Դաս 16
Ապաշխարություն և ներում
Նախաբան
Մեղքից մաքրվելու համար մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը՝ ի ապաշխարություն: Երբ անկեղծորեն ապաշխարենք, մենք կարող ենք մեղքերի թողություն ստանալ, որը մեր հոգիներին ուրախություն և խղճի խաղաղություն է տալիս: Մենք կարող ենք պահպանել այդ մեղքերի թողությունը մեր ամբողջ կյանքի ընթացքում, եթե հավատարմորեն պահենք Աստծո պատվիրանները և սիրենք ու ծառայենք մեկս մյուսին:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Դ․ Թոդ Քրիստոֆերսոն, «Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 38–41։
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 40–43։
-
Քրեյգ Ա․ Քարդոն, «Փրկիչն ուզում է ներել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 15–17։
Ուսուցման առաջարկներ
Ալմա 34.15–17, 3 Նեփի 9.13–14, 19–22
Հավատք գործադրել առ Քրիստոսը՝ ի ապաշխարություն
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե նրանց հանձնարարված է խոսել հաղորդության ժողովին ապաշխարության մասին: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե նրանք ինչ պետք է ասեն, որպեսզի օգնեն եկեղեցու անդամներին ավելի լավ հասկանալ այս վարդապետությունը: Երբ նրանք կիսվեն իրենց մտքերով, ցուցադրեք և կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը․
«Մենք առ Քրիստոս անսասան հավատքի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապաշխարել» («Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 100):
-
Ինչո՞ւ են այս խոսքերը ճշմարիտ։
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 34.15–17 հատվածները, որտեղ գրված է, թե ինչպես էր Ամուղեկը ուսուցանում զորամացիներին ապաշխարության մասին: Քաջալերեք դասարանին հետևել և տեսնել, որ այն, ինչ Ամուղեկն ուսուցանում էր, պահանջվում է մեզանից՝ ներվելու համար։
-
Ներում ստանալու մասին ի՞նչ սկզբունք է ուսուցանվում այս հատվածներում: (Ուսանողների պատասխաններից հետո գրեք այս սկզբունքը գրատախտակին. Որպեսզի ստանանք ներման ողորմած օրհնությունները, մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսն՝ ի ապաշխարություն: Նշեք, որ «հավատք ի ապաշխարություն» արտահայտությունը չորս անգամ կրկնվում է այս հատվածներում: Սա հնարավորություն է՝ կարևորելու սուրբ գրության ուսումնասիրության հմտությունը՝ բառերի կրկնությունները ճանաչելու հարցում։)
-
Ինչո՞ւ մենք պետք է հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը, որպեսզի ապաշխարենք և ներվենք: (Մենք պետք է հավատք ունենանք Նրա քավող զոհաբերության հանդեպ, որպեսզի այս զոհաբերությունը ազդեցություն թողնի մեր կյանքում: Միայն Նրա քավության միջոցով մենք կարող ենք ներվել, որպեսզի մեր սրտերը փոխվեն և մաքրվեն մեղքից [տես Մոսիա 5.2]:)
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես ենք մենք մոտենում Փրկիչին ու ապաշխարում, բացատրեք, որ Ամերիկաներում տեղի ունեցած մարդկանց զանգվածային ոչնչացումից հետո, որոնք վկայել են Նրա Խաչելության մասին, Փրկիչն ուսուցանեց ժողովրդին, թե ինչ պետք է նրանք անեն, որպեսզի ապաշխարեն և ներում ստանան Իրենից: Հրավիրեք ուսանողներին զույգերով ուսումնասիրել 3 Նեփի 9.13–14, 19–22 հատվածները, գտնելով արտահայտությունները, որոնք նկարագրում են այն, ինչ ասել է Փրկիչը, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի գանք Իր մոտ և ապաշխարենք: Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտածով։
-
Ի՞նչ սկզբունք է ուսուցանում Տերն այս հատվածներում այն մասին, թե մենք ի՞նչ պետք է անենք ապաշխարելու համար։ (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք գանք դեպի Քրիստոսը կոտրված սրտով և փշրված հոգով, Նա կընդունի մեզ և կփրկագնի մեր մեղքերից:)
-
Ինչպե՞ս կարող է Փրկիչի հրավերը «[գալ իր] մոտ ինչպես մի փոքր երեխա» (22 հատվածում) և «[վերադառնալ իր] մոտ» (13 հատվածում) օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում ունենալ կոտրված սիրտ ու փշրված հոգի:
-
Կյանքի ինչպիսի՞ փորձառություններ կարող են առաջացնել մարդու մոտ կոտրված սիրտ և փշրված հոգի:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունից Երեց Բրյուս Դ. Փորթերի հետևյալ խոսքերը: Կարող եք այդ խոսքերից մեկական օրինակ բաժանել ուսանողներից յուրաքանչյուրին: Խրախուսեք ուսանողներին ուշադիր լինել ոգեշնչումներին, թե ինչպես մենք կարող ենք ունենալ «կոտրված սիրտ ու փշրված հոգի», երբ ապաշխարում ենք:
«Ի՞նչ են կոտրված սիրտը և փշրված հոգին: … Փրկիչի կատարյալ ենթարկումը Հավերժական Հորը կոտրված սրտի ու փշրված հոգու բուն էությունն է: Քրիստոսի օրինակն ուսուցանում է մեզ, որ կոտրված սիրտը աստվածայնության հավերժական տարր է: Երբ մեր սրտերը կոտրված են, մենք ամբողջովին բաց ենք Աստծո Հոգու համար և հասկանում ենք մեր կախվածությունը Նրանից՝ ամեն ինչի համար, որ ունենք և որ մենք կանք: Այս զոհաբերությունը հանգեցնում է հպարտության զոհաբերությանը՝ դրա բոլոր դրսևորումներով: Ինչպես փափուկ կավը հմուտ բրուտի ձեռքերում՝ կոտրված սրտով անձը կարող է կերտվել և ձևավորվել Վարդապետի ձեռքերում:
Կոտրված սիրտն ու փշրված հոգին նաև ապաշխարության նախապայմաններն են [տես 2 Նեփի 2.6–7]: … Երբ մենք մեղք ենք գործում և ցանկանում ենք ներվել, կոտրված սիրտն ու փշրված հոգին պիտի զգան «Աստուծոյ ասված կերպով տրտմությունը [որ] ապաշխարություն է գործում» (Բ Կորնթացիս 7.10): Սա տեղի է ունենում, երբ մեղքից մաքրվելու մեր ցանկությունը այնպես է մեզ պարուրում, որ մեր սրտերը ցավից վշտանում են և մենք փափագում ենք զգալ խաղաղություն մեր Երկնային Հոր հետ: Նրանք, ովքեր կոտրված սիրտ ու փշրված հոգի ունեն, ցանկանում են անել ցանկացած բան և ամեն ինչ, ինչ Աստված խնդրում է նրանց, առանց դիմադրության կամ զայրույթի: Մենք դադարում ենք մեր ձևով գործել և փոխարենը սովորում ենք գործել Աստծո ձևով: Հնազանդության այդպիսի պարագայում Քավությունը կարող է ազդեցիկ լինել և ճշմարիտ ապաշխարությունը կարող է տեղի ունենալ» («Կոտրված սիրտ և փշրված հոգի», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 32):
-
Ըստ Երեց Փորթերի՝ ի՞նչ է նշանակում գալ դեպի Քրիստոսը կոտրված սրտով և փշրված հոգով:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ նրանք կարող են անել, որպեսզի ավելի լիարժեք գործադրեն իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը, Նրան մատուցելով կոտրված սիրտ և փշրված հոգի: Կարող եք մի քանի րոպե տալ նրանց, որպեսզի գրեն, թե ինչպիսի տպավորություններ են ունեցել Հոգու միջոցով։
Վկայեք, որ Փրկիչի բարեգութ պարգևը՝ ապաշխարությունը, մատչելի է մեզանից յուրաքանչյուրին: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց զգացմունքներով՝ Փրկիչի քավող զոհաբերության և ապաշխարության պարգևի վերաբերյալ:
Ենովս 1.4–8, Մոսիա 4.1–3, Ալմա 19.29–30, 33–36, 36.19–21
Մեղքերի ներումը ուրախության և խաղաղության զգացմունքներ է պարգևում
-
Ի՞նչ կասեք այն անձանց, ովքեր չգիտեն, թե ինչպես իմանալ՝ արդյոք նրանք ներված են իրենց նախկին մեղքերից:
Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Ենովս 1.4–8, Մոսիա 4.1–3 և Ալմա 36.19–21, փնտրելով, թե ինչպես կարող են մարդիկ իմանալ, որ իրենք ստանում են մեղքերի թողություն:
-
Համաձայն այս հատվածների` ինչպե՞ս կարող ենք մենք իմանալ, որ մեր մեղքերի համար թողություն ենք ստանում: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Եթե անկեղծորեն ապաշխարենք և թողություն ստանանք մեր մեղքերի համար, մեր սխալը սրբվում է, մենք լցվում ենք Տիրոջ Հոգով և մենք ուրախություն և խաղաղություն ենք զգում: Հոգու դրդումով կարող եք կիսվել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերով. «Նրանց, ովքեր իսկապես ապաշխարում են, սակայն չեն կարողանում հանգստություն զգալ, ես ասում եմ` շարունակեք պահել պատվիրանները: Ես խոստանում եմ ձեզ, հանգստությունը կգա ըստ Տիրոջ ժամանակի: Բուժումը նույնպես ժամանակ է պահանջում» [«Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 42]):
Այս սկզբունքն ավելի լավ ներկայացնելու համար խնդրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ մի քանի հատված՝ Ալմա 19.29–30, 33–36, որտեղ նկարագրվում է թագավոր Լամոնիի և նրա մարդկանց դարձի գալու պատմությունը: Խնդրեք դասարանին փնտրել այն օրհնությունները, որոնք այդ մարդիկ ստացան, իրենց ապաշխարության և հավատքի շնորհիվ:
-
Ի՞նչ հատուկ օրհնություններ ստացան Լամոնի թագավորը, նրա կինը և շատ ուրիշ լամանացիներ ապաշխարության և հավատքի շնորհիվ: (Նրանց սրտերը փոխվեցին, հրեշտակները սպասավորեցին նրանց, նրանք մկրտվեցին, եկեղեցին հիմնադրվեց և Տերը թափեց Իր Հոգին նրանց վրա։)
-
Ե՞րբ եք տեսել ուրիշներին, որ ունեցել են այս օրհնություններից որոշները, երբ նրանք ապաշխարել են և ավելի են մոտեցել Տիրոջը:
Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ վերոնշյալ սկզբունքի ճշմարտությունն ու կարևորությունը, խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի (1924–2015) հետևյալ վկայությունը.
