Սուրբ գրություններ
Նախաբան


Նախաբան

«Վարդապետություն և Ուխտեր» գիրքն Աստծո արքայությունը վերջին օրերին երկրի վրա հաստատելու և կանոնակարգելու համար տրված աստվածային հայտնությունների և ոգեշնչված հայտարարությունների մի ժողովածու է: Թեպետ բաժիններից շատերն ուղղված են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին, պատգամները, զգուշացումներն ու հորդորները ողջ մարդկության օգտի համար են և պարունակում են հրավեր՝ բոլոր մարդկանց համար, ամենուրեք, լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ձայնը, որը խոսում է իրենց հետ՝ իրենց մահկանացու բարեկեցության և հավիտենական փրկության համար:

Այս ժողովածուի հայտնությունների մեծ մասը ստացվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին մարգարե և նախագահ՝ Ջոզեֆ Սմիթ կրտսերի միջոցով: Մյուսները տրվել են Նախագահությունում նրան հաջորդողներից մի քանիսի միջոցով (տե՛ս 135, 136 և 138-րդ բաժինների նախադրությունները և 1-ին և 2-րդ Պաշտոնական հայտարարությունները):

«Վարդապետություն և Ուխտերը» Եկեղեցու օրինակելի աշխատություններից մեկն է՝ «Աստվածաշնչի», «Մորմոնի Գրքի» և «Թանկագին Մարգարիտի» հետ մեկտեղ: Սակայն «Վարդապետություն և Ուխտերը» եզակի գիրք է, քանի որ այն հնադարյան փաստաթղթի թարգմանություն չէ, այլ ունի ժամանակակից ծագում և տրվել է Աստծուց, իր ընտրյալ մարգարեների միջոցով, այս օրերին երկրի վրա իր սուրբ գործի վերականգնման և Աստծո արքայության հաստատման համար: Հայտնություններում լսվում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մեղմ, բայց հաստատուն ձայնը, որը կրկին խոսում է ժամանակների լրության տնտեսության ժամանակ. և աշխատանքը, որ ներկայացված է այստեղ, նախապատրաստություն է նրա երկրորդ գալստի համար՝ ի կատարումն և համաձայն աշխարհի սկզբից ի վեր բոլոր սուրբ մարգարեների խոսքերի:

Ջոզեֆ Սմիթ կրտսերը ծնվել է 1805 թվականի դեկտեմբերի 23-ին, Վերմոնտ նահանգի, Վինձոր գավառի, Շերոն շրջանում: Իր կյանքի վաղ շրջանում, նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Մանչեստր, Նյու Յորքի արևմտյան մաս: Մանչեստրի մոտակայքում ապրելու ժամանակ էր, 1820-ի գարնանը, տասնչորս տարեկանում, երբ նա տեսավ իր առաջին տեսիլքը, որի ժամանակ նրան անձնապես այցելեցին Աստված՝ Հավերժական Հայրը, և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը: Այս տեսիլքում նրան ասվեց, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին, որը հաստատվել էր Նոր Կտակարանի ժամանակներում, և որը սպասավորում էր ավետարանի լրիվությունը, այլևս երկրի վրա չէ: Դրան հաջորդեցին աստվածային այլ հայտնություններ, երբ նա ուսուցանվեց շատ հրեշտակների կողմից. նրան ցույց տրվեց, որ Աստված իր համար հատուկ աշխատանք ունի կատարելու երկրի վրա և, որ իր միջոցով Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պետք է վերականգնվի երկրի վրա:

Ժամանակի ընթացքում, աստվածային օգնությամբ, Ջոզեֆ Սմիթին հնարավորություն տրվեց թարգմանել և հրատարակել «Մորմոնի Գիրքը»: Միևնույն ժամանակ նա և Օլիվեր Քաուդերին Ահարոնյան Քահանայության կարգվեցին Հովհաննես Մկրտչի կողմից, 1829 թվականի մայիսին (տե՛ս ՎևՈՒ 13), իսկ դրանից ոչ շատ անց, վաղեմի Առաքյալների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից, նրանք կարգվեցին նաև Մելքիսեդեկյան Քահանայության (տե՛ս ՎևՈՒ 27.12): Դրանց հետևեցին այլ կարգումներ, որոնց ժամանակ, Մովսեսի, Եղիայի, Եղիասի և վաղեմի շատ մարգարեների կողմից նրանց շնորհվեց քահանայության բանալիներ (տե՛ս ՎևՈՒ 110; 128.18, 21): Փաստորեն, այդ կարգումները եղան երկրի վրա աստվածային իշխանության վերականգնում՝ մարդու համար: 1830-ի ապրիլի 6-ին, երկնային ղեկավարության ներքո, Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմավորեց Եկեղեցին, և, այդպիով, Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին, որպես հաստատություն, կրկին գործում է մարդկանց մեջ՝ ավետարանն ուսուցանելու և փրկության արարողությունները սպասավորելու իշխանությամբ: (Տե՛ս Թանկագին Մարգարիտ, Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.1–75, և ՎևՈՒ 20):

Այս սրբազան հայտնություններն ստացվել են ի պատասխան աղոթքի, ժամանակների պահանջով, և բխել են իրական կյանքի իրավիճակներից՝ ընդգրկելով իրական մարդկանց: Մարգարեն և նրա գործընկերները փնտրում էին աստվածային առաջնորդություն, և այս հայտնությունները հավաստիացնում են, որ նրանք ստանում էին այն: Հայտնություններում երևում է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումն ու բացահայտումը և ժամանակների լրության տնտեսության մուտքը: Այս հայտնություններում ցույց է տրված Եկեղեցու շարժումն արևմուտքի ուղղությամբ՝ Նյու Յորքից և Պենսիլվանիայից դեպի Օհայո, Միսսուրի, Իլինոյս և, ի վերջո, դեպի արևմտյան Ամերիկայի Մեծ Ավազան, ինչպես նաև Սրբերի հզոր ջանքերը՝ մինչ նրանք փորձում էին արդի ժամանակներում երկրի վրա կառուցել Սիոնը:

Ավելի վաղ տրված բաժիններից մի քանիսը պարունակում են «Մորմոնի Գրքի» թարգմանությանը և հրատարակությանը վերաբերող նյութեր (տե՛ս բաժիններ՝ 3, 5, 10, 17 և 19): Ավելի ուշ տրված որոշ բաժիններ անդրադառնում են Մարգարե Ջոզեֆ Սմիթի աշխատանքին, մինչ նա Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանություն էր կատարում, որի ընթացքում ստացվեցին մեծ վարդապետություններ պարունակող բաժիններից շատերը (տե՛ս, օրինակ, բաժիններ՝ 37, 45, 73, 76, 77, 86, 91 և 132, որոնցից յուրաքանչյուրն ինչ-որ անմիջական կապ ունի Աստվածաշնչի թարգմանության հետ):

Հայտնություններում շարադրվում են ավետարանի վարդապետությունները՝ սկզբունքային այնպիսի նյութերի մասին բացատրություններով, ինչպիսիք են՝ Աստվածագլխի բնույթը, մարդու ծագումը, Սատանայի իսկությունը, մահկանացու կյանքի նպատակը, հնազանդության անհրաժեշտությունը, ապաշխարության կարիքը, Սուրբ Հոգու ներգործումները, փրկությանը վերաբերող արարողություններն ու ծիսակատարությունները, երկրագնդի ճակատագիրը, մարդու հետագա վիճակը՝ Հարությունից և Դատաստանից հետո, ամուսնական հարաբերությունների հավերժությունը և ընտանիքի հավերժական բնույթը: Նմանապես, ցույց է տրվում Եկեղեցու վարչական կառուցվածքի աստիճանական բացահայտումը՝ եպիսկոպոսների, Առաջին Նախագահության, Տասներկուսի Խորհրդի և Յոթանասունի կոչումով, և այլ նախագահող պաշտոնների ու քվորումների հիմնումով: Ի վերջո, Հիսուս Քրիստոսի մասին տրված վկայությունը,– նրա աստվածայնության, նրա վեհափառության, նրա կատարելության, նրա սիրո և նրա փրկագնող զորության մասին,– դարձնում է այս գիրքը մարդկության ընտանիքի համար մեծ արժեք ունեցող, և ավելի արժեքավոր, քան հարստությունները ողջ երկրի:

Հայտնությունների մի մասը հրատարակվել է Սիոնում (Ինդիփենդենս), Միսսուրի, 1833 թվականին, «A Book of Commandments for the Government of the Church of Christ» (Պատվիրանների գիրք Քրիստոսի Եկեղեցու կառավարման համար) վերնագրով: Այդ հրատարակության վերաբերյալ Եկեղեցու երեցները հանդիսավոր վկայություն են բերել, որ Տերը վկայություն է տվել իրենց հոգուն, որ այդ հայտնությունները ճշմարիտ են: Քանի որ Տերը շարունակում էր հաղորդակցվել Իր ծառաների հետ, երկու տարի անց Կիրթլենդում, Օհայո, ավելի ծավալուն ժողովածու հրատարակվեց «Doctrine and Covenants of the Church of the Latter Day Saints» (Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Վարդապետություն և Ուխտեր) վերնագրով: 1835 թվականի այդ հրատարակությանը կցվել էր Տասներկու Առաքյալների հետևյալ գրավոր վկայությունը.

Տասներկու Առաքյալների վկայությունը
Վարդապետություն և Ուխտեր գրքի
ճշմարտության վերաբերյալ

Վկաների Վկայությունը Տիրոջ Պատվիրանների Գրքի վերաբերյալ, պատվիրաններ, որոնք նա տվել է Իր Եկեղեցուն, Ջոզեֆ Սմիթ կրտսերի միջոցով, որը Եկեղեցու ձայնով նշանակվել էր այդ նպատակի համար.

Հետևաբար, մենք հոժարակամ վկայություն ենք բերում մարդկության աշխարհին, երկրի երեսին գտնվող ամեն մի արարածի, որ Տերը մեր հոգուն վկայություն է տվել, Սուրբ Հոգին մեզ վրա թափելով, որ այս պատվիրանները տրվել են Աստծո ոգեշնչմամբ և օգտակար են բոլոր մարդկանց համար ու իրոք ճշմարիտ են:

Մենք տալիս ենք այս վկայությունն աշխարհին՝ Տիրոջը մեզ ապավեն ունենալով. և Հայր Աստծո ու Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով է, որ մեզ թույլ է տրվել ունենալ աշխարհին վկայություն տալու այս արտոնությունը, որով մենք անչափ ցնծում ենք, միշտ աղոթելով Տիրոջը, որ մարդկանց զավակները կարողանան օգտվել դրանից:

Տասներկուսի անուններն էին.

Թոմաս Բ. Մարշ

Դեյվիդ Վ. Փաթեն

Բրիգամ Յանգ

Հեբեր Չ. Քիմբալ

Օրսոն Հայդ

Վլմ. Ի. Մակլելլին

Փարլի Պ. Պրատ

Լյուկ Ս. Ջոնսոն

Վիլյամ Սմիթ

Օրսոն Պրատ

Ջոն Ֆ. Բոյնտոն

Լայման Ի. Ջոնսոն

«Վարդապետություն և Ուխտերի» հաջորդ հրատարակություններում լրացուցիչ հայտնություններ և այլ արձանագրված նյութեր են ավելացվել, երբ որ ստացվել և ընդունվել են իրավասու հավաքներում կամ Եկեղեցու համաժողովներում:

Սկսած 1835 թվականի հրատարակությունից, նաև ընդգրկվել էր աստվածաբանական յոթ դասերի մի շարք. դրանք վերնագրվել էին՝ «Lectures on Faith» (Դասախոսություններ հավատքի վերաբերյալ): Դրանք նախապատրաստվել էին Մարգարեների Դպրոցում օգտագործելու համար, Կիրթլենդում, Օհայո, 1834–1835թթ.: Չնայած վարդապետության և ուսուցանման համար օգտակար լինելուն, այդ դասախոսությունները, սկսած 1921 թվականի հրատարակությունից, դուրս են թողնվել «Վարդապետություն և Ուխտերից», քանի որ դրանք չէին տրվել կամ ներկայացվել որպես հայտնություններ ողջ Եկեղեցու համար:

Ակնհայտ է, որ անգլերեն լույս տեսած հին հրատարակություններում որոշ սխալներ են կրկնվել, հատկապես բաժինների նախադրությունների պատմական մասերում: Հետևաբար, այս հրատարակությունը պարունակում է ամսաթվերի և տեղանունների ուղղումներ և նաև այլ աննշան ուղղումներ, երբ դա պատշաճ է թվացել: Այդ փոփոխությունները կատարվել են, որպեսզի նյութը համաձայնեցվի պատմական փաստաթղթերի հետ: Այս վերջին հրատարակության այլ առանձնահատուկ հատկանիշների թվում են՝ խաչաձև հղումները, բաժինների նախադրությունները, թեմատիկ ամփոփումները, որոնք բոլորն էլ նախատեսված են կարդացողներին օգնելու համար՝ հասկանալու և ցնծալու Տիրոջ պատգամով, ինչպես տրված է «Վարդապետություն և Ուխտերում»:

«Վարդապետություն և Ուխտերի» անգլերեն հրատարակության մեջ, բաժինների նախաբանները հղումներ են պարունակում դեպի «History of the Church» (Եկեղեցու պատմություն): «History of the Church»-ը յոթհատորյա պատմական մատենագրություն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին, 1820–1848թթ.: Քանի որ այդ հատորները չեն թարգմանվել և մատչելի են միայն անգլերեն լեզվով, «Վարդապետություն և Ուխտերի» այս հրատարակության բաժինների նախաբաններում հղումներ կան դեպի «History of the Church», որոնք վերաբերում են այդ պատմության անգլերեն հատորներին: