2022
Սամուելի նոր թիմը
Մայիս/հունիս 2022


Սամուելի նոր թիմը

Արդյո՞ք մյուս տղաներն իրեն հնարավորություն կտան։

Նկար
two boys in basketball uniforms; one boy has one hand

Շաբաթ օր․ վաղ առավոտ։ Սամուելը նստել էր խոհանոցի սեղանի մոտ և հայացքը հառել իր նախաճաշին։ Նա ախորժակ չուներ։

«Հայրիկ»,- շշնջաց նա։ «Ես միտքս փոխեցի։ Ես չեմ ուզում հանդիպել բասկետբոլի իմ թիմին այսօր»։

«Ես գիտեմ, որ դժվար է լինել նոր երեխա, սակայն դու նոր ընկերներ կգտնես»,- ասաց հայրիկը։

«Ոչ, ինձ դա չի անհանգստացնում … ես պարզապես մտահոգվում եմ, թե նրանք ինչ կմտածեն»։

Հայրիկը նստեց նրա կողքին։ «Դու նկատի ունես, որ խորհում ես, թե քո թիմն ինչ կմտածի նոր խաղընկերոջ մասին, ով ունի ընդամենը մե՞կ ձեռք»։

Սամուելը ծնվել էր առանց ձախ ձեռքի։ Նրա ձախ ձեռքը վերջանում էր դաստակով։

«Այո»,- ասաց Սամուելը։ «Քանի որ նրանք ինձ չեն ճանաչում, կարող են մտածել, որ մի ձեռքով երեխան չի կարող բասկետբոլ խաղալ»։

«Գուցե նրանք այդպես մտածեն, բայց դու շատ լավ ես խաղում։ Իսկ մարզումների գնալը կօգնի քեզ նույնիսկ ավելի լավ խաղալ», - ժպտալով ասաց հայրիկը։ «Դե արի։ Վերցրու մարզաշապիկդ և ջրի շիշը։ Արի գնանք հանդիպենք քո թիմին»։

Սամուելը հոգոց հանեց։ «Լավ»։

Երբ նրանք մտան մարզասրահ, մարզիչը մոտեցավ։

«Բարև ձեզ։ Ես մարզիչ Մոնրոն եմ։ Դուք երևի մեր նոր սանն եք»։

«Այո, ես Սամուելն եմ»։

«Մենք ուրախ ենք, որ դու մեր թիմում ես»,- ասաց մարզիչ Մոնրոն։ «Արի գնանք ծանոթանանք մյուս տղաների հետ»։

Հայրիկը նստեց նստարանին։ Սամուելը բռնեց իր գնդակը և հետևեց մարզիչին։

«Ես ուզում եմ ներկայացնել Սամուելին՝ մեր նոր սանին»,- ասաց մարզիչ Մոնրոն։ Մի քանի տղա ձեռքով արեցին նրան։ «Մեր բախտը բերեց, որ նա ժամանակին եկավ, և մենք կարող ենք սկսել մեր առաջին խաղը։ Կարծում եմ, որ մենք կունենանք հիանալի թիմ, հիանալի խաղ և հիանալի խաղաշրջան»։

Մարզիչ Մոնրոն սուլեց, և թիմը սկսեց որոշ նախապատրաստական շարժումներ կատարել։ Սամուելը տեսավ, որ իր մի քանի թիմակիցներ ուշադիր նայում էին, մինչ ինքը ցատկում և նետում էր գնդակը միայն աջ ձեռքով։ Նա փորձում էր թույլ չտալ, որ դա շեղի իրեն։

Երբ ընդմիջում հայտարարվեց, որպեսզի ջուր խմեն, մի տղա նստեց նստարանին Սամուելի կողքին։ «Ողջույն, ես Ջաքսոնն եմ։ Ի՞նչ է պատահել քո ձեռքին»։

«Ոչինչ։ Ես ուղղակի այդպես եմ ծնվել»,- ասաց Սամուելը։

«Ես նախկինում երբեք չեմ տեսել, որ մեկ ձեռք ունեցող մարդը գնդակով խաղա»,- ասաց Ջաքսոնը։ «Դու շատ լավ ես խաղում»։

Սամուելը ժպտաց։ «Շնորհակալություն»։

Մարզիչ Մոնրոն կրկին սուլեց։ «Վերջին 30 րոպեներին մենք փորձնական խաղ կխաղանք»։ Նա տղաներին երկու թիմի բաժանեց։ Սամուելն ուրախ էր, որ Ջաքսոնն իր թիմից էր։

Նկար
boys playing basketball together

Երբ խաղի ավարտին մնացել էր մեկ րոպե, թիմերն ունեին հավասար միավորներ։ Սամուելի թիմակիցներից մեկը բռնեց գնդակը և նայում էր շուրջը, թե ում փոխանցեր։ Սամուելը մոտ էր նրան՝ պատրաստ բռնելու գնդակը։ Սակայն տղան այն փոխանցեց Ջաքսոնին։

Ջաքսոնը մի քանի քայլ կատարեց։ Հետո նա նկատեց Սամուելին և նրան փոխանցեց գնդակը։ Սամուելը բռնեց գնդակը, շրջվեց և նետեց այն զամբյուղի մեջ։

Սուլո՛ց։ Գնդակն անցավ զամբյուղի միջով հենց այն պահին, երբ հնչեց մարզիչ Մոնրոյի սուլոցը։ Սամուելի թիմը ուրախ բացականչեց։

«Հրաշալի փոխանցում»,- ասաց Սամուելը Ջաքսոնին, մինչ քայլում էին դեպի նստարանները։

«Հրաշալի հարված»,- ասաց Ջաքսոնը։ «Մյուս տղաները կհասկանան, որ մեկ ձեռքը հերիք է բասկետբոլ խաղալու համար»։

Սամուելը ծիծաղեց և ձեռքը խփեց նրա ձեռքին։ Նա այնպիսի զգացողություն ուներ, որ մարզիչ Մոնրոն ճիշտ էր։ Դա լինելու էր հիանալի թիմ, հիանալի խաղ և հիանալի խաղաշրջան։

Նկար
Page from the May/June 2022 Friend Magazine.

Նկարները` Սանդրա Էյդի

Տպել