«Նամակներ են գալիս նրանցից, ովքեր ողբերգական սխալներ են գործել: Նրանք հարցնում են. «Կարո՞ղ եմ ես երբևէ ներվել»:
Պատասխանն է՝ այո:
Ավետարանը մեզ սովորեցնում է, որ կարող ենք ազատվել տառապանքից և հանցանքից ապաշխարության միջոցով: Բացառություն են կազմում այն քչերը, այն շատ քչերը, ովքեր կորստի են մատնվում ամբողջությունն իմանալուց հետո, չկա սովորույթ, չկա կախվածություն, չկա ըմբոստություն, չկա օրինազանցություն, ոչ էլ մեծ ու փոքր հանցանք, որը զերծ լինի լիովին ներվելու խոստումից:
«Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան»: Ապա, Եսայիան շարունակում է. «Եթէ յօժարէք եւ լսէք» [Եսայիա 1.18–19]» (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 19):
Հրավիրեք ուսանողներին խորհել այն փորձառությունների մասին, երբ նրանք զգացել են խղճի ուրախությունն ու խաղաղությունը, որոնք ուղեկցում են լիարժեք ապաշխարությանը:
Մոսիա 4.11–12, 26
Պահպանելով մեր մեղքերի թողությունը
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մոսիա 4.11–12, 26 հատվածները: Հրավիրեք ուսանողներին տեսնել, թե ինչ է ուսուցանել Բենիամին թագավորն այն մասին, թե ինչպես մենք կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը:
-
Համաձայն Բենիամին թագավորի այս խոսքերի՝ ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը մեր ողջ կյանքի ընթացքում: (Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալը սկզբունքը. Եթե մենք հիշենք Աստծո սերը և բարությունը մեր հանդեպ, ամուր կանգնենք մեր հավատքում և սիրենք ու ծառայենք մյուսներին, մենք կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը:)
Որպեսզի ուսանողներն ավելի լավ հասկանան այս սկզբունքը, խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ հայտարարությունը.
«Ապաշխարությունը ենթադրում է փոփոխության ձգտում: Դա կծաղրի հանուն մեզ կրած Փրկիչի տառապանքները Գեթսեմանիի այգում և խաչի վրա, եթե ակնկալենք, որ Նա պետք է մեզ հրեշտակների վերածի` առանց իրական ջանքերի մեր կողմից: Փոխարենը, մենք փնտրում ենք Նրա շնորհը` լրացնելու և փոխհատուցելու համար մեր առավել ջանասեր ջանքերը (տես 2 Նեփի 25.23): Թերևս որքան որ աղոթում ենք ողորմածության համար, մենք պետք է աղոթենք ժամանակի և հնարավորության համար` աշխատելու, ձգտելու և հաղթահարելու: Անշուշտ, Տերը ժպտալով է մոտենում մեկին, ով ցանկանում է դատաստանի գալ արժանի, ով վճռականորեն աշխատում է ամեն օր, որպեսզի փոխարինի թուլությունը զորությամբ: Իսկական ապաշխարությունը, իսկական փոփոխությունը կարող են պահանջել բազմակի փորձեր, բայց այդ ձգտումի մեջ կա մի կատարելագործող և սուրբ տարր» («Ապաշխարության աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 39):
-
Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ մտածում եք, որ Տերը «ժպտում է» ձեզ, երբ աշխատում եք հաղթահարել մեղքը և մահկանացու թուլությունները:
Կիսվեք Հիսուս Քրիստոսի Քավության մասին ձեր վկայությամբ: Հավաստիացրեք ուսանողներին, որ ապաշխարելիս նրանք խղճի ուրախություն և խաղաղություն կզգան: Քաջալերեք ուսանողներին քննել իրենց կյանքը և հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը՝ ի ապաշխարություն:
Ուսանողի ընթերցարան
-
Ենովս 1.4–8, Մոսիա 4.1–3, 11–12, 26, Ալմա 19.29–30, 33–36, 34.15–17, 36.19–21, 3 Նեփի 9.13–14, 19–22:
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Ապաշխարեք, … որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 40–43։