքան կենտրոնացած ենք մեր առօրյա կյանքում առկա մարտահրավերների և նույնիսկ ուրախությունների վրա, որ չենք տեսնում, որ Փրկիչը մեր կողքին է:
Մենք կարող ենք չտեսնել, թե Նա ինչպես է մնում մեզ հետ, ճգնում է մեզ հետ, աշխատում է մեզ հետ և լաց է լինում մեզ հետ: Նույնիսկ մեր ամենատխուր պահերին, եթե ուշադրություն դարձնենք, մենք կզգանք Նրան մեր կողքին և կլսենք Նրա խոսքերը. «Հանդա՛րտ մնացեք և ճանաչե՛ք, որ ես եմ Աստվածը» (Սաղմոս 46.10, շեշտադրումն ավելացված է, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 101.16):
Մեր անձնական ճանապարհը
Մեզնից յուրաքանչյուրն ունի մի նպատակակետ, որին պետք է հասնի այս կյանքում: Մեր ճամփորդության ժամանակ մենք կարող ենք բախվել հիվանդության կամ պայքարել մեր սեփական թուլության դեմ: Մենք կարող ենք ունենալ դրամական խնդիրներ կամ մարտահրավերներ, որոնք բխում են հաջողությունից, հարստությունից և հպարտությունից:
Երբ մենք ճամփորդում ենք Էմմաուսի մեր անձնական ճանապարհով, մենք երբեք միայնակ չենք քայլի: Մենք կարող ենք խնդրել Փրկչին մնալ մեզ հետ: Ահա հինգ պարզ գործողություններ, որոնք կօգնեն մեզ մոտենալ Նրան:
1. Աղոթեք ամեն օր
Աղոթքը պետք է առաջին տեղում լինի մեր առօրյա կյանքում: Այն կարող է օգնել մեզ ստանալ Երկնային Հոր ընկերակցությունն ու առաջնորդությունը: Մենք կարող ենք ուժ խնդրել Նրա Որդուն հետևելու և Հոգու զորության համար, հատկապես այն պահերին, երբ մեր մտքերը կարող են մեզ տանել դեպի մեղքը:
Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը, աղաչելով Աստծուն պատասխանի համար, հասկացավ, որ հակառակորդը փորձում էր կանգնեցնել իրեն (տես Ջոզեֆ-Սմիթ Պատմություն 1.16): Ինչպես Ջոզեֆը, մենք պետք է համառենք աղոթքի մեջ և վստահենք, որ Երկնային Հայրը երբեք չի հոգնում մեզ լսելուց: Նա կօգնի մեզ հասկանալ Իր ժամանակն ու Իր պատասխանները:
2. Սնվեք սուրբ գրություններով
Փրկիչը մեզ համար օրինակ թողեց՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները: Ուսուցանելիս Նա հաճախ մեջբերումներ էր անում դրանցից: Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունն օգնում է մեզ ունենալ հստակ և բաց միտք, ընկալունակ սիրտ, որը թանկ է գնահատում Աստծո խոսքը, և ձեռքեր՝ պատրաստ ծառայելու:
Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, Սուրբ Հոգին կարող է մեզ լցնել բարիք գործելու ցանկությամբ: Դա կսրի մեր տեսողությունը՝ տեսնելու այն, ինչ բնական աչքերը չեն տեսնում: Դա կօգնի մեզ լսել կարիքավորների աղաղակը: Մենք կօրհնվենք՝ հետևելով Փրկչի օրինակին և մխիթարելով նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն (տես Մոսիա 18.8–9): Այնուհետև, երբ բախվենք օրվա խնդիրներին, մենք երբեք մենակ չենք քայլի: Փրկիչը քայլ առ քայլ գալու է մեզ հետ:
3. Հետևեք ապրող մարգարեներին
Մենք պետք է հետևենք մեր սիրելի մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և մյուս մարգարեների, տեսանողների և հայտնողների խորհուրդներին: Այնուհետև մենք կիմանանք, որ դեպի Էմմաուս տանող մեր ճանապարհը կլինի անվտանգ և հարթ: Նրանք ապահով կառաջնորդեն մեզ և կօգնեն մեզ իմանալ, որ Փրկիչը մեզ հետ է:
4. Հրավիրեք Նրան մնալ
Երբ մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի մասին և հնազանդվում Նրա պատվիրաններին, մենք հրավիրում ենք Փրկչին լինել մեզ հետ: Մենք սովորում ենք ճանաչել Նրա ազդեցությունը մեր կյանքում:
Էմմաուս տանող ճանապարհին երկու աշակերտները քայլեցին Փրկչի հետ, խոսեցին Նրա հետ և զգացին, որ իրենց սրտերը վառվում էին իրենց մեջ (տես Ղուկաս 24.32): Նրան ուղղված նրանց խնդրանքը՝ «Մեզ հե՛տ մնա» (Ղուկաս 24.29), պետք է լինի նաև մեր խնդրանքը:
Երբ աշակերտները ճանաչեցին Փրկչին, Նա հանկարծ անհետացավ նրանց տեսադաշտից: Աշակերտները անմիջապես վերադարձան Երուսաղեմ և վկայեցին առաքյալներին, որ Փրկիչը հարություն է առել: Մինչ նրանք վկայում էին, Տերը կրկին «կանգնեց նրանց մեջ» (Ղուկաս 24.36): Մենք նույնպես կարող ենք զգալ Նրան, երբ Նա մեր մեջ է:
5. Պարբերաբար թարմացրեք ուխտերը
Հիսուս Քրիստոսի ավետարանի արարողություններն ու ուխտերը կարող են փոխել մեր էությունը: Նախագահ Դալլին Հ. Օուքսը` Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, ասել է. «Մեր երկրպագությունը և հավերժական սկզբունքների կիրառումը մեզ ավելի են մոտեցնում Աստծուն և մեծացնում սիրելու մեր կարողությունը»:1 Օրինակ՝ մկրտությունը թույլ է տալիս Տիրոջը մաքրել մեզ: Եվ եթե մենք հավատարիմ ու հնազանդ ենք, տաճարային ուխտերն ու արարողությունները մեզ նախապատրաստում են մի օր ապրելու և՛ Հոր, և՛ Որդու ներկայությամբ:
Հաղորդությունն օգնում է մեզ հիշել և թույլ է տալիս մեզ նորոգել մեր ուխտերը, ապաշխարել և նորից փորձել: Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք ցույց ենք տալիս մեր պատրաստակամությունը՝ վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա, և վերստին պարտավորվել հիշելու Նրան և պահելու Նրա պատվիրանները: Այնուհետև մեզ խոստացվում է, որ Նրա Հոգին միշտ մեզ հետ կլինի (Տես Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79)։ Մենք միշտ պետք է հիշենք մեր կապած արարողություններն ու ուխտերը:
Փրկիչը մոտ կլինի մեզ
Էմմաուս տանող մեր սեփական ճանապարհին Փրկիչը սիրով հրավիրում է մեզ գալ Իր մոտ և ուրախանալ Իրենով: Երբ մենք ամեն օր աղոթում ենք, սնվում սուրբ գրություններով, հետևում ենք կենդանի մարգարեներին, հրավիրում Նրան մնալ մեզ հետ և նորոգում ու պատվում մեր ուխտերը, Նա մեզ մոտ կլինի: Այնուհետև մենք կիմանանք, ինչպես իմացան Էմմաուս տանող ճանապարհի աշակերտները, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, և որ Նա իսկապես ապրում ու սիրում է մեզ:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Նա ցանկանում է մեզ հետ լինել և ապահով կերպով առաջնորդել մեզ մեր ճանապարհին։