Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 28․ Եկեք Քրիստոսի մոտ


Դաս 28

Եկեք Քրիստոսի մոտ

Նախաբան

Մորմոնի Գրքի հիմնական նպատակներից մեկն է՝ հրավիրել բոլոր մարդկանց «[գալ] Քրիստոսի մոտ և կատարելագործվե[լ] նրանում» (Մորոնի 10.32): Եթե մենք հավատք գործադրենք և «որդեգրե[նք] այն ամենը, ինչ բարի է», մենք կարող ենք դառնալ Քրիստոսի զավակները (տես Մորոնի 7.19): Այս դասի վերջում ուսանողները հնարավորություն կունենան բերելու իրենց վկայությունն այն մասին, թե ինչպես է Մորմոնի Գիրքը օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Ապահովություն հոգու համար», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 88–90։

  • «Քրիստոսակենտրոն կյանք», գլուխ 24, Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 357–368.

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 6.4, Հակոբ 1.7, Օմնի 1.26, 3 Նեփի 9.13–14, Մորոնի 10.30, 32–33

Մորմոնի Գիրքը հրավիրում է մեզ գալ դեպի Հիսուս Քրիստոսը։

Ուսանողներին խնդրեք մտաբերել, թե երբ են նրանք հորդորել ինչ-որ մեկին կարդալ Մորմոնի Գիրքը:

  • Ինչո՞ւ հորդորեցիք այդ անձին կարդալ Մորմոնի Գիրքը:

Ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչու են իրենք ուսումնասիրում Մորմոնի Գիրքը: Բացատրեք, որ թերևս կան շատ լավ պատճառներ Մորմոնի Գիրքը կարդալու և ուսումնասիրելու համար, գիրքն ինքնին պարունակում է կրկնվող ուղերձ իր կարևորագույն նպատակներից մեկի շուրջ:

Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները.

1 Նեփի 6․4

Հակոբ 1.7

Օմնի 1.26

3 Նեփի 9.13-14

Մորոնի 10.30

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ հատվածները, գտնելով Մորմոնի Գրքում հանդիպող կրկնվող ուղերձը: (Կարող եք խրախուսել ուսանողներին իրենց սուրբ գրություններում այս հատվածներով հղումներ կատարել:

  • Ո՞րն է այս հատվածներում հանդիպող Մորմոնի Գրքի կրկնվող ուղերձը:

  • Ի՞նչ է նշանակում «գալ Քրիստոսի մոտ»:

  • Ի՞նչ են սովորեցնում մեզ այս հատվածները՝ ի՞նչ պետք է անենք, որ գանք Քրիստոսի մոտ: (Պատասխանները կարող են ընդգրկել. «մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա», ծոմ պահեք, աղոթեք, համբերեք մինչև վերջ, ապաշխարեք, դարձի եկեք և «որդեգրեք այն ամենը, ինչը բարի է»։)

  • Ի՞նչ է նշանակում «մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա» արտահայտությունը:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, ցուցադրեք և քննարկեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի և Յոթանասունից Երեց Դենիս Բ. Նյուինշվանդերի հետևյալ խոսքերը.

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Երբ մենք հետևողականորեն աղոթում ենք առավոտյան և երեկոյան, ուսումնասիրում մեր սուրբ գրություններն ամեն օր, ունենում ամեն շաբաթ տնային ընտանեկան երեկո և կանոնավորապես տաճար հաճախում, մենք ակտիվորեն արձագանքում ենք Նրա «եկեք ինձ մոտ» հրավերին» (Ռիչարդ Գ․ Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 94)։

Երեց Դենիս Բ. Նոյչվանդեր

«Ես բերում եմ իմ վկայությունը, որ մենք կարող ենք գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում՝ արժանաբար մասնակցելով սուրբ արարողություններին, որոնք Աստծո կողմից նշանակվել են և հաստատվել աշխարհի հիմնադրումից առաջ» (Dennis B. Neuenschwander, “Ordinances and Covenants,” Ensign, Aug. 2001, 26)։

Բացատրեք, որ Մորմոնի Գրքի վերջին գլխում գրված է մարգարե Մորոնիի խորհուրդը՝ ինչպես գալ Քրիստոսի մոտ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 10.32-33 հատվածները, մինչ դասարանը կփնտրի, թե ինչպես են գործածված «եթե» և «ապա» բառերը: Խնդրեք դասարանի անդամներին խորհել, թե ինչ են այս «եթե-ապա» արտահայտություններն ուսուցանում այն մասին, թե ինչպես ենք մենք օրհնված Քրիստոսի շնորհով: (Նշում. «Եթե-ապա» արտահայտություններ փնտրելը կօգնի ուսանողներին ճանաչել սկզբունքները, որոնք ուսուցանվում են սուրբ գրություններում:)

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից այն մասին, թե ինչպես ենք մենք օրհնվում Քրիստոսի շնորհով, գալով Նրա մոտ: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն կարևոր է, որ նրանք նշեն հետևյալ սկզբունքը. Եթե գանք Հիսուս Քրիստոսի մոտ և հրաժարվենք ամեն անաստվածությունից, ապա մենք կկատարելագործվենք, կսրբագործվենք և սուրբ կդառնանք Նրա շնորհով: Sես նաև Ալմա 5.33–35:)

Որպեսզի ուսանողներն ավելի խորը հասկանան այս սկզբունքը, կիսվեք Յոթանասունից Երեց Բրյուս Ս. Հեյֆենի հետևյալ հայտարարությամբ: Հրավիրեք ուսանողներին լսել, թե Տիրոջ շնորհը ինչպես կարող է օրհնել մեզ:

Երեց Բրուս Ս. Հեյֆեն

«Տիրոջ շնորհը, բացվելով Քավությամբ, կարող է կատարյալ դարձնել մեր անկատարությունները: «Նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում»։ (Մորոնի 10.32:) Թեև կատարելության գործընթացի մեծ մասն ընդգրկում է մեղքից և դառնությունից առաջացած աղտոտումից մաքրվելը, դրանում կա լրացուցիչ դրական հարթություն, որի միջոցով մենք ձեռք ենք բերում Քրիստոսանման բնույթ, դառնալով կատարյալ, ճիշտ ինչպես Հայրն ու Որդին են կատարյալ: …

Փրկիչի հաղթանակը կարող է փոխհատուցել ոչ միայն մեր մեղքերի համար, այլ նաև մեր թերությունների, ոչ միայն մեր դիտավորյալ սխալների, այլ նաև անտեղյակության պատճառով գործած մեր մեղքերի համար, դատելու մեր փորձի և մեր անխուսափելի թերությունների համար: Մեր մեծագույն ձգտումը ավելին է, քան ներված լինել մեղքից՝ մենք ձգտում ենք դառնալ սուրբ, հաստատապես օժտված Քրիստոսանման հատկանիշներով, մեկը՝ նրա հետ, նրա նման: Աստվածային շնորհը միակ աղբյուրն է, որ կարող է, ի վերջո, իրականացնել այդ ձգտումը, նրանից հետո, երբ մենք ամեն ինչ կանենք» (The Broken Heart [1989], 16, 20)։

  • Համաձայն Երեց Հեյֆենի՝ ինչպե՞ս կարող է Տիրոջ շնորհը օրհնել մեզ:

Հրավիրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք ջանքեր են գործադրել՝ գալու Հիսուս Քրիստոսի մոտ: Խնդրեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին, եթե միայն նրանց փորձառությունները խիստ անձնական չեն.

  • Այդ ժամանակ ի՞նչ եք դուք արել՝ Քրիստոսի մոտ գալու համար:

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում, երբ ձգտել եք գալ Քրիստոսի մոտ:

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի լիարժեք գան Քրիստոսի մոտ, որ դառնան կատարելագործված և սրբագործված Նրա շնորհով: Խրախուսեք նրանց հետամուտ լինել իրենց ստացած որևէ հոգևոր հուշումի:

Մորոնի 7.18-26

Որդեգրեք այն ամենը, ինչ բարի է՝ Քրիստոսի զավակը դառնալու համար

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորոնի 7 գլխում մարգարե Մորոնին գրի է առել այն խոսքը, որը նրա հայրը՝ Մորմոնն էր քարոզել դրանից մի քանի տարի առաջ: Այդ քարոզում Մորմոնն ուսուցանել է, որ մենք կարող ենք իմանալ, որ մի բանը ոգեշնչված է Աստծուց, եթե դա հրավիրում է մարդկանց բարին անել, հավատալ Հիսուս Քրիստոսին և սիրել ու ծառայել Աստծուն:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.18-19 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` տեսնելով, թե ինչ է խնդրել Մորմոնը մեզ, որ անենք:

  • Համաձայն 19 հատվածի՝ ի՞նչ կպատահի մեզ, եթե օգտագործենք Քրիստոսի Լույսը տարբերելու համար բարին չարից և հետո «որդեգրենք այն ամենը, ինչը բարի է»: (Մենք կլինենք Քրիստոսի զավակները։)

  • Ի՞նչ է նշանակում լինել Քրիստոսի զավակները: (Նշեք, որ մենք մեր Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք, ինչպես նաև մեր երկրային ծնողների զավակները: Բայց, ինչպես ուսուցանել է Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը [1876–1972], Հիսուս Քրիստոսը նույնպես «դառնում է մեր Հայրն այն իմաստով, որ այս եզրն օգտագործվում է սուրբ գրություններում, այսինքն՝ Նա մեզ առաջարկում է կյանք՝ հավերժական կյանք, այն քավության շնորհիվ, որը Նա կատարել է մեզ համար: [Տես Մոսիա 5.7:] … Մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսի զավակները` որդիները և դուստրերը, Նրան տրված մեր հնազանդության ուխտերի շնորհիվ» [Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 1:29]):

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.20 հատվածը և գտնել Մորմոնի տված հարցը: Այնուհետև բաժանեք ուսանողներին զույգերի և հրավիրեք նրանց ուսումնասիրել Մորոնի 7.21-26 հատվածները, տեսնելով, թե ինչ է տվել մեզ Տերը, որպեսզի օգնի մեզ «որդեգրել այն ամենը, ինչը բարի է»: Բավարար ժամանակից հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով և գրեք դրանք գրատախտակին: Պատասխանները կարող են ներառել՝ հրեշտակների սպասավորումը (22 հատվածում), մարգարեներ (23 հատվածում), սուրբ գրություններ (25 հատվածում), գործադրել հավատք (25 հատվածում) և աղոթք (26 հատվածում):

  • Ի՞նչ են մեզ սովորեցնում այս հատվածները «որդեգրել այն ամենը, ինչը բարի է» արտահայտության նշանակության մասին: (Մենք պետք է ձգտենք այն ամենին, ինչը բարի է, հատկապես այն բաներին, որոնք տանում են դեպի հավատք՝ Քրիստոսի հանդեպ և փրկություն՝ Նրա անվան միջոցով։)

  • Ի՞նչ բարի բաներ են հայտնվել ձեր կյանքում, գրատախտակին թվարկվածից որևէ մեկի շնորհիվ:

Խնդրեք ուսանողներին ընտրել մի լավ բան, որը նրանք կարող են սկսել անել կամ ավելի հմտանալ դրանում, որպեսզի գան դեպի Քրիստոսը: Խրախուսեք նրանց նպատակ դնել՝ աշխատելու «որդեգրել այն ամենը, ինչը բարի է» իրենց կյանքում:

Մորոնի 10.3–5

Մորոնիի խոստումը

Բարձր պահեք Մորմոնի Գիրքը և խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես է Մորմոնի Գիրքը օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը: Բացատրեք, որ Մորոնին հրավեր և խոստում է հղել բոլորին, ովքեր կարդում և ուսումնասիրում են Մորմոնի Գիրքը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 10.3–5 հատվածները:

Հրավիրեք ուսանողներին մտաբերել օրինակներ Մորմոնի Գրքից և իրենց կյանքից, որոնք ցույց են տալիս, թե «որքան ողորմած է եղել Տերը մարդկանց զավակների հանդեպ»: Հրավիրեք մի քանի ուսանողների` դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներում Մորոնիի հրավերից ու խոստումից: (Երբ մենք հարցնենք Աստծուն անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, թե արդյոք ճշմարի՞տ է Մորմոնի Գիրքը, մենք կստանանք վկայություն դրա ճշմարտացիության վերաբերյալ Սուրբ Հոգու միջոցով:)

  • Ի՞նչ է նշանակում հարցնել Աստծուն «անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս»: (Դա նշանակում է, որ մենք հավատք ունենք, որ Աստված կպատասխանի մեր աղոթքներին, և մենք մտադիր ենք գործել համաձայն պատասխանների, որոնք Նա տալիս է մեզ։)

  • Ինչպե՞ս է այս կերպ Մորմոնի Գիրքն ուսումնասիրելը և աղոթելը օգնում մեզ գալ Քրիստոսի մոտ:

Խնդրեք ուսանողներին մտաբերել Մորմոնի Գիրքը կարդալու և ճշմարտությունն իմանալու նպատակով աղոթելու իրենց ունեցած փորձառությունները: Հարցրեք ուսանողներին՝ արդյոք կա՞ն ցանկացողներ դասարանի հետ կիսվելու Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությամբ, մասնավորապես, թե ինչպես է Մորմոնի Գիրքը օգնել նրանց գալ դեպի Քրիստոսը: Խրախուսեք ուսանողներին, որ շարունակեն կիրառել Մորոնիի խոսքերը՝ Մորմոնի Գրքի մասին վկայություն ստանալու համար, կամ ամրապնդելու այն վկայությունը, որը նրանք արդեն ունեն:

Ուսանողի ընթերցարան