Դաս 20
Ամրացնել մեր հավատքն ու վկայությունը
Նախաբան
Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ հավատքը ուժ և հոգևոր պաշտպանություն է բերում Աստծո զավակներին: Մորմոնի Գրքում նկարագրվում է այն վերաբերմունքն ու վարքագիծը, որոնք կարող են հանգեցնել նրան, որ անհատներն ընկնեն անհավատության մեջ: Մորմոնի Գրքի մարգարեները նախազգուշացրել են այդ վարքագծի և վերաբերմունքի մասին և սովորեցրել են ավետարանի սկզբունքները, որոնք կզորացնեն ու կամրացնեն մեր հավատքն ու վկայությունը:
Ընթերցանության օժանդակ նյութեր
-
Նիլ Լ․ Անդերսեն, «Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայ. 2014, 18–21։
-
Լ․ Ուիթնի Քլեյթոն, «Ընտրիր հավատքը», Ensign կամ Լիահոնա, մայ. 2015, 36–39։
-
Լարի Ս․ Քաչեր, «Թեթևամտորեն մի վարվեք սրբազան բաների հետ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 104–6։
Ուսուցման առաջարկներ
2 Նեփի 1.10–11, 9.28, Մոսիա 2.36–37, 26.1–4, Ալմա 12.9–11, 31.8–11, 46.7–8, Հելաման 4.11–13, 13.24–26, Մորմոն 9.7–8
Վերաբերմունքն ու վարքագիծը կարող են խաթարել հավատքն ու վկայությունը
Ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին դրանց հակիրճ պատասխանել.
-
Ինչպե՞ս է հնարավոր, որ նրանք, ովքեր ունեցել են ավետարանի օրհնությունները, կորցնեն իրենց հավատքն ու վկայությունը:
Հիշեցրեք ուսանողներին, որ մարգարե Լեքին նախազգուշացրել էր, որ իր սերունդը մի օր կորցնելու է հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Ուսանողներից մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 1.10–11 հատվածները և հանձնարարեք ուսանողներին գտնել, թե, ի վերջո, ինչ ազդեցություն ունեցավ այդ անհավատությունը Լեքիի հետնորդների վրա: (Օգտակար կլինի բացատրել, որ «անհավատության մեջ ընկնել» արտահայտությունը նշանակում է այլասերվել հոգեպես՝ անհավատության պատճառով։)
-
Ի՞նչ ազդեցություն, ի վերջո, ունեցավ անհավատությունը Լեքիի ժառանգների վրա:
Նշեք որ, թեև կային բազմաթիվ գործոններ, որոնք հանգեցրեցին նեփիացիների քաղաքակրթության ոչնչացմանը, նեփիացիների անկման հիմնական պատճառը նրանց հավատքի կորուստն էր՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Այս պատճառով է, որ Մորմոնի Գրքի գրողները բազմիցս զգուշացրել են այն վերաբերմունքի և վարքագծի մասին, որոնք թուլացնում են հավատքն առ Տերը և շարունակաբար սովորեցրել են, թե ինչպես կառուցել և ամրապնդել վկայությունը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մոսիա 26.1–4 հատվածները, և հորդորեք դասարանին ուշադրություն դարձնել այն վերաբերմունքին և վարքագծին, որոնք խարխլել են ոմանց հավատքը Մոսիա թագավորի կառավարման օրոք:
Հրավիրեք ուսանողներին բացահայտել այդ հատվածներում ուսուցանվող սկզբունքն այն մասին, թե ինչ է պատահում մարդկանց, ովքեր ընտրում են չհավատալ և չգործել ճշմարտությանը համաձայն: Բացահայտած սկզբունքների թվում ուսանողները կարող են նշել հետևյալը. Երբ մարդիկ չեն հավատում ու գործում համաձայն այն ճշմարտությունների, որոնք նրանց ուսուցանվել են, նրանց սրտերը կարծրանում են և նրանք չեն կարող վայելել հավատքի և վկայության օրհնությունները:
-
Երբ մարդիկ չեն հավատում ու գործում համաձայն այն ճշմարտությունների, որոնք նրանց ուսուցանվել են, ձեր կարծիքով, ինչո՞ւ են նրանց սրտերը կարծրանում՝ Հոգին զգալու համար:
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել ևս մի շարք վերաբերմունք ու վարքագիծ, որոնք կարող են հանգեցնել հավատքի և վկայության կորստին, գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները: Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կարդալ հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը, և համոզվեք, որ բոլոր հատվածները հանձնարարված են: Խնդրեք ուսանողներին փնտրել իրենց հանձնարարված հատվածներում այնպիսի վերաբերմունք կամ վարքագիծ, որոնք նպաստում են, որ մարդիկ կորցնեն իրենց հավատքն ու վկայությունը:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած վերաբերմունով ու վարքագծով և բացատրել, թե ինչպես դրանք կարող են թուլացնել հավատքն ու վկայությունը: Ամփոփեք ուսանողների պատասխանները գրատախտակին՝ համապատասխան հատվածների կողքին:
-
Այս վերաբերմունքից և վարքագծից որո՞նք են ձեր կարծիքով առավել վտանգավոր այսօրվա եկեղեցու երիտասարդ չափահասների համար: Ինչո՞ւ:
Խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրվածներից որևէ վերաբերմունք կամ վարքագիծ և բացատրել, թե ինչ մենք կարող ենք անել, որպեսզի պաշտպանվենք այդ վերաբերմունքից կամ վարքագծից:
Առաջարկեք ուսանողներին մի պահ խորհել, թե այս վերաբերմունքից կամ վարքագծից որոնք են սպառնացել իրենց հավատքին և վկայությանը, և ինչ նրանք կարող են անել իրենց ամրապնդելու համար:
2 Նեփի 28.21–23;, Մորմոն 5.16–18
Հավատքի և վկայության կորստի հետևանքները
Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Մորմոն մարգարեն առաջնորդում էր նեփիացիների բանակները, եղավ մի ժամանակ, երբ նա նկատեց իր ժողովրդի չարացած ու անհույս վիճակը: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել Մորմոն 5.16–18 հատվածները և գտնել Մորմոնի տված նկարագրությունը՝ իր ժողովրդի հոգևոր վիճակի մասին։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապրել «առանց Քրիստոսի և Աստծո [այս] աշխարհում»:
-
Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել Մորմոնի խոսքերից նրանց մասին, ովքեր կորցրել են իրենց հավատքն առ Տերը և չեն ցանկանում ապաշխարել: (Չնայած նրանք կարող են օգտագործել տարբեր խոսքեր, ուսանողները պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք մեզ թույլ տանք կորցնել հավատքը և չցանկանանք ապաշխարել, Հոգին կհեռանա մեզանից և մենք կկորցնենք Տիրոջ առաջնորդությունը։)
-
Ըստ 18-րդ հատվածի՝ Մորմոնի զգուշացնելով՝ ինչպիսի՞ն կլիներ Տիրոջ առաջնորդությունը կորցնելու արդյունքը։
Բացատրեք, որ Նեփին ուսուցանել է, որ Հոգին կորցնելու և դևի կողմից գերի տարվելու ընթացքը հաճախ դանդաղ է և աստիճանական: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 2 Նեփի 28.21–23 հատվածները և դասարանին խնդրեք հայտնաբերել այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են այս հոգևոր աստիճանական անկումը:
-
Ի՞նչ մոտեցումներ է Նեփին նշել, որոնք կարող են հանգեցնել անձի հոգևոր անկմանը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս մոտեցումները հատկապես վտանգավոր մեր հավատքի համար:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ պատմությունը.
«Ճիշտ այնպես, ինչպես ճշմարտությունն է տրված մեզ՝ տող առ տող, և լույսը լուսավորում է դանդաղ, կախված նրանից, թե որքանով ենք մենք հնազանդվում, կամ որքանով չենք հնազանդվում, ճշմարտության հանդեպ մեր վկայությունը նվազում է գրեթե աննկատ, կամաց-կամաց, և խավարը իջնում է այնքան դանդաղ, որ հպարտությունը կարող է հեշտությամբ ուրանալ, որ մի բան փոխվում է:
Ես լսել եմ, թե ինչպես էր պարծենում մի մարդ, ով աստիճանաբար հեռացել էր Եկեղեցուց: Սկզբում նա պարզապես դադարել էր ուսուցանել իր Կիրակնօրյա Դպրոցի դասարանին, ապա նա հեռու էր մնացել Եկեղեցուց և ի վերջո մոռացել էր վճարել տասանորդը մինչ օրս: … Նա չէր կարող զգալ տարբերությունը, բայց ես կարող էի: Նրա աչքերի լույսը և ապա նրա դեմքի փայլը հանգչում էին: Նա չէր կարող զգալ, քանի որ Աստծուն չհնազանդվելու հետևանքներից մեկը կարծես թե հոգևոր անզգայացնող միջոցի ստեղծումն է, որն արգելափակում է զգայունությունը, երբ կապերը Աստծո հետ կտրված են: Ոչ միայն ճշմարտության մասին վկայությունն է դանդաղորեն քայքայվում, այլ նույնիսկ հիշողությունները, թե ինչի նման էր այն, և լույսը սկսում է թվալ նրան իբրև մոլորություն» (“A Life Founded in Light and Truth” [Brigham Young University devotional, Aug. 15, 2000], 3, speeches.byu.edu)։
-
Ձեր կարծիքով, որո՞նք են նշաններից մի քանիսը, երբ անձը սկսում է կորցնել իր հավատքն ու վկայությունը:
1 Նեփի 15.7–11, 2 Նեփի 25.28–29, Մոսիա 4.11–12; 15.11, Հելաման 15.7–8
Ամրացնել հավատքն ու վկայությունը
Ցուցադրեք և հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը.
«Բնության մեջ այն ծառերը, որոնք աճում են քամոտ միջավայրում, ավելի ամուր են դառնում: Երբ քամիները պտտվում են նորատունկ ծառի շուրջ, նրա ներքին ուժերը երկու բան են անում: Առաջինը, նրանք խթանում են արմատները, որպեսզի դրանք ավելի արագ աճեն և հեռու տարածվեն: Երկրորդ, ծառի ներքին ուժերը սկսում են ստեղծել բջջային կազմվածքներ, որոնք, ըստ էության, հաստացնում են բունն ու ճյուղերը և ավելի դիմացկուն են դարձնում դրանք քամու ճնշմանը: Այս ուժեղ արմատները և ճյուղերը պաշտպանում են ծառը քամիներից, որոնք հաստատ վերադառնում են:
Դուք անխոս ավելի թանկ եք Աստծուն, քան մի ծառ: Դուք Նրա որդին կամ Նրա դուստրն եք: Նա ձեր ոգին ստեղծել է ուժեղ և ունակ կյանքի պտտահողմերի հանդեպ դիմացկուն լինելու համար: Ձեր պատանեկության ընթացքում պտտահողմերը, մատղաշ ծառի դեմ փչող քամու պես, կարող են մեծացնել ձեր հոգևոր ուժը՝ նախապատրաստելով ձեզ գալիք տարիների համար» («Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18)։
-
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ձեռք բերենք հոգևոր ուժ և դիմակայենք մեր հավատքին ու վկայությանը սպառնացող մարտահրավերներին:
Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի Գիրքը պարունակում է ավետարանի սկզբունքներ, որոնք կարող են առաջնորդել անհատներին, ովքեր ձգտում են ավելի ամուր հավատք և վկայություն ունենալ:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ 2 Նեփի 25.28–29 հատվածները և բացատրեք, որ այս հատվածներն ամփոփում են այն հզոր քարոզը, որը Նեփին հղեց իր ժողովրդին, այն մասին, թե ինչպես փրկված լինել: Խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ էր ուսուցանել Նեփին՝ որն է ամենակարևոր որոշումը, որը մենք կկայացնենք մեր կյանքում։
-
Ըստ Նեփիի ուսուցանածի՝ ո՞րն է ամենակարևոր որոշումը, որը մենք կկայացնենք մեր կյանքում։ (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ սկզբունքը. Եթե մենք ընտրում ենք հավատալ Հիսուս Քրիստոսին և երկրպագել Նրան մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա մենք հոգեպես ամուր կմնանք և դուրս չենք գցվի:)
Ցուցադրեք Յոթանասունից Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.
«Դարեր շարունակ մարգարեները խրախուսել են մեզ և նույնիսկ աղերսել, որ հավատանք Քրիստոսին: … Հավատալու որոշումը ամենակարևոր ընտրությունն է, որը մենք երբևէ կատարում ենք: Այն ձևավորում է մեր բոլոր մյուս որոշումները: …
Դավանանքը, վկայությունը և հավատքը պասսիվ սկզբունքներ չեն: Նրանք առանց ջանքի չեն տրվում մեզ: Դավանանքը մի բան է, որը մենք ընտրում ենք. մենք հույս ենք տածում, աշխատանք ենք կատարում և զոհաբերում ենք դրա համար: Մենք պատահականորեն չենք հավատա Փրկիչին և Նրա ավետարանին, ոչ էլ պատահականորեն կաղոթենք կամ տասանորդ կվճարենք: Մենք գործնականորեն ենք ընտրում հավատալը, ինչպես և ընտրում ենք պահել մյուս պատվիրանները» («Ընտրեք հավատքը», Ensign կամ Լիահոնա, մայ. 2015, 38)։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «դավանանքը, վկայությունը և հավատքը պասսիվ սկզբունքներ չեն»:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ ավետարանի սկզբունքներով ապրելու ձգտումը մեր հավատքն ու վկայությունը ամրացնելու լավագույն եղանակն է:
Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել մի քանի ձևեր, թե ինչպես մենք կարող ենք ջանալ ամրացնել մեր հավատքն ու վկայությունը, գրատախտակին գրեք սուրբ գրության հետևյալ հատվածները և խնդրեք, որ ուսանողներից յուրաքանչյուրը լուռ կարդա դրանցից առնվազն մեկը: Հրավիրեք նրանց փնտրել սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ ամրացնել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ:
Հրավիրեք ուսանողներին կիսվել այս հատվածների վերաբերյալ իրենց դիտարկումներով: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին բերել վկայություն, թե ինչպես են նրանք կիրառել այս կամ այլ սկզբունքներն իրենց կյանքում, և օրհնվել ավելի մեծ հավատքով՝ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Խրախուսեք ուսանողներին ջանքեր կատարել, որոնք անհրաժեշտ են Տիրոջ հանդեպ իրենց հավատքը զորացնելու համար:
Ուսանողի ընթերցարան
-
1 Նեփի 15.7–11, 2 Նեփի 1.10–11, 9.28, 25.28–29, 28.21–23, Մոսիա 2.36–37, 4.11–12, 15.11, 26.1–4, Ալմա 12.9–11, Ալմա 31.8–11, 46.7–8, Հելաման 4.11–13, 13.24–26, 15.7–8, Մորմոն 5.16–18, 9.7–8
-
Լ․ Ուիթնի Քլեյթոն, «Ընտրեք հավատքը», Ensign կամ Լիահոնա, մայ. 2015, 36–39։