Աբրահամի գիրքը
Թարգմանվել է պապիրաթղթերից՝ Ջոզեֆ Սմիթի կողմից
Թարգմանություն հնագույն Հիշատակարաններից, որոնք մեր ձեռքն են ընկել Եգիպտոսի գետնադամբաններից: Աբրահամի գրվածքները, մինչ նա Եգիպտոսում էր, որը կոչվում է Աբրահամի Գիրքը, իր իսկ ձեռքով գրված պապիրաթղթերի վրա: (History of the Church, 2.235–236, 348–351):
Գլուխ 1
Աբրահամը փնտրում է հայրապետական կարգի օրհնությունները – Քաղդեայում նրան հետապնդում են կեղծ քահանաները: Եհովան փրկում է նրան – Բացատրվում են Եգիպտոսի սկզբնաղբյուրներն ու նրա կառավարությունը:
1 Քաղդեացիների երկրում, իմ հայրերի բնակավայրում, ես՝ Աբրահամս, տեսա, որ ինձ պետք է մեկ ուրիշ բնակավայր ձեռք բերել.
2 Եվ, հայտնաբերելով, որ ավելի մեծ երջանկություն և խաղաղություն և հանգիստ կար ինձ համար, ես փնտրեցի հայրերի օրհնությունները, և իրավունքը, որին պետք է կարգվեի՝ դրանք տալու համար. ինքս լինելով արդարության հետևորդ, ցանկանալով նաև լինել մեկը, որը մեծ գիտելիքի տեր է, և լինել արդարության ավելի մեծ հետևորդ, և ավելի շատ գիտելիքի տիրանալ, և լինել շատ ազգերի հայր, խաղաղության իշխան, և ցանկանալով ստանալ հրահանգներ և պահել Աստծո պատվիրանները, ես դարձա օրինական ժառանգ՝ Քահանայապետ՝ ունենալով հայրերին պատկանող իրավունքը:
3 Այն ինձ շնորվել էր հայրերի կողմից. այն եկել էր հայրերից, ժամանակի սկզբից, այո, նույնիսկ սկզբից, կամ երկրի հիմնադրումից առաջ, ընդհուպ մինչև ներկա ժամանակը, այսինքն՝ իրավունքն անդրանիկի, կամ առաջին մարդու, որն Ադամն է, կամ առաջին հայրը, հայրերի միջոցով մինչև ինձ:
4 Ես փնտրում էի Քահանայության իմ նշանակումը՝ սերունդների վերաբերյալ հայրերին տրված Աստծո նշանակման համաձայն:
5 Իմ հայրերը, հեռանալով արդարությունից և սուրբ պատվիրաններից, որոնք Տերը՝ նրանց Աստվածը, տվել էր նրանց, դեպի հեթանոսների աստվածներին երկրպագելը, լիովին հրաժարվեցին ականջ դնել իմ ձայնին.
6 Քանզի նրանց սրտերը հակված էին չարիք գործելու, և ամբողջովին դարձել էին դեպի Եղկենայի աստվածը, և Լեբնայի աստվածը, և Մահմաքրայի աստվածը, և Կորասի աստվածը, և Փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի աստվածը.
7 Ուստի, նրանք իրենց սրտերը դարձրել էին դեպի հեթանոսների զոհաբերությունները՝ իրենց երեխաներն ընծա մատուցելով համր կուռքերին, և ականջ չէին դարձնում իմ ձայնին, այլ ջանում էին իմ կյանքը խլել Եղկենայի քրմի միջոցով: Եղկենայի քուրմը նաև Փարավոնի քրմն էր:
8 Արդ, այդ ժամանակ Եգիպտոսի թագավորի՝ Փարավոնի քուրմի սովորույթն էր՝ տղամարդկանց, կանանց և երեխաների մատուցում անել այն զոհասեղանի վրա, որը կառուցվել էր Քաղդեայի երկրում՝ այս տարօրինակ աստվածներին մատուցում անելու համար:
9 Եվ եղավ այնպես, որ քուրմը մատուցում արեց Փարավոնի աստծուն և նաև Շագրիլի աստծուն, ճիշտ Եգիպտացիների ձևով: Արդ, Շագրիլի աստվածն արևն էր:
10 Նույնիսկ երեխայի գոհության ընծա մատուցեց Փարավոնի քուրմը զոհասեղանի վրա, որը կանգնած էր Պետափրեսի Բլուր կոչվող բլրի վրա, Օլիշեմի հարթավայրի սկզբում:
11 Արդ, մի անգամ այդ քուրմն այս զոհասեղանի վրա երեք կույս էր մատուցել, որոնք Օնիտայի դուստրերն էին, որն անմիջապես Քամի երանքից եղող թագավորական ժառանգներից մեկն էր: Այդ կույսերը մատուցվել էին իրենց առաքինության պատճառով. նրանք հրաժարվել էին խոնարհվել ու երկրպագել փայտե կամ քարե աստվածներին, հետևաբար, նրանք սպանվեցին այդ զոհասեղանի վրա, և դա արվել էր Եգիպտացիների ձևով:
12 Եվ եղավ այնպես, որ քրմերն ուժով բռնեցին ինձ, որպեսզի ինձ նույնպես սպանեն, ինչպես նրանք արել էին այն կույսերին այս զոհասեղանի վրա. և որպեսզի դուք գիտելիք ունենաք այդ զոհասեղանի վերաբերյալ, ես ձեզ կհղեմ դեպի այս հիշատակարանի սկզբում տրված պատկերը:
13 Այն պատրաստված էր մահճի տեսքով, այնպիսին, որը կար Քաղդեացիների մեջ, և այն կանգնած էր Եղկենայի, Լեբնայի, Մահմաքրայի, Կորասի աստվածների առաջ, և նաև մի աստծո, որը նման էր նրան, որը Փարավոնինն էր՝ Եգիպտոսի թագավորինը:
14 Որպեսզի դուք գիտելիք ունենաք այդ աստվածների մասին, սկզբում ես ձեզ տվել եմ նրանց տեսքը պատկերների ձևով, պատկերներ, որոնք Քաղդեացիների կողմից կոչվում են Ռահլենոս, և նշանակում է մեհենագրեր:
15 Եվ երբ նրանք ձեռք բարձրացրեցին ինձ վրա, որպեսզի ինձ մատուցում անեն և խլեն իմ կյանքը, ահա, ես իմ ձայնը բարձրացրեցի առ Տերը՝ իմ Աստվածը, և Տերն ականջ դրեց և լսեց, և ինձ Ամենազորի տեսիլքով լցրեց, և նրա ներկայության հրեշտակը կանգնեց ինձ մոտ և անմիջապես քանդեց իմ կապերը.
16 Եվ նրա ձայնը եկավ ինձ. Աբրահա՛մ, Աբրահա՛մ, ահա, իմ անունը Եհովա է, և ես լսել եմ քեզ, և իջել եմ, որ քեզ ազատեմ, և քեզ հեռու տանեմ քո հոր տնից, և քո բոլոր ազգականներից, դեպի մի օտար երկիր, որի մասին դու չգիտես.
17 Եվ դա, որովհետև նրանք իրենց սրտերը շրջել են ինձանից, որ երկրպագեն Եղկենայի աստծուն, և Լեբնայի աստծուն, և Մահմաքրայի աստծուն, և Կորասի աստծուն, և Փարավոնի՝ Եգիպտոսի թագավորի աստծուն. հետևաբար, ես իջել եմ, որ այցելեմ նրանց, և կործանեմ նրան, ով իր ձեռքը բարձրացրել է քո դեմ, Աբրահա՛մ, որդի՛ս, քո կյանքը խլելու համար:
18 Ահա, ես կառաջնորդեմ քեզ իմ ձեռքով, և կվերցնեմ քեզ, որ քեզ վրա դնեմ իմ անունը, այսինքն՝ քո հոր Քահանայությունը, և իմ զորությունը կլինի քեզ վրա:
19 Ինչպես եղավ Նոյի հետ, այնպես էլ կլինի քեզ հետ. բայց քո ծառայության միջոցով իմ անունը հավիտյան կիմացվի երկրի վրա, քանզի ես քո Աստվածն եմ:
20 Ահա, Պետափրեսի Բլուրը Քաղդեայի Ուր քաղաքում էր: Եվ Տերը ջարդեց Եղկենայի և երկրի աստվածների զոհասեղանը, և լիովին ավերեց դրանք, և զարկեց քրմին, այնպես որ նա մահացավ. և մեծ սուգ էր Քաղդեայում և նաև Փարավոնի արքունիքում. Փարավոն, որը նշանակում է՝ թագավորական արյունով թագավոր:
21 Արդ, Եգիպտոսի այս թագավորը հետնորդ էր Քամի երանքից, և ծննդով արյունակից էր Քանանացիներին:
22 Այս ժառանգից ծագեցին բոլոր Եգիպտացիները, և այդպես, Քանանացիների արյունը պահպանվել էր երկրում:
23 Եգիպտոսի հողը առաջինը հայտնաբերված լինելով մի կնոջ կողմից, որը Քամի դուստրն էր և Եգիպտուսի դուստրը, որը Քաղդեացիների լեզվով նշանակում է Եգիպտոս, այսինքն՝ այն, ինչ արգելված է.
24 Երբ այս կինը հայտնաբերեց հողը, այն ջրի տակ էր, և նա հետագայում բնակեցրեց իր որդիներին այնտեղ. և այդպես, Քամից ծագեց այն ազգը, որի միջոցով անեծքը մնաց այդ հողում:
25 Արդ, Եգիպտոսի առաջին կառավարությունը հաստատվել էր Քամի դստեր Եգիպտուսի ավագ որդու՝ Փարավոնի կողմից, և այն Քամի կառավարության ձևով էր, որը հայրապետական էր:
26 Փարավոնը՝ լինելով արդարակյաց մարդ, հաստատեց իր թագավորությունը և դատեց իր ժողովրդին իմաստությամբ և արդարությամբ, բոլոր իր օրերում, լրջորեն փորձելով ընդօրինակել այն կարգը, որը հաստատվել էր հայրերի կողմից առաջին սերունդների ժամանակ, առաջին հայրապետական իշխանության օրերին, այսինքն՝ Ադամի իշխանության ժամանակ, և նաև Նոյի՝ նրա հոր, որն օրհնեց նրան երկրի օրհնություններով և իմաստության օրհնությամբ, սակայն Քահանայության հարցում անիծեց նրան:
27 Արդ, Փարավոնը, լինելով այն ազգատոհմից, ըստ որի նա չէր կարող ունենալ Քահանայության իրավունքը, չնայած Փարավոններն այն անձկալից փափագում էին Նոյից, Քամի միջոցով, ուստի իմ հայրը մոլորվել էր նրանց կռապաշտությամբ.
28 Բայց ես կջանամ, հետագայում, ուրվագծել ժամանակագրությունը, որն ինձանից ձգվում է ետ, մինչև ստեղծման սկիզբը, քանզի իմ ձեռքը հիշատակարաններ են ընկել, որոնք ես պահում եմ մինչև այս ներկա ժամանակը:
29 Արդ, հետո, երբ Եղկենայի քուրմը զարկվեց, այնպես որ մահացավ, եղավ այն բաների իրականացումը, որոնք ինձ ասվել էին Քաղդեայի երկրի վերաբերյալ, որ այդ երկրում սով կլինի:
30 Հետևաբար, Քաղդեայի երկրով մեկ սով էր տիրում, և իմ հայրը ցավալի տանջանք կրեց սովի պատճառով, և նա ապաշխարեց այն չարությունից, որ մտադրվել էր իմ դեմ, որպեսզի խլի իմ կյանքը:
31 Բայց հայրերի, այսինքն՝ հայրապետների հիշատակարանը, Քահանայության իրավունքի վերաբերյալ, Տերը՝ իմ Աստվածը, պահպանել էր իմ ձեռքում. հետևաբար, ստեղծման սկզբի մասին և նաև մոլորակների և աստղերի մասին, ինչպես որ դրանք հայտնի էին դարձվել հայրերին, ես մի գիտելիք եմ պահել մինչև իսկ այս օրը, և ես կջանամ գրել այդ բաներից մի քանիսն այս հիշատակարանի մեջ, իմ ժառանգների օգտի համար, որոնք կգան ինձանից հետո: