Բաժին 86
Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1832թ. դեկտեմբերի 6-ին (History of the Church, 1.300): Այս հայտնությունն ստացվել էր, մինչ մարգարեն ստուգում և խմբագրում էր Աստվածաշնչի թարգմանության ձեռագիրը:
1–7՝ Տերը մեկնաբանում է ցորենի և որոմների առակի իմաստը. 8–11՝ Նա բացատրում է քահանայության օրհնությունները նրանց, ովքեր օրինական ժառանգներ են՝ ըստ մարմնի:
1 Ճշմարիտ, այսպես է ասում Տերը ձեզ, իմ ծառանե՛ր, ցորենի և որոմների առակի վերաբերյալ.
2 Ահա, ճշմարիտ ասում եմ, որ արտն աշխարհն էր, իսկ առաքյալները՝ սերմնացանները.
3 Եվ նրանց ննջելուց հետո, եկեղեցու մեծ հալածողը՝ ուրացողը, պոռնիկը, այսինքն՝ Բաբելոնը, որը ստիպում է բոլոր ազգերին խմել իր բաժակից, որոնց սրտերում թշնամին, այսինքն՝ Սատանան, նստել է իշխելու,– ահա նա է ցանում որոմները. ուստի, որոմները խեղդում են ցորենը և անապատ են քշում եկեղեցին:
4 Բայց ահա, վերջին օրերին, նույնիսկ այժմ, երբ Տերը սկսում է առաջ բերել խոսքը, և ցողուններն աճում են ու դեռ նուրբ են,–
5 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հրեշտակներն օր ու գիշեր աղաղակում են առ Տերը, ովքեր պատրաստ են և սպասում են, որ ուղարկվեն արտերը հնձելու.
6 Բայց Տերն ասում է նրանց. Մի քաղհանեք որոմները, քանի դեռ ընձյուղները նուրբ են (քանզի, արդարև, ձեր հավատքը թույլ է), չլինի թե ցորենը նույնպես փչացնեք:
7 Հետևաբար, թող ցորենն ու որոմները միասին աճեն, մինչև որ հունձքը լիովին հասունանա. այն ժամանակ դուք սկզբում կհավաքեք ցորենը որոմների միջից, և ցորենը հավաքելուց հետո, ահա, տե՛ս, որոմները կապված կլինեն խրձերով, և կմնա որ արտն այրվի:
8 Հետևաբար, այսպես է Տերն ասում ձեզ, ում հետ քահանայությունը շարունակվել է ձեր հայրերի ազգատոհմի միջոցով,–
9 Քանզի դուք օրինական ժառանգներ եք՝ ըստ մարմնի, և աշխարհից թաքցվել եք Քրիստոսի հետ Աստծո մեջ,–
10 Հետևաբար, ձեր կյանքը և քահանայությունը մնացել է, և պետք է մնա ձեր և ձեր ազգատոհմի միջոցով, մինչև բոլոր այն բաների վերականգնումը, որոնք աշխարհի սկզբից ի վեր խոսվել են բոլոր սուրբ մարգարեների բերանով:
11 Հետևաբար, օրհնված եք դուք, եթե շարունակեք իմ բարության մեջ, որպես լույս՝ հեթանոսների համար և փրկիչ՝ իմ Իսրայել ժողովրդի համար, այս քահանայության միջոցով: Տերն է ասում դա: Ամեն: